Ռուսաստանում պատմության դասագրքերը Պետրոս Մեծին փառաբանում են որպես արդիականացնողի եւ կանխատեսողի, որը Ռուսաստանը դարձրեց եվրոպական տերություն, «Նյու Յորք թայմս» թերթում գրում է բրիտանացի պատմաբան Ռոբերտ Սերվիսը: Սակայն Վլադիմիր Պուտինը, ըստ հոդվածագրի, հիշեցնում է մեկ ուրիշ ցարիՙ Նիկոլայ Առաջինին, որը հիշվում է նրանով, որ «ներքաշվեց Բրիտանիայի ու Ֆրանսիայի հետ զինված հակամարտության մեջ եւ մերժեց հիմնարար այն բարեփոխումների կոչերը, որոնք Ռուսաստանին անհրաժեշտ էին ժամանակի համաշխարհային տերությունների հետ մրցակցելու համար»:
«Զինված ուժերի եւ գաղտնի ծառայությունների նկատմամբ միշտ ուշադիր Նիկոլայ Առաջինը չնկատեց Ռուսաստանի տնտեսությունն ու հասարակությունն արդիականացնելու առավել հրատապ անհրաժեշտությունը,- շարունակում է հոդվածագիրը:- Դրա համար երկիրը թանկ վճարեց 1853-1856 թթ. Ղրիմի պատերազմում իր բանակի նվաստացման պատճառով: Պուտինի օրոք Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը ի հայտ է բերում հեռատեսության նույնքան ակնհայտ պակաս»:
Ուկրաինայի տարածքի 4,5 տոկոսը գրավելովՙ Պուտինը կատարեց աներեւակայելի բանՙ իր իսկ ձեռքով ավերեց Ռուսաստանի ղեկավարությամբ Եվրասիական միություն ստեղծելու սեփական երազանքը: «Դա աղետ է Պուտինի արտաքին քաղաքականության համար: Թեեւ նախագահը հասարակությունից դա թաքցնում է պետական ալիքների վերահսկման միջոցով, նա չի կարողանա անընդհատ խաբել ամբողջ ժողովրդին»,- գրում է հեղինակը:
Պուտինի գլխավոր սխալը վերաբերում է բուն Ռուսաստանին, շարունակում է Սերվիսը: Ուկրաինայի արտակարգ իրադրությունը ռուսաստանցի մեծահարուստներին դրդեց էլ ավելի շատ միջոցներ տեղափոխել Արեւմուտք. միայն այս տարի Ռուսաստանից դուրս է բերվել մինչեւ 70 մլրդ դոլար:
ՌԴ նախագահի համար ոչ պակաս տագնապալի պետք է լինի մարդկային կապիտալի արտահոսքը: «Երիտասարդները մեկնում ենՙ հուսահատության հասնելով բռի չինովնիկների եւ նախահարձակ գործամոլների գործողությունների պատճառով: Նրանք ուզում են ապրել այնտեղ, որտեղ կարեւորվում է միայն տաղանդը: Նրանց չափորոշիչը Google-ի Սերգեյ Բրինն է, այլ ոչ թե «պուտինյան արքունիքի խղճուկ նախարարներն ու գործարարները»:
Բացի դրանից, ռուսական պետության ղեկավարը բավարար ջանքեր չի գործադրել Ռուսաստանի տնտեսությունն ավելի բաց ու բազմակողմանի դարձնելու համար: «Ռուսաստանը պարտավոր է թողարկել բարձր տեխնոլոգիական արտադրանք, եւ ոչ թե միայն նավթ ու գազ: Իսկ մրցակից տերությունը գտնվում է ոչ թե արեւմուտքում, այլ հարավում: 1970-ականների կեսերից Չինաստանի ղեկավարները իրենց տնտեսության բազմակողմանիությունը դարձրել են գերակայություն: Դա նվազագույն պահանջ է Ռուսաստանի եվրասիական տերության կարգավիճակն ամրագրելու համար: Չինացիները պատրաստվում են դառնալ գերտերություն, մինչդեռ ռուսները հետ են մնում», նշում է հեղինակը:
Պուտինը տարին սկսեց Սոչիի օլիմպիադայում Ռուսաստանի «մեղմ ուժի» ցուցադրությամբ: Օլիմպիադայի փակման արարողությունը Ռուսաստանին ներկայացրեց որպես սպորտի ու մշակույթի բարձրաոճ եւ խաղաղասեր երկիր: «Արդեն հաջորդ օրը նախագահը զորք ուղարկեց Ղրիմ, իսկ հիմա Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ մինչեւ տարեվերջ Ռուսաստանում կարձանագրվի տնտեսական նահանջ»:
Ըստ բրիտանացի պատմաբանի, Արեւմուտքի երկրները մտադիր չեն սկսել Ղրիմի նոր պատերազմ, սակայն Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ավելի մեծ հնարավորություններ ունեն, քան կարծում էր Պուտինը, որի համար «օգտակար կլիներ Նիկոլայ Առաջինի նախադեպի ուսումնասիրությունը»: