Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունները, որոնց միջնորդական առաքելությունն արդեն երկու տասնամյակից ավելի ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների վրա է, փակուղում է ոչ միայն փորձագետների, այլեւ որոշակի տեղեկությունների տիրապետող միջին ու բարձր կարգի պաշտոնյաների կարծիքով, այլեւս թերեւս հենց Մինսկի խմբի համանախագահների, կամ գոնե համանախագահող երկրների մակարդակով:
Այդ մասին է վկայում այն հանգամանքը, որ մի որոշ ժամանակ առաջ ակտիվություն ցուցաբերած ռուսաստանյան համանախագահության անհաջող փորձերից հետո այսօր էլ ակտիվանալու միտումներ է ցուցաբերում ամերիկյան համանախագահությունը:
Իհարկե, այստեղ մոտեցման տարբերություն է նկատվում, այն էլ` շատ մեծ եւ մի քանի հարցում: Խոսքն ամենից առաջ հակամարտությանն առնչվող հարցերում ներգրավվածների տարբեր հարթակների մասին է:
Եթե Ռուսաստանը փորձում էր հաճախակիացնել հանդիպումներն ամենաբարձր մակարդակով, փաստացի ջանքերը կենտրոնացնելով հենց բանակցողների վրա, ապա ամերիկյան կողմը նախընտրել է ակտիվության իր ձեւավորած շրջապտույտում ներգրավել քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչներին: Եվ սա տարբերություններից միայն մեկն է:
Եվս մեկ առանձնահատկություն տարբեր է դարձնում մոտեցումը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պարագայում այն կտրվածքով, որ Ռուսաստանն ինքն էլ ամեն ինչ փորձում էր անել ամենաբարձր մակարդակով` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումներ կազմակերպելով Ռուսաստանի նախագահի կամ վարչապետի մակարդակի ներգրավվածությամբ այն դեպքում, երբ ամերիկյան համանախագահությունը նախընտրել է նախաձեռնություններ հանդես բերել կամ ֆինանսավորել այլ մակարդակներում:
Շփումներ ապահովվում են ինչպես համանախագահող Ջեյմս Ուորլիքի մասնակցությամբ, որպիսի համանախագահող ցայսօր չի եղել, որը ակտիվ կլիներ ոչ միայն սոցիալական ցանցերում, մասնավորապես իր թվիթերյան գրառումներով, այլեւ աշխույժ հանդիպումներ կանցկացներ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, կփորձեր որակումներ տալ, թեեւ ոչ էական, կամ թուրքական իշխանությունների հետ հանդիպումներ կունենար հասկանալու, թե այս հարցում ինչ կարող է անել կամ լինել Թուրքիան:
Ակնհայտ է, որ ամերիկյան համանախագահողը «գործը տեղից շարժելու» նոր ծրագրեր ունի, որոնք մեղմ մարդուն, որպիսին համանախագահող Ուորլիքն է, հատուկ համառությամբ փորձում է առաջ տանել:
Թեեւ հայաստանյան լրատվական դաշտում որոշակի շեշտադրումներով ընդունվեց Ուորլիքի հայտարարություններից մեկը, ըստ որի հարցադրում էր արվում, թե ինչու կիպրոսյան խնդրի կարգավորման հերթական փորձը չի կարող կիրառվել նաեւ ղարաբաղյան խնդրում: Շեշտադրումները թերեւս ավելորդ էին, քանի որ ղարաբաղյան կողմի մասնակցությունը բանակցություններում ու դրա կարեւորությունը երբեւէ չի նսեմացվել, միշտ ըմբռնվել ու համաձայնված է եղել նույն Մինսկի խմբի համանախագահողների հետ: Այսինքն` այս հարցում նորություն չկար, ավելին, Ուորլիքը միայն հիշեցրել էր այն դիրքորոշումը, որն արդեն տարիներ շարունակ շեշտում ու վերահաստատում են համանախագահները:
Ամեն դեպքում, նոր որակի նախաձեռնության` քաղհասարակության ձեւաչափում նաեւ լրագրողական ոլորտն է ընդգրկված այն պարզ հիմքով, որ մամուլն է, որ իրավիճակի կայունացմանն ու դեպի խաղաղություն գնալուն նպաստելու փոխարեն հաճախ քարոզչության ամենաակտիվ զենքն է դառնում:
Այս ամենը հաստատում են, որ բուն բանակցողների հետ աշխատանքից, կարելի է ասել, «ձեռք են քաշել», ու փորձում են հակամարտության ներկա իրավիճակում առաջընթաց ունենալ այն բոլոր դերակատարների հետ, որոնք թեեւ կարգավորման ու բանակցությունների մասնակից չեն, բայց ինչ¬որ չափով ներկայացնում են հակամարտող կողմերի հասարակությունները եւ կարող են ազդեցություն ունենալ հանրային կարծիքի վրա:
Բացի այդ, այնպիսի տպավորություն է ստացվում, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է արդեն հենց հասարակությունների ներկայացուցիչների ձեռքով նույն այդ հասարակություններին նախապատրաստելՙ թերեւս խաղաղության, կամ ինչ-որ հնարավոր լուծման, եթե կուզեքՙ կարգավորման: Բանակցողների հարթակից ավելի ներքեւ մակարդակով փորձ է արվում ինչ-ինչ տարբերակներ քննարկել, որոնք հնարավոր է, որ քննարկվում են նաեւ նախագահների մակարդակով բանակցային գործըթնացի հանդիպումներում:
Դժվար է ասել, թե ինչ կոնկրետ խնդիր է փորձում լուծել ներկա դրությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը նախագահների հանդիպումներ նախապատրաստելուց ներկա դրությամբ կարծես հրաժարվել է, եւ այլՙ ինչ-որ նախապատրաստությունների մեջ է, որոնք էլ փորձում են քաղաքացիական հասարակության միջոցով հանրայնացնել, մատուցել հասարակությանը: Կարեւոր է, որ այս պարագայում էլ չմոռանան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, հասարակության ու իշխանությունների ներգրավման մասին, այլապես այս նախաձեռնություններն էլ փակուղու դիմաց գտնվող բանակցությունների դուռը բացողը չեն: