Վերջերս ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Խորհրդային փորձառությունն ու ժառանգությունը Հայաստանում – 2» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը, Միչիգանի Համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնը, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը եւ «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը:
«Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահ Հ. Խառատյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշեց, որ «Խորհրդային փորձառությունն ու ժառանգությունը Հայաստանում» թեմայով գիտաժողովն առաջին անգամ տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերին Միչիգանի Համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Ա. Բոբոխյանը, նշեց. «Գիտաժողովի շրջանակներում խորհրդային իրականությունն արժեւորվում է հիմնականում մարդաբանական տեսանկյունից: Քննարկվելու են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են առօրեականությունը, խորհրդային իրականության անհատական եւ խմբային ընկալումները: Խորհրդային Միության մասին խոսելիս՝ մենք պետք է հաշվի առնենք դրամի երկու կողմերը: Մի կողմից խորհրդային իրականությունը տոտալիտար միջավայր էր, որը խնդիրներ էր ստեղծում ազատ մտածելակերպի զարգացման համար, բայց մյուս կողմից Խորհրդային Միությունը մեր ժողովրդի համար բացեց նոր դարաշրջան, երբ մենք կարողացանք ուշքի գալ պատմության դաժան հարվածներից եւ վերագտնել մեզ: Հատկապես 50-ական թվականներից հետո սկսվում է հայոց պատմության ամենածաղկուն շրջաններից մեկը, երբ Հայաստանում էապես զարգացավ տնտեսությունը, գիտությունը, արվեստը, եւ ինչ-որ տեղ մենք վերագտանք մեզ: Խորհրդային Միության այս երկու կողմերն անպայմանորեն անհրաժեշտ է հաշվի առնել մեր գիտական հետազոտություններում եւ փորձել օբյեկտիվորեն մոտենալ դրա գնահատմանը»:
ՀՀ ԳԱԱ Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը նշեց. «Դիտարկելով Խորհրդային Միության ժառանգությունը՝ մենք պիտի միշտ կարեւորենք այն, թե ինչ նվաճումներ ենք ունեցել այդ 70 տարիների ընթացքում, որոնք մեզ ապահովել են զարգացում, բայց տեղի են ունեցել նաեւ դրանք ստվերող կողմեր, ստվերող ոչ միայն գաղափարական, ոչ միայն տոտալիտարիզմի առումով, այլ նաեւ մեր հողատարածքների կորստի, մեր ազգային արժեքների առումով»:
Լիագումար նիստում ներկայացրեց «Համախորհրդային պատմագրության պարբերացումը ըստ արտասահմանյան անգլալեզու հետազոտությունների եւ խորհրդահայ պատմագրության հետագիծը» զեկուցումը, որին հաջորդեցին «Հետ/խորհրդային լեզուն եւ խոսքը», «Հայաստանի ելումուտը. խորհրդային քաղաքականություն եւ Սփյուռք», «Խորհրդային քաղաքականության արձագանքներ» թեմաներով նիստերն ու քննարկումները:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ