Դեկտեմբերի 20-ին կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` կառավարության նախաձեռնությամբ: Ըստ որոշ տեղեկությունների` օրակարգում լինելու է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը: Ինչպես Պուտինն էր նկատել` Հայաստանը շտապում է, ու անգամ իրենք` ռուսները Հայաստանի հետեւից չեն հասնում անդամակցությունը գործարկելու առումով:
Իսկ արտահերթ նիստը կարող է դառնալ այն առիթը, որտեղ կարող են դրսեւորվել մեր քաղաքական ուժերը` թեմայի վերաբերյալ տրամադրությունների առումով: Ասենք` Հայաստանի նախագահին հապշտապ որոշում կայացնելու մեջ մեղադրողները, որոնք, սակայն, կոնկրետ Մաքսային միութուն մտնելու վերաբերյալ խուսափում են տեսակետ հայտնել` Ռուսաստանի ու Պուտինի աչքից չընկնելու համար, այստեղ արդեն հստակ պետք է դիրքորոշում հայտնեն: Ու այդ ժամանակ կտեսնենք` արդյոք կգտնվի՞ երկուսուկես պատգամավոր, որ կպաշտպանի եվրոտեսակետները: ճիշտն ասած` կուզեինք, որ գոնե մի երկու տասնյակ այդպիսի պատգամավորներ գտնվեին, որովհետեւ աննորմալ է, որ երեք- չորս տարի եվրոուղին գովազդող մեր գործիչներն այդքան անսկզբունքային եղան` երկու գիշերվա ընթացքում իրենց ներսի եվրոպարունակությունը փոխարինելով, ու մի խորհրդարանում, որտեղ կա Եվրոինտեգրման մի ամբողջ հանձնաժողով, բոլորն այդքան թաքնված ՄՄ-ամետ եւ ռուսամետ դուրս եկան հանկարծ: Ու անգամ գտնվեց պատգամավոր, որ հայկական հեռուստատեսությամբ ռուսերենով հեռարձակվող հաղորդումը պաշտպանելու համար մենամարտեց հայ լրագրողների հետ, ու բանը բանից անցավ` միմյանց վիրավորելու տեսակետից: Ու այդ արտահերթի օրը ԱԺ-ում գուցե վերջապես հասկանալի լինի` ո՞ր քաղաքական ուժն է ընդդիմադիր, ո՞ւմ եւ ինչի՞ն է ընդդիմադիր, ինչո՞ւ է ընդդիմադիր: Կամ էլ կպարզվի, որ ոչ մի ընդդիմադիր ուժ էլ չկա` քվոտային ընդդիմություն է մեր խորհրդարանում:
Մյուս կողմից` Մաքսային միության վերաբերյալ քննարկումը կարող է առիթ դառնալ, որ քաղաքական գործընթացներում խաղից դուրս մնացած Ազգային ժողովը գոնե մի փոքր խաղի ներսում հայտնվի, թե չէ հնդկաստաններում եւ արգենտինաներում շոփինգները ոչ մի կերպ հնարավոր չէ քաղաքական գործընթացի բաղկացուցիչ դիտել:
Անգամ` Լոռու մարզի տուրիստական համալիրում խորհրդարանների նախագահնների մասնակցությամբ շաբաթ-կիրակի տեղի ունեցած հայ-վրացական խորհրդաժողովն է դժվար քաղաքական գործընթաց կոչելը, որքան էլ մայրաքաղաքից եւ հիմնական խորհրդարանական լրագրողներից հեռու` այնտեղ մի շարք կարեւոր միջպետական խնդիրների մասին էին խոսում (հայ-վրացական կարեւոր օրակարգից` հայ-վրացական-աբխազական երկաթուղու, «Բավրայի» անցակետի վերահսկողության եւ այլն):
Իսկ Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշման վերաբերյալ քննարկելու բան, իրոք, կա. արդյո՞ք նոր մարտահրավերներ չեն ներկայանալու Հայաստանի տնտեսության համար ՄՄ մուտք գործելով, արդյո՞ք մեր ապրանքները մրցունակ կամ պահանջարկված են լինելու ՄՄ-ի` դեռեւս մեզ անհայտ օրենքներով եւ չկարգավորված դաշտում, կամ մեր արտադրանքը կարո՞ղ է առհասարակ մրցակցել ռուսական, ղազախական, բելառուսական արտադրանքի հետ, երբ ինքներս էլ գիտենք դրա մեծ մասի անորակությունը: Արդյոք մեր կառուցվածքներն օժտվա՞ծ են այնպիսի պաշտպանվածությամբ, որ ընդհանրապես մեր տնտեսությունը չի ճզմվի այլոց արտադրանքի էքսպանսիայից: Հասկացանք` եվրոպական շուկաներին պատրաստ չէինք` մեր անորակ, հաճախ կապկվող ապրանքներով ու զանազան արտադրական մեքենայություններով, բայց Մաքսայինին պատրա՞ստ ենք, ունե՞նք դրա պատասխանը:
Մյուս կողմից էլ` ո՞վ է նման բան կարողանալու քննարկել ԱԺ-ում, երբ երկու-երեք որակյալ տնտեսագետ հազիվ թե գտնվի ԱԺ պատգամավորների մեջ, մեծ մասը պարզապես բարձր խոսողներ կամ ընդհանրապես չխոսողներ են: Ու նրանցից շատերն էլ հազիվ թե կարողանան պատասխանել այն հարցին, որ եթե ու իսկապես իրականություն դառնա ՄՄ մտնելու Հայաստանի որոշումը, ու եկող տարվա երկրորդ կեսին Հայաստանն արդեն լինի Մաքսային միությունում (ինչին խիստ կասկածում է տողերիս հեղինակը), ապա ի՞նչ պետք է լինի 2014 թվականի բյուջեի կատարողականի հետ, ի՞նչ կերպ է լուծվելու կուտակային կենսաթոշակների` արդեն հիմնադրամներոււմ կուտակված միջոցների հարցը, ի՞նչ է սպասվում դրամին, եթե ՄՄ-ում միասնական դրամական միավորով են հետագայում աշխատելու` էլ ի՞նչ կուտակային բաղադրիչ կամ դրանով գոյացած միջոցներ (հիշու՞մ եք ինչպես արժեզրկվեց ռուբլին եւ հազար ռուբլին մի գիշերում դարձավ 250 դրամ):
Թե՞ ինչպես կասկածում են ոմանք` կուտակային բաղադրիչն անհրաժեշտ է մինչեւ ՄՄ մտնելը` մի շարք խնդիրներ լուծելու համար:
Կպակասի՞ արդյոք արտագաղթը, թե՞ առավել մեծ ծավալներ կընդունի:
Բոլոր դեպքերում Հայաստանը գնում է դեպի անհայտություն, որ կարող է եւ բարեկեցության ծիլեր պարունակել, եւ կործանման` անկախ ազգային անվտանգության եւ պաշտպանական համակարգն ապահովելու մեծ պայմանի իրագործումից:
Սա միակ դեպքն է, երբ հայ քաղաքական գործիչները պետք է ազնվություն ունենան ասելու այն, ինչ մտածում են, եւ ոչ թե` այն, ինչ պատեհ է, չնայած բոլոր մյուս դեպքերի համար կարող են վարվել առաջվա պես, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, քանի որ դրա համար նրանց դեմ ոչ ոք հայց չի ներկայացնում էթիկայի հանձնաժողով:
Ու քաղաքական նպատակահարմարության դրվածքն ամբողջ աշխարհում շատ լուրջ է. օրինակ` թե Դավութօղլուի այցը մենք ո՞նց ենք ընկալել, սա մի խնդիր է, իսկ Թուրքիայում գտնվել է պատգամավոր, որ ասել է, թե Դավութօղլուն Հայաստանում խոսել է ինչպես հայը: Կարծես մերոնք լրիվ հակառակն են ասում` Դավութօղլուի այցն անվանելով Թուրքիայի խորամանկությունը` կասեցնելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ճանաչման գործընթացի եւ հարակից այլ քայլերի ակտիվությունը: Եւ որ` թուրքերը ձեւ են անում, թե հայերի հետ հարաբերություն են կարգավորում, մինչդեռ դա ճանաչման գործընթացը կասեցնելու շոու է: Հիմա ո՞վ ում է խայծ տվել, ո՞վ չի կուլ տվել խայծը` դեռ տնտղվում է: Բայց հասկանալի է մի բան` ով ուզում է ժպտա մեզ` Դավութօղլու կլինի, թե մի ուրիշը, ինչ ճանապարհային քարտեզ էլ լինի, մենք տարածք վերադարձնողը չենք, ոչ էլ ճանաչումից, դատապարտումից եւ հատուցումից որեւէ հայ կհրաժարվի: Բայց պատեհությունը տարբեր կերպ է պտտեցնում քաղաքական լեզուները:
Ու որ հերթականությունը նայում ենք` գլուխ պտտվելու բան է. Հայաստանը հայտարարում է ՄՄ-ին անդամակցելու մասին, եվրոպաշտոնյաներն իրար են խառնվում, տարբեր հայտարարություններ հնչեցնում, դե, միայն իրենք չէ` ամերիկյան կողմից եւս տարբեր ձայներ են լսվում: Գալիս է Պուտինն ու ասում` ես Կովկասից չեմ հեռանա: Գալիս է Էրդողանն ու ասում` մենք այստեղ ենք, ներկա ենք, այսինքն` առանց մեզ ոչ մի հարց չենք թողնի լուծվի տարածաշրջանում, այդ թվում` ղարաբաղյանը: Այդ արանքում մի լրատվական բադիկ նետվեց, թե Նալբանդյանն ինչպես է խույս տվել թուրք պաշտոնյայից միջազգային այցերից մեկի ժամանակ, այսինքն` հետեւներիցս ընկած են: Գալիս ու գալիս են` խեր լինի: Գալիս են համանախագահներն ու ասում… բայց սա արդեն նոր շարունակություն է ուզում:
Այժմ սպասենք Մաքսային միության վերաբերյալ քննարկմանը: