ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու
Մտորումներ Ապրիլի 24-ին ընդառաջ
2000-ականների կեսերին, երբ եվրոպական շատ պետություններ մեկը մյուսի հետեւից պաշտոնապես դատապարտում էին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը, Հայաստանում եւ Սփյուռքում արդարության շռնդալից հաղթարշավի զգացումով շատ քաղաքական ու հասարակական գործիչներ, մտավորականներ ու պարզապես սրտացավ մարդիկ մտորում էին հայապահպանության հեռանկարների շուրջը: Մենք միմյանց հարցնում էինք, թե ի՞նչ կլինի այն բանից հետո, երբ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվի ԱՄՆ-ում եւ սկսի քննարկվել Թուրքիայում, ի՞նչ համախմբող գաղափարով ենք միավորելու աշխարհասփյուռ հայերին, ինչպե՞ս ենք կառուցելու մեր հարաբերություններն այսօրվա թուրքական պետության եւ թուրք հասարակության հետ: Եթե չեք մոռացել, այդ օրերի ոգեւորությունը ծնում էր հարցեր, որոնք, օրինակ, հայաստանյան իրականության մեջ խթանեցին առաջատար քաղաքական ուժերի բյուրեղացած մոտեցումները մեր պահանջատիրական պայքարի հետագա ռազմավարության ու մարտավարության մշակման ուղղությամբ: Հիշեցնեմ նաեւ, որ այդ օրերին էր, երբ հայությունն իր համար պարզեց, որ հասունացած է Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակակից Թուրքիայում բարձրացնելու ու քննարկեկու հարցը, ակնկալելով անցյալի հետ անկեղծ առերեսում, սեփական պատմական անցյալի ճանաչում եւ որ, օրակարգում դարձավ գլխավորը, ցեղասպանության զոհերի իրավահաջորդներին փոխհատուցում: Հենց այս ռազմավարությունն է, հայտարարված կամ չհայտարարված ձեւով, ընկել Հայաստանի քաղաքական ու հասարակական շրջանակների, պահանջատիրությունը դրոշ դարձրած սփյուռքյան կառույցների գործունեության հիմքում: Ասել, որ այս ռազմավարության իրականացման ուղղությամբ մենք շատ հեռու ենք գնացել, կլիներ չափազանցություն: Բայց ճիշտ չէ նաեւ այն տեսակետը, թե մենք դոփում ենք տեղում, կամ նույնիսկ հետընթաց ենք ապրում: Այս վերլուծականի շարժառիթը մեր իրական ներուժի կիրառման հնարավորությունները հասկանալու ձգտումն է հայությանը հուզող անծայրածիր խնդիրների ծովում, այսօր, երբ մենք պատրաստվում ենք նշել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Պայքարի տարբեր ուղղություններ, բայց ոչ միմյանց դեմ պայքար
Անվիճելի է, որ եթե «ֆուտբոլային դիվանագիտությունը» մի հաջողություն էլ գրանցել է, ապա դա ժամանակակից Թուրքիայում Հայոց ցեղասպանության թեմայի նկատմամբ տաբուն քանդելն է եղել: Մեր պատմաբանները եւ քաղաքագետները համաձայն են այն հարցում, որ թուրքական պետական մեքենան որեւէ կերպ չի նահանջել ցեղասպանության նկատմամբ ժխտողական կեցվածքի եւ տասնամյակներ շարունակ «հղկած» պատմական կեղծարարության փորձերից: Եթե հայկական կազմակերպությունները ԱՄՆ-ում եւ ԵՄ երկրներում չեն դադարում առաջ տանել ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված նոր բանաձեւերի ընդունման հարցերը, ապա թուրքական պետական մեքենան էլ չի զլանում եւ չի հոգնում տարեց տարի կրկնելու նույն սպառնալիքները ամերիկացիներին ու եվրոպացիներինՙ բերելով նույն կեղծ փաստերն ու պատմությունը նենգափոխելու եւ իրողությունն ուրանալու «փորձված» փաստարկները: Այստեղ, ինչպես տեսնում ենք, առանձնապես նորություն չկա: Ապա ի՞նչն է նորությունը: Նորությունն այն է, որ թուրքական հասարակական առողջ ու արդարամիտ բազմաթիվ շրջանակներ տարբեր պատճառներով այսօր սկսել են Թուրքիայի ներսում առանց վախենալու խոսել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին: Եվ եթե այս քայլերից յուրաքանչյուրը ինքնուրույնաբար շատ մեծ կամ զգալի չի երեւում, ապա հինգ-վեց տարվա ընթացքում տեղի ունեցած դեպքերի, քննարկումների, հայտարարությունների, լրատվական տեղեկությունների համադրումն ապացուցում է, որ վերջին տարիների Թուրքիան այս իմաստով շատ է փոխվել: Թուրք անհատ խոշոր մտածողներ, քուրդ պատգամավորներ ու ակտիվիստներ, իրավապաշտպաններ ու համարձակ լրագրողներ այսօր խոսում են այնպես, ինչպես ընդամենը տասը տարի առաջ որեւէ մեկը չէր կարող համարձակվել: Հայաստանում, որտեղ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման խնդիրը ճանաչված է իբրեւ ազգային անվտանգության հայեցակարգի կարեւոր բաղկացուցիչ, գործունեության այս դաշտը բավականաչափ կառուցվածքավորված է եւ տարբեր ոլորտների գործիչները քայլ առ քայլ անում են իրենց գործը, երբեմն աղմկոտ, երբեմն անաղմուկ: Մեր հասարակությունը փորձում է հասկանալ, թե ինչ կա արդարամիտ թուրքերի այս հայտարարությունների ետեւում եւ մինչեւ ուր անարգել կարող են շարժվել այդ դիրքորոշման հետեւորդները: Օրինակ Արեւմտահայոց ազգային համագումարի ակտիվիստների այն դիրքորոշումը, թե ժամանակն է գործել Թուրքիայի ներսում, գրասենյակ բացել Ստամբուլում, համագործակցել թուրք իրավաբանների հետ եւ թուրքական դատարաններում սկսել բարձրացնել ցեղասպանության զոհերի իրավահաջորդներին հատուցում տալու հարցերը, հայկական տարբեր շրջանակներում ընդունվել են կամ հետաքրքրությամբ, կամ զուսպ լռությամբ: Արդյոք աշխատանքի այս ուղղությունը հակասո՞ւմ է այն քաղաքական դիրքորոշմանը, որ ոչ մի կերպ չի կարելի թուլացնել առաջադեմ մարդկության միջազգային ճնշումը հանուն հարցի արդարացի եւ ամբողջական լուծման: Արդյոք իրավապաշտպանական շրջանակներ տեղափոխված այս հարցը չի՞ երկարացնի եւ անորոշ ժամանակով խճճի Թուրքիայի նկատմամբ հստակ պահանջըՙ ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը եւ քայլեր անել հատուցման ուղղությամբ:
Մեր իրականության մեջ, լինի դա Հայաստանում թե Սփյուռքում, դերաբաշխման գործը կարծես սկսված է, բայց չի ավարտված: Չգիտեսՙ ով եւ չգիտես ինչ նպատակով հասարակության նվազ տեղյակ շրջանակներում լուրեր են պտտեցնում, որ եթե չհասցնենք ճանաչման գործընթացը հասցնել հարյուրերորդ տարելիցի օրերին, ապա դա հետո այլեւս իմաստ չի ունենա: Ո՞վ է հնարել իրականության հետ կապ չունեցող այս դատողությունը: Հոլոքոսթի ճանաչման եւ դատապարտման գործընթացը հրեաները կազմակերպել են այնպես, որ համապատասխան միջազգային որեւէ շարժառիթ դառնում է հարթակՙ հիշեցնելու հրեական Ողջակիզման մասին եւ դրանով շատ լուրջ քաղաքական հարթակներում լուծվում են Իսրայելի անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը նպաստող շատ լուրջ հարցեր: Հիմա դուք կասեք, թե այն, ինչ հաջողվում է հրեաներին, դժվարությամբ է տրվում մեզՙ հայերիս, եւ դրա համար կան բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Իրականում հարցի խորքում մեկ բան է ընկածՙ կարո՞ղ է արդյոք աշխարհի հայությունը էապես ավելացնել այն ռեսուրսները, որոնք աշխատում են Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման օգտին: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի բարդ օրերում, երբ շատ շատացել են էական ծախսեր անելու եւ ջանքեր գործադրելու ոլորտները, երբ Հայաստանի հասարակությունը ելքեր է փնտրում տնտեսական վիճակը բարելավելու եւ արտագաղը կանխելու ուղղությամբ, թվում է, թե հայկական ներուժի ներքին լարվածությունը հասել է առավելագույնի եւ դժվար է գտնել նոր, դեռեւս չօգտագործված հնարավորություններ: Մի բան հաստատ է. մենք պարտավոր ենք լարել մեր ուժերը Հայաստանում եւ Սփյուռքում 100-րդ տարելիցի ինֆորմացիոն առիթը առավելագույնս օգտագործելու համար: Մենք պարտավոր ենք աշխատել այն պարզ գիտակցությամբ, որ մեր նյութական եւ դրամական ռեսուրսը միշտ զիջելու է թուրքականին եւ ադրբեջանականին: Բայց մենք, հենվելով մեր նորագույն անցյալի հաջողությունների վրա, պետք է շատ լավ գիտակցենք, որ դրանք հնարավոր են դարձել ոչ այնքան ծախսերի, որքան հանուն պարզ ճշմարտության եւ արդարության վերականգնման համախմբված պայքարի: Սա է այն ճշմարտությունը, որից իրականում վախենում են Հայոց ցեղասպանության փաստը ժխտող քաղաքական ու կեղծգիտական շրջանակները: Այդ նրանք են, որ բոլոր խոսակցությունները հանգեցնում են լոբբիների վրա արվող ծախսերի չափերին եւ փորձում են իրականությունը ներկայացնել որպես փողային ռեսուրսների կռիվ, այլ ոչ թե պայքար հանուն արդարության հաղթանակի: Մեր իրականության մեջ գործող բոլոր ուղղությունները ճիշտ են եւ դա ապացուցել է պրակտիկան: Նրանք բոլորը պետք է աշխատեն միմյանց զուգահեռ առանց իրար խանգարելու: Մենք բոլորս պետք է իմանանք, որ Հայոց ցեղասպանության պատմական իրողության պաշտոնական ճանաչումը եւ դատապարտումը շարունակական գործոն է եւ ակտուալ է լինելու այնքան, որքան հարատեւելու է մեր անկախ պետականությունը:
Թուրքերի ու քրդերի Երեւանում սպասելիս
Հարցով զբաղվող տարբեր քաղաքական ու հասարակական գործիչներից տեղեկություններ ենք ստանում, որ ապրիլի 24-ին Երեւան կայցելեն թուրք եւ քուրդ քաղաքական գործիչներ ու մտավորականներ: Սա նույնպես առաջին անգամը չէ, բայց եկողները նոր մարդիկ են, որոնք համալրել են Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը առաջ մղողների շարքերը: Շատերին հետաքրքրում է այն հարցը, թե այն բանից հետո, երբ մենք թուրքերի հետ քննարկումների ու երկխոսության միջոցով, եթե կարողանանք այս ցավոտ հարցերը տեղափոխել Թուրքիայի հասարակական ու քաղաքական ներքին քննարկումների դաշտ, իրականում մոտեցնո՞ւմ ենք արդյոք հարցի արդար լուծման հնարավորությունը: Թե՞ ընկնում ենք մի ծուղակի մեջ, որտեղ հարցը տասնյակ տարիներ հանձնաժողովների ու խորհրդակցությունների առարկա կդառնաՙ շեղելով միջազգային հանրության ուշադրությունը հարցի արդիականությունից եւ արդեն այսօր որոշում կայացնելու անհրաժեշտությունից: Բոլորովին չթերագնահատելով այն մարդկանց ազնիվ ջանքերը, ովքեր հույս ունեն այս շատ զգայուն ու ցավոտ հարցում համագործակցել ազնիվ թուրքերի ու քրդերի հետ, ուզում եմ ասել, որ ոչ մի դեպքում չի կարելի դադարեցնել միջազգային հանրության ճնշումները Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ուղղությամբ: Մեր թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը վերջերս գրել էր, թե հայերս մեկ օրակարգային հարց ունեցող ժողովուրդ ենք: Այն, որ այսօր մենք դիմակայում ենք տնտեսական լուրջ դժվարությունների, որ արտագաղթը պատճառ է հազարավոր հայերի Հայրենիքից ու հայությունից կտրվելու եւ ուծացման նոր վտանգների, որ հայերը աշխարհի տարբեր երկրներում վտանգվում են սեփական դիրքորոշում եւ կարծիք ունենալու պատճառով, բոլորովին չի նշանակում, որ հարցերն այնքան շատ են, որ դժվար է գտնել եւ ձեւակերպել նախապատվությունները: Հայերի գոյությունը Հայաստանի Հանրապետությունում, հայկական անկախ պետության գոյությունը Հայոց ցեղասպանությունից հետո պատմական բարեբախտություն է եւ յուրատեսակ ֆենոմեն, եթե չասենք հրաշք: Կայուն տնտեսություն, ամուր բանակ, արդարամիտ իշխանություն եւ համերաշխ հասարակություն ունենալու մեր ազգային տեսլականում մենք անընդհատ համոզվում ենք, որ այս բոլոր երազանքների իրականացումը գալիս խաչվում է մեկ հարցում: Դրա համար էլ ճիշտ է, որ մենք մեկ օրակարգային հարց ունեցող աշխարհասփյուռ հավաքականություն ենք: Պատմության, բարոյականության, խղճի եւ համոզմունքների խաչմերուկում բյուրեղացած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման մեր պահանջը պայմանավորում է հենց վերոհիշյալ ձգտումների իրականացումը: Մեր հավաքականության պահանջն արդարությունն է եւ դա է ստիպում մեզ արդարամիտ լուծումներ գտնել բոլոր մյուս հարցերում: