Թուրքական սխալ հաշվարկ Կոնստանցում
Էդգար Հիլզենրաթի 1989-ին գրած «Վերջին մտքի հեքիաթը» վեպն անմիջապես ուշադրություն գրավեցՙ արժանացավ Ալֆրեդ Դյոբլին մրցանակին: Հոլոքոսթը վերապրած հրեա Հիլզենրաթիՙ Հայոց ցեղասպանության մասին գրած հիշյալ վեպն առիթ տվեց գերմանացի քննադատներից ոմանց համարձակ համեմատություն անել, թե այն գեղարվեստականությամբ գերազանցում է Վերֆելի «Մուսա լեռան 40 օրերը» վեպին: Տարիներ առաջ այն բեմադրվեց Ֆելլբախի Պոլիգոն թատրոնում, իսկ 2014-ի մարտի 21-ին նույնՙ Բադեն Վյուրթեմբերգ երկրամասի Կոնստանցի թատրոնում առաջնախաղն ընդունվեց սկանդալով հունցված տաք մթնոլորտումՙ թուրքերի մոտ 200 հոգանոց բողոքի ցույց, ոստիկաններ, հանդիսատեսի ջերմ ծափեր: Մարիո Փորթմաննի բեմադրությունը մեծ հաճախելիություն էր ապահովելՙ պրեմիերայի բոլոր տոմսերը սպառվել էին: 2005-ին գերմանական «Շպիգելին» տված հարցազրույցում Հիլզենրաթը վեպի մասին ասել էր. «Հեքիաթը…» մաքուր պոեզիա է, պոեզիաՙ սեւ հումորով»: Պոետիկ կամ գրականագետների բնորոշմամբ էպիկական այս ստեղծագործությունը բեմից ներկայացնելու Կոնստանցի թատրոնի համարձակ փորձն այնպիսի ճանապարհ անցավ, որ սեւ բառը չես ջնջի… իսկ հումորի փոխարեն թուրքերի գործելակերպին PR անունը կտաս: Թուրքերի հաշվարկը, թե իրենց բողոքի արշավը կահաբեկի Կոնստանցի թատրոնի ղեկավարությանը եւ կհաջողեն տապալել ներկայացումը, չիրականացավ:
Պատմության տարբեր հատվածներում դաշնակից Գերմանիային կամ ավելի ճիշտՙ նրա մտավորականությանը, պարզվում է, թուրքերն այնքան էլ լավ չեն ճանաչում: Թատրոնի կառավարիչը պրեմիերայից 3 օր առաջ հանեց ազդագիրըՙ Թուրքիայի դրոշի տակ սպանված Հրանտ Դինքի խորհրդանշական նկարը, Էրդողանի «Մեր պատմության մեջ ցեղասպանություն չի եղել» տողը, թուրքերի բողոքի ցույցը առիթն էր դարձել, ազդագիրն էլ չկա, բողոքի ցույցի առիթՙ նույնպես: Թուրք հյուպատոսի նամակն էլ մեկ անգամ պրեմիերայի օրը կարդալու արտոնություն տվեցին, բավարար նկատելով դրա լուռ ներկայությունը թատրոնի կայքէջումՙ Հայոց ցեղասպանության փաստականությունը հաստատող այլ գրությունների կողքին: Թատրոնն իր կայքէջում հրապարակել է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նամակը, արտատպել Ցյուրիխի համալսարանի պատմության դոցենտ Հանս Լուկաս Քիիզերի թուրքական ժխտողականության անհեթեթության մասին վկայող հոդվածը: Գերմանահայ համայնքային կազմակերպություններ, անհատներ իրենց վրդովմունքն էին հայտնել թատրոնի ղեկավարությանըՙ հատկապես նկատել տալով, որ գլխավոր հյուպատոսիՙ Հայոց ցեղասպանությունն ուրացող նամակն առանց մեկնաբանությունների հրապարակելը ամրապնդում է թուրք ազգայնամոլների ռեվիզիոնիզմը: ԳԿԽ-ի մամլո հաղորդագրության մեջ քաջալերում էր թատրոնի ղեկավարությանըՙ շարունակելու Գերմանիայում բեմարվեստի միջոցով պատմական ճշմարտության լուսաբանումը, տուրք չտալով պաշտոնական Թուրքիայի ստեղծած խոչընդոտներին:
Զիջումների գնացին, գրաքննություն չունեցող երկրում թուրքերն են որոշում, եզրակացրեցինք մեր թերթում: Մենք էլ չենք ճանաչում գերմանացիներին: Նրանք ի վերջո Հիլզենրաթի վեպին մրցանակ են տվել, ահա երկրորդ անգամ բեմ են բարձրացնում, իսկ թուրքական այս աղմուկի պատճառով գերմանական մամուլը, հեռուստատեսությունն այնքան զգայուն արձագանքեցին թուրքական հակազդեցությանը, որ կարծես իրականություն դարձավ հայկականՙ «առաջադեմ մարդկությունը պիտի պայքարի մեր արդար դատի համար» բարոյական հաղթաթղթի պաշտպանվածությունը: Բայց իրավաբանական ամուր ձեւակերպում դեռ չկա, ուրեմն շահարկումներ լինելու են: Սկանդալային արձագանքը ոչ միայն տեղական լրատվամիջոցներիՙ թեթերի , հեռուստատեսության ուշադրության առական է դարձել, այլեւ շվեյցարական «Թագես անցայգերի», որ հետեւում է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի զարգացումներին: Թատրոնի տնօրենին, դերասաններին էլեկտրոնային փոստով սպառնալից նամակներ են ուղարկում, ինչի մասին հայտնել են իրավապահ մարմիններին: Ճնշում է բանեցնում քաղաքի իմամը: Բայց ապարդյունՙ պրեմիերայից հետո ներկայացումը խաղարկվել է արդեն 8 անգամ: Եվ շարունակելու է ապրիլի 23-ին, 25-ին, 27-ին, 30-ին բեմ բարձրանալ: Ուստի թուրքերին այլ բան չի մնում, քան քննադատել Կոնստանցի թատրոնի ղեկավարությանըՙ նրան մեղադրելով հայկական քարոզչության ազդեցությանը ենթարկվելու համար:
Գոնե Կոնստանցում անտեղյակ մարդ չմնաց, եթե վախից ներկայացումը չդիտեցին էլ, սկսեցին ճանաչել թուրքերիՙ ուրիշի երկրում իրենց կարգուկանոնը թելադրելու չվերջացող մոլուցքը: Իմամ լինի, թե հյուպատոս, նույն տրամաբանությամբ է գործում: Կոնստանցի թուրքերի 3000 անդամից կազմված համայնքային կենտրոնը հեռվից էլ տեսանելի էՙ սպիտակ-կապույտ, 35 մետրանոց մինարեթը Գերմանիայում բարձրերից մեկն է: Իմամին ուղարկում է Թուրքիան, ֆինանսական խնդիրների ժամանակ քաղաքային իշխանությունն է օգնում, 82 000 բնակիչ ունեցող Կոնստանցի օտարերկրացիների մեջ մեծամասնություն կազմող թուրքերի միջոցառումներին քաղաքապետը պարում է:
Գերմանական մամուլի այս հրապարակումն ընթերցելիս չես էլ եզրակացնի, թե հետագա շարադրանքում ոչ թե ինտեգրման հաստատման մասին պիտի ընդգծվի, այլ անհանդուրժողականության վայրագ դրսեւորման: Կոնստանցում վախեցան, երբ 2011-ի մարտին 46-ամյա սոցիալ-դեմոկրատ քրդուհի, ալեւի Ցահիդե Սարիկասին, որ մասնակցում էր երկրամասային ընտրություններին, եւ որն ակնհայտ ընդդիմանում էր գլխաշոր կապելու պարտադրանքին, վայրագորեն ծեծի ենթարկեցին: Թեպետ գործի քննությամբ սկսեց զբաղվել դատախազությունը, բայց մինչ օրս էլ գործի հանգամանքները չպարզաբանվեցին: Փաստն այն է, որ քրդուհին 2010-ին հանդես էր եկել քյոլնաբնակ նախկին բռնցքամարտիկ, կրոնափոխ, սալաֆիստներին հարող, իսլամի քարոզիչ Պիեռ Ֆոգելի դեմ, երիտասարդ թուրքերի շրջանում նկատվող ազգայնականության աճը պայմանավորելով հենց այս քարոզչի ակտիվությամբ:
Թատրոնի տնօրեն 59-ամյա Նիքսը բոլորից լավ գիտե պայթունավտանգ իրականությունը, նա ոչ միայն արվեստին է մերձ, այլեւ իրավաբան է, որպես փաստաբան Ցահիդե Սարիկասի խորհրդատուն է եղել: (Նրա հետ մեր թղթակցի հարցազրույցըՙ թերթի հաջորդ համարում- Խմբ.): Մի մասը դժգոհում է, թե հենց նա պիտի տեղի չտար ճնշումներին ու որեւէ զիջում չաներ, բայց մյուսները հակված են նկատելու, թե պարոն Նիքսը թատրոնի եւ վախեցած դերասանների շահերից ելնելով է թուրքերին հանդարտեցնող քայլեր արել:
Բադեն-Վյուրթեմբերգի 5000-անոց հայ համայնքի հոգեւոր հովիվ Տիրատուր քահանա Սարդարյանն ամեն դեպքում շնորհակալ է թատրոնի ղեկավարությանը, որ «Վերջին մտքի հեքիաթը» բեմադրել եւ խաղում են:
2011-ի հունիսին Շտուտգարդի համալսարանում «Օսմանյան կայսրության քրիստոնյաների հետապնդումը, արտաքսումն ու բնաջնջումը» թեմայով քննարկումը չկայացավՙ համալսարանի ռեկտորը տուրք էր տվել թուրքական ճնշումներին: Այս հանգամանքը չի մոռանում միջոցառման կազմակերպիչ իրավապաշտպան Թեսա Հոֆմանը: Նրա ղեկավարած ցեղասպանության ճանաչման հանձնախումբը, դատապարտելով թուրքական կողմի ոտնձգությունները, վրդովված է, անընդունելի է գերմանացի գործիչներիՙ քաղաքացիական արիության պակասը: Թատրոնի պաշտոնական կայքում ներկայացված էՙ պրեմիերային նախորդած ու հաջորդած օրերի իրադարձությունները վկայում են, թե 1915-ի իրադարձությունների վերաբերյալ առերեսումն անհրաժեշտ է: Բողոքի ալիքը չպիտի վախեցնի նրանց, ովքեր հետաքրքրված են պատմությամբ, պիտի գան թատրոն, դիտեն ներկայացումը, խոսեն, բանավիճեն: Թատրոնը հրավիրում է քննարկման:
Ապրիլի 13-ին ժամը 20-ին այդպիսի քննարկում կայացավՙ Սեյհան Բայրաքթարի, Էրդալ Դողանի, Բագրատ Էստուքյանի («Ակօս»), Րաֆֆի Քանդյանի (Գերմանահայկական ընկերակցություն) եւ Ալի Սոյլեմեզօղլուի մասնակցությամբ: Քննարկումը վարել է Վոլֆգանգ Քոյդլը («Զյուդդոյչե ցայթունգ», Ցյուրիխ): Հիլզենրաթը նույնպես ներկա էր եղել քննարկմանը: Թեեւ ապրիլի 2-ին 88-ամյակը բոլորած գրողը թուրք հյուպատոսի նամակին արագ արձագանքել էր. «Այդ առիթով որեւէ բանավեճ չկա, դա ցեղասպանություն էր»: Քննարկումը չսկսածՙ ցուցադրել էին Ֆրիդլերի «Աղետ» ֆիլմը: 200 հոգանոց հանդիսատեսի մտքի կողմնացույցն արդեն ուղղորդվել էր, թուրք զանգվածն ինչքան էլ Ալի Սոյլեմեզօղլուի թմբուկը դառնա, նրա մտածածին հակափաստարկներին այս լսարանում ոչ թե ժամանակի պակասի պատճառով, այլ հենք չունենալու մեկնաբանությամբ տեղ չեն գտնելու:
Մեզ հետ զրույցում Րաֆֆի Քանդյանի վերոհիշյալ հաղորդումը հաստատել էր նաեւ «Զյուդկուրիեր» թերթը: Իսկ թատրոնի հանրային կապերի պատասխանատու տիկին Քրաուզը, ի պատասխան մեր հարցման նշեց, թե քննարկումն անցել է հետաքրքրական մթնոլորտում, թուրքական ամբոխից վախ չեն նկատել: Դրամատուրգ Լաուրա Էլլերսդորֆցերին զարմացրել է, որ բողոքի ցույցին մասնակցած թուրքերի մեծ մասը խոսում է առանց ներկայացումը դիտելու: Նրանց թիրախը ազդագիրն է մնում: Ազդագիրը, թուրքերի մեկնաբանմամբ, շատ պրովոկատիվ է եղել: «Պրովոկացիան մեր աշխատանքն է եւ այն իրականացնել մեզ հաջողվել է», հակադարձել է թատրոնի կառավարիչը:
Հետեւենք քաղաքական գործիչների արձագանքին: Գերմանական մամուլն իրազեկում է, թե պրեմիերային նախորդած բողոքի ցույցին ներկա է եղել նաեւ երկրամասի Եվրոպայի եւ միջազգային հարցերով նախարար, սոցիալ-դեմոկրատ Փեթեր Ֆրիդրիխը, նրան ակնհայտ նյարդայնացրել էր հյուպատոսի նամակը, բայց նա դրա մասին բացահայտ չի արտահայտվել: «Անհրաժեշտ է, որ հասարակությունը նման հարցերի մասին խոսի», ասել է նախարարը: Այդուհանդերձ շատ կոշտ չի ձեւակերպել: Փափուկ բառամթերքի ընտրությունը պայմանավորված է երկրամասի վարչապետ, կանաչների կուսակցության անդամ Կրեթչմանիՙ երկու տարի առաջ Անկարա կատարած այցով, որի քաղաքական ազդանշանը դժվար չէ կռահելՙ Թուրքիան պետք է դառնա ԵՄ լիիրավ անդամ, գրում են գերմանացի մեր գործընկերները: Մեկ ուրիշ լրատու, որ Հայոց ցեղասպանությունը բնութագրելիս ընտրում է ամերիկացի գրող, Հոլոքոսթը վերապրած Էլիե Վիիզելի բնութագրումըՙ «Հոլոքոսթ Հոլոքոսթից առաջ», գրում էՙ « Մինչեւ օրս Թուրքիան ուրանում է, իսկ գերմանացիների ներգրավվածությունն ապոկալիպտիկ պատմական այս իրադարձության մեջ դեռեւս քչերին է հայտնի: Նույնիսկ 2005-ին, երբ Բունդեսթագը 1915-իՙ 20-րդ դարի առաջին ցեղասպանության մեջ գերմանացիների անուղղակի մասնակցությունը ճանաչեց, պատմության «վերանայում» դրան չհետեւեց: Թուրքերը ոչ այնքան բեմադրության, որքան ազդագրի դեմ են բողոքում, ուր 100 տարի առաջվա դեպքերը չեն, արտացոլված է այսօրվա Թուրքիան, կառավարող, իշխող մտայնությունը»: Թերթերից տեղեկանում ենք, որ երկրամասային մշակույթի նախարարությունը քննադատել է թուրքական վարքագիծը: Ապրիլի 12-ին տեղական հեռուստատեսությունը եւ «Շտուտգարդեր նախրիշթենը» հաղորդեցին, թե թատրոնի կառավարիչը խստորեն դատապարտել է երկրամասային ինտեգրացիոն հարցերով նախարար, սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Բիլքայ Էոնեյի պասսիվ պահվածքը: «Եթե նախարարը թուրքական ծագում ունի, կարելի էր ակնկալել, թե նա էլ գոնե մի անգամ բեմադրությունը դիտելու ցանկություն կունենա: Չէ՞ որ նրա աշխատանքի մաս է կազմում նաեւ խնդրահարույց հարցերի վերաբերյալ տեսակետ հայտնելը»: Էոնեյի խոսնակը պատասխանել էր, թե իր ղեկավարը ոչ մշակույթի, ոչ էլ արտաքին գործերի նախարարը չէ, եւ ինչպես սահմանադրությունն է պահանջում քաղաքական գործիչներից, արվեստի եւ մշակույթի հանդեպ չեզոք դիրքորոշում ունի»: Ինտեգրացիայի նախարարի պահվածքի վերաբերյալ դժգոհություն է հայտնել նաեւ երկրամասային խորհրդարանի պատգամավոր քրիստոնյա-դեմոկրատական միության անդամ Բերնհարդտ Լասոտան: Նա նախարարուհուն քննադատել է Հայոց ցեղասպանության հարցում «պառակտողական կեցվածքի» համարՙ եզրակացնելով, թե «պաշտոնյան չունի այն ուժը, որ կարողանա ազդել թուրք ազգայնական խմբերի վրա, պաշտպանի ստեղծագործական խմբին եւ հայ համայնքի փոքրամասնությանը»:
Եզրակացնենքՙ
Հրեա գրողն ունեցավ ուժը գրելու, գերմանական թատրոնըՙ բեմադրելու, հայերսՙ խաղացողները չենք, խաղացնողներն ենք լինելու:
Գերմանիա