Մաս Ա. նախաանկախության շրջան
Ամբողջ եվրոպական մշակույթն իրեն համարում է անտիկ հունական եւ հռոմեական քաղաքակրթությունների ժառանգորդը, չհասկանալով, որ երկսն էլ իրենց հերթին սերում են հին հայկական քաղաքակրթությունից:
Հենրի Շլիման
Դպրոցում, այնուհետեւ համալսարանում ուսանելուս տարիներին Հայաստանի Հանրապետության անկախության օրը նշվում էր 1920 թ. նոյեմբերի 29-ին, իսկ 1991-ի վերանկախացումից հետո՝ 1918-ի մայիսի 28-ին: Պատմագիտություն ուսումնասիրելու ընթացքում այդ հարցի վերաբերյալ հանդիպեցի որոշ տարակարծությունների, սակայն դրանք նեղ մասնագիտական հարցեր են: Այսօր պաշտոնապես ընդունված է մայիսի 28-ը, որի առիթով ցանկանում եմ շնորհավորանքներս հղել մեր ժողովրդին եւ մեկ անգամ եւս հիշեցնել, որ անկախությունը մեծագույն արժեք է, որը մեր օրերում վտանգված է եւ այն պահպանելու համար անհրաժեշտ է ներդնել բոլոր հնարավորություններն ու միջոցները:
Յուրաքանչյուր պետության կարեւոր բնութագրիչներից է հարեւան երկրներից զատող սահմանների առկայությունը: Իսկ այսօր, այլ հիմնախնդիրներին զուգահեռ, մեր թշնամիները ոտնձգություններ են կատարում Հայաստանի Հանրապետության (ՀՀ) սահմանների նկատմամբ: 44-օրյա պատերազմում մի քանի թշնամաբար տրամադրված երկրների (Թուրքիա, Պակիստան, Իսրայել) օգնությամբ ՀՀ-ին հաղթած Ադրբեջանի իշխանությունները, չբավարարվելով հսկայածավալ տարածքների եւ այլ արժեքների նվաճումով, այժմ էլ պատմություն հնարելով ու արհեստածին այլ պատրվակներ վկայակոչելով՝ հավակնություններ են հայտնում ՀՀ-ի տարածքների նկատմամբ: Խնդիրը կարգավորելու համար ստեղծվել են սահմանազատման եւ սահմանագծման երկկողմ հանձնախմբեր, որոնց հանդիպումների ընթացքում ազերիները հաճախ ներկայացնում են աբսուրդի հասնող առաջարկ-պահանջներ: Թերթային հոդվածի թույլատրելի սահմաններում փորձենք հակիրճ ներկայացնել հիմնախնդիրն ու դրա արմատները:
Սկսենք նրանից, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճերն ու միմյանց նկատմամբ տարածքային հավակնություններն սկիզբ են առել հենց 1918-ից: Մայիսի 26-ին Անդկովկասյան Դեմոկրատիկ Դաշնային Հանրապետությունը փլուզվեց եւ հաջորդաբար հռչակվեցին Վրաստանի (մայիսի 26-ին), Ադրբեջանի (մայիսի 27-ին) եւ Հայաստանի (մայիսի 28-ին) հանրապետությունները: Ընդ որում, Անդկովկասյան նորանկախ հանրապետությունների միջեւ ազգամիջյան հարաբերությունները մշտապես լարված էին եւ սուր բնույթ էին կրում:
Ստեպ-ստեպ էլ վերածվում պատերազմների: Գլխավոր խնդիրը եւ բարդությունը կապված էր հենց սահմանային հարցերի հետ: Ըստ Հայաստանի եւ Հարավային Կովկասի պատմական քարտեզների մասնագետ Ռուբեն Գալչյանի, այդ շրջանի քարտեզները վկայում են, որ դեռեւս այն ժամանակներում Ադրբեջանը հավակնոտ ծրագրեր ուներ եւ հայտարարում էր, որ իրեն են պատկանում Ղարաբաղը (Արցախ), Զանգեզուրը (Սյունիք), ինչպես նաեւ Քելբաջարի (Քարվաճառ) եւ Լաչինի (Բերձոր) շրջանները: Ոչ միայն հայտարարում էր, այլեւ Հայաստանի եւ Ադրբեջանի անկախությունների հռչակումից հետո բազմիցս փորձեր էր ձեռնարկում Լեռնային Ղարաբաղը, Նախիջեւանը եւ Զանգեզուրը, որտեղ հիմնականում ապրում էին հայերը, գրավելու, որը 1920 թ. հաջողեց, երբ սկսվեց Անդրկովկասի խորհրդայնացման գործընթացը:
Նույն տարվա ամռանն այդ խնդիրը կարգավորելու նպատակով անդրկովկասյան երեք հանրապետությունների պատվիրակությունները հրավիրվեցին տարածաշրջանում գերիշխող դիրք ունեցող Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կ. Պոլիս, որտեղ սահմանների հարցով պետք է խորհրդաժողով կայանար: Նկատենք, որ 1918-ի մայիս-հոկտեմբեր շրջանում մի կողմից Քառյակ Միությունը, որի մաս էր Օսմանյան կայսրությունը, մյուս կողմից՝ նորանկախ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը, դաշնակիցներ էին:
Հայաստանի Առաջին Հանրապետության արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանն այդ մասին հուշագրում է, որ երբ ադրբեջանական պատվիրակությունը բացեց Ելիզավետպոլում (պատմական Գանձակ, այսօր՝ Գյանջա, որը մինչեւ Բաքու տեղափոխվելը, 1918-ի հունիս-սեպտեմբեր հատվածում Ադրբեջանի մայրաքաղաքն էր) գծված քարտեզը, պարզվեց, որ հայկական գավառների մեծ մասը պետք է Ադրբեջանի մաս կազմեին: Նույն կերպ, երբ հայկական պատվիրակությունը սեղանին փռում է Թիֆլիսում (Հայաստանի կառավարությունը դեռ չէր ժամանանել Երեւան) գծած քարտեզը, ադրբեջանցիները տեսնում են, որ հայերը հավակնում են Ելիզավետպոլի նահանգի մեծ մասին: Ընդհանուր առմամբ, Կ. Պոլսի խորհրդաժողովը սահմանային որեւէ հարց չլուծեց: Որոշ ժամանակ անց սակայն, այն բանից հետո, երբ Օսմանյան կայսրությունն իրեն պարտված ճանաչեց Առաջին աշխարհամարտում եւ զորքերը դուրս բերեց հայկական գավառներից, 10 հազար քառակուսի կիլոմետր տարածության վրա հռչակված Հայաստանի Հանրապետությունը 1918-ի աշնանը ընդարձակվեց: 1919-ի գարնանն ու ամռանը բրիտանացիների զինական եւ անմիջական օգնությամբ Հայաստանին միացվեցին նաեւ Կարսն ու Նախիջեւանը: Սակայն Հայաստանը Կարսը կարողացավ պահել մինչեւ 1920-ի հոկտեմբեր, իսկ Նախիջեւանը՝ ընդամենը երկու ամիս:
Նորաստեղծ Ադրբեջանի եւ Հայաստանի հանրապետությունները երկար կյանք չունեցան: Անկախացումից ընդամենը երկու տարի անց դրանք խորհրդայնացվեցին: Խորհրդային իշխանության հաստատումից հետո Ադրբեջանի ժամանակավոր հեղափոխական կոմիտեն (այդ ժամանակ հիմնական բոլշեւիկյան ղեկավար մարմինը) հայտարարեց, որ «վիճահարույց տարածքները», այն է՝ Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը, Հայաստանի անբաժանելի մաս են կազմում, քանի որ հիմնականում բնակեցված են հայերով: Այդ որոշումը հրապարակվեց Մոսկվայի, Բաքվի եւ Երեւանի թերթերում եւ վերահաստատվեց Իոսիֆ Ստալինի կողմից՝ 1921 թ. հուլիսին Բաքու կատարած այցի ժամանակ: Սակայն մեկ օր անց Ստալինի ուղղակի միջամտությամբ որոշումը վերանայվեց. Ղարաբաղն ընդգրկվեց Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ եւ միայն դրա մի մասի վրա ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը:
Նախիջեւանը (որը Ռուսական Կայսրության օրոք մտնում էր Երեւանի (Էրիվանի գավառի մեջ) նույնպես բռնակցվեց Ադրբեջանին՝ ստանալով ինքնավար հանրապետության կարգավիճակ:
1919 թ. Փարիզի խաղաղության խորհրդաժողովում Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացրին քարտեզներ, որտեղ միմյանց հանդեպ տարածքային պահանջներն ու հավակնությունները պահպանվել էին: Ինչպես Կ. Պոլսում, այնպես էլ Փարիզում Վրաստանը տարածքային հավակնություններ էր ներկայացրել ե՛ւ Ադրբեջնին, ե՛ւ Հայաստանին: Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանն ու Ադրբեջանն էին ներկայացրել Վրաստանին: Ադրբեջանի ներկայացրած քարտեզում Ադրբեջանը հավակնում էր Զանգեզուրին, Նախիջեւանին, Կարսին, Տավուշին, Սեւանի արեւելյան ափին եւ այլ տարածքների, որը գրեթե նույնությամբ իր բոցաշունչ ելույթներում այսօր կրկնում է Ալիեւը: Ի դեպ, Հայաստանի տարածքային հավակնությունները եւս բավականին մեծ էին եւ ինչպես 1919 թ., այնպես էլ 1920-ին, չէին համապատասխանում այն ներուժին, որն իրականում ներկայացնում էր Հայաստանը: Անհանդուրժողական այդ մթնոլորտում, ինչպես 1918-1920 թթ., այնպես էլ հետագայում, հայերն ու ադրբեջանցիներն այդպես էլ չցանկացան առանց երրորդ կողմի միմյանց հետ նստել եւ որոշել երկու հանրապետությունների սահմանները:
Սկզբում միջնորդը Օսմանյան կայսրությունն էր, հետագայում՝ Եվրոպան ու Ամերիկան: Հետագայում Այսրկովկասի խորհրդայնացման արդյունքում (առաջինը խորհրդայնացած Ադրբեջանը Կարմիր բանակի աջակցությամբ ՀՀ-ից պահանջեց Ղարաբաղից եւ Զանգեզուրից դուրս բերել զորքերը: Այնուհետեւ Ադրբեջանը պահանջներ ներկայացրեց նաեւ Շարուր-Դարալագյազի գավառների նկատմամբ՝ Նախիջեւանի, Օրդուբադի եւ Ջուլֆայի հետ միասին) վճռական դարձավ բոլշեւիկյան Ռուսաստանի դերակատարությունը: Նոյեմբերի 29-ին խորհրդային կարգեր են հաստատվում նաեւ Հայաստանում, իսկ 1921թ փետրվարի 25-ին՝ Վրաստանում: Դրանից հետո թվում էր, թե հարեւան հանրապետությունների նվաճողական նկրտումները Հայաստանի հանդեպ կնվազեն: Սակայն խորհրդային կարգերի հաստատումից հետո երեք հանրապետությունների սահմանային տարաձայնությունները չեն պակասում, այլ ընդհակառակը՝ ավելանում են: Պարզապես, նախորդ տարիների համեմատ, խորհրդային ղեկավարները դրանք փորձում էին լուծել խաղաղ ճանապարհներով: Խորհրդային Ռուսաստանի այդ «խաղաղասիրության» արդյունքում 1921թ մարտի 16-ին կնքած Մոսկվայի պայմանագրով Նախիջեւանի մարզը եւ Շարուրը հանձնվում են Ադրբեջանին: Արդյունքում, Հայաստանը նոր սահման է ստանում Ադրբեջանի հետ: Ըստ հայ-ադրբեջանական հանձնաժողովի որոշման այդ սահմանը սկսվում է Ուրմիա գյուղից ու Արազդայան (Երասխ) կայարանից:
1922 թ. մարտի 12-ին ձեւավորվում է Անդրկովկասի Դաշնային Հանրապետությունը, որի կազմի մեջ մտնում են երեք հանրապետությունները: Դրանց սահմանների գծագրմամբ զբաղվում էր 1924 թ. հունվարի 30-ին հատուկ ստեղծված հանձնաժողովը, որը կրում էր «Հողային եւ անտառային վեճերը լուծող հանձնաժողով» անվանումը: 1930 թ. սեպտեմբերի 22-ին այն լուծարվում է, քանի որ սահմանային-տարածքային խնդիրները միշտ էլ ուղեկցվում էին միմյանց հետ բախումներով: Հանձնաժողովի պարտականությունները սկսում է կատարել Անդրդաշնության հողագործության ժողկոմիտեն:
1923 թ. Ադրբեջանն առաջ քաշեց Կարմիր Քուրդիստանի ծրագիրը, համաձայն որի ստեղծվում էր չեզոք մի շրջան, որը որպես բուֆերային գոտի ֆիզիկապես կտարանջատեր Հայաստանը եւ Ադրբեջանը եւ կմեղմեր նրանց միջեւ առկա լարվածությունը: Այդ ծրագիրը նախատեսում էր Քարվաճառի (Քելբաջար), Լաչինի (Բերձոր) եւ Խորհրդային Հայաստանի հարավային որոշ շրջանների հանձնում Խորհրդային Ադրբեջանին՝ որպես Կարմիր Քուրդիստանի տարածքներ: Ըստ էության, չնայած այն փաստին, որ դա նշանակում էր շրջապատել Ղարաբաղը քրդերով, Խորհրդային Հայաստանի պաշտոնյաները չդիմադրեցին այդ առաջարկին: Եվ քանի որ այդ տարիներին Ադրբեջանում ապրում էր 30-35 հազար քուրդ, այդ պատճառաբանությամբ էլ 1928-1930 թթ. Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հազար քառակուսի կիլոմետրից ավելի ռազմավարական կարեւորության տարածքներ հանձնվեցին Ադրբեջանին: Այդպիսով, 1920-ականների վերջին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեւավորված սահմանը շատ տարբեր էր նրանից, որը գծվել էր երկու հանրապետությունների խորհրդայնացման ժամանակ՝ 1920 թ.-ին, երբ նրանց միջեւ սահմանային խնդիրներ ծագել էին հիմնականում Դիլիջանի եւ Ղազախի, Մեղրու եւ Ջեբրայիլի գավառների, Շամշադինի եւ ադրբեջանական Գետաբեկի շրջանների վարչատնտեսական սահմանագծերում:
Հարկ է ընդգծել, որ Խորհրդային Հայաստանի ղեկավար գործիչները՝ ի տարբերություն իրենց ադրբեջանցի գործընկերների, այնքան էլ հետեւողական չեն եղել սահմանային հարցերում, որի հետեւանքով Հայաստանը 1922-1936 թթ. կորցրել է իր տարածքներ մի մասը եւ սեղմվել 29800 քառ. կմ-ի սահմաններում: Նկատենք, որ երբ Ադրբեջանն ու Հայաստանը արդեն խորհրդայնացվել էին ու մաս կազմել Խորհրդային Միությանը, սահմանների հարցը լուծում էր Մոսկվան: Հենց Մոսկվայի մասնակցությամբ էին նաեւ տեղի ունենում երկու հանրապետությունների միջեւ հողային փոխանակումները, որոնք բազմաթիվ էին եւ որոնց հետեւանքով Խորհրդային Հայաստանի տարածքը 30 948 քառակուսի կիլոմետրից դարձել էր 29 743, այսինքն՝ շուրջ 1,2 հազար քառակուսի կիլոմետրով նվազել է: Հայաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տարածքային փոխանակումներ խորհրդային տարիներին եղել են բազմիցս, հատկապես 1922-1936 թվականներին, երբ հարեւան երեք հանրապետությունները Անդրֆեդերացիա միասնական անվան տակ՝ Թիֆլիս մայրաքաղաքով, մաս էին կազմում ԽՍՀՄ-ին:
Ներկայացնենք մի քանի փոխանակումներ:
Մեղրիի շրջանի թաթաբնակ (հետագայում ադրբեջանական դարձած) Նյուվադի, այսօր՝ Նռնաձոր գյուղը միայն 1928 թ. է միացվել Խորհրդային Հայաստանին, իսկ մինչ այդ եղել է Խորհրդային Ադրբեջանի կազմում: Նախիջեւանի մի քանի սահմանային հայկական գյուղեր միացվել են Վայքի՝ նախկինում Ազիզբեկովի շրջանին:
Արծվաշենը 1927 թ. անկլավ չէր Ադրբեջանի ներսում, այլ պատկանում էր նրա Գետաբեկի շրջանին, իսկ Վարդենիսի եւ Ջերմուկի միջեւ գտնվող Ալ լճերը Հայաստանի կազմում էին, այլ ոչ Քելբաջարի:
Ինչպես վկայում են քարտեզագիրները, 1927 թ. հրատարակված քարտեզում, որը պահվում է Մոսկվայի Ռուսական պետական գրադարանում, հստակ նկատելի է, որ հայ-ադրբեջանական հողային փախանակումների վերջնարդյունքում Հայաստանն ավելի կորցրել է, քան շահել:
Ամենաակնառու կորուստը Լաչինի շրջանում էր: Խորհրդային Հայաստանն ու Ադրբեջանի կազմում 1923-ին ձեւավորված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) ընդհանուր սահման են ունեցել, սակայն տարիների ընթացքում այն վերացվել է: 1992 թ. մայիսի կեսերին, երբ բացվեց Լաչինի մարդասիրական միջանցքը, Հայաստանի եւ Արցախի միջեւ ցամաքային հեռավորությունն արդեն հասել էր 7 կիլոմետրի:
1936 թ. Խորհրդային Միության նոր սահմանադրությամբ Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններն առանձին-առանձին մտնում են ԽՍՀՄ-ի կազմի մեջ: Երեք հանրապետությունների սահմանները վերջնականապես ֆիքսվում է ԽՍՀՄ երկրաբանության եւ քարտեզագրության կոմիտեների կողմից:
Նկատենք, որ ՌԴ-ի կոմունիստական վերնախավը, ինչպես մյուս բոլոր կարեւոր դեպքերում, այնպես էլ այսրկովկասյան երեք հանրապետությունների միջեւ գոյություն ունեցող սահմանային հարցերը՝ որպես կանոն, լուծում էր կուսակցական վերնախավի կամայական որոշումներով եւ մեծ մասամբ ի վնաս Հայաստանի: Իսկ անհամաձայնություններն ու դժգոհությունները «պարուրում» էին ինտերնացիոնալի եւ ժողովուրդների հավերժ բարեկամության կապանք-շղարշով:
Մեր օրերում նույնպես հիմնախնդրի լուծմանը փորձում է լուծումներ գտնել դեռեւս տարածաշրջանում վճռական ձայնի իրավունքը պահպանող Ռուսաստանի Դաշնությունը (ՌԴ):
Շարունակությունը` «Հետխորհրդային շրջան», հաջորդիվ
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պգդ, պրոֆեսոր