Հայաստանում առաջին հիդրոէլեկտրակայանը կառուցվել է 1903 թվականին Դիլիջանում: Աղստեւ գետից առբերվող ջրով պտտվող անիվը աշխատեցնում էր փայտասղոցարանի շրջանաձեւ սղոցը: Աղստեւ գետը Կուրի աջակողմյան վտակներից է: Նրա երկարությունը 133 կմ է: Սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի Թեժլեռ գագաթի լանջերից: Վերին հոսանքում ունի լեռնային բնույթ, հոսում է նեղ կիրճով, ստորին հոսանքում՝ լայնահուն է: Խոշոր վտակներն են Բլդանը, Սառնաջուրը, Ոսկեպարը, Գետիկը, Աղդանը: Տարեկան միջին ծախսը 8,22 մ3/վ է, առավելագույնը՝ 158 մ3/վ, նվազագույնը՝ 0,02մ3/վ, տարեկան հոսքը՝ 256 մլն.մ3: Գետի ջուրն օգտագործվում է ոռոգման համար: Ափերին են գտնվում Դիլիջան եւ Իջեւան քաղաքները:
«Մշակ» թերթի 1912թ. մայիս ամսվա թիվ 120-ում տպագրված «Ուրախալի երեւույթներ» հոդվածում հեղինակը գրում է. «…Այդպիսի մի ձեռնարկություն պիտի համարել եւ Դիլիջանի կայանը, որ անհատական ուժերով ու միջոցներով հիմնել է տեղացի մի խրախուսելի անձն` Հայկ Գրիգորյան: Կայանն առայժմ լույս է ստանում մի մոտորով (ջրի ուժով)` 220 վոլտ, 32 եւ կես ամպեր: Գյուղում դրված են 360 լամպիկներ, լուսավորված են խճուղին, շուկան: Ամսավճարը մի լամպիկի համար` 1 ռուբլի: Ամռանը, երբ տեղս կգան ամառողներ, Հայկ Գրիգորյանը մի մոտոր եւս կբերի, որով եւ էլեկտրական ուժն ու լամպիկները կավելանան:
Մեր երկիրն էլեկտրականության անսպառ աղբյուր է,ըստ ամենայնի շահագործելի,բայց ցավ է նկատել,որ գավառական շատ կենտրոններ զուրկ են էլեկտրական ուժերի շահագործումից: Դիլիջանի այս կայանը հասարակական նշանակություն ունի եւ գավառական համայնքները օրնակելու են»:
Դիլիջանի հիդրոէլեկտրակայանը հետաքրքրեց շատերին ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս: Դիլիջան է ժամանում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի 5-րդ դասարանի սաների խումբը` նույն դպրոցի ուսուցիչ Շահբազյանի ղեկավարությամբ եւ ծանոթանում էլեկտրակայանի հետ:
Անիվի մեխանիկական էներգիան հաղորդելով 10կՎտ հզորություն եւ 230Վ լարման հաստատուն հոսանքի գեներատորին՝ ստեղծել են առաջին պարզունակ հիդրոէլեկտրակայանը: Կայանի օգտակար ճնշումը 2 մետր էր: Էլեկտրական էներգիայի տարեկան արտադրությունը կազմում էր մինչեւ 10 հազար կՎտժ եւ օգտագործվում էր նաեւ լուսավորության համար:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ
Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր