Ավելի լավ վերնագիր կարելի չէր գտնել նորոգ հանգուցյալ Ազատ Սարգսյանի հիշատակին նվիրված այս նյութի համար, որը վերցրել ենք Զորի Բալայանի 2009 թ. հրատարակված նույնանուն գրքից: Հայտնի հրապարակախոս-էսսեիստը այստեղ հակիրճ ներկայացնում է Ազատ Սարգսյանի, նրա հորՙ Ավետիսի, մորՙ Սաթենիկի, ինչպես նաեւ նրանց ծնողներիՙ Աբալյանների ընտանիքի դժվար ու թշվառ կյանքըՙ հակահայ հալածանքների եւ բռնադատությունների պայմաններում, որոնց միջով անցավ մեր ողջ ժողովուրդը ոչ միայն Արցախում, այլեւ մյուս վայրերում, ու դիմացավՙ իսկապես հաղթելով մահվան: Հողին կառչած, հողին կպած, չարքաշ ու տոկուն, հաղթանակա՛ծ մի հայ մարդ, որին վերջին հրաժեշտն ենք տալիս այսօր:
…1992 թվականի մայիսի 17-ին Արցախի ինքնապաշտպանության բանակն ազատագրեց Լաչինի շրջանը, դրանով ստեղծելով ինքնավար մարզը Հայաստանին կապող միջանցք: Այդ նույն օրը, բազմամյա ընդմիջումից հետո, ես Ստեփանակերտից Երեւան գնացի հին, հողագույն ՈՒԱԶ-իկով: Առաջին իսկՙ Տեղ գյուղում տեղցիների մի մեծ խումբ կանգնեցրեց մեքենան: Հիմնականում կանայք էին: Նրանց հետ էլՙ մի քանի ծերունիներ, որ բավական աշխույժ էին պահում իրենց: Պարզվեց, որ գյուղի բնակիչները, վաղ առավոտից ստանալով ուրախ լուրն այն մասին, որ ճանապարհը բացվել է, որոշել էին դրանով անցնող բոլորին դիմավորել աղուհացով: Այդ անմոռանալի հանդիպման մասին ես հիշում եմ ամեն անգամ, երբ անցնում եմ Տեղ գյուղի միջով: Մարդիկ ուրախանում էին, պարում, գրկախառնվումՙ միմյանց թիկունքին թփթփացնելով:
Ուրախության թեժ պահին ինձ մոտեցավ կոպիտ ձեռնափայտով, կաղ մի տղամարդ: Բարեւեցինք, ողջագուրվեցինքՙ ինչպես ընդունված է: Նա ինձ հիշեցրեց, որ հանդիպել ենք դեռեւս 1978 թվականի գարնանը, երբ ես շրջում էի Հայաստանով մեկ: Ասաց եւ այն մասին, որ ինքը Աբալյանների մեծ տոհմից է: Հիշեցրեց, որ ժամանակին շատ էի հետաքրքրվել, թե գյուղից քանի մարդ է բռնաճնշվել եւ ամեն ինչ գրի էի առել հուշատետրում: Բայց գրքում այդ մասին ոչինչ չկար: Միայն թե իմանա՜ր Աբալյանների տոհմի, արեւից ու քամուց սեւացած, չսափրված դեմքով այդ բարի մարդը, թե ինչպես էր գրաքննությունը ծվատել ողջ գիրքս, դրանից հանելով ոչ միայն «պղպեղը», այլեւ «աղը»: Բարեբախտաբար, այդ գրառումները պահպանվել էին իմ արխիվներում:
Ես դեռ այն ժամանակ գիտեի, որ Աբալյաններ կան ոչ միայն Տեղում, այլեւ Զանգեզուրում ու Արցախում: Իհարկե, Տեղ գյուղում բռնաճնշել ու կուլակաթափ էին արել ոչ միայն Աբալյաններին: Բայց 37 թվականի հունիսին միանգամից տարել էին երկու Աբալյանների. Ավետիսին ու Մեսրոպին: Կարելի՞ է պատկերացնել Ավետիսի կնոջՙ Սաթենիկի վիճակը, որի ձեռքին մնացին չորս մանր երեխաներ: Երբ եղբայրներին տարան, երկու տներում էլ սկսվեց ունեցվածքի բռնագրավում: Այդ ժամանակ Ավետիսի որդինՙ Ազատը ութ տարեկան էր: Բայց ողջ կյանքում այդ օրը հիշեց ամենայն մանրամասնությամբ: Ազատը, ում հետ միասին ենք մեծացել Ստեփանակերտում, ինձ պատմել է, թե ինչպես են իր աչքի առաջ տարել հորը եւ հորեղբայր Մեսրոպին, որը շատ էր սիրում զբաղվել երեխաների հետ: Հիշում էր այն կնոջը, որին բոլորը շրջանում ակտիվիստուհի էին անվանում (այդպիսի պաշտոն էլ գոյություն ուներ), եւ որը գոռալով թվարկում էր իրերը, իսկ կողքին կանգնած, թղթապանակով մարդը ամեն ինչ գրի էր առնում: Նրան այդպես էլ կոչում էինՙ «թղթապանակով մարդ»: Այդ ամենին ներկա էին նաեւ Խնձորեսկ գյուղի միլիցիոները եւ Տեղի գյուղխորհրդի նախագահը: Շուրջը ճիչ ու աղմուկ էր: Այս ամենն ինձ իր տանը, կնոջՙ Նորայի ներկայությամբ պատմելիս, Ազատի ասած մի նախադասությունը չեմ մոռանա. «Բայց չէ՞ որ մեր փոքրիկ տանը ոչինչ չկար: Իսկ այն, ինչ կարՙ տարան: Ամբողջը: Այդ թվումՙ անկողնու սպիտակեղենը»: Ի զարմանս ինձ, Ազատի կինըՙ տիկին Նորան, ամուսնուց էլ լավ գիտեր նրա ազգուտակը:
Ազատի մայրըՙ տիկին Սաթենիկը, դիմացել էր, ինչպես կարող էր: Չէ՞ որ որդիների ներկայությամբ չէր կարելի խուճապի մատնվել: Նրան հանգստացնում էր եւ այն, որ իր եղբայր Խաչատուրի տունը կողքին էր: Իսկ եղբայրը հուսալի նեցուկ է: Բայց երկու օր անց տարան նաեւ Խաչատուրին: Դա ճակատագրի վերջին հարվածն էր այդ արի, կամային կնոջը, որն զգաց, թե ինչպես է հողը փախչում ոտքերի տակից:
Այն ժամանակ, 1978 թվականին, երբ գրում էի «Օջախ» գիրքը, ես չգիտեի, թե ինչպես դասավորվեց այդ ընտանիքի ճակատագիրը: Տիկին Սաթենիկը որդիներիՙ Ղուկասի, Ազատի եւ Լեւոնի հետ մեկնեց Ստեփանակերտ: Տարիներ անց Ազատ Սարգսյանի տանը, ես իմացա Սաթենիկ հիանալի անունը կրող հայ մոր իսկական սխրանքի մասին: Մնալով անօթեւան, նույնիսկ առանց անկողին, զրկված ամուսնուց, եղբորից եւ մի կտոր հացից, նա չորս որդիների հետ ապաստանեց Ստեփանակերտում, որտեղ նրա հարազատ քույրն էր ապրում ամուսնու հետ, որի անունը նույնպես Ավետիս էր (որքա՜ն էին հայերը սիրում «Բարի լուր» նշանակող այդ աստվածաշնչյան արտահայտությունը):
Արցախի պատժիչ մարմինները երկար ժամանակ ուշադրություն չէին դարձնում Սարգսյան ազգանունը կրող ընտանիքի վրա, որ եկել էր Տեղից: Երեխաները դպրոց գնացին: Պատերազմից առաջ 17-ամյա Ղուկասն աշխատանքի ընդունվեց բանկում: Այնտեղ էլ ուշադրություն դարձրին, որ նրա հայրն այլ ազգանուն է կրել. Աբալյան: Հարցում արեցին Գորիս: Իմացան, որ խոսքը ոչ թե պարզապես ժողովրդի թշնամու մասին է, այլ ժողովրդի թշնամիների մի ամբողջ ընտանիքի: Տեղեկացրին եւ այն մասին, որ Ավետիս Աբալյանն իր որդիների համար որպես ազգանուն գրանցել էր տվել նրանց հորական ու մորական պապերի Սարգիս անունը:
Պատանուն ԳՈՒԼԱԳ-ից փրկեց պատերազմը: Առաջին իսկ օրից խնդրեց իրեն կամավոր ուղարկել ռազմաճակատ:
– Գնաց ու գնաց, ինչպես հայրս: Գնաց, ու ոչ մի լուր,- տխուր ասաց Ազատը,- իսկ շուտով, հենց պատերազմի սկզբին, մահացավ իմ կրտսեր եղբայր Լեւոնը: Նա տասը տարեկան էլ չկար: Մորս աչքին արցունքն այլեւս չչորացավ: Օր ու գիշեր լուր էր սպասում ռազմաճակատից: Տասնհինգ տարեկանում ստիպված եղա որպես բանվոր աշխատանքի ընդունվել մետաքսի կոմբինատում:
Հավանաբար Ղուկաս Սարգսյանին ուղարկել էին տուգանային դասակ: Չէ՞ որ դա նույնպես կարգադրագրով էր արվում: Ինչքան չլինի, ժողովրդի թշնամու որդի էր եւ ժողովրդի թշնամու զարմիկ: Ես այդպես էի մտածում: Բայց իմ ենթադրության մասին ոչինչ չասացի ո՛չ Ազատին, ո՛չ էլ նրա կնոջը:
– Իսկ հորիցդ ոչ մի տեղեկություն չստացա՞ք,- հարցրեցի ես մեր հերթական զրույցի վերջում:
– Մեկ նամակ: Ավելի ճիշտՙ երկտող: Դատելով ամենից, այն շատ երկար ճանապարհ էր անցել մինչեւ մեզ հասնելը: Դա մոտ 42-43 թվականներին էր: Ըստ երեւույթին նամակը բազմիցս վերաուղարկվել էր: Սկզբումՙ Երեւան: Այնտեղիցՙ Գորիս, ապաՙ Տեղ: Հետո հասցրեցին մեզ Ստեփանակերտում, բայց արդենՙ առանց ծրարի:
– Իսկ որտեղի՞ց էր եկել:
– Մեզ հետո ասացինՙ «կարծես Տուլայից»:
– Իսկ ի՞նչ էր գրել հայրդ:
– Խնդրել էր, եթե կարող ենք, իրեն սխտոր ու ծխախոտ ուղարկենք…
Ես հիշեցի հորս նամակը, որտեղ նա նույնպես խնդրում էր իրեն սխտոր ուղարկել: Հազիվ թե այստեղ հարկ է ինչ-որ բան մեկնաբանել: Մնում է միայն հիշեցնել, որ Ավետիս Աբալյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հարազատ պապիկն էր:
Հատվածՙ Զ. Բալայանի
«Հաղթելով մահին» գրքից, էջ 467-470