Թաթարստանում ձերբակալվել են իսլամիստ արմատականներ, որոնք կասկածվում են առնվազն երկու ուղղափառ եկեղեցիների հրկիզման մեջ: Այդ մասին հաղորդում է հանրապետության ՆԳՆ կայքէջը:
Հանցագործությունների մեջ կասկածվում են Չիստոպոլ քաղաքի 22-35 տարեկան մի քանի բնակիչներ, որոնք արմատական իսլամի հետեւորդներ են: Քրեական գործով անցնողների ստույգ թիվը եւ կասկածյալների անունները չեն հրապարակվում:
Ամբաստանյալներն առայժմ խոստովանել են հրկիզման երկու դեպք: Նրանք պատմել են, որ իրենք մտադրվել էին Չիստոպոլում կառուցվող տաճարը հրկիզել սեպտեմբերին, բայց իրենց դիտավորությունն իրականացրել են նոյեմբերի լույս 17-ի գիշերը: Ավելի ուշ խմբավորման անդամները հրկիզել են Լենինո գյուղի եկեղեցին:
Ներկայումս ոստիկանները ստուգում են, թե ձերբակալվածները ուրիշ ինչ հրկիզումների կարող էին մասնակցած լինել: ՌԻԱ գործակալության տվյալներով, նոյեմբերի լույս 29-ի գիշերը Թաթարստանում հրկիզվել են միանգամից երկու գյուղերի ուղղափառ տաճարներ: «Վեստի» հեռուստաալիքը հաղորդում է, որ տարեսկզբից Թաթարստանում այրվել են ութ պաշտամունքային շինություններՙ 7 ուղղափառ եկեղեցի եւ 1 մզկիթ: