ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Ամերիկացի համանախագահը հանրության ականջն է գցում այն, ինչ տարիներ շարունակ «մատուցում են» բանակցողներին
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշումը տարիների ընթացքում առանձնակի չի փոխվել, սակայն երբ ներկայացվում է առանձին` առնվազն ձեւակերպումների առումով ակնհայտորեն տարբերվում է նրանից, ինչ մատուցվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների անունից արված հայտարարություններում:
Մայիսի 7-ին Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում ելույթով հանդես եկավ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` ներկայացնելով խնդրի կարգավորման ուղիների առնչությամբ ամերիկյան մոտեցումները: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայության փոխանցմամբ, Ուորլիքը նախ որոշակի առումով ամփոփել է իր` որպես համանախագահ գործունեության 8 ամիսները, ապա նաեւ ներկայացրել, թե հարցի լուծման ինչ ուղիներ են տեսնում Միացյալ Նահանգներում:
«Երբ ես անցյալ տարի աշնանը առաջին անգամ ուղեւորվեցի Բաքու եւ Երեւան, ես փոխանցեցի Նախագահ Օբամայի գրավոր հավաստիքներն ու վերահաստատումն առ այն, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը` որպես Մինսկի խմբի համանախագահ եւ որպես երկու պետությունների սերտ գործընկեր: Փոխզիջումների շրջանակն այդ պահի դրությամբ արդեն իսկ հաստատված էր, եւ իմ ուղերձն այն էր, որ ժամանակն է նորովի ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար», նշել է դեսպան Ուորլիքը:
Այդուհետեւ Ուորլիքը ներկայացրել է «հաստատված» փոխզիջման հիմնական տարրերը, որոնք, ըստ նրա, հանրայնացվել են նախագահներ Օբամայի, Մեդվեդեւի եւ Սարկոզիի 2009թ. Լ՛Աքվիլայի եւ 2010թ. Մուսկոկայի համատեղ հայտարարություններում: «Այս սկզբունքներն ու տարրերը կազմում են Մինսկի խմբի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության հիմքը», նշել է դեսպանը, թեեւ ակնհայտ է, որ ձեւակերպումների ու մանրամասների առումով տարբերություններ կան:
«Պայմանավորվածության առանցքը ՄԱԿ-ի խարտիան է ու համապատասխան փաստաթղթերը եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները: Մասնավորապես, մեր ուշադրության կենտրոնում են այն սկզբունքներն ու հանձնառությունները, որոնք վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը եւ ազգերի հավասար իրավունքներին ու ինքնորոշմանը», դեսպանի այս խոսքերը քանիցս կրկնվել ու հաստատվել են:
Ուորլիքը հարկ է համարել շեշտել, որ կան վեց տարրեր, որոնք պետք է խաղաղության համաձայնագրի մաս կազմեն, որ այն տեւական լինի: «Այս տարրերի հերթականությունը եւ դրանց հետ կապված մանրամասներն, անշուշտ, բանակցությունների միջոցով պետք է որոշվեն, սակայն դրանք պետք է դիտարկվեն որպես անբաժանելի ամբողջականություն: Որոշ տարրեր պահելու, որոշ տարրեր դուրս թողնելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը»:
Առանց որոշակի հերթականության Ուորլիքը ներկայացնում է, որ, առաջին, «հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունըՙ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված եւ իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով ապագայում»: Այնինչ Լ՛Աքվիլայի եւ Մուսկոկայի հայտարարություններում, որոնց Ուորլիքը հղում է անում, չկա «փոխադարձաբար համաձայնեցված» ձեւակերպումը:
«Երկրորդ, նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ եւ ինքնակառավարում», ասում է Ուորլիքը այն դեպքում, երբ Լ՛Աքվիլայի եւ Մուսկոկայի հայտարարություններում միջանկյալ կարգավիճակի մասով նշվում է «Լեռնային Ղարաբաղ», այլ ոչ թե ինչ-որ նախկին սահմաններով տարածք:
Երրորդ, «Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել եւ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի»: Սա եւս, իհարկե, մասամբ ուորլիքյան մեկնաբանությամբ է մատուցված, քանի որ ԼԱքվիլայի հայտարարության մեր «գրավյալ» պիտակումը չկա, բայց կա Մուսկոկայի հայտարարության տեսքտում: Միեւնույն ժամանակ, ուկրաինական իրադարձությունների ֆոնին մի տեսակ շեշտադրված է Ադրբեջանի «ինքնիշխանության ճանաչումը»` թերեւս համատեքստից դուրս ուղերձների նպատակով:
«Չորրորդ, պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը»: Այ սա որոշակի առումով լրիվ «թարմացված» մոտեցում է, քանի որ նախկինում երբեք չի նշվել, թե Լաչինը կարող է մասնատվել: Նախկինում որեւէ պարագայում այսպիսի մոտեցում չի բարձրաձայնվել, ընդ որում` Լ՛Աքվիլայի եւ Մուսկոկայի հայտարարություններում այդ առնչությամբ որեւէ մանրամասն նշված չէր:
«Հինգերորդ, տեւական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը»: Սա գրեթե բոլոր հայտարարություններում առկա ձեւակերպում է ճիշտ այնպես, ինչպես վերջին`վեցերորդ կետը, ըստ որի «կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»:
Ելույթի մնացյալ տեստքը Ուորլիքի դիտարկումներն ու ցանկություններն են, որոնք դեսպանը նախանձելի հաճախականությամբ ներկայացնում է միշտ թվիթերյան իր միկրոբլոգում: Իսկ վերը նշված բոլոր ձեւակերպումներն էլ, Ուորլիքի բացատրությամբ, ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահների անունից է, այլ ներկայացնում է ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությունը, որով «առաջնորդվում ենք խաղաղության հասնելու հարցում կողմերին օգնություն ցուցաբերելու մեր ներգրավվածության շրջանակում»: Ընդ որում, «խաղաղությունը հասանելի է: Կողմերն հասել են մի այնպիսի կետի, երբ հետագա ընթացքի վերաբերյալ դիրքորոշումները շատ բեւեռացված չեն»:
Ուորլիքի խոսքերում եւս մեկ հետաքրքրական պահ կա: «Կա սկզբունքների, ըմբռնումների ու փաստաթղթերի մի ամբողջություն, որն արդեն շրջանառվել է եւ ուրվագծում է համաձայնությունը. եւ ոչ ոք չի առաջարկել, որ մենք դրանք մի կողմ դնենք», սա ասվում է այն պարագայում, երբ հարեւան Ադրբեջանը մի քանի անգամ փորձել է նոր առաջարկներով հանդես գալ, փոխել, շրջել եղած մոտեցումներն ու փաստորեն ջուրը լցնել համաձայնություն ձեռք բերելու աշխատանքները:
Հետաքրքրական է նաեւ, որ խաղաղության «Հայաստանն անմիջապես կշահի բաց սահմաններից, ավելի մեծ անվտանգությունից, առեւտրի, ուղեւորությունների եւ իր բոլոր հարեւանների հետ կապերի նոր հնարավորություններից»: «Ադրբեջանը կկարողանա վերացնել այն հիմնական խոչընդոտը, որ կանգնած է իր` որպես համաշխարհային խաղացող, տարածաշրջանային առեւտրային կենտրոն եւ անվտանգության ոլորտի ամուր գործընկեր կայանալու ճանապարհին` միաժամանակ հաշտեցման ու վերադարձի հեռանկար բացելով հարյուր հազարավոր փախստականների ու ներքին տեղահանված անձանց համար»: (Մի քիչ շատ չէ՞ Ադրբեջանին ուղղված շոյանքը… – Վ.Պ.):
«Իսկ Լեռնային Ղարաբաղում բնակվող հազարավոր մարդիկ կկարողանան ազատվել մեկուսացման ու կախվածության կապանքներից»: Սա էլ արցախցիների օգուտը կլինի խաղաղությունից:
Խաղաղության համաձայնագիրըՙ «պատշաճ կերպով մշակված ու իրականացված», ըստ Ուորլիքի, վերջ կդնի նաեւ սահմանի ու շփման գծի երկայնքով մարդկային կորուստների ողբերգական ու կայուն շարքին թե՛ զինվորական, թե՛ քաղաքացիական անձանց շրջանում: «Ոչ պակաս կարեւոր է այն մեծ ֆինանսական բեռը, որը մարտական պատրաստականության ու սպառազինությունների մրցավազքի արդյունքում կրում են պետական բյուջեները. դա խաղաղության շահաբաժինն է, որը առավել արդյունավետ օգտագործման դեպքում ինքնին ի զորու է փոխել իրավիճակը թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար»:
Ուորլիքը հիշեցնում է. «Հաջորդ շաբաթ նշում ենք հրադադարի համաձայնագրի ստորագրման 20 տարին: Թեպետ կարող ենք հպարտանալ, որ կարողացել ենք խուսափել բացահայտ պատերազմի վերսկսումից, սակայն պետք է նաեւ համաձայնենք, որ ներկայիս իրավիճակն անընդունելի է ու երերուն: Անվերջ բանակցություններ, բռնության պարբերական պոռթկումներ, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղում բնակվողների մեկուսացում, հուսահատություն Ադրբեջանում եւ վրդովմունք վերջինիս ներքին տեղահանվածների շրջանում. սա խաղաղության ու կայունության բաղադրատոմսը չէ, սա նաեւ բարգավաճման ուղին չէ»:
Ամերիկացի դեսպանն ընդունել է, որ «Կողմերն ամեն տարի հրադադարի խախտման մասին հազարավոր հաղորդումներ են ներկայացնում, սակայն մենք անկարող ենք գտնվել համաձայնության գալ որեւէ միջոցի շուրջ, որը կնվազեցներ այդ դրսեւորումները»:
Այս հարցում անկարող են, անկարող են նաեւ կողմերի ժողովուրդների միջեւ շփումներ ապահովելու: Եվ երկու դեպքում էլ խնդիրներ հարուցողն ադրբեջանական կողմն է, որի հետ Ուորլիքի «ջրերը մի առվով չեն հոսում»: Թեեւ մյուս կողմից` ո՞ւմ հետ են հոսում որ…