Վերջին մի քանի տարիներին քրիստոնյա աշխարհի տարբեր լրատվամիջոցներ ահազանգում են քրիստոնեական եկեղեցիների անհանգստության ու տագնապի մասին հավատքի հնագույն բնօրրանում քրիստոնյա տարրի կրած զրկանքների եւ նվազման կապակցությամբ: Քրիստոնեական կայքերը լեցուն են տարբեր հաշվարկներով ու կանխատեսումներով, թե ինչի կհանգեցնի քրիստոնյաների հեռացումը Մերձավոր Արեւելքից եւ մահմեդական-քրիստոնյա հարաբերակցության արմատական փոփոխությունը տարածաշրջանում: «Արաբական գարունների» կանխատեսելի արդյունքներից մեկը մերձավորարեւելյան քրիստոնյաների նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսեւորումն է, որը հանգեցրեց նրանց զանգվածային փախուստին եւ արտագաղթին: Հիմնավոր հաշվարկներ կան, որոնք ցույց են տալիս, որ եթե մեկ դար առաջ քրիստոնյաները կազմում էին Մեծ Մերձավոր Արեւելքի բնակչության մինչեւ 30%, իսկ իրաքյան պատերազմի նախօրեին բնակչության մոտ 10%, ապա այսօր նրանց թիվը չի գերազանցում 3-5%-ից: Ընդ որում դեպի Արեւմուտքի զարգացած երկրներ արտագաղթելու պատրաստ եւ դրա համար փոքրագույն իսկ հնարավորություններ ունեցող մերձավորարեւելյան քրիստոնյաների թիվը անընդհատ մեծանում է: Անհանգստացած է, մասնավորապես, ուղղափառ քրիստոնյա հանրությունը, որովհետեւ այսօր հատկապես մեծ վտանգ է սպառնում ավտոկեֆալ (ինքնագլուխ) ուղղափառ եկեղեցիներից երեքիՙ Ալեքսանդրիայի, Երուսաղեմի եւ Անտիոքի պատրիարքությունների գոյությանը: Իսրայելը (ներառյալ Պաղեստինը), որտեղ գտնվում են քրիստոնյա աշխարհի գլխավոր սրբավայրերը, տարածաշրջանի միակ պետությունն է, որտեղ քրիստոնյաները բացարձակ թվով աճում են: Սակայն այստեղ էլ նրանց հարաբերական թիվը 1948 թ.-ից հետո կրճատվել է երկու անգամ եւ կազմում է տարածքի բնակչության ոչ ավել քան 10%-ը:
Ավանդական քրիստոնեական եկեղեցիները, անհանգստացած լինելով իրերի նման վիճակով, փորձում են տնտեսապես զարգացած աշխարհի հասարակությունների եւ կառավարությունների ուշադրությունը հրավիրել ստեղծված վիճակի վրա, փնտրել ելքեր թեթեւացնելու համար մերձավորարեւելյան քրիստոնյաների վիճակը: Իրաքի, Լիբիայի, Եգիպտոսի, իսկ այժմ նաեւ Սիրիայի ներքաղաքական անկայունությունն ու առճակատումները ստիպում են քրիստոնյաներին ոչ թե ժամանակավորապես թողնել հարազատ օջախները, այլ ընդմիշտ հեռանալ դեպի ԱՄՆ, Եվրոպա, նաեւ այլ երկրներ: Ինչպիսի՞ն կդառնա այս զանգվածային տեղահանումներից հետո Մերձավոր Արեւելքը: Ի վիճակի՞ են արդյոք աշխարհի քրիստոնեական եկեղեցիները կանխելու այս ողբերգական իրավիճակը եւ փրկելու քրիստոնեության նախահայրենիքը: Սա մի առիթ է խորհելու ժամանակակից աշխարհում քրիստոնեության իրական ներուժի եւ քրիստոնեության տեսանելի ապագայի մասին:
Ինչպիսի՞ն կլինի քրիստոնյա աշխարհը քսան տարի անց
Քրիստոնեական լրատվական կայքերը տեղադրել են ֆուտուրոլոգիական հաշվարկներ աշխարհում քրիստոնյաների տեղաբաշխման մասին այսօր ապրող սերնդի կյանքի ընթացքում: Ըստ այդ հաշվարկների Աֆրիկայում եւ Ասիայում քրիստոնյաների թիվը քսան տարի անց կգերազանցի Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի, միասին վերցրած, քրիստոնյաների թվին: Արդեն այսօր Աֆրիկայում եւ Ասիայում ամենամոտավոր հաշվարկներով ապրում է մոտ 670 միլիոն քրիստոնյաՙ Եվրոպայի 532 միլիոնի դիմաց: Ընդունված է համարել, որ քրիստոնյաների ամենամեծ համայնքն այսօր Եվրոպայում է եւ այն կազմում է 532 միլիոն մարդ: Լատինական Ամերիկայում քրիստոնյաների թիվը հաշվվում է մոտ 525 միլիոն: Աֆրիկայում ըստ նույն հաշվարկների ապրում է 417 միլիոն քրիստոնյա: Հատկանշական է, որ լրատվական տարբեր աղբյուրներ համամիտ են այն հարցում, որ սրընթաց աճող քրիստոնյաների թիվը Ասիայում գալիք քսան տարում կարող է կրկնապատկվել: Բերվում են հետաքրքրական տվյալներ, որ Հնդկաստանի 1 միլիարդ 75 միլիոն բնակիչներից 66 միլիոնը քրիստոնյա է: Չինաստանի 1 միլիարդ 300 միլիոն բնակիչներից 47-65 միլիոնը գաղտնի կամ բացահայտ դավանում են կաթոլիկություն կամ բողոքականություն: Ֆիլիպինների 84,5 միլիոն բնակչությունից 76 միլիոնը քրիստոնյա է, իսկ Ինդոնեզիայի 234 միլիոնից քրիստոնյա է մոտ 10%-ը: Ըստ վերոհիշյալ հաշվարկների Աֆրիկայում 2025 թվականին կլինի մոտ 634 միլիոն քրիստոնյա: Ճիշտ այնքան, որքան Լատինական Ամերիկայում:
Քրիստոնեական վերլուծական կենտրոններից մեկի հաշվարկով, եթե 1910 թվականին Ասիայի ողջ բնակչության 2%-ն էր քրիստոնյա, ապա 2010 թվականին արդեն 8%-ը: Ընդ որում, մահմեդականների թիվը Ասիայում 1910 թվականին կազմում էր 16%, ապա 2010 թվականինՙ 26%: 1910 թվականին Ասիայում քրիստոնյաների եւ մահմեդականների հարաբերությունը 1-8-ի էր, ապա 2010 թվականինՙ 1-3-ի: Հետեւաբար արվում են եզրակացություններ, որ քրիստոնյաների բացարձակ թիվն աճում է ավելի արագ, քան մահմեդականների թիվը, անգամ Ասիայում: Նույնիսկ բոլոր այն դժվարություններով հանդերձ, որոնք կապված են ըստ դավանանքի մարդկանց ճշգրիտ թվաքանակը հաշվարկելու հետ, վստահաբար կարելի է ասել, որ մեր սերունդը ականատես կլինի քրիստոնեության այնպիսի տրանսֆորմացիաների, որտեղ աճող արեւելյան քրիստոնյաները հավատքի մեջ նոր, սեփական ընկալումներ ու պատկերացումներ կբերեն:
Ահա այսպիսի ընդհանուր կանխատեսումների պայմաններում Մերձավոր Արեւելքի քրիստոնեության ճակատագիրը անհանգստության եւ քրիստոնեական հնագույն սրբավայրերի վիճակի մասին մտահոգության լուրջ պատճառ է դառնում:
Նոր սպառնալիքներին ընդառաջ հին վեճերի հաղթահարում
Բոլոր եվրոպացիներին քրիստոնյա համարելու ավանդույթը արմատական փոփոխության է ենթակա: Քրիստոնեական վերլուծաբաններից շատերը ուշադրություն են դարձնում, որ ժամանակակից Եվրոպայի բազմազգ եւ բազմակրոն հասարակության մեջ իրական հավատացյալների թիվը գնալով նվազում է: Դա երեւում է թեկուզ այն մարդկանց թվի նվազումից, ովքեր կամավոր տասանորդ են վճարում ըստ ծխական ցուցակների: Եվրոպական տարբեր երկրներում այդ մոտեցման պարագայում ծագող նյութական դժվարություններից խուսափելու համար պետությունը բյուջեից գումարներ է հատկացնում հոգեւոր սոցիալական ծառայությունների համար, որոնք ստանում են թե եկեղեցիներն իբրեւ կրոնական հաստատություններ, թե քրիստոնեական հասարակական կազմակերպությունները: Ընդհանրապես, ուշագրավ է, որ ժամանակակից հասարակական իրողությունների պայմաններում գոյատեւելու եւ զարգանալու նպատակով քրիստոնեական կառույցները լրջորեն մտածում են կոնկրետ մարդուն հասցերագրված սոցիալական աջակցության ծառայությունների մասին: Հավաքական անվանումով «Դիակոնիա» (քրիստոնեկան ծառայություն) կոչված երեւույթը գնալով ավելի մեծ տեղ է ստանում Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի երկրներում: Էլ չասած, օրինակ, Դանիայի մասին, որտեղ հոգեւորականները պետությունից աշխատավարձ են ստանում:
Նոր սպառնալիքներին եւ մարտահրավերներին ընդառաջ ինչպես Կաթոլիկ, այնպես էլ Ուղղափառ եկեղեցիները մտածում են զգույշ, բայց հետեւողական քայլեր ձեռնարկելու մասին համաքրիստոնեական սկզբունքների եւ գաղափարների առաջ մղման եւ համաքրիստոնեկան արժեքների պահպանման համար: Այսպես, անցյալ տարվա դեկտեմբերին Լեհաստանում հրավիրված կաթոլիկ-ուղղափառ հոգեւորականության կոնֆերանսում ընդգծվեց, որ երկու եկեղեցիները տարաձայնություններ չունեն քրիստոնեական ավանդական արժեքների, մասնավորապես ավանդական ընտանիքի, երեխաների դաստիարակության, սոցիալական ծառայության իրականացման հարցերում: Բայց փաստ է նաեւ, որ նույնիսկ համագործակցված քայլերում ավանդական եկեղեցիները պարտվում են ժամանակակից հասարակությանը շատ հետաքրքրող այնպիսի հարցերում, ինչպիսիք են միասեռական ամուսնությունների գրանցումը, այդ ընտանիքների կողմից երեխաների որդեգրումն ու դաստիարակումը, անչափահասների սեռական կյանքի թույլտվությունը եւ այլն: Այս հարցերում տեսնելով արեւմտյան քրիստոնեական եկեղեցիների անկարողությունըՙ Ռուս Ուղղափառ եկեղեցին փորձում է ինքը սեփական քաղաքակրթական արժեքների դաշտում առաջնորդել հասարակական կարծիքը եւ մույնիսկ համախմբել Արեւմուտքի կողմնակիցներին: Քրիստոնեության խնդիրների եվրոպացի մասնագետներից մեկի դիպուկ բնորոշմամբ, շարքային մարդը, բախվելով արագ հարստանալու իբր բոլորին տրված հնարավորության մասին լիբերալ գաղափարների փաստացի սնանկությանն ու տարիներ շարունակվող տնտեսական դժվարություններին, մարդկության պատմության մեջ հերթական անգամ սկսեց լրջորեն խորհել հոգեւոր արժեքների, ներքին հոգեկան ներդաշնակության եւ գոյության իմաստի շուրջը:
Գաղափարներ կրոնի եւ քաղաքականության խաչմերուկում
Խորհրդային Միության փլուզման տարիներից հետո առաջին անգամ աշխարհը սկսեց խոսել քաղաքակրթական արժեքների վրա հիմնված քաղաքական հակասությունների մասին: Եթե քսան տարի առաջ շատ մոդայիկ էր «առանց գաղափարախոսության» հետճարտարարվեստական հասարակությունների մասին տեսակետը, ապա այսօր ավելի ու ավելի շատ է խոսվում այն մասին, որ քաղաքականության հիմքում հայտնվում են ոչ միայն գործնապաշտ տնտեսական կամ աշխարհաքաղաքական շահերը, այլեւ իրար հետ բախվող քաղաքակրթական եւ գաղափարախոսական արժեքները: Աշխարհի առաջատար քաղաքագետները Ուկրաինայի դեպքերի կապակցությամբ անհանգստությամբ գրում են, թե որքան դժվար է դարձել մեկ ունիտար երկրի մեջ կաթոլիկների եւ ուղղափառների շահերի ու տեսակետների համախմբումը: Ուկրաինական իրադարձությունները Ռուսաստանի համար հասունացած առիթ էին հայտարարելու համար ուղղափառության վրա կառուցված քաղաքակրթական ինքնուրույնության մասին եւ քանի որ Ռուսաստանն այլեւս դիտարկվում է ոչ թե իբրեւ «երկաթե վարագույրի» հետեւում ինքնապարուրված պետություն, այլ գլոբալ տնտեսության կարեւոր բաղկացուցիչ, նրա քաղաքակրթական նոր հայտը չի կարող ուղղակի անտեսվել Արեւմուտքում:
Ի՞նչ դեր կարող է ստանձնել Հայ առաքելական եկեղեցին աշխարհի քրիստոնեությանը հուզող վերոհիշյալ խնդիրներում: Ավելի քան 10 հազար սիրիահայեր ապաստանեցին Մայր հայրենիքում, բայց նրանց տնտեսական վիճակը շատ հեռու է բարվոք լինելուց: Բոլորովին վերջերս սիրիացի ապստամբերը բառացիորեն դատարկեցին հայաբնակ Քեսաբը: Մենք համարժեք չարձագանքեցինք Իրաքի հայության մեծ մասի հեռացմանը տարածաշրջանից: Այսօր մենք բարձրաձայնում ենք սիրիահայության աղետի մասին: Բազմաթիվ միջազգային համաժողովների ու կլոր սեղանների շարքում, որ անցնում են տարբեր երկրներում, մեր եկեղեցին կարող էր նախաձեռնել հավաքական քրիստոնեական բողոքի ակցիաներ հանուն Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների, մասնավորապես հայության փրկության: Եթե նույնիսկ առայժմ մեր եկեղեցին այնքան չի հզորացել, որ կարողանա միջազգային հանրությանը լսելի արտահայտել հայության բողոքը, ապա մենք արդեն բավականաչափ հասունացած անկախ պետություն ենք, որպեսզի պետություն-եկեղեցի համագործակցությամբ առաջ մղենք մեր տագնապների, հոգսերի ու վտանգված արժեքների ներկայացումը:
Նկար 1. Սբ Հարության տաճարը, Երուսաղեմ