«Մշակույթին նվիրված կին, հրաշալի ասմունքող, բեղմնավոր նկարչուհի, ոգեշնչող ուսուցչուհի եւ հասարակական գործիչ»: Այս բառերով է սովորաբար դոկտ. Րաֆֆի Բելյանը նկարագրել արվեստագետ Նորա Ազատյանին, որին որպես Դետրոյթի Թեքեյան Մշակութային միության 20-ամյա ատենապետի մեծարել են նոյեմբերի 24-ին Բելյան Արվեստի կենտրոնում:
Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում տպագրված Լյուսի Արդաշի հաղորդագրության, հանդիսությանը ներկա հոծ թվով թեքեյանցիներն ու Բելյան եւ Ազատյան ընտանիքների երկարամյա բարեկամները ըմբոշխնել են տիկին Ազատյանի զարմանահրաշ նկարները, մինչ կատարվել է գեղարվեստական պատշաճ ծրագիր: Դոկտ. Բելյանը ողջունել է ներկաներին եւ հիացմունքով արտահայտվել տիկին Ազատյանի մասին, ով գիտի արիստոկրատական վարվելաձեւով հաղորդակցվել բոլոր տարիքի եւ բնավորության տեր մարդկանց հետ: «Նա հարստացրել է բոլոր նրանց կյանքերը, ովքեր ճանաչել են նրան», ասել է նա:
Բոլոր ելույթ ունեցողները գովասանական խոսքերով անդրադարձել են նրա բարձր արժանիքներին եւ սկզբունքայնությանը եւ մասնավորապես նվիրվածությանըՙ հայկական մշակույթին, «Ուսուցիչ մը հովանավորիր» եւ «Որբերինՙ բարձրագույն կրթություն» ծրագրերին:
Երեւանի Կոմիտասի անվան երաժշտանոցի սան Արշո Ավետիքյանն (դաշնամուր) ու Հարրի Հովակիմյանը (ջութակ) կատարել են «Կարմիր վարդեր» հին ռոմանտիկ ստեղծագործությունը: Անահիտ Թումաճանը հուզումով արտասանել է Վահան Թեքեյանի «Տաղ հայերեն լեզուին» բանաստեղծությունը: Անակնկալ ելույթներով հանդես են եկել Հենրիկ Կարապետյանը (ջութակ) եւ Մայք Արզումանյանը (դաշնամուր):
Պրոֆ. Գեւորգ Բարդակչյանը, Միչիգանի համալսարանից, նշել է, որ 20 տարի որպես ԹՄՄ-ի ատենապետի հայ ժողովրդին եւ մշակույթին ծառայելուց հետո հանգստյան կոչվելը Նորա Ազատյանի համար մի փուլի ավարտն է եւ մեկ ուրիշ փուլի սկիզբը: «Նա միշտ պատրաստ է դիմակայելու նոր մարտահրավերներ», ասել է Բարդակչյանը:
Հանդիսությանը ներկա է եղել նաեւ Նյու Յորքից ժամանած, ճանաչված ռեժիսոր եւ դերասանուհի Նորա Արմանին:
Ամենաանձնական հիշողությունները ներկաների հետ կիսել է Նորայի ամուսինըՙ Երվանդ Ազատյանը, ով Կահիրեում «Արեւ» թերթի խմբագիրն էր այն ժամանակ, երբ ծանոթացել է իր ապագա կնոջ հետ:
ԹՄՄ-ի նորընտիր ատենապետ Դիանա Ալեքսանյանը ԹՄՄ-ի անունից Նորա Ազատյանին նվիրվել է բյուրեղապակյա մակագրված մի ափսե առ ի գնահատանք նրա քսանամյա անխոնջ ջանքերի:
Վերջում Նորա Ազատյանը հանդես է եկել շնորհակալական խոսքերով: