Կամ` Յանուկովիչի եւ Պորոշենկոյի միջեւ
Ոչ վաղ անցյալում, երբ Կիեւի Մայդանում ԱՄՆ եւ ԵՄ բացահայտ աջակցությամբ ընթանում էին հակակառավարական ցույցեր, որոնք վերածվեցին բազմաթիվ զոհերով ուղեկցվող զինված բախումների, արեւմտյան «արժեքների» հայ հետեւորդները Հայաստանում ինչ-ինչ «ակցիաներ» էին անցկացնում: Ուկրաինայի այդ պահի նախագահ Վիկտոր Յանուկովիչին «բռնակալ», «օլիգարխ» եւ այլ բնորոշումներ տալով, Արեւմուտքից ֆինանսավորվող ՀԿ-ների ներկայացուցիչները ակամայից հաստատում էին, որ Կիեւում տեղի ունեցող իրադարձությունները եւ Հայաստանում իրենց հայտարարություններն ուղղորդվում են մեկ կենտրոնից: Նրանց առանձնապես չէր հետաքրքում, որ Վիկտոր Յանուկովիչն այդպես էլ չհրահանգեց կարգուկանոնը պաշտպանող ոստիկանությանը եւ «Բերկուտի» մարտիկներին անհրաժեշտության դեպքում զենք կիրառել, ինչի պատճառով նրանցից շատերը դարձան առանց տատանվելու զենք գործածող մայդանականների զոհը: Հայ մայդանականնեն այդ ժամանակ իրենց «ակտիվիզմի» մեջ ավելի առաջ գնացին:
Մի քանի գրանտակերներ գնացին Սպիտակ եւ այնտեղ գտնվող Յանուկովիչի անվան հրապարակն «անվանակոչեցին» մայդանի բախումների ժամանակ զոհված հայ երիտասարդ Սերգեյ Նիգոյանի անունով: Ասել, որ նրանց արածը ոչ այլ ինչ է, քան մանր խուլիգանություն, նշանակում է ոչինչ չասել: Նախ, որքան էլ ցավալի էր հայ երիտասարդի մահը, բայց պետք է ասել, որ նա զոհ դարձավ այլ երկրի ներքաղաքական բախումներին` ի տարբերություն այդ նույն օրերին հայրենիքը պաշտպանելիս զոհված Արմեն Հովհաննիսյանի:
Հաջորդ խնդիրն այն է, որ իրենց այս քայլը հայ «մարդասերները» պատճառաբանում էին ուկրաինական դեպքերի զոհերով, որոնք, նրանց պնդմամբ, Յանուկովիչի մեղքով էին, որն, ինչպես արդեն նշեցինք, չհամարձակվեց կամ չցանկացավ զենք կիրառելու հրահանգ տալ: Բացի դրանից, այն ժամանակ առիթ ունեցել ենք նշելու, որ հայ «ակտիվիստների» նման արարքը առնվազն երախտամոռության դրսեւորում էր մի մարդու նկատմամբ, որը 1988-ի երկրաշարժի ծանր ժամանակահատվածում մեզ օգնության հասած ուկրաինական շինարարական կազմակերպության ղեկավարն էր: Այսինքն, թքում ենք մեր դժվար պահին օգնության հասնողի երեսին: Նման պահվածքն, իհարկե, բնորոշ է հայ երիտասարդ «ակտիվիստների» համար, որոնք երկրաշարժի եւ աղետի գոտու մասին միայն լսածներով են պատկերացում կազմել կամ չեն էլ կազմել:
Անցան ամիսներ, Ուկրաինայում հեղաշրջման հետեւանքով իշխանության գլուխ եկան Արեւմուտքի հովանավորյալները: Դրան հաջորդեցին արյունալի իրադարձությունները այդ երկրի արեւելքում: Ի տարբերություն Յանուկովիչի, ուկրաինական նոր իշխանությունները վայրկյան անգամ չտատանվեցին իրենց իշխանությանն ընդդիմացողների եւ խաղաղ բնակիչների դեմ զենքի կիրառել: Դա կոչվեց «հակաահաբեկչական օպերացիա», որի զոհերն, այդ թվումՙ…, արդեն հարյուրներով են հաշվվում, իսկ հայ «մարդասեր» գրանտակերներն ասես խլացել կամ կուրացել են` ճիշտ այնպես` ինչպես իրենց տերերն Արեւմուտքում: Ոչ ոք ոչինչ չի ասում Դոնեցկի, Լուգանսկի, Սլավյանսկի հրետանային, օդային ռմբակոծությունների, զոհվող խաղաղ բնակիչների մասին, ոչ ոք ցույցեր չի անում Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան առջեւ:
Ուկրաինայում նոր նախագահ ընտրվեց «շոկոլադե արքա», «ՌՈՇԵՆ» ընկերության սեփականատեր Պյոտր Պորոշենկոն, անմիջապես հայտարարելով մի քանի ժամում «հակաահաբեկչական օպերացիան» ավարտելու անհրաժեշտության մասին: Եվրոպական «արժեքների» հայ հետեւորդները նախ «մոռացան», որ նոր նախագահը դարձյալ նույն ուկրաինական օլիգարխներից է, ապա խուլ ձեւացան արյունահեղությունը շարունակելու նրա հայտարարության հանդեպ: Ո՞ւր մնացին եվրոպական արժեքները, խաղաղ բնակչության դեմ զինված ուժ կիրառելու անթույլատրելիությունը, մարդկային կյանքը բարձրագույն արժեք լինելը, որ առատորեն հիշատակվում էին Կիեւի իրադարձությունների ժամանակ եւ այլն: Դրանք այս դեպքում դադարեցի՞ն արժեք լինել: Բնականաբար: Հակառակ դեպքում անմիջապես կկտրվեր արեւմուտքից հոսող այն նույն ոսկեբեր երակը, որի շնորհիվ հեղաշրջում տեղի ունեցավ Ուկրաինայում եւ որը հաց ու ջուր է մեր գրանտակերների համար: Հայտարարությունների եւ ցույցերի համար գումար ստացող այդ մարդիկ, որոնք մոռացել են աշխատելու եւ ստեղծագործելու ունակությունները, պարզապես սոված կմնան: Այս ամենը մի քանի իրողությունների մասին է վկայում:
Նախ, որ եվրոպական եւ ամերիկյան կառույցներում եւ նրանց ֆինանսավորված հայկական ՀԿ-ներում խոսք անգամ չի կարող լինել այլակարծության կամ ժողովրդավարության մասին: Երկրորդ, որ տեղական գրանտակերները նույն դրածոներն են, ինչ ուկրաինական հեղաշրջումն իրականացնողները: Երրորդ, այդ ՀԿ-ների ակտիվությունը այս եւ այլ հարցերով որեւէ առնչություն չունի հայ հասարակության եւ նրա կարծիքի հետ: Նրանց բողոքի ցույցերին սովորաբար մասնակցում են միայն իրենք` մի քանի տասնյակ մարդ: Ապացույցներ` «գազային» գործարքի, Հայաստանի` Մաքսային Միության կազմ մտնելու, Ռուսաստանի նախագահի Հայաստան այցելելու դեմ ցույցերը:
Մեկ այլ զավեշտալի փաստ` Հայաստանում ռուսամետ որեւէ ուժ անգամ բանավոր դժգոհություն չարտահայտեց, երբ ՀՀ նախագահը շնորհավորեց Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Տրամաբանության համաձայն, արեւմտյան գրանտակերները պետք է որ ողջունեին նման քայլը, նկատի ունենալով, որ Ռուսաստանի նախագահը դեռ չի էլ շնորհավորել Ուկրաինայի նախագահին, իսկ նրա դաշնակից Հայաստանի նախագահն արդեն շնորհավորել է: Սակայն ինչպե՞ս կարող էին նրանք Հայաստանի նախագահի այս քայլն իր անունով կոչել, երբ սովոր են միայն վարկաբեկել եւ փնովել սեփական երկիրը: Դրա համար գոնե պետք է լիներ Հայաստանում ԱՄՆ դեսանի կամ ԵՄ ներկայացուցչի համանման հայտարարությունը, ապա հաջորդող հրահանգըՙ անմիջական տերերից:
Մի խոսքով, ուկրաինական իրադարձություննների հայկական արտացոլումը հերթական անգամ հասատատեց, որ աշխարհում սեփական կարգուկանոնը պարտադրող Արեւմուտքի համար չկան համամարդկային կայուն արժեքներ, այլ կան դրանց կիրառման երկակի ստանդարտներ: Դրանք իրագործվում են ՀԿ-ների ֆինանսավորմամբ, քարոզչական տեխնոլոգիաներով, «ուղեղների լվացմամբ», իսկ անհրաժեշտության դեպքումՙ զինված հեղաշրջմամբ կամ միջամտությամբ` Սերբիա, Լիբիա, Սիրիա, Ուկրաինա: Հայաստանն այս շարքում բարեբախտաբար չի հայտնվել, բայց «հինգերորդ շարասյունը»` ի դեմս հայ գրանտակերների, միշտ կազմ ու պատրաստ է: