ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
Գանձապահի մոտ վճարումների պատրաստվողների հերթ էր գոյացել: Իրար անծանոթ մարդկանցից միայն 1-2-ն էին ժպտադեմ հայացքներ ուղղում կանգնածներից մեկին, որը ԱԺ ոչ անհայտ պատգամավոր էր: Երբ հասավ նրա հերթը, եւ գանձապահը հայտնեց վճարվելիք գումարի չափը, ապա իրեն ուղղված թղթադրամից անակնկալի եկավ ու ասաց:
– Ցավոք, դոլարով վճարում չենք իրականացնում:
– Այդ դեպքում գուցե եվրոյո՞վ,- դիմեց ԱԺ-ականը:
– Ոչ էլ եվրոյով,- եղավ պատասխանը:
Վիճակից ելք առաջարկեց Աժ-ականի տիկինըՙ հուշելով, որ արտարժույթի փոխանակման կետը մի քանի քայլից է, այնտեղ հերթ էլ պատահաբար չկա: Ամուսինը մոտեցավ փոխանակող աշխատողին եւ ինչ-որ զրույց սկսեց: Հետո գրպանից հանեց հեռախոսն ու հաշվարկ կատարեց: Այս ընթացքում հերթը գլխավորող նրա տիկինը հերթական անգամ դիմեց ժպտանման հայացքի օգնությանըՙ հերթում գտնվողներին հասկացնելով ըմբռնումով մոտենալ ամուսնու պահվածքին: Ի վերջո, փոխանակման կետում գործարքն ավարտելով, պատգամավորը մոտեցավ տիկնոջն ու արարքին հետեւյալ բացատրությունը տվեց:
– Այսօր եվրոյով կուրսն ավելի նպաստավոր էր:
Հերթում սպասողները, որոնց նա կարծես չէր տեսնում, եւ որոնցից մի քանիսը ճանաչել էին նրան, անտարբեր դրսեւորում ցուցաբերեցին. առաջին անգամ չէին նման վիճակում հայտնվում, մարդն արտարժույթի փոխանակումով է մասնակցում մեզանում ընթացող ֆինանսա-տնտեսական գործընթացներին, որոնք ամբիոնից բարեփոխումներ է հռչակում:
Գյուղամիջում
Անձրեւ սկսելու եղանակը երիտասարդ հովվին կարծես չէր մտահոգում: Խոշոր եղջերավորի նախիրը զբաղեցրել էր գյուղամիջյան ողջ ճանապարհը, որի երկայնքով կանգնած համագյուղացիները իրենց անասուններին բակ էին թողնում: Նախրի պոչին հայտնված «Օպել»-ի վարորդը փորձեց ձայնային ազդանշանի օգնությամբ խուճապ ստեղծելով ճեղքել նախիրն ու րոպեներ առաջ խուսափել ցեխածածկ ճանապարհին հայտնվելուց, բայց անասունները որեւէ ձեւով չէին արձագանքում նրա մտադրությանը: Բացելով ավտոմեքենայի պատուհանըՙ նա ձայնեց:
– Հովո, հապա մոտ արի:
Հովիվը մոտեցավ ու նկատելով վարորդի ոստիկանական ուսադիրները, մի պահ անակնկալի եկավ. դե, դասարանցուն երբեք հանազգեստով չէր տեսել, թեեւ գիտեր, որ նա սպայի կոչում ունի:
– Մի նեղվիր, ցավդ տանեմ, անասուն են, ուր որ է ձեր տանը կհասնենք,- ասաց նա:
– Էդ ձեռնափայտիցդ է, որ անասունները չեն ենթարկվում,- նկատեց ոստիկանը:
Հովիվը նայեց ձեռքի փայտին ու անակնկալի գալով արդարացավ:
– Կոպալս նախորդ օրը գայլի մեջքին կոտրեցի, առավոտյան էլ չեմ տեսել, որ բահի պոչն եմ վերցրել:
Սպան նկատեց, որ մի քանի քայլ այն կողմ գյուղապետարանն է, որի վրա ծածանվող դրոշը սթափեցրեց նրան: Թեեւ գիտեր, որ համայնքապետը Հովոյի բարեկամն է, հովվի գործն էլ նրա տվածն է, այսուհանդերձ ասաց:
– Ձեռնափայտդ ինձ տուր, դե, հասկանում ես, պետք է:
Մետրոյում
Ուղեւորներից մեկը, ցույց տալով վագոնի դռան մոտ ամրացված ցուցանակը, հարեւանությամբ կանգնածիս ասաց:
– Կարծես մեծ բան են արել, աչքներս են կոխում:
«Ի՞նչ է որ» ասելով հայացքս ուղղեցի ցուցանակի կողմը. եվրոպական անվանումներ էինՙ Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկ, Եվրոմիություն եւ Եվրոպայի ներդրումային բանկ: Այս կառույցները հաստատում էին, որ աչք շոյող գույներով վերանորոգված ու հաճելիորեն լուսավոր տվյալ շարժակազմի նորացումն իրականացվել է իրենց ֆինանսական օժանդակությամբ:
– Ճիշտ եք, արածները մեծ բան չէ.- ասացի հարեւանիս,- այ, եթե դեպի Արաբկիր ու Զեյթուն կայարանները կառուցեն, այլ բան է:
– Ես դեպի Աջափնյակ կանգառի կառուցման համար էլ շնորհակալ կլինեմ,- ցանկությունս մեղմեց զրուցակիցս:
Մետրոյից դուրս գալովՙ ուշադրությունս գրավեց մարդկանց մի խումբ, ովքեր անտեղյակ մեր բարի ցանկություններին, ինչ-որ ցուցապաստառներ էին տանում: Դրանցում ոչ Աջափնյակ եւ ոչ էլ Զեյթուն տանող մետրոյի կայարաններ կառուցելու պահանջ չկար, որպիսի ակնկալիքներ մենք արտահայտել էինք մեզ Հանրապետության հրապարակ հասցրած շարժակազմը վերանորոգողների հանդեպ: