ԵՐԵՎԱՆ-ՌԵՄՍ, Ֆրանսիա – Պատրիկ Ռադըլեն ֆրանսիացի երգիչ (բարիտոն), դաշնակահար եւ կոմպոզիտոր է: Վոկալ արվեստ է ուսանել Փարիզի կոնսերվատորիայում, որտեղ արժանացել է առաջին մրցանակի: 1991 թվականից եղել է Փարիզի «Ռադիո Ֆրանս» երգչախմբի մենակատար, հանդես եկել մի շարք անվանի դիրիժորների ղեկավարությամբ: Մասնակցել է բազմաթիվ համերգների՝ որպես մեներգիչ եւ դաշնակահար (երգիչների եւ կամերային նվագախմբերի նվագակցությամբ): Պարբերաբար համագործակցում է գերմանական «Բերենռայթեր» հրատարակչության հետ՝ օպերաների նվագախմբային պարտիտուրների դաշնամուրային-երգային մշակումներ կատարելիս:
–Հարգելի՛ Պատրիկ, անցած ապրիլի 25-ին Երեւանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցած ձեր եւ ձեր դստեր՝ թավջութակահարուհի Մաթիլդ Ռադըլեի համատեղ համերգը՝ «Քեզ համար, Արցախ» վերնագրով, ավելի քան հիշարժան էր: Ոչ միայն այն պատճառով, որ դուք ներկայացրիք միմիայն հայկական երգ-երաժշտություն, այլ քանի որ մենք ի դեմս ձեզ հայտնաբերեցինք տաղանդավոր երաժիշտների: Ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել Հայաստանին եւ Արցախին ցուցաբերած բարոյական աջակցության եւ ձեր բարձրորակ արվեստի համար: Ինչպե՞ս կբնութագրեք այդ համերգը:
-Թող համերգին ներկա գտնվածները խոսեն իրենց լսածի մասին: Ես միայն կարող եմ ասել, թե ինձ համար ինչ նշանակություն ունեին Երեւանում եւ Կապանում կայացած մեր երկու համերգները: Հայ երաժշտություն կատարելով՝ ես իմ աջակցությունն ու համերաշխությունն եմ հայտնում ողջ հայ ժողովրդին: Այս համերգը նաեւ գագաթնակետն էր այն ամենի, ինչ ես ձեռնարկել եմ 2020 թվականի նոյեմբերից ի վեր եւ իմ սիրո բյուրեղացումն էր Հայաստանի, նրա ժողովրդի ու նրա մշակույթի հանդեպ:
–Սահմանամերձ Կապանում սովորաբար հյուրախաղեր չեն լինում՝ չնայած քաղաքի գեղարվեստական ավանդույթներին: Ինչո՞ւ որոշեցիք գնալ այնտեղ: Եվ ինչպե՞ս մեկնեցիք, նոր օդային չվերթո՞վ:
-Կապանում համերգով հանդես գալու երկու հիմնական պատճառ կար: Առաջինն իմ ցանկությունն էր՝ աջակցելու ողջ Սյունիքին, որն Արցախի պես լրջորեն վտանգված է: Կապանը Հայաստանի այս շրջանի ամենակարեւոր քաղաքն է, ուստի վճռական խորհրդանիշ է, իսկ Արցախին շատ մոտ լինելու նրա աշխարհագրական դիրքը հավելյալ նշանակություն ունի: 2022 թվականի օգոստոսին ընտանիքիս հետ Հայաստան կատարած իմ առաջին ճամփորդության ժամանակ մենք եղանք Կապանում, այցելեցինք մեր ընկերուհի Մերի Խաչատրյանի ընտանիքին: Այդ ժամանակ ես խոստացա նորից գալ այնտեղ եւ երգել: Համերգը մեծ ընդունելության արժանացավ, մոտ 400 հանդիսատես էր հավաքվել: Կապան գնացինք ավտոճանապարհով, փորձնական չվերթն ընդամենը երկու օր առաջ էր կայացել, ուստիեւ Երեւան-Կապան օդային կապը դեռ բաց չէր: Բայց հաճելի էր ճամփորդել ավտոճանապարհով, գյուղերի միջով եւ հիանալ Հայաստանի շատ բազմազան բնապատկերներով:
–Պրոֆեսիոնալ երաժիշտների համար նորմալ է առանց պարտիտուրի նվագելը, բայց դուք նաեւ հայկական երգերը երգում էիք առանց կարդալու: Ինչպե՞ս կարողացաք անգիր սովորել հայերեն տեքստերը եւ երգել ճիշտ արտասանությամբ:
-Ես շատ տքնաջան եմ աշխատել, նախ՝ ճանաչելու հայ երաժշտությունը, կլանելու նրա յուրահատուկ արտահայտությունը եւ հասկանալու նրա բուն էությունը: Հետո ընտրեցի երգացանկն ու սկսեցի աշխատել տեքստերի թարգմանության եւ արտասանության վրա: Այդ գործում ինձ սկզբում օգնեցին Մերի Խաչատրյանը եւ նրա մայրը՝ Անահիտը, այնուհետեւ մեր երեւանցի ընկերուհի Աննա Գաբրիելյանը, որն ինձ ահռելի օգնություն ցույց տվեց՝ առանց իր ժամանակը խնայելու: Այս ընկերների եւ անձնական քրտնաջան աշխատանքի շնորհիվ ես կարողացա հասնել այն ամենին, ինչին ձգտում էի՝ անգիր երգել հայերեն, հասկանալով յուրաքանչյուր բառի իմաստը եւ դաշնամուրով նվագակցել:
–Շնորհակալ ենք նաեւ դաշնամուրի եւ թավջութակի համար գրած ձեր «Արցախ» գեղեցիկ ստեղծագործության համար: Մաղթեմ, որ այս գործը շատ երկրներում հնչի: Եվ ինչպե՞ս ոչ հայազգի ֆրանսիացի երաժիշտը կարողացավ գրել այս ստեղծագործությունը:
-Շնորհակալ եմ այս գործի մասին խոսելու հնարավորության համար: Արցախի համար ինչ-որ բան գրելու գաղափարը վաղուց ունեի: Դրա համար ես ուզում էի արցախյան հայկական մեղեդիներ մասամբ օգտագործել: Անցյալ տարի Հայաստանում գտնվելու ընթացքում կարողացա գտնել այդ մեղեդիներից մոտ տասնհինգը: Դրանցից երեքը մշակելով եւ զարգացնելով՝ օգտագործեցի «Արցախը» կազմող երեք կտորներից յուրաքանչյուրի համար: Իհարկե, ես գրել եմ իմ սեփական մեղեդիները նույնպես եւ համադրել հայկական թեմաների հետ՝ նպատակ ունենալով ինչ-որ համահունչ բան կառուցել եւ փորձել մոտ մնալ հայկական հնչերանգին: 2020 թվականի օգոստոսին Հայաստան կատարած մեր ուղեւորության ընթացքում մենք ճանապարհորդեցինք երկրի բազմաթիվ վայրերով: Ինձ խորապես տպավորեցին հայկական բնապատկերները, լեռները, վանքերը… Հանդիպեցինք արցախցի փախստական ընտանիքների, որոնք կորցրել էին ամեն ինչ: Այս շատ ուժեղ տպավորությունների ու հույզերի շնորհիվ գրեցի այս երաժշտությունը՝ դրա մեջ արտահայտելով այն, ինչը կարծես թե հասկացել եմ՝ հայկական ոգին եւ այն, ինչն իմ մեջ հրահրում է այն:
–Սա ձեր երկրորդ այցն էր Հայաստան: Ի՞նչ կարող են գտնել արեւմուտքցիներն այս երկրում:
-Այս հարցը պահանջում է չափազանց ծավալուն պատասխան, քանի որ Հայաստանում այնքա՜ն շատ տարրեր եմ գտնում, որոնք ամրապնդում են իմ կապվածությունը այս երկրին եւ նրա ժողովրդին: Փորձեմ համախմբել…
Առաջին հերթին՝ հանդիպումներ, որոնք միմիայն Հայաստանում են հնարավոր: Հայկական հյուրասիրությունն իսկապես դատարկ խոսք չէ. այն միանգամայն արտակարգ է: Մեզ միշտ ընդունել են չափազանց մեծահոգի եւ սիրառատ կերպով: Անձնական, մասնագիտական թե հանրային հանդիպումներիս ժամանակ, տաքսու վարորդի հետ սոսկ մի քանի րոպե տեւողությամբ զրույցի եւ կամ փողոցի անկյունում ինչ-որ անսպասելի հանդիպման ընթացքում բոլորը մշտապես եղել են շատ ջերմ, հաճելի եւ բարեհոգի: Այնուհետեւ՝ բուն երկիրը, նրա սքանչելի բնապատկերները, նրա սարերը՝ այնքա՜ն գեղեցիկ եւ բազմազան, ճարտարապետական գեղեցկությունը՝ խիստ բնորոշ վանքերին ու եկեղեցիներին, որոնք սփռված են նույնիսկ լեռների ամենահեռավոր վայրերում, լեզուն եւ նրա հոյակապ այբուբենը, որ մեծարում են մայրաքաղաքում եւ նրանից դուրս եւ որը հայկական ինքնության հիմնասյուներից է: Իսկ հայկական խոհանոցը եւ այն ներկայացնելու ձե՞ւը: Ամբողջ երկիրը շնչում է հայ մշակույթով: Եվ ընդհանուր մթնոլորտը՝ մարդկային ու ապահով: Քաղաքում թե լեռներում, հեղինակավոր վայրերում, թե առավել անապահով վայրերում՝ Հայաստանում ամենուր ես ինձ զգում եմ, ինչպես իմ տանը:
–Դուք ցանկանում եք ստանալ հայկական անձնագիր, մինչդեռ որոշ ՀՀ քաղաքացիներ երազում են օտարերկրյա անձնագրեր ունենալ…
-Ես ինձ չափազանց հարազատ եմ զգում Հայաստանին եւ հայությանը: Այս կապվածությունն օրեցօր աճում է եւ տասնապատիկ ավելանում Հայաստան կատարած իմ յուրաքանչյուր այցից հետո: Հայկական քաղաքացիության համար դիմումն իմ ցանկությունն է՝ որոշակի արտահայտելու այս խորը կապվածությունս: Դա հայ ժողովրդին պատկանելու իմ բուռն ցանկության արտահայտությունն է: Ինձ համար դա այն ճանապարհի տրամաբանական ու բնական շարունակությունն է, որն ինձ ավելի ու ավելի է տանում դեպի Հայաստան:
–Կրկի՛ն շնորհակալություն, Պատրի՛կ, Մաթիլդին եւ ձեզ: Եվ ցանկանում եմ, որ դուք հայ երաժշտությունը ներկայացնեք աշխարհով մեկ եւ կրկին ու կրկին այցելեք Հայաստան՝ հայկական անձնագրով:
-Երաժշտության միջոցով հայ մշակույթը տարածելն ու ճանաչելի դարձնելը, այդպիսով՝ Հայաստանի եւ Արցախի վրա ուշադրություն հրավիրելն այժմ իմ գլխավոր մտահոգությունն է եւ իմ ամենանվիրական ցանկությունը: Ես կշարունակեմ աշխատել այդ ուղղությամբ, իմ համեստ միջոցներով նպաստել, որ բոլոր հայերը վերջնականապես ապահով եւ հանգիստ կյանք ունենան իրենց հայրենիքում…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ