Հետաքրքական տրանսֆորմացիաներ են կատարվում Հայաստանի քաղաքական դաշտում` ՕԵԿ-ը կրկին, այս էլ որերորդ անգամ, ընդդիմություն է դառնում, կիսաընդդիմադիր ՀՅԴ-ն այսօր Ծաղկաձորում սկսված Գերագույն ժողովում է որոշելու լրի՞վ ընդդիմադիր դառնա, թե, այնուամենայնիվ, տեղ-տեղ համագործակցի իշխանության հետ (ՀՅԴ ԳՄ հայտարարության մասին` նյութի ավարտին), երկու դիրքորոշման կողմնակիցներ էլ ՀՅԴ-ում կան: ԲՀԿ-ն ուզում է պահել ոչ իշխանական դեմքը` քննադատելով դեռեւս հին կառավարության գործերը, բայց ամեն ինչից հետեւում է, որ նրան ուզում են կտրել ՀԱԿ-ից ու ՀԱԿ-ին վերջնականապես «ֆուկ» անել: Այդ առումով ֆինանսական եւ ծավալային ռեսուրս չունեցող քաղաքական այս ուժը հազիվ թե մի քանի ինտելեկտուալներով Հայաստանում ինչ-որ կշիռ կամ ազդեցություն ունենա, մանավանդ` ՀԱԿ-ի անցյալ դեգերումների պարագայում: Կառավարելի են նաեւ քաղաքացիական շարժման որոշ միավորներ, որոնք ՕԵԿ-ի եւ ընդդիմադիր դաշտի այլ հատվածների հետ միգուցե կառավարելի նոր ընդդիմություն ձեւավորվեն` հաջորդ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին ընդառաջ (ո՞վ կարող է պնդել, որ ասենք Արթուր Բաղդասարյանը չի ուզում մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին, իսկ դա լավագույնս կարելի է անել ընդդիմադիր դիրքից), խիստ արմատականի դիրքը միայն մեծ ազդեցություն չունեցող ՀԱԿ-ին թողնելով:
ԲՀԿ-ի հետ կապված դիտարկումներ անելը, ինչպես, ի դեպ` նաեւ ՀՅԴ-ի, այսու դեռ վաղ է, այ, կկազմվի կառավարությունը, հայտնի կդառնա այդ ուժերի վերաբերմունքն այդ կառավարության նկատմամբ` կխոսենք: Իսկ նորանաշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի քաղաքական բնույթի հատարարությունները (ասենք` ՀԱԿ-ին ուղղված թաքնված խառնակչությունները չընդունելու եւ սեփական ուժերից վեր ամբիցիաների մասին վարչապետական հայտարարությունները, որտեղ նա նշում է, թե չի ընդունում ուրիշի ձեռքով, դե` ԲՀԿ-ի, էլի, իրենց համար կարկանդակ հանելու գործելաոճը) ցույց են տալիս, որ Աբրահամյանին ոչ միայն եւ ոչ այնքան վարչապետ են նշանակել, որքան տնտեսությունը կարգի բերելու հետ նաեւ նրա ճարպիկ ուսերին են դրել քաղաքական դաշտը տարբեր լծակներով կառավարելու նրբին գործը:
Կարողացավ` լավ, չկարողացավ` էլ ավելի լավ: Ու անգամ դա նախագահ Սարգսյանը չթաքցրեց անցած կիրակի տեղի ունեցած ՀՀԿ հիերարխիկ նիստերում, ներթիմային միասնականության եւ այլ քաղաքական ուժերի հարաբերությունների հետ կապված Հովիկ Աբրահամյանից ստացած հավաստիացումների մասին ակնարկելով: Ու այս բոլորը կատարվում է նույն կաթսայի ներսում, ընդ որում` ոչ կաթսան են ուզում փոխարինել նորով, ոչ ել պարունակությունը, այլ ընդամենն անընդհատ մի լավ խառնում են, որ շիլայի տակը չկպնի:
Դե պատկերացրեք` ՕԵԿ-ը հայտարարում է, թե նպատակահարմար չէ, իսկ ավելի ստույգ` առանց գոնե մի անգամ սեփական վարչապետ ունենալու (կիրթ, գրագետ, բանիմաց) հարմարավետ չէ իշխանության մեջ լինելը, որոշումների վա ազդեցություն չունենալը, ու ավելի լավ է ընդդիմություն լինի: Բայց հո հիշում եք կատակչի երիտասարդ հովվին, որ զվարճանալու համար հոտը սարը հանելիս ամեն անգամ գոռում էր «գա~յլը», իսկ երբ իսկապես գայլը եկավ` նրան ոչ ոք չէր հավատում: Բացի այդ` «ընդդիմություն» հասկացությունը Հայաստանում կարծես շատ է պարզունակացվում. հենց չեն տալիս պորտֆելներն ու իրենց ուզած լիազորությունները` ծեփում են. «Ընդդիմություն ենք»: Բայց իսկական ընդդիմությունն այն է, որ ոչ թե սպասում է` տան, այլ` վերցնում է, ուժ է ունենում վերցնելու: Ապրիլի 25-ին վերջնականապես պարզ կլինի նաեւ, թե արդյո՞ք Արթուր Բաղդասարյանը հրաժարվում է ԱԱԽ քարտուղարի պաշտոնից եւ առհասարակ` Անվտանգության խորհրդի անդամ լինելուց, քանի որ ընդդիմությունից ԱԱԽ անդամ ունենալն էլ պետության համար նպատակահարմար չէ:
Իսկ թե ի՞նչ նոր քաղաքական իրավիճակի մասին է խոսում ՕԵԿ-ը, արդյո՞ք հովիկաբրահամյանական կառավարության փաստը կարող է նշանակել, որ Հայաստանում փաստորեն անարյուն իշխանափոխություն է եղել եւ շուտով այդ ամենն առավել առարկայական կդրսեւորվի. երեւի դա միայն ՕԵԿ-ում կիմանան, քանի որ պաշտոնի առումով ամենից տեղեկացվածը Հայաստանի նախագահից հետո, իրոք, պետք է լիներ ՕԵԿ առաջնորդը: Այլապես որտեղից ՕԵԿ քաղխորհրդի ընդունած հայտարարության մեջ այսպիսի ձեւակերպում`«ՀՀ նախագահի` սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում արած հայտարարությունը, կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի հակասահմանադրականության վերաբերյալ ՍԴ հայտնի որոշումը, կառավարության հրաժարականը, նոր վարչապետի նշանակումը Հայաստանում ստեղծել են նոր քաղաքական իրավիճակ»:
Դե իսկ ի՞նչ է նշանաակում` ՕԵԿ նախարարները հրաժարվում են կուսակցությունից` չէ՞ որ այդպես ընդհանրապես կուսակցական համակարգն է արժեզրկվում, անցյալում էլ այդպիսի օրինակներ կային: Է, ուրեմն` նախարար լինելու համար ուզածին ուզած կուսակցություն են մտցնում , մտածում է ժողովուրդը, էլ ո՞ւմ են պետք կուսակցական սկզբունքների կամ գաղափարների մասին խոսակցությունները, կամ` «խնամի-բարեկամ չեն նշանակվելու» սուտ հավաստիացումները: Ուրեմն էդ նախարարները հենց խնամի ու բարեկամ են, որոնց վերեւից իջեցնում են որեւէ կուսակցություն, նախարար դարձնում, իսկ հենց կուսակցությունն ասում է` «Ընդդիմություն ենք», դուրս են գալիս կուսակցությունից եւ ոչ թե պաշտոնից: Էդ տեսակ նախարարները կառավարման համակարգն էլ են արժեզրկում, ու որ ոսկի դառնան ` հենց կառավարությանը պետք է հարկավոր չլինեն:
Մյուս կողմից, եթե ՕԵԿ-ին ընդդիմություն են նշանակում` բոլորի սիրտն առած, բոլոր տեսակի սուր անկյունները հարթելու պատրաստակամ Հովիկ Աբրահամյանին ժամանակ առ ժամանակ իր տեղը ցույց տալու համար, այս առումով եթե նայենք` խնդիրը բոլորովին այլ տեսք կստանա: Մանավանդ` ՕԵԿ քաղխորհուրդը ըմբռնումով է մոտեցել ՕԵԿ նախարարներ Արմեն Երիցյանի, Սերգո Կարապետյանի եւ Սամվել Թադեւոսյանի` կուսակցությունից հեռանալու դիմումներին ու անգամ հաջողություն է ցանկացել նրանց: Բայց եւ` ՕԵԿ-ին որպես ընդդիմության էլ ո՞վ կհավատա: Հո չեն կարծում, որ հայ մարդը վերջնականապես զուրկ է հիշողությունից:
Իսկ ընդհանրապես` աշխարհն աշխարհով, մերոնք մշատպես եւ պարբերաբար զբաղված են նախարար հանել-նշանակելով, հանրային ջանքերը անպտուղ տարբեր իրադարձությունների ու գաղափարների վրա կենտրոնացնել-շեղելով, դա սովորաբար վերածվում է թամաշայի եւ երկար ժամանակ մարդկանց կտրում իրենց սոցիալական կամ քաղաքական օրակարգից, ժամավաճառության ու աչքակապության հավերժ առիթներ ստեղծելով:Փոխանակ էս լարված միջազգային մթնոլորտում քիթ բարձրացնենք ու տեսնենք` ի՞նչ է կատարվում մեր շուրջը, ո՞վ մեզ ինչի՞ մեջ է ուզում ներքաշել, ասենք` հենց Ուկրաինայի հարցով մեծ խաղացողների խաղերը հասկանանք, կամ փորփրենք, թե մեր գլխին ի՞նչ են բերելու դրսի քամիները. ասված էՙ զբաղեցրու, շեղիր` մինչեւ հերն անիծեմ:
Ֆեյսբուքում մի հետաքրքրական եկրկխոսություն կարդացի. մարդիկ չարախնդում էին, որ «Դեմ եմ» շարժման անդամները զանգվածաբար բանկոմատներից կանխիկացնում էին իրենց աշխատավարձերը, ասում էին` թող ֆինանսական համակարգը փող չունենա պտտեցնելու, ինչքան շուտ պրծնի փողը, էնքան վատ կլինի էս կառավարության համար: Ու բոլորն էին չարախնդում, ոչ ոք չէր խոսում այն մասին, որ ախր անկախ ո՞վ է կառավարում` մե՛ր պետության մասին է խոսքը, պետությունը մե՛ր թոշակառուների թոշակն է վճարում ու մե՛ր պետության հերն է անիծվելու: Հիշեցի խորհրդային ժամանակները, երբ խոհանոցներում մարդիկ հայհոյում էին խորհրդային իշխանությանն ու իրենցը չէին համարում` բարձաձայն այլ բան խոսելով: Ամենավտանգավորն այն կլինի, որ հասարակությունն վերջնականապես օտարվի սեփական իշխանությունից ու պետությունից` այն իրենը չհամարելով, իսկ այդ բանին մենք հասանք վատ կառավարմամբ: Ասում են` պետությունները նախ ընկնում են իրենց քաղաքացինեի գիտակցության մեջ, եւ ապա` առարկայորեն: Հիմա նույն վիճակի վտանգը պետք է տեսնեն եւ նորՙ կառավարությունը, եւ հատկապես` զանազան խաղերով հանրությանը զզվեցրած մեր քաղաքականները:
Հ.Գ. – Հավանաբար ՀՅԴ-ի` կոալիցիա մտնելու մասին մամուլային հրապարակումների վստահությունը Դաշնակցությանը մղեց օր առաջ ժխտել դրա հավանականությունը, չսպասելով այսօր մեկնարկելիք Գերագույն ժողովի որոշմանը: Երեկ տարածած հայտարարությամբ ասվում է, որ ՀՅԴ-ն կմնա ընդդիմադիր դաշտում եւ մաս չի կազմի կոալիցիային: Չնայած`«Մեր համոզմամբ առկա խնդիրները հնարավոր է լուծել երկրում համերաշխության մթնոլորտ ձեւավորելու, հասարակական-քաղաքական համախմբում առաջացնելու միջոցով»: Այնպես որ` ՀՅԴ-ն, մաս չկազմելով կառավարությանը, հետեւելու է իշխանության գործողություններին, շարունակելով գործել ընդդիմադիր դաշտում իր դավանած արժեքների շուրջ, միաժամանակ փորձելով երկիրը զերծ պահել ցնցումներից եւ անկայունությունից: