Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս Ազգային ժողովի ամբիոնից անդրադարձավ նոր ատոմակայան կառուցելու թեմային: Նրա փոխանցմամբ՝ ոչ միայն Ամերիկան ու Ռուսաստանը, այլեւ երրորդ երկրներից են տարբեր առաջարկներ եղել: Հայաստանը սակայն մինչեւ օրս չի կողմնորոշվել՝ ատոմային էներգիայի արտադրությունն ո՞ւմ նախագահությանը վստահել:
«Ցավոք, գործող ատոմակայանն ունի մեկ վերջնաժամկետ, որից հետո այն չենք կարող շահագործել: Հիմա ակտիվորեն բանակցում ենք ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ ԱՄՆ-ի, ե՛ւ երրորդ երկրների հետ, ու դիտարկում ենք՝ ո՞ր երկրի առաջարկն է մեզ համար առավել շահավետ:
Առաջիկայում Հայաստանից Միացյալ Նահանգներ պատվիրակություն կմեկնի՝ տեղում ու մանրամասնորեն ծանոթանալու մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորություններին: Ես տեղյակ եմ, որ ԱՄՆ-ի առաջարկած այդ մոդելը՝ մոդուլայինը, կարող է ավելի ցածր, օրինակ, 70 մեգավատ հզորություն ունենալ: Համեմատության համար՝ Մեծամորի գործող ատոմակայանի արտադրական ծավալը 400 մեգավատ է: Մյուս առաջարկները մեզ համար խնդրահարույց են, որովհետև միանգամից 1000 մեգավատանոց ատոմակայան են առաջարկում, մասնագետներն էլ ասում են, որ այդտեղ չպարզաբանված շատ հարցեր կան»,- մանրամասնեց Փաշինյանը:
«Հայաստանը հապաղելու ժամանակ պարզապես չունի, ու նոր ատոմակայան կառառուցելու շինարարությունը պետք է հենց հիմա սկսել»,- «Ազգ»-ի հետ զրույցում էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ավետիսյանն է ահազանգում:
Նրա փոխանցմամբ՝ գործող ատոմակայանի շահագործման ժամեկտը 2036-ին է ավարտվում, ու մինչեւ այդ նոր էներգաբլոկը պետք է պատրաստ լինի ամբողջական շահագործման համար: Մասնագետի հաշվարկով՝ 2034-35 թվականներին պետք է կատարվեն ցանց մտնելու փորձարկումները, որպեսզի 2036-ին՝ Մեծամորի այժմ գործող երկրորդ էներգաբլոկի աշխատանքը դադարեցնելուն զուգահեռ, նոր ատոմակայանն ամբողջությամբ շահագործման հանձնվի: Իսկ դա, մեր զրուցակցի համոզմամբ, նշանակում է՝ նոր էներգաբլոկն առնվազն մեկ տարի փորձարկումների ու նախապատրաստական փուլ պետք է անցնի:
Բայց մինչեւ նոր ատոմակայանի կառուցումն ու 2036-ը՝ առջեւում 2026-ը կա. այդ ժամանակ Մեծամորի էներգահսկան վերազինման հերթական փուլն է անցնելու, որ կարողանա եւս տասը տարի աշխատել: Վերազինման աշխատանքները միջինը 180 մլն դոլար կարժենան:
«Ազգ»-ի հետ զրույցում Ավետիսյանը հստակեցնում է՝ նոր ատոմակայան կառուցելը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, ու դա ոչ միայն էլեկտրաէներգիայի արտադրության, այլեւ ազգային անվտանգության հարց է:
Հայաստանին 1000 կամ 1200 մեգավատանոց հզորության ատոմակայան կառուցելու առաջարկ Ռուսաստանն է արել, եւ Փաշինյանը, խնդրահարույց առաջարկ ասելով, ըստ երույթին հենց դա էլ նկատի ունի: Մոսկվան, փաստորեն, երեք անգամ ավելի հզորությամբ նոր ատոմակայան կառուցելու մասին է խոսում: Ռուսաստանի առաջարկը, մեր զրուցակցի համոզմամբ, թե՛ տեխնիկական, թե՛ քաղաքական հիմնավորում ունի: «Հարցի տեխնիկական հիմնավորումն այն է, որ աշխարհի մակարդակով՝ Ռուսաստանն իր տարածքից դուրս ատոմակայաններ կառուցելու ու շահագործելու հարցում առաջատար պետությունն է: Մոտ 20 երկրում, ինչպես օրինակ՝ Թուրքիայում, Իրանում, կայաններ է կառուցել: Ռուսաստանի կողմից առաջարկվող 1000 կամ 1200 մեգավատ հզորությամբ էներգաբլոկը, որ այժմ Սանկտ Պետերբուրգում, Իրանում ու այլ վայրերում աշխատում է, ռուս մասնագետների պնդմամբ՝ ամենահաջողվածն է: Այս հանգամանքն էլ հաշվի առնելով՝ ռուսական կողմն Երեւանին արդեն իսկ փորձված տարբերակ է առաջարկում: Ինչ վերաբերում է հարցի քաղաքական բաղադրիչին, ապա դա համաշխարհային էներգետիկ նախագծերին միանալն է: Եթե ուզում ենք, որ էներգիայի արտադրության, պաշարների կուտակման ու դրանք վաճառելու մասով առաջատար դիրքերում լինենք, ապա նախ պետք է կարողանանք մեծ քանակի էներգիա արտադրել: Եթե ուզում ենք այս ճանապարհով գնանք, ապա Ռուսաստանի առաջարկած տարբերակն ամենատրամաբանականն ու շահավետն է: Տեսեք՝ օրինակ Իրանի հյուսիսում՝ ամռանը, Ռուսաստանի հարավում ձմռանն էլեկտրաէներգիայի մեծ պակաս է լինում: Եվ թե՛ Ռուսաստանին, թե՛ Իրանին տնտեսական առումով շատ ավելի ձեռնտու է էլեկտրաէներգիա Հայաստանից ձեռք բերել, քան՝ սեփական տարածքում փոքր մոդուլի ատոմակայան կառուցել»,- մանրամասնում է Ավետիսյանը:
Հայաստանի արտադրած էներգիան կարող է նաեւ Եվրոպա հասնել: Մեծամորից Արեւմուտք հոսանքը մալուխներով կարող է գնալ՝ Սեւ ծովի հատակով: Հավակնոտ ծրագրի մասին նախորդ տարի է հայտարարվել, բայց առ այս պահն այն միսուարյուն չի ստացել. Հայաստանը դրանից դե յուրե չի հրաժարվել, բայց դե ֆակտո էլ օտարացած է աշխատանքներից : Մասնագետի գնահատմամբ՝ Ադրբեջանի մատն է խառը, որ հատկապես 2020-ի պատերազմից հետո անում է հնարավորն ու անհնարը՝ Հայաստանը Եվրոպային մալուխներով կապելու նախագիծը տապալելու համար: Ավետիսյանը սակայն այն տեսակետին է, որ անկախ Բաքվի կապրիզներից՝ Եվրոպան, վաղ թե ուշ, պետք է կարեւորի Հայաստանին՝ որպես էներգիա արտադրող երկիր, ու սկսի համագործակցել:
«Հայաստանում նոր ատոմակայան կառուցելը կարող է համաշխարհային կոնսեսուսով տեղի ունենալ, ու դա պատմության մեջ նմանօրինակ առաջին նախադեպը կլինի: Բանն այն է, որ Արեւմուտքն էներգիայի մեծ պահանջարկ ունի, ու եվրոպացիներին կարող է ձեռնտու լինել, որ Հայաստանում հենց Ռուսաստանը նոր կայան շահագործի: Այդկերպ էլեկտրաէներգայի ինչ-որ բաժին նաեւ Արեւմուտքի երկրներին կարող է հասնել: Այս ամենը հաշվի առնելով՝ չեմ կարծում, թե ռուսական տարբերակն ընտրելիս՝ Եվրոպան մեզ վրա քաղաքական ճնշումներ կբանեցնի»,- մեկնանում է գիտությունների թեկնածուն:
Ի տարբերություն ռուսական՝ մինչեւ 1200 մեգավատ հասնող հզորության կայանի՝ Ամերիկան առավելագույնը 300 մեգավատանոց մոդուլային ատոմակայանի մասին է խոսում: Էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետն իշանություններին հորդորում է՝ ընտրություն կատարելիս լավ ծանրութեթեւ անել: Հուշում է նաեւ՝ փոքր ծավալի ատոմակայանն էներգիայի ներքին սպառման հարցերը հազիվ է լուծելու: «Այլ հարց է, որ կառավարությունն առաջնորդվի «ե՛ւ, ե՛ւ» սկզբունքով, դա արդեն դիվերսիֆիկացիայի հարց է: Եթե իշանությունն ամերիկյան մոդելն, այսինքն՝ ավելի փոքր հզորության, կայան կառուցելու տարբերակն ընտրի, ապա հասարակությանը հստակ «մեսիջ կտա»՝ մենք փոքր խաղացող ենք: Ի դեպ, տարիներ առաջ փոքր ծավալի մոդուլային կայան կառուցելու առաջարկ նաեւ Ռուսաստանն էր արել, Հայաստանը սակայն, կարծում եմ՝ իրավամբ, մերժել էր: Իսկ եթե Երեւանը Մոսկվայի առաջարկին ընդառաջ գնա, ապա նոր ատոմակայանի կառուցմանը զուգահեռ նաեւ ընդհանուր համակարգն ու ենթակառուցվածքները պետք է արդիականացնի: Այն աշխատանքները, որ ես ասում եմ, հսկայական գործընթացներ են ենթադրում, ինչը նաեւ մուլտիպլիկատիվ տնտեսական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա»,- վերլուծում է մեր զրուցակիցը:
Արթուր Ավետիսյանի համոզմամբ՝ նոր ատոմակայանի կառուցման հարցում միայնումիայն սեփական, ազգային շահով պետք է առաջնորդվել ու հասկանալ՝ ո՞րն է մեր նպատակը. «Արդյո՞ք դա «ցուրտ ու մութ» տարիների վեադարձը թույլ չտալն է, թե՞՝ երկիրը հզորացման ճանապարհով տանելը»:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ