ԱԴԱՄ ՇԻՖ, Թարգմ.ՙ Հ. Ծ.
Կոնգրեսականը այն հնչեցրել է Ներկայացուցիչների պալատում ապրիլի 9-ին
Այսօր գրում եմ Ձեզ մի թեմայի մասին, որը մեծ կարեւորություն ունի մեր երկու ժողովուրդների համար: Դա մի թեմա է, որի մասին ձեզանից շատերը, հատկապես երիտասարդ սերունդը, հավանաբար քիչ բան գիտի, որովհետեւ դա վերաբերում է համաշխարհային պատմության այն գլխին, որը ձեր կառավարությունը հսկայական ջանքեր գործադրելով փորձում է թաքցնել:
Թուրքիան մարդկային քաղաքակրթության կենտրոն է հանդիսացել նեոլիթյան ժամանակներից եւ ձեր արվեստը, մշակույթն ու գիտությունը հարստացրել են աշխարհը:
Բայց Թուրքիայի նշանակալի ձեռքբերումներին միահյուսված է պատմության մի մութ գլուխ, որի մասին այսօրվա թուրքերից շատերը համարյա ոչինչ կամ քիչ բան գիտեն:
Գիտեի՞ք, որ ձեր մեծ հայրերն ու մայրերը եւ նրանց մեծ հայրերն ու մայրերը շատ հայ հարեւաններ եւ ընկերներ են ունեցել, որ հայերը կազմել են Ստամբուլի բնակչության քսան տոկոսը: Գիտեի՞ք, որ հայերը շատ լավ ինտեգրված են եղել թուրքական հասարակության մեջ, որպես ճանաչված մտավորականներ, արվեստագետներ, արհեստավորներ եւ համայնքային առաջնորդներ: Երբեւէ մտածե՞լ եք, թե ինչ է տեղի ունեցել հայերի հետ: Երբեւէ հարցրե՞լ եք ձեր ծնողներին, պապերին ու տատերին, թե ինչպես եղավ, որ այդքան մեծ, աշխատասեր եւ բարգավաճ մի ժողովուրդ հանկարծ անհետացավ ձեր միջավայրից: Գիտե՞ք արդյոք, թե ինչու է ձեր կառավարությունը այդքան հսկայական քայլեր ձեռնարկում թաքցնելու համար ձեր պատմության այս մասը:
Թույլ տվեք ինձ որոշ բաներ պատմել: Մնացյալը դուք պետք է ինքներդ հայտնաբերեք:
Իննսունինը տարիներ առաջ, այս ամսին, օսմանյան կայսրության վերջին, վախճանման տարիներին, երիտթուրքերի կառավարությունը ձեռնամուխ եղավ տեղահանության, բռնագրավման, սպանությունների եւ սովամահության ենթարկելու մի արշավիՙ ուղղված կայսրության հայ քաղաքացիների դեմ: Հայկական ծագումով բնակչության մեծ մասը բռնագաղթվեց Սիրիա, որտեղ նրանցից շատերը մահացանՙ չդիմանալով շոգ անապատի միջով երկարատեւ դաժան երթերին: Հարյուր հազարավորներ կոտորվեցին օսմանյան ժանդարմների, զինվորականների եւ նույնիսկ հասարակ մարդկանց կողմից:
Մինչեւ 1923-ին սպանդի ավարտը արդեն մեկուկես միլիոն հայեր էին սպանվել, որն այսօր միջազգայնորեն ճանաչված է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Մազապուրծ փրկվածները սփռվեցին Միջին Արեւելքի եւ աշխարհի այլ երկրներում: Նրանց մի մասը հաստատվեց Մ. Նահանգներում, Լոս Անջելեսում, եւ այլուր:
Նրանց թոռներին ու ծոռներին եմ ես ներկայացնում Մ. Նահանգների կոնգրեսում: Նրանց համայնքները կենսունակ են, տասնյակ հազարների հասնող անդամներով, որոնք ունեն իրենց դպրոցները, եկեղեցիները եւ աշխատանքը: Նրանք ամենօրյա կապ ունեն իրենց պապենական հայրենիքի հետ: Եվ ես նրանց անունից է, որ հորդորում եմ ձեզ վերստին ազգային մակարդակով երկխոսություն ծավալել նրանց հետ 1915-23-ի դեպքերի շուրջ:
Որպես Թուրքիայում ապրող երիտասարդ տղամարդ կամ կին դուք կարող եք հարցնել, թե այդ ամենը ի՞նչ կապ ունի ինձ հետ: Մի՞թե ես մեղավոր եմ մի հանցանքի համար, որն իրագործվել է իմ ծնվելուց էլ առաջ: Պատասխանեմ ձեզ. ձեր բարոյական պարտականությունն է ճանաչել, ընդունել ճշմարտությունը եւ հաշտեցման եզրեր փնտրել հայ ժողովրդի հետ, մի բան, որ չէին կարող կամ չէին ցանկանում կատարել ձեր ծնողները կամ նրանց ծնողները: Դա մի պարտականություն է, որ ձեզ ժառանգ է թողնվել, եւ դուք չպետք է դրանից խուսափեք: Որովհետեւ, ճիշտ է, որ մենք չենք կարող ընտրել մեր պատմությունը, բայց կարող ենք որոշել, թե ինչպես վերաբերվենք դրան: Դուք դառնալու եք Թուրքիայի ապագան ձեւավորողները:
Երկրորդ աշխարհամարտի ավարտին, Գերմանիան խորտակված երկիր էր, պարտվածՙ ճակատամարտում եւ աշխարհին ներկայացված որպես պատմության մեծագույն հանցագործը: Բայց պատերազմի ավարտին հաջորդած տասնամյակներում Գերմանիան երկարատեւ ջանքեր գործադրեց հաշտվելու համար հրեա ժողովրդի հետ, որին նացիստները համարյա բնաջնջել էին Հոլոքոսթի ժամանակ: Գերմանիայի կառավարությունը դատական կարգով հետապնդել է պատերազմի հանցագործներին, առգրավված ունեցվածքը վերադարձրել է, դաշնակցել է Իսրայելի հետ եւ հրապարակավ անթիվ-անհամար անգամ ներողություն խնդրել զոհերից եւ աշխարհից կատարվածի համար: Ավելին, Գերմանիան աշխատել է արմատախիլ անել տմարդի մոլեռանդության քաղցկեղն ու ատելությունը, որոնք պատճառ դարձան Հոլոքոսթին:
Խորհրդածելու, զղջումի եւ հաշտեցման այս ճանապարհը պետք է նաեւ Թուրքիայի ճանապարհը լինի: Հեշտ չի լինելու, անշուշտ, հարցերը ցավալի են լինելու, եւ պատասխաններըՙ դժվարին, երբեմնՙ անկանխագուշակելի: Սակայն դրանց մեջ մեկ հարց առանձնանալու է. ինչպե՞ս կարող էր մի պետություն, որը դարեր շարունակ խաղաղորեն իշխել էր բազմամշակույթ մի կայսրության վրա, այնպե՛ս դաժանորեն վերաբերվել իր ժողովրդի մի հատվածի հետ, որ մի նոր, ցեղասպանություն բառն էր անհրաժեշտ եղել հորինելու, որպեսզի նկարագրվեր կատարվածը:
Ինչպես հուդայականության եւ քրիստոնեության մեջ, այնպես էլ իսլամի մեջ զղջումը կամ «թոուբան» կենտրոնական հասկացություններից մեկն է: Հաջորդ տարի ցեղասպանության սկզբի հարյուրամյակն է նշվելու, եւ աշխարհով մեկ սփռված հայերը սգալու են իրենց հարազատների մահը, խորհրդածելու են իրենց կորստի ահագնության մասին եւ հարցնելու ենՙ ինչո՞ւ: Խնդրում եմ պատասխանեք նրանց զղջումի խոսքերով:
Անկեղծորենՙ