Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը ժամերի ընթացքում էլ կարող է լինել. կամ նույնիսկ արդեն եղել է։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արթուր Ղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀՀ պատվիրակությունը Վաշինգտոնում շարունակում է բանակցությունները Ադրբեջանի պատվիրակության հետ՝ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու ուղղությամբ։
«Բայց համաձայնեցումը դեռ ստորագրում չէ։ Եթե նույնիսկ փաստաթուղթը ստորագրվի էլ, որը չեմ բացառում, դա դեռ ռատիֆիկացում չէ, քանի որ երկու երկրներում էլ պետք է ռատիֆիկացիայի ենթարկվի։ Կարծում եմ՝ այդ փուլը բավական ժամանակատար կլինի։ Դրանից հետո ևս որոշակի գործողություններ են ենթադրվում»,- ասաց քաղաքագետը։
Ըստ Արթուր Ղազարյանի՝ ամենակարևորն այս ընթացքում Արցախի հարցն է, այն, թե ինչ է կատարվելու արցախահայության հետ։
«Ի վերջո, Մայր Հայաստանի հետ կապի, անվտանգության երաշխիքների խնդիր կա։ Այս հարցերի ամբողջության մեջ փաստաթուղթը փաստաթուղթ էլ կմնա, եթե չլինեն գործողություններ, և սա, իրոք, երկարաժամկետ գործընթաց է»,- ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով Ադրբեջանի շտապողականությանը՝ օր առաջ ստորագրել խաղաղության պայմանագիրը, մեր զրուցակիցն ընդգծեց՝ դա Հայաստան և Արցախի շուրջ օղակն առավելագույնս սեղմելու նպատակ ունի։
«Ադրբեջանը ցանկանում է, որ մենք էլ ավելի խրթին իրավիճակում հայտնվենք։ Այլ բան է, երբ բանակցություններ են ընթանում, և որևէ կոնկրետ փաստաթուղթ ստորագրված չէ, մեկ այլ բան՝ ստորագրված փաստաթղթից հետո առանցքային հարցերի շուրջ ունենալ պայմանավորվածություն։
Ինչ վերաբերում է փաստաթղթի հնարավոր ստորագրումից հետո հասարակության, ընդդիմության և մտավորականության արձագանքին, ապա միայն հետագան ցույց կտա, սակայն չեմ բացառում, որ խաղաղության համաձայանգիրը լինի այն կայծը, որը տակնուվրա կանի հասարակությանը, և ներքաղաքական կյանքում միանգանից բուռն պրոցեսներ կզարգանան»,- ամփոփեց Արթուր Ղազարյանը։