Աստանայի ժողովին գրեթե անմիջապես հաջորդեց Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի այցը Բաքու, որտեղ ռուսաստանցի պաշտոնյան չբացառեց ԵՏՄ-ին Ադրբեջանի միանալը: Ճիշտ է, Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաեւը հայտարարեց, թե իր երկիրը «չի պատրաստվում միանալ ոչ ԵՏՄ-ին, ոչ Եվրոմիությանը», բայց Բաքվի որոշ լրատվամիջոցներ ակնարկում են, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ «սկզբունքային բանակցություններ ընթանում են»:
ԵՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության խնդիրն առավել «նրբորեն» արծարծում են ռուսաստանցի փորձագետներն ու վերլուծաբանները: Դիտարժան է, որ այդ թեման նրանք գրեթե առանց բացառության զուգահեռում են Ռուսաստանից Ադրբեջանին զենքի եւ զինամթերքի մատակարարման իրողությանը եւ դիտել տալիս, որ «դա վկայում է կողմերի միջեւ բարձր մակարդակով վստահության մասին»: Եւ այստեղ, ըստ էության, նրանք չեն սխալվում: Ընդ որում, ռուսաստանյան եւ ադրբեջանական մամուլում երկու երկրների հարաբերությունները գնահատվում են որպես «ռազմավարական դաշնակցություն»:
Այս համապատկերին ընդգծելի է «Ազերթաջ» պետական գործակալության տարածած «վերլուծականը», որի առանցքային հղումն «աշխարհում ամերիկանիզմի ճգնաժամն» է: Հրապարակման հիմքում Իլհամ Ալիեւի աշխատակզմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի աղմկահարույց հարցազրույցն է, որտեղ ադրբեջանցի պաշտոնյան խիստ կոպիտ արտահայտություններ էր թույլ տվել Բաքվում ԱՄՆ դեսպան Մորնինգսթարի հասցեին: «Ազերթաջի» հրապարակումը «գալիս է հիմնավորելու, որ Մ. Նահանգներին սպասում է նույն ճակատագիրն` ինչ աշխարհի բոլոր կայսրություններին»:
Իլհամալիեւյան քարոզչամեքենան, ընդսմին, ԱՄՆ վերջին տարիների արտաքին քաղաքականությունը համեմատում է «պրոլետարական հեղափոխությունն արտահանելու»` խորհրդային իշխանությունների «ձախողված փորձի» հետ: Ըստ էության, պաշտոնական Բաքուն այդ կերպ հասկանալ է տալիս, որ ներքին կյանքում բարեփոխումներ անելու` արեւմտյան ընկերակցության հորդորներն իր համար անընդունելի են:
Ադրբեջանական մամուլը հեղեղված է Իլհամ Ալիեւի վարչախմբի դեմ «արեւմտյան դավադրության բացահայտման» թեմայով ամենաբազմազան հրապարակումներով: Բանը երբեմն հասնում է կատարյալ զավեշտի: Թերթերից մեկն, օրինակ, գրել էր, որ «Գերմանիայում օմբուդսմեն է նշանակվել Ադրբեջանի թշնամին, եւ Բեռլինում նախապատրաստվում է հերթական դավադրությունը»: Խոսքն ավելի վաղ ԵԽԽՎ-ում գերմանացի պատգամավորի մասին է, ով ժամանակին Եվրոպայի խորհրդում հանդես էր եկել Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային խախտումների եւ քաղբանտարկյալների մասին զեկույցով:
Առավել ծիծաղելի է haqqin.az-ի հրապարակումն այն մասին, որ Coca-Cola-ն «Ադրբեջանում նարնջագուն հեղափոխություն է քարոզում»: Բանն այն է, որ Coca-Cola Azerbaycan դուստր ընկերությունը Nida երիտասարդական կազմակերպության պատվերով թողարկել է «անհայտ քանակությամբ ըմպելիք` շշերի վրա մակնշելով այդ կազմակերպության լոգոտիպը»: Nida կազմակերպության մի խումբ անդամներ անցյալ տարվա մարտին Բաքվի կենտրոնում կազմակերպել էին բողոքի ակցիա` ընդդեմ բանակում սպանությունների: Նրանցից ոմանք ձերբակալվել, ապա դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման: Ստացվում է, որ Nida-ի լոգոտիպով շշալցված coca-cola-ն կարող է Ադրբեջանում «նարնջագույն հեղափոխություն սադրել»:
Ի դեպ, ադրբեջանական քրեակատարողական ծառայության աշխատակիցներին հաջողվել է հասնել նրան, որ ազատազրկման դատապարտված` Nida կազմակերպության անդամներից մեկն արդեն «մեղայականով» դիմել է Իլհամ Ալիեւին: Նամակում, որի տեքստն այդպես էլ լիովին չի հրապարակվել, անհայտ երիտասարդը «խոստովանել է, որ մասնակցել է զանգվածային անկարգությունների, ինչը հիմարություն էր»: Նա Իլհամ Ալիեւին խնդրել է, որպեսզի «մեծահոգաբար ների» իրեն: Ամենաուշագրավը, սակայն, այն է, որ երիտասարդ «հեղափոխականը» Բաքվում եւ Իսմայիլիի շրջանում անցյալ տարվա գարնանը «կազմակերպված զանգվածային անկարգությունների» համար մեղադրել է «Մուսավաթ» եւ Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցություններին, որոնք «ֆինանսավորվում են Արեւմուտքից եւ մտադիր են տապալել Ադրբեջանի օրինական իշխանությունը»:
Ըստ երեւույթին, դա է պատճառը, որ մայիսի 28-ին իշխանությունները «Մուսավաթ» եւ Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցություններին արգելել են «հանրապետության անկախության» տոնի առթիվ ծրագրված միջոցառումն անցկացնել Բաքվի կենտրոնում: Հանրահավաքի համար նրանց ցույց են տվել Բաքվի Նովխանի արվարձանի «կենտրոնական պուրակը», որտեղ տեղադրված է «Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության հայր» Մամեդ Էմին Ռասուլզադեի կիսանդրին: Ընդամենը 15 րոպեի արտոնություն ունենալով` հանրահավաքի կազմակերպիչները բավարարվել են նախագահի նախկին թեկնածու Ջամիլ Հասանլիի ելույթով:
Վերջինս հայտարարել է, որ ինքն է «Ադրբեջանի ընտրված նախագահը» եւ որ «ամեն ինչ պետք է անել, որպեսզի Ադրբեջանն օր առաջ ազատվի երկիրն օկուպացրած վարչախմբից»: Ընդ որում, Հասանլին շեշտադրել է, որ Ադրբեջանի «թիվ մեկ խնդիրը ոչ թե Լեռնային Ղարաբաղն է, այլ` մարդու իրավունքների ապահովումը, ներքին կյանքի ազատականացումը»: Իշխող վարչախումբն, ինչպես եւ սպասելի էր, Հասանլիին եւ առհասարակ ընդդիմությանը շարունակում է ներկայացնել իբրեւ «արեւմտյան ֆինանսական աղբյուրներից սնվող ազգային դավաճանների»:
Բաքվում հակաարեւմտյան վակխանալիան, թվում է, հասել է բարձրակետին: Փակվել է «Զերկալո» թերթը, որ տարիներ ի վեր համարվում էր Ադրբեջանի «արեւմտյան ընտրության» հիմնական քարոզիչը: Թերթի գլխավոր խմբագիր Շիխլինսկին ասել է, որ «խնդիրը միջոցների սղության մեջ է»: Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալությունից հետո իշխանությունները կալանք են դրել «Զերկալո»-ի բանկային հաշիվների վրա, ինչպես նաեւ թերթին զրկել պետական աջակցությունից:
«Թուրան» գործակալությունը, որ «Զերկալո»-ի փակվելուց հետո գրեթե միակ ոչ իշխանական լրատվամիջոցն է մնացել Ադրբեջանում, կանխագուշակել է, որ Բաքվի եւ Վաշինգտոնի միջեւ «հնարավոր է նոր դիվանագիտական սկանդալ»: Բանն այն է, որ իշխանություններին մոտ կանգնած virtualaz.org-ն ավելի վաղ անթաքույց պնդել էր, թե Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մորնինգսթարն «առաջիկայում կարտաքսվի»: Այս առթիվ haqqin.az-ը ծավալուն անդրադարձ է կատարել Մեթյու Բրայզային Ադրբեջանում դեսպան նշանակելու հայտնի պատմությանը:
«Թուրանի» տեղեկացվածությամբ, ինչն, ի դեպ, հաստատել է Բաքվում ԱՄՆ դեսպանատունը, «Մորնինգսթարն իր դիվանագիտական առաքելությունը կավարտի օգոստոսին եւ կվերադառնա Վաշինգտոն»: Ադրբեջանական ոչ իշխանական լրատվամիջոցը, սակայն, հղում անելով Վաշինգտոնի իր անանուն աղբյուրներին, գրեթե համոզված է, որ ԱՄՆ-ը մոտ ապագայում «Ադրբեջանում նոր դեսպան չի նշանակի, կբավարարվի գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով»:
Ըստ երեւույթին, «Թուրանի» տեղեկացվածությունը մոտ է իրականությանը: Ամեն ինչից զգացվում է, որ Ադրբեջան- ԱՄՆ հարաբերություններում խոր սառնություն է սկսվել: Այս իրավիճակում շատ հավանական է, որ Մորնինգսթարից հետո Ադրբեջանում նոր դեսպանի նշանակումը Կոնգրեսում դառնա բանավեճի թեմա: «Ես շարունակում եմ մնալ Ադրբեջանի բարեկամը»,- ինչպես «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունն է վկայում, հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Մորնինգսթարը:
Ուշագրավ է, սակայն, որ դեսպանն Իլհամ Ալիեւի վարչախմբի դժգոհությունը հարուցած` իր հարցազրույցի մասին ասել է, թե «յուրաքանչյուր ոք կարող է ծանոթանալ դրան եւ համոզվել, որ այն հավասարակշռված է եւ արդարացի»: Նա նաեւ ասել է, թե «բարեկամներ ունի ինչպես կառավարության անդամների շրջանակներում, այնպես էլ այնտեղից դուրս»: Ադրբեջանի իշխող վարչախմբի ներկայացուցիչներից քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը դեսպան Մորնինգսթարին մեղադրել էր «ռուս-ադրբեջանական հարաբերությունները փչացնելու փորձի» մեջ:
Սա բոլորովին նոր շեշտադրում է, որ վկայում է Ադրբեջան- ԱՄՆ հարաբերություններում անվստահության չափազանց մեծ չափաբաժնի առկայության մասին: Պաշտոնական Բաքուն փաստացի հրաժարվում է տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերին որեւէ կերպ աջակցություն ցուցաբերելու հանձնառությունից, որ ստանձնել էր նախկինում: Ադրբեջանում «ըստ արժանվույն են գնահատել» նաեւ մայիսի 28-ի տոնակատարություններին Իլհամ Ալիեւի ելույթին ԱՄՆ պետդեպարտամենտի կոշտ արձագանքը: Contact.az-ի այդ առթիվ արած կարճառոտ «մեկնաբանությունն» ուներ «ԱՄՆ պետդեպը եւ հայերը մեղադրում են Իլհամ Ալիեւին» չափազանց խոսուն վերնագիրը:
Խոսքն այն մասին է, որ «Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին մութ ապագա» խոստանալու մասին Իլհամ Ալիեւի հայտարարությունն ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչն անվանել էր «սադրիչ»: Ադրբեջանում, մինչդեռ, համապատասխան եզրակացություններ անելու փոխարեն գերադասեցին ԱՄՆ պետական դեպարտամենտի հայտարարության ենթատեքստում «հայկական ձեռագիր» եւ «երկակի ստանդարտներ» տեսնել: Խիստ ուշագրավ է, որ Ադրբեջանի դեմ «դիվանագիտական հարձակումներին» միացել է նաեւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը, որի տարածած հաղորդագրության մեջ դարձյալ անհանգստություն է հայտնվում մարդու իրավունքների բնագավառում առկա իրավիճակի առթիվ:
Ըստ երեւույթին, նոր իրավիճակ է ստեղծվում նաեւ Ադրբեջանի տնտեսության մեջ արեւմտյան ներդրումների հարցում: Հայտնի է դարձել, որ ֆրանսիական եւ նորվեգական ընկերությունները պատրաստվում են հրաժարվել «Շահդենիզ- 2» նախագծում մասնակցությունից: Այս առթիվ ադրբեջանական փորձագետների անհանգստությունը նկատելի է անգամ անզեն աչքով: Բաքվի լրատվամիջոցների տեղեկացվածությամբ` ԱՄՆ-ը սանկցիա է կիրառել ռուսաստանցի հայտնի գործարար Վագիթ Ալեքպերովի գլխավորած «Լուկօյլ» նավթային ընկերության նկատմամբ: Վերջինս «դարի պայմանագրում» 10 տոկոս մասնաբաժին ունի եւ ռուսաստանյան միակ ընկերությունն է, որ Բաքու- Ջեյհան գործարքի մասնակից է:
Արդյոք Ադրբեջանում արեւմտյան ներդրումների խնդիրը քաղաքակա՞ն է: Բացառված չէ, որ Իլհամ Ալիեւի վարչախումբը կարող է ենթարկվել տնտեսական սանկցիաների, եթե «արժեհամակարգային» հարցերում Բաքու- Արեւմուտք դիմակայությունը շարունակվի: Իսկ որեւէ նախանշան չկա, թե այն թուլանալու միտումներ կունենա: Haqqin.az-ը, մասնավորապես, անոնսավորել է, որ եկող շաբաթ Վաշինգտոնում «ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը Ադրբեջանում տիրող իրավիճակի հարցով հատուկ լսումներ կանցկացնի»: Ըստ այդմ, «երկկողմ հարաբերությունների, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով նշանակված են մի քանի համազեկուցողներ»:
Ուշագրավ է, որ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, համազեկուցողներից երկուսն ԱՄՆ պետքարտուղարի օգնական են` Թոմաս Մելիան (ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով) եւ Էրիկ Ռուբինը (եվրոպական գործերի հարցով): Լսումների օրակարգն առայժմ հրապարակված չէ, բայց ադրբեջանական լրատվամիջոցն արդեն իսկ կանխատեսել է, որ «ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը, որի կազմում ներկայացված են սենատորներ, կոնգրեսականներ, պետական դեպարտամենտի, Պենտագոնի եւ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ, Մորնինգսթարի փոխարեն կտա Ադրբեջանի պատասխանը. կասկած չկա, որ կլինեն հարձակումներ մարդու իրավունքների, Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումների թեմաներով»:
Այսպիսով, գրեթե ակնհայտ է, որ Ադրբեջանը հեռանում է Արեւմուտքից: Հեռանում է մաքուր ադրբեջանական ձեւով` տեսք ընդունելով, թե այդ ամենի պատճառն ԱՄՆ կողմից «գործադրվող երկակի ստանդարտներն են ԼՂ հարցում, ինչպես նաեւ` նարնջագույն հեղափոխություն կազմակերպելու փորձերը»: Կմիանա՞ Ադրբեջանը ԵՏՄ-ին որեւէ ձեւով: Բաքվում այդ մասին առայժմ գերադասում են լռել: Այդուհանդերձ, որոշ լրատվամիջոցներ ակնարկում են Մոսկվա- Բաքու բանակցությունների մասին: Haqqin.az-ը, որ վերջին ժամանակներս իշխանությունների «ոչ պաշտոնական» թիվ մեկ խոսափողն է, տեղեկացրել է, որ «Պուտինն իր ընկերոջը գործուղել է Բաքու` Իլհամ Ալիեւի հետ բանակցությունների»:
Ճիշտ է, լրատվամիջոցը պնդում է, թե բանակցությունների թեման «Պուտինի սիրած մարզաձեւը` ձյուդոն, 2015թ.-ին Բաքվում կայանալիք առաջին համաեվրոպական խաղերի ծրագրում ընդգրկելն է», բայց դա չափազանց միամիտների համար է, երեւի, ասվում: