Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ավանդույթի համաձայն ամփոփեց 2013 թվականը:
Նախարարի հավաստմամբ` 2013-ով ավարտվում է հետճգնաժամային տարիների շարքը, իսկ գալիք տարին կարող ենք համարել վերականգնման տարի:
Մինչ լրագրողների հարցերը Աշոտյանը առանձնացրեց տարվա ձեռքբերումները: Հանրակրթության ոլորտի բարեփոխումները հետեւյալներն են` հանրապետության դպրոցների 2-րդ դասարանից սկսած, ուսումնական պլանով ներդրվեց «Շախմատ» առարկան, որի դասավանդումն ավարտվում է 4-րդ դասարանում: Տպագրվել եւ հանրապետության բոլոր դպրոցներին են տրվել Հայաստանի Շախմատի ակադեմիայի հրատարակած «Շախմատ» առարկայի 4-րդ դասարանի դասագիրքն ու խնդրագիրքը: 2013 թվականի հունվարից հանրապետության բոլոր 1441 դպրոցներն ընդգրկվել են Հայաստանի համադպրոցական ինտերնետային ցանցում: Նորՙ բեռնաթափված, ուսումնական ծրագրերով հանրապետության 96 դպրոցներում իրականացվել է հիմնական դպրոցի 20 անուն դասագրքերի փորձարկում, որից հետո դրանք լրամշակվել են, հրատարակվել եւ առաքվել են դպրոցներ: Ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկն ընդլայնվել է 18 դպրոցով: Ներկայումս հանրապետությունում գործում է ներառական կրթություն իրականացնող 117 հանրակրթական դպրոց:
2013-ին ՀՀ բուհեր են ընդունվել 1200 օտարերկրացի ուսանողներ, որոնցից շուրջ 700-ը սփյուռքահայեր են, իսկ 500-ը` օտարերկրացիներ:
«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու նպատակով նախարարության կողմից 2013-2014 ուսումնական տարում օտարերկրյա պետություններ են գործուղվել շուրջ 160 ուսանողներ: Նրանք իրենց ուսումը շարունակում են Վրաստանում, Ռուսաստանում, Լեհաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Չինաստանում, Հորդանանում, Սլովակիայում, Իրանում եւ այլ երկրներում»,-ասաց նախարարը:
Այսօր Հայաստանի 42 դպրոցում ուսուցումն իրականացվում է ռուսերենով, 60 դպրոցում խորացված ուսուցում է:
Ըստ Աշոտյանիՙ այս տարվա կարեւոր ձեռքբերումներից է ուսանողների սոցիալական պաշտպանության նոր ծրագիրը, որի շնորհիվ նրանք կստանան աջակցություն պետության կողմից` անկախ սոցիալական վիճակից` հաշվի առնելով նրանց առաջադիմությունը: Այս տարի միջազգայնացման շրջանակներում տարված աշխատանքները նույնպես հատկանշական էին, ինչպես նաեւ կարեւոր էր բուհական ենթակառուցվածքների արդիականացումը: Ձեռքբերումների շարքում նշեց նաեւ ԵԽ-ի կողմից Հայաստանում կազմակերպված տարածաշրջանային նախարարական համաժողովը եւ ՀՀ բուհերի` աննախադեպ քանակությամբ (շուրջ 18), եվրոպական ծրագրերին մասնակցելն ու շահելը:
Նախարարը տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում կասեցվել է 4 բուհերի եւ 6 նախակրթարանների լիցենզիա:
«Այս տարի ունեցանք նաեւ 100 լավագույն գիտնականների ցանկը, որոնք ամսական 135 000 դրամ հավելավճար կստանան: Հավաստիացնում եմ, որ ոչ մի պետական ծրագիր կրթության ոլորտում չի ձախողվել, չնայած, մյուս կողմից, իրականացված աշխատանքների տեմպը միշտ չէ, որ բավարար է եղել»,- ասաց Աշոտյանը:
Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար գիտական սարքերի եւ սարքավորումների ձեռքբերման մրցույթում հաղթել է 5 կազմակերպություն, տրամադրվել է 305 մլն 570 հազ. դրամ: Ավելացել են գիտական թեմաների ֆինանսավորման մրցույթների ծավալները, այդ թվումՙ թեմաներում ներգրավված գիտաշխատողների միջին աշխատավարձը ավելացել էՙ 65000-ից մինչեւ 100.000 դրամ:
Աշխատանքներ են տարվել «Քենդլ» նախագծի առաջին փուլն ավարտելու ուղղությամբ. հաջողությամբ ավարտվել են «Արեալ» արագացուցչի հիմնական համակարգերի փորձարկում¬ները:
Նախարարը շրջանցեց կոռուպցիայի դեմ պայքարի համար տարված ԿԳՆ-ի աշխատանքները` նշելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը հավերժական է, եւ այնպես չէ, որ նման պատասխան է տալիս` հարցից խուսափելու համար:
Ի դեպ, 2013 թվականին մեկնարկել է «Պետության կողմից ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու մասին «գործընթացը: Պետության կողմից ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով սահմանվել է միջին որակական գնահատականի շեմՙ բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով 75 %, այս պարագայում` 417 ուսանողի: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ծրագիրն իրականացվում է առաջին անգամ, նախարարի հաջորդ հրամանով միջին որակական գնահատականների շեմերը նվազեցվել են` սահմանվելովՙ բակալավրի կրթական ծրագրովՙ 40%, մագիստրոսի կրթական ծրագրովՙ 50%: Հնարավորություն է ընձեռվել պետության կողմից ուսման վարձ մասնակի փոխհատուցելու 845 ուսանողի համար:
Ընթացիկ տարում 30 երկրներում գործող Սփյուռքի դպրոցներին տրամադրվել են շուրջ 62 000 օրինակ դասագիրք եւ այլ ուսումնական եւ օժանդակ նյութեր:
Ասուլիսի վերջում Աշոտյանն ասաց. «Ես այս անգամ չեմ խոսում ձախողումների մասին, քանի որ ոչ մի կրթական ծրագիր չի ձախողվել»: