ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ գիտական գրադարանի ավագ գրադարանավար
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում չորրորդ անգամ անցկացվեց գրքին, ընթերցողին նվիրված «2013 թվականի լավագույն ընթերցող» միջոցառումը: Այս տարի միջոցառման համակազմակերպիչն էր նաեւ համալսարանի ուսանողական խորհուրդը:
Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, բացելով միջոցառումը, ողջունեց ներկաներին եւ նշեց, որ առաջին անգամ միջոցառումն անցկացվել է 2010 թ.-ին եւ արդեն դարձել է ամենամյա եւ ավանդական: Նա ասաց, որ համալսարանի 10 ֆակուլտետներից եւ հենակետային դպրոցից ընտրվել են ամենաընթերցասեր 11 ուսանողներ, մեկ դպրոցական եւ արդեն երկրորդ անգամՙ համալսարանական եւ ոչ համալսարանական երկու ամենակարդացված հեղինակներ:
Միջոցառմանը «Հայր մերով» հաջողություն մաղթեց Սեւանի Վազգենյան դպրանոցի վերատեսուչների խմբի անդամ Արթուր սարկավագը: Նա նաեւ նշեց. «Չնայած միջոցառումը բացահայտում է բուհի լավագույն ընթերցասեր ուսանողներին, սակայն առավել շատ ուղղված է գրքի փառաբանմանը: Գիրքն ավելին է քան ինֆորմացիայի աղբյուր, այն հարստություն է եւ իր կազմի մեջ ունի թաքնված գանձ, շարունակեք կարդալ եւ գտնել դրանցում թաքնված գանձերը»:
Տիգրան Պետրոսյանցը նշեց, որ այս տարվա մրցանակաբաշխությունն աննախադեպ ելք է ունեցել. առաջին անգամ բուհի լավագույն ընթերցող է դարձել համալսարանի սկզբնական ֆակուլտետի մագիստրատուրա հեռակա բաժնի ուսանողուհի Լիլիթ Գյուրունյանըՙ 350-ից ավելի գրքերի ընթերցումով: Նա նաեւ դարձել է «Համակրանք» անվանակարգի հաղթող էլեկտրոնային քվեարկությամբ ստանալով 573 ձայն: Ուսանողուհուն հաղթողի վկայական հանձնեցին ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը եւ հայրըՙ Արցախյան ազատամարտի վետերան Զավեն Գյուրունյանը: Գրադարանի կողմից ստացած գրքերի ծանրոցից բացի Լիլիթը նույնպիսի մի ծանրոց էլ ստացավ ֆակուլտետի դեկանից: Համալսարանի լավագույն ընթերցող դառնալու համար Տիգրան Պետրոսյանցը նրան նվիրեց «Նյու Յորքի մոդա» անգլերեն մեծածավալ ալբոմը, իսկ «Համակրանք»-ի մրցանակըՙ 2012 թվականի լավագույն ընթերցողներից մեկիՙ Լիանա Գիժլարյանի (ՀՊՄՀ գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի ուսանողուհի) հեղինակային բնանկարն էր:
Բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Լեյլի Սարոյանին վկայական հանձնեց ֆակուլտետի դեկան Յուրի Դավթյանը:
Նա շնորհավորանքի իր խոսքը փոխանցեց ֆակուլտետի վաստակաշատ դասախոս, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանին: Վերջինս նշեց. «Այս միջոցառումը յուրատիպ ձոն է գրքին, գիրքը պիտի սիրել, անգամ շոյել եւ գիրքը ցույց կտա մարդու անցնելիք ճանապարհը»: Կենսաբանության, քիմիայի եւ աշխարհագրության ֆակուլտետի ուսանողուհի Լիանա Մանուկյանին վկայական հանձնեց ֆակուլտետի դեկան Սվետլանա Հովակիմյանը, պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Գոհար Զարոյանին վկայական հանձնեց ֆակուլտետի դեկան Էդիկ Գեւորգյանը, ֆիզիկայի, մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողուհի Ժաննա Ղուկասյանին վկայական հանձնեց ֆակուլտետի դեկան Գագիկ Դեմիրխանյանը, հատուկ կրթության ֆակուլտետի ուսանող Արսեն Պապիկյանին վկայական հանձնեց փոխդեկան Թերեզա Ազատյանը, մշակույթի ֆակուլտետի ուսանողուհի Հերմինե Հովհաննիսյանին վկայական հանձնեց փոխդեկան Արտաշես Հովհաննիսյանը, գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողուհի Գոհար Մարտիրոսյանին վկայական հանձնեց փոխդեկան Լիանա Այվազյանը, կրթության հոգեբանության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Տիգրանուհի Արշակյանին վկայական հանձնեց նույն ֆակուլտետի անբիոնի վարիչ Յուրի Գասպարյանը (ուսանողուհու ծնողներըՙ Գնել Արշակյանն ու Սուսաննա Հարությունյանը Ջերմուկ քաղաքից եկել էին եւ մասնակցեցին վկայականի հանձնմանը), նույն ֆակուլտետի ուսանող Գրիգոր Կորկոտյանին (նա միակն է, որ լավագույն է եղել նաեւ 2012 թվականին) եւ օտար լեզվի ֆակուլտետի ուսանողուհի Էլվիրա Միրզոյանին (նա 2013 թվականին դարձել է նաեւ ֆակուլտետի լավագույն ուսանողուհի) վկայականներ հանձնեց համալսարանի ուսխորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը: Նա նշեց. «Համալսարանական գործունեության մեջ շատ կարեւոր է կրթության բաղադրիչը, որին անմիջապես նպաստում է մեր համալսարանի գրադարանը: Այսօր մենք ունենք որակապես նոր գրադարան, որը իր յուրաքանչյուր նախաձեռնությամբ նպաստում է ուսանողներին, որ լավ վերաբերվեն գրքին եւ ձգտեն ավելի լավ սովորել»:
Հենակետային դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Աննա Աբրահամյանին վկայական հանձնեց դպրոցի տնօրեն Նաիրա Սաֆարյանը: Իր խոսքը նա ավարտեց այսպես. «Շատ կարեւոր է, որ համահամալսարանական կյանքում չի անտեսվում նաեւ դպրոցի պարագան եւ մեր աշակերտը եւս ուսանողներին համահունչ արժանանում է պարգեւի»:
Համալսարանական եւ ոչ համալսարանական ամենակարդացված հեղինակներ անվանակարգով մրցույթն անցկացվում է երկրորդ անգամ: Համալսարանական հեղինակներից մրցույթում հաղթել է սոցիոլոգիական գիտության դոկտոր, պրոֆեսոր, ամբիոնի վարիչ Յուրի Գասպարյանը (նրա գրքերը պահանջվել են ավելի քան 7000 անգամ): Ոչ համալսարանական հեղինակներից երկրորդ անգամ անընդմեջ հաղթող է դարձել անվանի հոգեբան Ալբերտ Նալչաջյանը (նրա գրքերը պահանջվել են ավելի քան 21000 անգամ): Յուրի Գասպարյանին եւ Ալբերտ Նալչաջյանին վկայականներ հանձնեց համալսարանի պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը: Ալբերտ Նալչաջյանը նշեց. «Ճիշտ է, ես մանկավարժականում չեմ դասավանդում, բայց իմ դասագրքերով ներկա եմ եւ ուրախ եմ, որ դրանք ուսանողության համար դասապատրաստման աղբյուր են»: Նա գրադարանին նվիրեց 2013 թվականին հրատարակած իր երեք նոր գրքերը:
Ցուցահանդեսային վահանակի վրա ներկայացվել էին երկու հեղինակների տարվա ընթացքում պահանջարկ ունեցած գրքերը:
«Ալեքսանդրիայի հայտնի գրադարանի մուտքին փորագրված են եղել «Մտքի առողջարան» բառերը: Եվ այդպես է. գրադարանը հոգու առողջարան է, երբեք ձեր կապը մի խզեք գրադարանից եւ ձեր հոգին ու միտքը միշտ առողջ կլինի»,- միջոցառման ավարտին նշեց գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը:
Տիգրան Պետրոսյանցը բարի մաղթեց բոլորին եկող Նոր տարվա կապակցությամբ: