Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 4-րդ նիստում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական մեկնարկը, որով փաստորեն սկսվում է համազգային մեր կարողությունների, եռանդի ու նպատակասլացության ստուգատեսըՙ ազգային մեր տեսլականի իրականացման ճանապարհին, որը խոստանում է դեռ երկար լինել:
Բնականաբար կրավորական դիրք չի ընդունել եւ չի ընդունելու Թուրքիան, որի պատրաստած ծուղակներին ու հակաքայլերին, որոնք ամենեւին նոր չեն, պատրաստ պետք է լինենք աչալրջորեն: Առայժմ հայտնի է միայն, որ Անկարան պատրաստվում է անցնել հուժկու հակահարձակողականիՙ մեր ջանքերի ազդեցությունը նսեմացնելու եւ Ոճիրը որպես «համընդհանուր ողբերգության» հետեւանք ցույց տալու ուղղությամբ:
Դեռեւս 3 տարի առաջ, Ստամբուլում, միջազգային մի ֆորումի ժամանակ, որի մասնակիցները բացառաբար օտարազգիներ էին, պատասխանելով իմ մեկ հարցին, արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն հարկ համարեց նշել, որ իր երկիրը պատրաստվում է 1915 թ.ին միջազգային տարողությամբ, տարբեր երկրներ ծովային ուժերի մասնակցությամբ, նշել Գալիբոլուիՙ Դարդանելի նեղուցի ճակատամարտի 100-ամյակը: (Ինչպես հայտնի է, ճակատագրական այդ ճակատամարտում անգլիական ու ֆրանսիական ռազմանավերին չհաջողվեց վերջնականապես կազմաքանդել Դարդանելի նեղուցի երկու կողմերում գերմանա-թուրքական հրետանային պաշտպանությունը, ինչը ճակատագրական եղավ ոչ միայն Անտանտի երկրների ու հատկապես Ռուսաստանի, այլեւ, առաջին հերթին, մեր ժողովրդի համար)՛:
Նույնՙ Ցեղասպանության 100-րդ տարելիցի մեր պետական հանձնաժողովի նիստում ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը տեղեկացրեց, որ թուրքերը պատրաստվում են այդ ճակատամարտի 100-ամյակը նշել 2015 թ. ապրիլի 25-ին, այսինքնՙ ճիշտ հաջորդ օրը Ապրիլի 24-ի… Այնինչ Դարդանելի վերջին հրետանակոծումները տեղի են ունեցել, ըստ դրան ականատեսՙ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մարգենթաուի հուշերի, 1915-ի մարտի 18-ին, որից հետո, ծանր կորուստներ կրելով, անգլո-ֆրանսիական ռազմանավերը հեռացել են դեպի Միջերկրական ծով, այլեւս չվերադառնալու համար, առանց իմանալու, որ եւս 15 րոպե Դարդանելի ամրությունները ռմբակոծելու դեպքում թուրքերի (գերմանացիների) մոտ որեւէ արկ մնացած չէր լինելու:
Անշուշտ որեւէ երկիր, այդ թվում Թուրքիան, իրավունք ունի նշելու 100-ամյակը Առաջին աշխարհամարտի, որպես մասնակիցը դրա: Կարող է նաեւ առանձին կարեւորությամբ նշել այս կամ այն ճակատամարտի տարեդարձը: Սակայնՙ առանց խախտելու թվականները: Ընթացիկ տարին 100-ամյակն է այդ աշխարհակործան պատերազմի, որին Թուրքիան գործնականորեն մասնակցել է 1914-ի սեպտ.ի 27-ից սկսյալ, իսկ Դարդանելի ճակատամարտը, ինչպես տեսանք, ավարտվել է հաջորդ տարվա մարտի 18-ին:
Հետեւաբար թվականների այս խաղը, պատմական իրողությունների այս ձեռնածությունը ունի ընդամենը մեկ նպատակՙ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը վերածել կոկորդիլոսի արցունքներով հեղեղված թուրքական հաղթական տարեդարձի: