Ազգային զգացումների ամենաուժեղ արտահայտությունը հայրենասիրությունն է, սեփական ազգային պետության եւ սեփական ժողովրդի մեծարման ձգտումը, նրանց պաշտպանությունը բոլոր հնարավոր միջոցներով:
Խ. Բոկով, Վ. Ալեքսեեւ
Շուրջ մեկ տարի է վատառողջ եմ: Երբեմն տանը, երբեմն էլ հիվանդանոցում են անցնում օրերս: Իսկ այնտեղ մարդկանց կողմից ամենաշատ քննարկվող թեման աստծո եւ մարդու փոխհարաբերությունն է, որը որակվում է կրոնական կամ հոգեւոր: Հաջորդը՝ մարդու եւ պետության, որը համարվում է քաղաքական: Մյուսը աշխարհաքաղաքական իրադարձություններն, իսկ արու եւ էգի փոխհարաբերությունը դիտվում է խիստ անձնական:
Ահա այս չորս թեմաների շուրջ, 100 տոկոս համոզված իրենց ճշտության մեջ, ցավոք՝ նույնքան էլ հեռու լինելով ճշմարտությունից, մարդիկ կարող են վիճել, թշնամանալ, նույնիսկ իրար սպանել կամ գնալ ինքնազոհության: Մարդ արարածի ողջ խեղճությունն ու կյանքի ունայնությունն էլ է հիվանդանոցում երեւում: Այստեղ խտացված է մարդու ողջ կյանքը՝ իր արած-չարածով, տեսած-չտեսածով, հասկացած-չհասկացածով: Հիվանդանոցում է երեւում մարդ արարածի առանց բացառության բոլոր հատկանիշները՝ սերը, ատելությունը, անտարբերությունը, միմյանց օգնելու պատրաստակամությունը, ագահությունը, խիղճը, չարությունը, անսահման հոգատարությունը եւ, իհարկե, հավերժական թախիծը: Տիեզերքի պես անսահման ու ծնված օրից հոգին քրքրող թախիծը, կյանքի ավարտուն լինելու անխուսափելիությունն ու այդ ավարտին չափազանց մոտ լինելու զգացողությունը:
Այսօր թվում է, թե ողջ երկիրն է հիվանդանոցում, ու թեեւ միայն այնտեղ է երեւում մարդու կյանքի ամենազորեղ շարժիչը՝ հույսը, բայց նաեւ հասկանում ես, որ քանի երկիրդ կառավարում են օտարի թելադրանքով, կյանքն այնքան էլ հիասքանչ գույներով չի ներկայանում:
Խորհրդային կայսրության շրջանում եւ դրան հաջորդած 20-25 տարիներին մեր ռազմավարական դաշնակիցն ու հովանավորը Ռուսաստանի Դաշնությունն էր: Լավ էր, թե՝ վատ, միանշանակ չեմ կարող ասել: Բայց տեսանելի էր ու պարզ, որ անվտանգության խնդիրն առաջնայինը չէր: Պատմաբան եմ, իսկ վերջին տարիներին գիտավերլուծական հոդվածներ եմ հեղինակում:
Փորձում եմ իրադարձությունների զարկերակի հոսքն զգալ ու տեղյակ լինել աշխարհում ընթացող կարեւոր տեղաշարժերից: Բայց մերօրյա ամենաարդիական հարցին, թե ի վերջո մեզ համար ո՞րն է ավելի լավը՝ ԵՄ-ն, թե ԵԱՏՄ-ն, անկեղծ ասած՝ հստակ պատասխան չունեմ: Սակայն գիտեմ, որ ռուսների հասցեին այսօր եղած ու չեղած ինչ մեղադրանքներ ասես որ չեն հնչեցվում: Բայց, մեր մեջ ասած, եվրոպացիներն էլ մի բարի պտուղ չեն, քանի որ՝ ա) եվրոպացի անգլիացիներն էին, որ ասացին, թե իրենց նավերը չեն կարող բարձրանալ Հայաստանի լեռները, բ) Ուինսթոն Չերչիլն էր, որ ասաց, թե «Հայ ժողովրդի ողբերգությունն այն է, որ նրա արյունը շատ ավելի թեթեւ է, քան նավթը», գ) եվրոպացի ֆրանսիացիներն էին, որ Կիլիկիան նվիրաբերեցին թուրքերին, ե) եվրոպացի գերմանացիներն էին, որ 1915 թ. մասնակցեցին հայոց ցեղասպանությանը, զ) նույն գերմանացիներն էին, որ 1939 թ. սկսեցին Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի ընթացքում զոհվեց 300 հազար հայորդի, է) եվրոպացի հունգարացիներն էին, որ Սաֆարովին հանձնեցին Ադրբեջանին, ը) եվրոպացիներն էին, որ Խրիմյան Հայրիկի ձեռքը թղթե շերեփ դրեցին, թ) եվրոպացիներն էին, որոնց լուռ համաձայնությամբ ու սառը հայացքների ներքո 1915 թ. ցեղասպանվեց մի ամբողջ ժողովուրդ, ժ) եվրոպացիներն են, որ իրենց երկրները հեղեղել են թուրքերով եւ հլու-հնազանդ կատարում են նրանց ցանկությունները, ի) եվրոպացիներն են, որ օրը մի այլասերվածություն են օրինականացնում (նույնասեռական ամուսնություն, արյունապղծություն, անասնապղծություն, մանկապղծություն եւ այլն) ու նույնը պարտադրում մեզ, լ) եվրոպացիներն են, որ ասում են, թե արդեն ժամանակավրեպ է արմատներից կառչելը եւ «ազգ» ու «հայրենիք» հասկացությունները պետք է նետել աղբարկղ, եւ այլ համանման բաներ:
Ակամա խորհում ես, որ հայաստանյան արեւմտամոլներն ու ռուսամոլներն ընդհանուր արժեքային մեկ հիմք ունեն՝ նրանք իրենց մտքերում թաղել են հայոց պետականությունը: Քանի որ երբ մտածող մարդ-անհատն ամբոխանում է՝ կորցնում է դատելու եւ գնահատելու կարողությունը, եւ փոխարեն բռնակալի դեմ ըմբոստանալու եւ նրան մերժելու՝ դառնում է անուղեղ, կամակատար մանկուրտ (մանկուրտ՝ Չինգիզ Այթմատովի «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպի գերեվարված անձ, որը բռնի կերպով վերածվել է անհոգի ստրուկի, լիովին ենթարկվում է տիրոջը եւ անցյալ կյանքից ոչինչ չի հիշում: Փոխաբերական իմաստով «մանկուրտ» բառը օգտագործվում է իր պատմական եւ ազգային արմատների հետ կապը կորցրած մարդուն բնորոշելու համար: Այս իմաստով «մանկուրտ» բառը դարձել է հասարակ անուն եւ օգտագործվում է հրապարակախոսությունում): Ու այդ առիթից օգտվելով՝ հիմա հայկական, ավելի շուտ Արցախյան նոր լվացքատուն են հորինել, որտեղ պարզաջրում են պորտաբաց, սրունքաբաց, ամոթ ու հարգանք չիմացող շորիկները, որոնք արտադրում է իշխանությունը, որպեսզի այս երկրում լինեն սրունքաբաց ու պորտաբաց մարդիկ: Մեկը չկա հարցնի, ա՛յ պորտաբացներ, արցախյան գներն ու էս մարդկանց աշխատավարձերը ինչքանո՞վ են համապատասխանում իրականությանը: Հետո էլ ասում եք, թե ինտեգրում չի լինելու: Այդ դեպքում դուք որտե՞ղ եք տանում այս մարդկանց, երբ ռուսի «հարկին» ավելացնում եք հայկական գերհարկը: Երբ Հայաստանի Հանրապետությունում 500 դրամանոց ապրանքն Արցախում դառնում է 2500: Երբ ստեղծվում է ազատ տեղաշարժի արհեստական խոչընդոտ, որպեսզի մի քանի այլընտրանքայիններ դառնան միլիոնատերեր ու շարունակեն հին օլիգարխների հարստահարող ընթացքը: Ակամա ուզում եմ ճչալ, որ վերջապես, իմացեք, համբերությունը եւս չափաբաժին ունի եւ սպասում է այն մարդուն որը կա՛մ դնելու է այս ազգի շիրմաքարը կա՛մ առաջնորդելու է նրան դեպի փրկություն:
Մտաբերեցի անցյալ շաբաթ հայ ծնողների ու Անտիֆա աջակցողների միջեւ Լոս Անջելոսում տեղի ունեցող բախումից մի նկար, որտեղ մի հասուն տղամարդ պաստառ էր բռնել, որի վրա գրված էր՝ «մեր երեխաներին հանգիստ թողեք»: Նրա տեսքից երեւում էր, որ Ամերիկայում շատ է պայքարել այս խելագարությունների դեմ: Բայց, կարծում եմ, որ Ամերիկային փրկել արդեն հնարավոր չէ: Հրեամասոնների այդ պետությանը հասցրած վնասն անշրջելի է. նրանք այս վերջին հարյուր տարում, հատկապես Երկրորդ աշխարհամարտից հետո, ներսից որդի պես քայքայում են այդ նավը: Իսկ մեր փոքրաթիվ հայրենակիցները, որքան էլ որ փորձեն, չեն կարողանա կասեցնել անխուսափելին եւ կանխել այդ «Տիտանիկի» խորտակումը: Պետք է հասկանանք վերջապես, որ մեր պայքարն այնտեղ չէ, այլ հայրենի հողի վրա պիտի մղենք այն: Հետեւաբար ճիշտ կլինի, որ նրանք հետ գան, քանի դեռ հնարավորությունը ունեն, որովհետեւ հետո ուշ կլինի:
Գիտեմ, իհարկե, որ ամբողջ աշխարհի մարդկանց համար, որտեղ էլ որ նրանք լինեն, հիմա հեշտ չէ: Ես ավագ սերնդի ներկայացուցիչ եմ: Վաղուց եմ ապրում այս արեւի տակ: Ապրում եմ լավատեսությամբ եւ ինձ թույլ եմ տալիս դիմել հատկապես մեր հուսահատված երիտասարդությանը: Հիմա չեմ հիշում, Հին կտակարանո՞ւմ, թե՞ Կառլոս Կաստանեդայի գործերում եմ կարդացել մի շամանի մասին, որտեղ պատմվում էր, որ երաշտ էր ու մարդիկ ծարավից մեռնում էին: Իսկ շամանն այդ դժվարին պահին դիմելով բոլորին՝ ասում է. «Փոսեր փորեք անձրեւի համար»: «Բայց չէ՞ որ անձրեւ չկա»,- պատասխանում են նրան: «Փոսեր փորեք, ու անձրեւը կգա», նրանց հորդորում է շամանը եւ փրկարար անձրեւն իրոք տեղում է: Ոմանք գուցե մտածեն, որ հիմարություն է: Լավ: Ով ինչի ուզում է թող հավատա: Դա ռացիոնալ (ինչպես մենք մտածում ենք, այդպես էլ մեզ զգում ենք) մտածողություն է: Սակայն ես չեմ կարծում, թե ներկա ժամանակում այդ մտածողությունն աշխատում է: Հարկավոր է իռացիոնալ (իռացիոնալ մտածողությունն ավելի ռեգրեսիվ է, ավելի հոռեսետեսական եւ ավելի կայուն) մտածողություն, որը երբեմն անվանում են նաեւ ենթագիտակցություն: Այսինքն, վատ չէ իրատես լինել, սակայն առանց երազանքների էլ կյանքն անգույն է դառնում: Օրինակ, Էնթընի Հոփկինսն ասում էր. երբ փոքր էի, երազում էի դառնալ նա, ով հիմա եմ: Հնարավոր է՝ տեսիլք է եղել, չգիտեմ: Շատ հույս չունեի, բայց այն, ինչին հավատում էի, ինձ հետ կատարվեց: Այսօր ես հավատում եմ, որ մենք կարող ենք խտացնել ժամանակը, ձգել դեպի մեզ: Իսկ բոլոր երազանքներս ապագայի մասին, վստահ եմ, մի օր կիրականանան: Սակայն վստահ եմ նաեւ, որ մենք կարող ենք ձգել ժամանակը մինչեւ ներկա, մինչեւ այս պահը, մինչեւ արեգակնային համակարգ, մինչեւ մեր հոգիները ու… փոսեր փորենք անձրեւի համար: Եվ հավատանք, որ մարդիկ էլ հավատան դրանց: Իսկ եթե չեք էլ հավատում, ձեւացրեք, թե հավատում եք: Գործեք այնպես, ասես հավատում եք: Դա էլ հենց ուժն է: Դա բացարձակ ուժն է: Եվ այդ ժամանակ այն տեղի կունենա: Դա աշխատել է իմ կյանքում, կաշխատի նաեւ ձեր դեպքում: Երբեք մի՛ հանձնվեք:
Խելացի գաղափարներին ունկնդիր լինելն ու հետեւելը լավ եւ օգտակար երեւույթ է: Սակայն մեր օրերի ամենամեծ դժբախտությունն այն եղավ, որ քաղաքականությամբ սկսեցին զբաղվել ռազմական գործիչները, ավանտյուրիստ չինովնիկներն ու կեղծ հայրենասերները: Ոչ միայն զբաղվեցին, այլեւ իրենց զբաղմունքը ծախեցին մի ողջ ազգի ու պետության վրա: Եվ այո` առաջինը հենց սպարապետ Վազգենը չպիտի զբաղվեր քաղաքականությամբ: Մեր նոր սերունդը` երիտասարդությունը հատկապես պակաս հայրենասեր չէ, քան նախորդը: Որպես երիտասարդության հետ ամենօրյա ռեժիմով աշխատող մարդ, կարող եմ վստահ ասել, որ պետականասիրության հարցում նա անգամ գերազանցում է նախորդին: Գաղափարական հակասականությունն ու երկվությունն էլ ավելի քիչ է բնորոշ նրան: Այնպես որ, եթե մեր ժողովրդի դեմ ուղղված այս խորը մշակված դավադրությունը, ներկա վարչակարգին բնորոշ սխալներն ու առաջիկա տասնամյակի դժվարությունները հաղթահարեցինք, ապա վստահաբար շարժվելու ենք անշեղ վերելքի ճանապարհով: Քանի որ մեզ ինչքան էլ ցանկանան խառնել, կոտորել, ցրել եւ վերացնել, միեւնույն է, մենք վերացող ազգ չենք: Մեր գոյությունը տիեզերային է եւ ԱՐեւային է մեր էությունն ու հոգին…
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պրոֆեսոր
5-20.06.2023