Ոչ այնքան հեռավոր անցյալում «խղճի կալանավորի» համարում ունեցող` ադրբեջանցի լրագրող Ֆաթուլլաեւը «թուրքական օրագրի» հերթական հրապարակման մեջ, վկայակոչելով Թուրքիայի «առաջատար վերլուծական կենտրոնի փորձագետին, որը մոտ է հատուկ ծառայություններին», փոխանցել է վերջինիս կարծիքն այն մասին, որ «Էրդողանը պայքարում է ոչ թե նուրսիականների կամ «Հիզմեթ» շարժման, այլ` ԿՀՎ-ի եւ Մ. Նահանգների դեմ, դա պայքար է հանուն երկրի անկախության, քանի որ Մուստաֆա Քեմալից հետո Թուրքիան երբեք իրական քաղաքական անկախություն չի ունեցել»:
Հետաքրքրականն այստեղ Քեմալ- Էրդողան համեմատությունը չէ, ոչ էլ այն, որ թուրք փորձագետը Մ. Նահանգներն անվանել է «իմպերիալիստական երկիր»: Աչքի է զարնում այլ հանգամանք. թուրքական հատուկ ծառայություններին «մոտ վերլուծական կենտրոնի» աշխատակիցն ադրբեջանցի լրագրողին բաց տեքստով ասել է, որ Էրդողանը լուրջ ակնկալիքներ ունի Ադրբեջանի ղեկավարությունից: «Էրդողանի ցուցակում երկրորդը կրոնական կազմակերպությունների հարցերով պետական կոմիտեի նախագահ Էլշադ Իսկենդերովն է»,- պնդել է թուրք փորձագետը: Խոսքն այն ցուցակի մասին է, որ Բաքու այցելության ժամանակ Իլհամ Ալիեւին է փոխանցել Թուրքիայի վարչապետը:
Ընդ որում, թուրք վերլուծաբանը համարում է, որ Իսկենդերովը «խորամանկ, ցինիկ, խարդախ, անսկզբունքային կարիերիստ է, որ հանուն իշխանության պատրաստ է դավաճանել Գյուլենին եւ անցնել սատանայի մոտ»,- եւ դա իրենց «խիստ անհանգստացնում է»: Պարզվում է, որ Էլշադ Իսկենդերովը Բաքվի իշխանական համակարգում պատահական անձնավորություն չէ: Նա Ադր. ԽՍՀ ՊԱԿ-ի տնտեսական վարչության պետ Հուսեյն Իսկենդերովի որդին է, ինքն էլ ժամանակին հանդիսացել է ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակից:
«Մեր ծառայությունների օպերատիվ տվյալներով` Իսկենդերովը եւ Էլնուր Ասլանովը (Իլհամ Ալիեւի աշխատակազմի տեղեկատվական ապահովության բաժնի նախկին պետը- Վ. Ա.) մշակել են գործողությունների հստակ ծրագիր` հանրամատչելի դարձնելու նուրսիական գրականությունն Ադրբեջանում եւ սկսել են իրագործել այն»,- Ֆաթուլլաեւին ասել է թուրք վերլուծաբանը եւ ավելացրել, որ թուրքական հատուկ ծառայություններն այդ «բոլոր նյութերը փոխանցել են» Ադրբեջանին: Նա միաժամանակ դժգոհել է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները «բաց են թողել այդ հեռահար կոմբինացիան»` նկատի ունենալով Էլշադ Իսկենդերովի նշանակումը կրոնական կազմակերպությունների հարցերով պետական կոմիտեի նախագահի պաշտոնում:
Հնարավոր է` Ֆաթուլլաեւը ոչ մի «թուրք վերլուծաբանի» էլ չի հանդիպել, այն էլ` Անկարայում: Բայց դա չէ խնդիրը: Փաստացի ստացվում է, որ Ադրբեջանում պետական բարձր պաշտոնի է նշանակվել մի անձնավորություն, որը «ժամանակին ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության աշխատակցի» քողածածկույթի տակ ԱՄՆ-ում զբաղվել է Թուրքիայի դեմ «իմպերիալիստական դավադրության» կազմակերպման հարցերով:
Նկատի ունենալով հանրահայտ իրողությունը, որ Ադրբեջանի իշխանական համակարգում պաշտոն ստանում են միայն նրանք, որ «գործով ապացուցել են հավատարմությունը համազգային առաջնորդ Հեյդար Ալիեւի իմաստուն քաղաքական ուղեգծին», բացառվում է, որ Իլհամ Ալիեւը հիմնովին տեղյակ չի եղել Էլշադ Իսկենդերովի «դոսյեին»: Այս դեպքում ինչո՞ւ է նա նշանակվել կրոնական կազմակերպությունների հարցերով պետական կոմիտեի նախագահ: Բացատրությունը մեկն է` Իսկենդերովը Մ. Նահանգներում գործել է Իլհամ Ալիեւի իմացությամբ: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը նույնպես մասնակցել է Թուրքիայի դեմ «իմպերիալիստական դավադրության կազմակերպմանը»:
Այսպիսով, հասկանալի է դառնում, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը չի թուլացել: Իլհամ Ալիեւը չի պաշտոնազրկել Էլշադ Իսկենդերովին, ուրեմն եւ` չի կատարել Էրդողանի «խնդրանքը»: Նույն օրը, երբ Ֆաթուլլաեւն իր «թուրքական օրագրի» հերթական հատվածն է հրապարակել, «Թուրան» գործակալությունը տարածել է Թուրքիայի նախկին արտգործնախարար Հիքմեթ Չեթինի հետ հարցազրույցը:
Այնտեղ կա այսպիսի ճակատային հարց. «Ինչու՞ է Թուրքիան մերժել ռազմական ավելի խոր համագործակցության մասին նոր պայմանագիր ստորագրելու Ադրբեջանի առաջարկը»: Չեթինի պատասխանը «դիվանագիտորեն» աննրբանկատ է, նախկին արտգործնախարարը հիշեցրել է, թե ինչպես է Թուրքիան «անկախության առաջին տարիներին ամեն ինչով, այդ թվում եւ` ռազմական միջոցներով, օգնել, որպեսզի Ադրբեջանը ոտքի կանգնի, հետեւաբար հարկ չկա, որպեսզի շատ բան անպայման իրավական ձեւակերպում ստանա»:
Պետք է, թերեւս, ենթադրել, որ Թուրքիան Ադրբեջանի առաջարկը չի ընդունել, քանի որ Իլհամ Ալիեւը մինչեւ վերջ չի ընդառաջել Էրդողանի «խնդրանքին»: Այդուհանդերձ, Ադրբեջանում ինչ-որ խորքային գործընթացներ են սկսվել: Անցյալ շաբաթ ձերբակալվել, ապա եռամսյա կալանքի է վերցվել Ադրբեջանի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար, դեր-ծովակալ Շահին Սուլթանովը: Նրան «պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական ունեցվածքը յուրացնելու» մեղադրանք է առաջադրվել: Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը, սակայն, «Ենի մուսավաթ» թերթին ասել է, որ Սուլթանովը «այլ երկրի է փոխանցել պետական գաղտնիքներ եւ պետք է դատվի որպես հայրենիքի դավաճան»:
Ադրբեջանի իրավապահ մարմինները չեն արձագանքել Ջաֆարովի «բացահայտումներին», ինչից կարելի է ենթադրել, որ դեր-ծովակալ Սուլթանովի գործը չափազանց բարձր վերահսկողության ներքո է եւ հենց այդ ատյաններից էլ Ջաֆարովի համար կազմակերպվել է «տեղեկատվական արտահոսք»: Ավելացնենք, որ Ջաֆարովի ասելով` «մի խումբ բարձրաստիճան սպաներ շարունակում են օտար պետություններին տեղեկություններ հաղորդել ռազմածովային ուժերում եւ առհասարակ պաշտպանության նախարարությունում իրական վիճակի մասին»:
Ավելի վաղ, ինչպես գրել էինք նախորդ հոդվածում, «Հայաստանի օգտին լրտեսության» մեղադրանքով կալանավորվել է «Զերկալո» թերթի մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը: Ապրիլի 28-ին Բաքվի «Հեյդար Ալիեւ» միջազգային օդանավակայանից բերման են ենթարկվել Լեյլա եւ Արիֆ Յունուսովները, որոնք պատրաստվում էին մեկնել Փարիզ: Համացանցում հայտնվել է տեսահոլովակ, որտեղ Լեյլա Յունուսովան պատմում է կրած նվաստացումների մասին:
Դա Ադրբեջանի իշխող վարչախմբի իրական դեմքը բացահայտող պատմություն է: Այնուամենայնիվ, հայտնի չէ, թե ինչո՞ւմ են մեղադրվում Յունուսովները: Ենթադրություններ կան, որ նրանք «անցնում են Միրկադիրովի գործով»: Լեյլա Յունուսովան, սակայն, ամեն ինչ համարում է «պետական պատվեր»: Նա ասել է, որ Արեւելյան գործընկերության գագաթաժողովում Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան», ինչից հետո ինքը միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին է «ներկայացրել 130 քաղբանտարկյալի անուն, որի համար իշխանությունը վրեժ է լուծում»:
Յունուսովայի մեկնաբանությամբ` ինքը եւ ամուսինը` կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովը «հայտնվել են այն ոչ իշխանական անձանց ցուցակում, որոնց հետ հանդիպելու ցանկություն է արտահայտել Ֆրանսիայի նախագահ Օլանդը` Բաքու կատարելիք այցի շրջանակներում», ուստի եւ «իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի դա տեղի չունենա»: Ընդսմին, տեղեկություններ կան, որ Յունուսովներն օդանավակայան էին հասել «Բաքվում Ֆրանսիայի դեսպանոթւյան մեքենայով եւ ունեին հինգ տարվա շենգենյան վիզա»: Բաքվում Ֆրանսիայի դեսպանությունը չի անդրադարձել ադրբեջանական մամուլի այս «բացահայտումներին»:
Նույն օրն Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունում հարցաքննվել է Միլլի մեջլիսի պատգամավոր Ջեյհուն Օսմանլին: Ադրբեջանական հատուկ ծառայությունները հետաքրքրվել են Օսմանլիի` ԱՄՆ ոչ կառավարական կազմակերպությունների հետ ունեցած «ֆինանսական հարաբերություններով»: Հատուկ ծառայությունները կասկածում են, որ «ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսական օժանդակությամբ Օսմանլին Ադրբեջանում ստեղծել եւ գլխավորել է «գունավոր հեղափոխականների» խմբեր, հիմնականում` սոցիալական ցանցերում»: Որոշ աղբյուրներ վստահեցնում են, որ Ջեյհուն Օսմանլին արդեն իսկ կալանավորված է եւ «մոտակա օրերին կզրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից»:
«Իմպերիալիզմի գործակալների» դեմ իշխանությունների սկսած համակարգված արշավի համապատկերին բավական հետաքրքրաշարժ հայտարարություն է արել Իլհամ Ալիեւի աշխատակազմում արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Նովրուզ Մամեդովը: Կրկնելով «երկակի ստանդարտների թեզը», Մամեդովը Եվրոմիությանն ուղղակի մեղադրել է, որ «վերջին տարիներին չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» եւ եզրահանգել, որ Ադրբեջանը «դրանից լուրջ հետեւություններ է արել եւ չի կարող ընտրել իր շահերին չհամապատասխանող ուղղություն»:
Գրեթե միաժամանակ էլ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը, խոսելով Եվրոմիություն- Ադրբեջան հարաբերությունների մասին, «Թուրան» գործակալության փոխանցմամբ, կարծիք է հայտնել, որ «ասոցիացիան ոչ Ադրբեջանին է ձեռնտու, ոչ` Եվրոմիությանը»: Ըստ Մամեդյարովի, Ադրբեջանը «Հարավային Կովկասում Եվրոմիության ամենալուրջ տնտեսական գործընկերն է»:
Միաժամանակ, գրեթե սենսացիոն «բացահայում է արել» արտաքին քաղաքական հարցերով Ադրբեջանի նախկին պետական խորհրդական Վաֆա Գուլուզադեն: Նա հիշեցրել է, որ 1998-ին Ֆրանսիայի նախագահ Շիրակի այցն Ադրբեջան «լիովին նախապատրաստված էր», սակայն վերջին պահին այն տեղի չի ունեցել, քանի որ Շիրակն ասել է, որ «պետք է այցելի նաեւ Հայաստան, իսկ այնտեղ իրեն կարող են հորդորել, որպեսզի նաեւ Լեռնային Ղարաբաղ այցելի»:
Նկատի ունենալով, որ սպասվում է Ֆրանսիայի նախագահ Օլանդի այցը Հարավային Կովկասի երկրներ, Գուլուզադեն ադրբեջանական իշխանություններին զգուշացրել է, թե «հնարավոր է` Օլանդը Լեռնային Ղարաբաղ այցելելու ցանկություն ունենա, պետք է ամեն ինչ անել, որպեսզի դա տեղի չունենա»: Չի բացառված, որ ադրբեջանական կողմը պատրվակ է որոնում, որպեսզի խափանի Ֆրանսիայի նախագահի տարածաշրջանային այցը, եւ Գուլուզադեն ընդամենը խոսափողի դեր է կատարել: Մնում է գուշակել, թե ինչո՞վ Ադրբեջանին ձեռնտու չէ, որ այս պահին Ֆրանսիայի նախագահը ժամանի Հարավային Կովկաս: Հնարավոր է` Բաքվում չեն ցանկանում, որպեսզի Ֆրանսուա Օլանդը տարածաշրջանում գտնվի այն օրերին, երբ լրանում է Լեռնային Ղարաբաղի հետ զինադադարի հաստատման 20 տարին: Չէ՞ որ Ֆրանսիայի նախագահը կարող է առիթն օգտագործել եւ Ադրբեջանին կոչ անել, որպեսզի ստորագրվի խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու մասին նոր համաձայնագիր, ինչից Բաքուն մշտապես խուսափում է:
Չի կարելի, միաժամանակ, բացառել, որ Գուլուզադեի մակարդակով Ֆրանսիայի նախագահի դեմ կազմակերպված «դեմարշը» նաեւ ավելի խորքային շարժառիթներ ունենա: Թեեւ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ հետեւողականորեն թեժ են պահում «Ղրիմի օկուպացիայի» եւ Ուկրաինայի հարավ-արեւելյան մարզերում «Պուտինի գործակալների կազմակերպած խժդժությունների» թեման, պաշտոնական Բաքուն ուկրաինական իրադարձությունների կապակցությամբ որեւէ տեսակետ արտահայտելուց շարունակում է ձեռնպահ մնալ:
Անցյալ շաբաթ Բաքվում կազմակերպված մի միջոցառման մասնակցել է նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Յուշչենկոն, որը «բոցաշունչ» ճառ է արտասանել «Ղրիմի եւ Լեռնային Ղարաբաղի օկուպացման» մասին: Ադրբեջանական պաշտոնական շրջանակները, սակայն, Յուշչենկոյի ոգեւորությունը, մեղմ ասած, չեն կիսել եւ Ռուսաստանի դեմ բացարձակապես ոչինչ չեն ասել:
Ավելին, ապրիլի 29-ին Բաքվում տեղի է ունեցել մի իրադարձություն, որը կարելի է խիստ խորհրդանշական համարել: «Ադրբեջանի հանրային եւ քաղաքական գործիչների մի խումբ, ադրբեջանցի հայտնի կրեմլամետ քաղաքական գործիչ, Ռուսաստանի երկրորդ դասի պետական խորհրդական Իլգար Կուսիմովի նախագահությամբ հայտարարել է Ադրբեջանում Եվրասիական շարժում հիմնադրելու մասին»,- տեղեկագրել է contact.az-ը:
Այլ պարագաներում Իլգար Կասիմովը կհայտարարվեր «օտարահպատակ գործակալ» եւ առնվազն կարտաքսվեր: Բայց Իլհամ Ալիեւի վիճակն, ըստ ամենայնի, աննախանձելի է, եթե նա փորձում է կառչել Ադրբեջանում Եվրասիական շարժում ստեղծելու «փրփուրներից»: Թե` դա Թուրքիայի «հակաիմպերիալիստական պայքարին» նրա բերած ներդրու՞մն է: Մանավանդ որ Ադրբեջանում եթե «գործակալներ հայտնաբերվում են», ապա` միայն «իմպերիալիստական երկրների»: Մինչդեռ բոլորովին վերջերս, Բաքվի «քաղաքագիտական դասը» բարբառում էր «հյուսիսից Ադրբեջանի ինքնիշխանությանն սպառնացող վտանգի մասին»:
Ստեփանակերտ