ԿԸՀ-ն օրեր առաջ բավարարել է «Հայաքվե»-ի դիմումը. եթե նախաձեռնությունը 60 օրում՝ հունիսի 21-ից օգոստոսի 19-ը, կարողանա 50 հազար ստորագրություն հավաքել, ապա կարող է խորհրդարան ներկայացնել իր մշակած օրինագիծը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիշեցնենք, դեռեւս հունիսի 12-ին է ստացել «Հայաքվե»-ի՝ օրենսդրական փոփոխություն կատարելու առաջարկությամբ դիմումը:
Նշենք,որ նախաձեռնության անդամները հանրաքվեի միջոցով ցանկանում են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար խիստ պատիժ նախատեսել:
Հավակնոտ թվացող նախաձեռնության ներկա ու առաջիկա անելիքների մասին «Ազգ»-ը զրուցել է «Հայաքվե» քաղաքացիական, օրենսդրական նախաձեռնության անդամ՝ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի հետ:
– Տիկին Կոստանյան, անհրաժեշտ ստորագրությունները, ենթադրաբար, կհավաքվեն, օրինագիծը մուտք կարվի ԱԺ, բայց ո՞րն է երաշխիքը, որ խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այն չի տապալելու: Ինքներդ էլ պատգամավոր եք եղել ու լա՛վ գիտեք, որ ցանկացած նախագիծ միսուարյուն է ստանում խորհրդարանական մեծամասնության «դաբրոյով»:
– Ներկայիս քաղաքական ապականված իրականության պայմաններում, եթե շարժվենք այն տրամաբանությամբ, որ որեւէ քայլ դատապարտված է ձախողման, հետեւաբար որեւէ փոփոխության ակնկալիք չպետք է ունենանք: Նույնը վերաբերում է ՀՀ-ում փաստացի գործող ռեժիմին. անկախ նրանց վերարտադրման հավանականությունից՝ մշտապես պետք է պատրաստ լինել հակազդեցության: Հաշվի առնելով այն ռիսկը, որ գոյություն ունի ի սկզբանե ձեւավորված իշխանական հակադրություն «Հայաքվե» նախաձեռնության նկատմամբ, կանխատեսել եւ մշակել ենք մի քանի տարբեր սցենարներ, որոնք բխում են հնարավոր տարբեր իրավիճակներից եւ քաղաքական զարգացումներից: Հաջորդ կարեւոր հանգամանքն այն է, որ քաղաքականության մեջ երբեք հնարավոր չէ կանխագուշակել որեւէ զարգացում եւ վերջնական կամ միանշանակ գնահատական տալ՝ ի՞նչ կարող է եւ ի՞նչ չի կարող լինել: Ավելի կենտրոնացած ենք մեր հերթական, հաջորդական քայլերի եւ վերջնանպատակին հասնելու համար այս նախագծի շուրջը հանրային մեծ կոնսոլիդացիա ապահովելու վրա, որն ամենօրյա տաժանակիր աշխատանք է պահանջում: Մեր ժողովուրդը հենց սա է ակնալում՝ հստակ ու առարկայական, արդյունքի բերող քայլեր, անկախ նրանից, թե իշխանական մեծամասնությունն ԱԺ-ում նստած ինչի՞ն հավանություն կտա կամ ի՞նչը կվիժեցնի:
– Խորհրդարանական ընդդիմության հետ համագործակցո՞ւմ եք, քննարկումներ ունենո՞ւմ եք: Եթե օինագիծն ԱԺ աշնանային նստաշրջանում լիագումար նսիտերի օրակարգ հասնի, ԱԺ ընդդիմադիր զույգ խմբակցությունները ձեր «թասիբը» կպահե՞ն:
– Նախխաձեռնությունը հստակ որոշում ունի՝ այն պահել քաղաքացիական դաշտում՝ զերծ կուսակցական առաջնորդությունից եւ քաղաքական տարատեսակ անհարկի պիտակավորումներից: Այդպիսով, կարծում եմ, Արցախի պահպանության հարցում հայ հասարակության միաբանությունն ավելի լայն աջակցություն կունենա: Բնականաբար քննարկումներ ունեցել ենք եւ ունենք թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, դրանց ներկայացուցիչների,առանձին հասարակական, քաղաքական գործիչների, հանրային հայտնի անհատների հետ, որպեսզի փորձենք ապահովել առավել մեծ ներկայացվածություն: Եվ հենց սրա արդյունքում էլ ՀՀ 66 քաղաքացիներ, կամավորության սկզբունքով, պատրաստակամություն հայտնեցին մասնակցել օրենսդրական փաթեթի ստեղծմանը:
– Դուք ասում եք՝ ծանր պատիժ սահմանել բոլոր նրանց նկատմամբ, որ Արցախի ինքնորոշման իրավունքը կամ Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ կդնեն: Փաստորեն, այնքան ենք հեռացել ինքներս մեազնից, որ նման օրենք ունենալու անհրաժեշտություն է առաջացել:
– 2018-ի իշխանափոխությունից, իսկ 2020-ի պատերազմից ուղիղ ձեւով տեղի է ունենում հենց այն, ինչի մասին հարցնում եք: Եվ եթե իսկապես դրա կարիքը չլիներ, ապա այս նախաձեռնության իմաստը չէր լինի: Ամեն օր ականատես ենք լինում վարչապետի աթոռը զբաղեցնողի հակապետական հայտարարություններին, որ ոչ մի հակազդեցություն չեն առաջացնում հասարակության շրջանում: Իսկ եթե առաջացնում են,ապա միայն սոցիալական հարթակներում՝ պարբերաբար բռնկվելով եւ կարճ ժամանակահատվածում մարելով: Բոլոր այն հայտարարությունները, որ հիմնովին խարխլում են մեր պետության իրավական հիմքերը, կասկածի տակ դնում դրա օրինականությունը, ոչնչացնում Արցախի փրկության վերջին հնարավորությունները: Եվ դրանք պետք է դառնան քրեորեն պատժելի:
– 2020-ի աղետաբեր պատերազմից հետո խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները (այդ թվում՝ դուք) Փաշինյանի հրաժարականի պահանջով մեկ անգամ չէ, որ փողոց են դուրս եկել: Բայց նա այսօր էլ հպարտորեն հայտարարում է, թե իր գլխավորած թիմն անգամ պատերազմից հետո՝ 2021-ի արտախորհրդարանական ընտրություններում է հաղթանակ տարել: Նրա թիմի առանձին անդամներ էլ պնդում են՝ եթե հիմա էլ ընտրություններ անցկացվեն, առաջաատարը ՔՊ-ն է լինելու: Ըստ ձեզ՝ որտեղի՞ց նրանց այդ վստահությունը: Ընդդիմությունը որտե՞ղ է թերանում, որ առ այս պահը չի կարողանում հասնել Փաշինյանի հրաժարականին:
– Նախ պետք է հստակ արձանագրել այն փաստը, որ Փաշինյանի՝ մինչ օրս վարչապետի աթոռը զբաղցնելու հանգամանքը պայմանավորված է մի քանի գործոններով. հայկական քաղաքական դաշտի խիստ պառակտվածությունը բարենպաստ պայմաններ է ստեղծել պատերազմ պարտված ղեկավարի ու իր թիմի վերարտադրության համար, երկրորդ՝ փողոցային եւ խորհրդարանական ընդդիմությունը մշտապես փոքր հեռանկար ունեցող քայլեր է արել, որոնք համաժողովրդական հուսալքությունն են խորացրել, իսկ պայքարի ոգին մարել է: Երրորդ գործոնն այն է, որ Փաշինայնն ամեն դեպքում ունի արտաքին ուժերի անվերապահ աջակցություն՝ նրանց եւ իր պլաններն առաջ տանելու՝ ՀՀ-ն ու Արցախն անվերապահ կապիտուլյացիայի ենթարկելու համար: Ցավոք՝ այս վերջին գործոնը շարունակում է մնալ ամենամեծն ու ազդեցիկը՝ մնացած բոլոր պատճառների շարքում:
– Նորից 2020-ի պատերազմից հետո իշխանափոխության պահանջով մի քանի 100 (եթե չասենք՝ 1000) հանրահավաքներ, բողոքի ակցիաներ, երթեր ու այլ իրադարձություններ են եղել: Բազմաթիվ նոր նախաձեռնություններ են հիմնվել, բայց այդ դրանցից եւ որեւէ մեկին չի հաջողվել ու հաջողվում հասնել Փաշինյանի հրաժարականին: Մարդիկ ձեզ ու «ՀայաՔվե»-ին ուղիղ հարց են տալիս՝ բա որ այս անգամ էլ չհաջողե՞ք: Քննադատություն կա, որ «Հայաքվե»-ն հերթական՝ անցնող-գնացող նախաձեռնությունն է լինելու:
– Քննադատությունը միշտ լավ է, քանզի օգնում է զգոն ու գործուն մնալ հաջորդական քայլերում՝ սթափ ու արձագանքող լինելով հանրության ազդակներին: Նախկինում արված կամ չարված գործողություններն ու քայլերը, անկախ իրենց անհաջողությունից կամ հաջողությունից, չպետք է բացառեն ապագա որեւէ այլ նախաձեռնություն՝ լինի քաղաքական, թե քաղաքացիական: «ՀայաՔվե»-ն աջակցող, օժանդակող նախաձեռնություն է, «եւ-եւ»-ի, ոչ թե «կամ-կամ»-ի մասին է, չի մերժում հանուն հայկական երկու պետությունների փրկության մեկնարկած կամ մեկնարկող որեւէ շարժում կամ գործողություն: «ՀայաՔվե»-ի հաջողությունը կախված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուց, ամեն հայից. եթե անձնական պատասխանատվությամբ մոտենանք հայրենիքի պահպանության համար մեկնարկած այս գործին, հաջողությունը երաշխավորված է:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ