Չեմ կարծում, որ փաստաբանների պալատը ամենաճիշտ որոշումն է կայացրել բողոքի երթ կազմակերպելով դեպի Եվրոմիության ներկայացուցչության գրասենյակ: Դա հիշեցնում է Սովետի ժամանակները, երբ քաղաքացին, ճարահատ, բողոքի նամակներ էր ուղարկում, այն էլ՝ պատվիրված փոստով, Մոսկվա, ակնկալելով վերադաս օրգանների միջամտությունը իր նկատմամբ կատարված անարդար վերաբերմունքը սրբագրելու ակնկալությամբ: Մոսկվան, կարծում եմ, հաճույքով էր ընդունում նման նամակ-բողոքները, քանզի դրանով վերահաստատվում-ամրապնդվում էր սովետական երկրի ուղղաձիգ կառավարման պարտադիր սկզբունքը: Այլ հարց է, թե, ինչպես այն ժամանակ Մոսկվան, այժմ Եվրոմիությունը, ինչպես կընդունի, ավելի շուտ՝ ընդառաջ քայլ կկատարի՞ դեպի նման բողոքները:
Այժմ բոլորովին այլ հարաբերություններ են, ու Եվրոմիության անդամ երկրները բնավ պիտի չուզենային իրենց քաղաքացիական հասարակություններին Հայաստանը ներկայացնել որպես մի երկիր, որը արագ քայլերով գնում է դեպի ոստիկանապետություն՝ ոչ թե իր քաղաքացիների անդորրը եւ կարգուկանոնը ապահովելու, այլ՝ գործող միահեծան իշխանությունը բռնի ուժով պաշտպանելու նպատակով: Չէ՞ որ այդ իշխանության գոյատեւումը, գեթ առժամանակ, կարեւոր է Եվրոմիության, եւ ոչ միայն, բոսերի համար տարածաշրջանային եւ նույնիսկ աշխարհաքաղաքական իրենց շահագրգռությունները գոհացնելու տեսակետից:
Իրականում նրանք կույր չեն, ամենեւին: Կույր են ձեւանում պարզապես: Հաճույքով են ընդունում «ժողովրդավարության բաստիոնի» բերդապահի կուրծքծեծոցիները «խաղաղության դարաշրջան» բացելու վերաբերյալ: Մինչդեռ մանրամասն գիտեն, օրինակ, թե ինչպես են ծախսվել դեռեւս 2020 թվականի ապրիլի 23-ից ի վեր իրենց տրամադրած, Մ. Նահանգների հետ համագործակցաբար, միլիոնավոր դոլարները ի խնդիր Հայաստանում ոստիկանության համակարգի բարեփոխումների, Օպերատիվ կառավարման կենտրոնի եւ պարեկային ծառայության ստեղծման: Նրանք չե՞ն տեսել, որ 2018 թ. մայիսից ի վեր, ամբողջ հինգ տարի, Հայաստանում ներքին օրակարգերի գլխավոր թեման աղմկահարույց թե անաղմուկ ձերբակալություններն են ու քաղաքական հետապնդումները, դատարաններում կայացող կամայական որոշումները, անարդար վճիռները, չպատճառաբանված պատիժներն ու պատժաչափերը՝ ընդդեմ քաղաքական նախկին առաջնորդների, ընդդիմադիր գործիչների, ակտիվիստների, անգամ՝ պատերազմի ընթացքում որդեկորույս դարձած մայրերի…
Մի՞թե օտարերկրյա դեսպանների ամենատես աչքերը չեն տեսնում, նրանց գործակալները չեն նկատում այն խժդժությունները, որոնց հեղինակը ներկա իշխանության ձեռքին ճնշող գործիքի վերածված ոստիկանությունն է, իր տարբեր՝ գունավոր եւ անգույն, երբեմն էլ՝ անտեսանելի ստորաբաժանումներով, Սովետից մնացած իր սովորույթներով: Այլ պարագաներում այդ ամբողջը կդառնար մեր երկիրը պատժամիջոցների տակ խեղդելու «համոզիչ» պատրվակ: Իսկ այժմ, երբ փաստաբաններն անգամ ապահովված չեն ծեծուջարդից, էլ ո՜ւր մնաց՝ նրանց պաշտպանյալները: Լուռ են բոլորը: Լուռ է՝ նման հարցերում գերզգայո՜ւն Մ. Նահանգների դեսպանությունը, լուռ են ազդեցիկ մյուս երկրների դեսպանատները, նաեւ, բնականաբար, Ռուսաստանի դեսպանատունը: Եվ այդ համընդհանուր լռության մեջ հարցը հնչում է ինքնըստինքյան. այդ ամենը, թեկուզ հակադիր կողմերից համադրված դավադրություն չէ՞ մեր երկրի, մեր ժողովրդի դեմ:
Հետագայում ես առիթ կունենամ բացատրելու «ոստիկանապետություն» հասկացության էությունը՝ համապատասխան պատմական ու միջազգային օրինակներով: Մինչ այդ կուզենայի բոլորովս հասկանայինք, որ այս ատելի ու մերժելի կառավարման ձեւը շատ է ձեռնտու թե՛ մեր թշնամիների եւ թե՛ «բարեկամների» համար: Ոստիկանապետությունը, ըստ ձեւի եւ ըստ բովանդակության, խոցելի է դարձնում մեր երկիրը, պետությունը: Որեւէ հարմար պահի, մանավանդ երբ ի կատար ածվեն դավադիր բոլոր առաջադրանքները, կարելի է իբր «բացահայտել» ոստիկանապետության գոյությունը եւ ծնկի բերել մեր երկիրն ու պետությունը մեր իսկ ձեռքով, սակայն արդեն ուշացած:
Առայժմ ընթանում ենք դեպի ամբողջական ոստիկանապետություն, մեր իսկ հանդուրժողականությամբ:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ