2014-ի փետրվարի 24-ից մարտի 2-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Համահայկական ձմեռային խաղեր, որի ծրագրում ընդգրկված է 4 մարզաձեւՙ դահուկային սպորտ, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ եւ տափօղակով հոկեյ: Առաջին 3 մարզաձեւերից մրցումները կանցկացվեն Ծաղկաձորում, իսկ հոկեյի մասնակիցներին կհյուրընկալի Երեւանի մարզահամերգային համալիրը: Այս մասին նշվել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի խորհրդակցությունում, որը վարել է այդ կազմակերպության նախագահ Իշխան Զաքարյանը: Մասնակիցների թվում են եղել նաեւ Կիպրոսը ներկայացնող Հարություն Թամազյանը, խաղերի ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը, նկարիչ-ձեւավորող Բագրատ Դիվանյանը, կոմիտեի գլխավոր քարտուղար Բագրատ Բուռնազյանը:
Խաղերի անցկացման կոմիտեն արդեն 14 երկրներից մասնակցության հայտեր է ստացել: Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունվարի 25-ն է: Մարզիկների գիշերավարձի եւ սննդի ծախսերը կհոգա կազմկոմիտեն:
Խորհրդակցության ընթացքում Ռուբեն Հովհաննիսյանը ներկայացրել է խաղերի բացման հանդիսավոր արարողության նախնական սցենարը: Քննարկվել է նաեւ խաղերի խորհրդանիշի հարցը: