Եւ ավելի զորեղ ուժը` հրաժարվելու թագավորությունից
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հունիսի 2-ին հայտարարել է, որ երկրի արքա 76-ամյա Խուան Կառլոս Առաջին դե Բուրբոնը հրաժարվել է թագավորական գահից. այն կզբաղեցնի նրա որդին` Աստուրական արքայազն 46-ամյա Ֆիլիպը:
12 միապետություն
Իսպանիան ժամանակակից Եվրոպայում միապետական կարգեր ունեցող 12 երկրներից մեկն է: Բացի իսպանական միապետությունից, Եվրոպայում այսօր կան նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորությունը, Անդորրայի իշխանությունը, Բելգիայի թագավորությունը, Վատիկանի Սուրբ աթոռը, Դանիայի թագավորությունը, Լիխտենշտեյնի միապետությունը, Լյուքսեմբուրգի միապետությունը, Մոնակոյի միապետությունը, Նիդերլանդների թագավորությունը, Նորվեգիայի թագավորությունը եւ, վերջապես, Շվեդիայի թագավորությունը: Այս երկրներից որոշներում, օրինակՙ Մեծ Բրիտանիայում եւ Բելգիայում միապետը զուտ խորհրդանշական պաշտոն է, եւ գահը զբաղեցնողը որեւէ ազդեցություն չի ունենում այդ երկրների քաղաքականությունը որոշելիս: Իսկ, օրինակ, Վատիկանում, Մոնակոյում, Լիխտենշտեյնում հենց միապետն է երկրի քաղաքականության հիմնական պատասխանատուն (Վատիկանի պարագայում, հասկանալի է` Պապը): Ընդ որում, կան երկրներ, օրինակ, Անդորրան, որտեղ, ճիշտ է, ունեն իրենց միապետը` իշխանը, բայց երկրի արտաքին քաղաքանությունն, ասենք, ամբողջովին վստահված է Ֆրանսիայի ԱԳՆ-ին:
Իսպանիայի պարագայում արքան համարվում է նաեւ բանակի գերագույն գլխավոր հրամանատարը: Մնացյալ ամեն լիազորություններով, ավելի ճիշտՙ դրանց բացակայությամբ, իսպանական թագավորի հնարավորությունները ոչնչով չեն տարբերվում Բրիտանիայի թագուհու հնարավորություններից:
Մինչ կհասկանանք, թե ինչո՞ւ եվրոպական հիշյալ 12 միապետություններից միայն իսպանականում տեղի ունեցավ արքայի հրաժարական (եթե Հռոմի նախորդ Պապ Բենեդիկտոս 16-րդին չհամարենք զուտ եվրոպական միապետ), եւ մինչ կփորձենք պարզել, թե ինչո՞ւ հիշյալ բոլոր միապետություններից միայն Իսպանիայում են մարդիկ, քաղաքացիները բողոքում թագավորական ինստիտուտի դեմ, ձգտելով վերացնել այն, խոսենք իսպանացի ֆաշիստ գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի «ընտրյալից»:
Ֆրանկոյի ընտրյալը
Նորին գերազանցություն Խուան Կառլոսը գահակալում է 1975-ից, նա Ալֆոնսո 13-րդի թոռն է, «Իսպանական արքայական տան» ղեկավար Բարսելոնյան կոմս դոն Խուանի որդին: Խուան Կառլոսը ծնվել է Իտալիայում` Հռոմում, մեծացել Իտալիայում, ապա` Պորտուգալիայում, նրա կաթոլիկ մկրտությունն իրականացրել է կարդինալ Էուջենիո Պաչելլին, ով, հաջորդ տարի ընտրվել է Հռոմի` Պողոս 12-րդ Պապ:
1956-ին «իսպանական արքայական ընտանիքի» հետ տեղի է ունենում դժբախտություն, որի մանրամասնությունների մասին այսօր էլ Իսպանիայում շշուկով են խոսում: Խուան Կառլոսի հարազատ եղբայրը, թագաժառանգ, պապի անունով անվանված 14-ամյա Ալֆոնսոն մահանում է Պորտուգալիայում` «զենքի հետ անփույթ վարվելու հետեւանքով»: Մինչեւ օրս հայտնի չէ, թե արդյոք Ալֆոնսոն ի՞նքն է իրեն անզգուշաբար կրակել, թե՞ «զենքով հաճախակի խաղերից մեկի ժամանակ» նրան «զուտ անզգուշորեն» կրակել է Խուան Կառլոսը:
Փաստն այն է, որ Ալֆոնսոյի ողբերգական մահվանից հետո, արդեն 1969-ին, գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոն այդ ժամանակ հենց 31-ամյա Խուան Կառլոսին է հռչակում «իսպանական գահի ժառանգորդ», ընդ որում գեներալի այս ընտրությունը տեղի է ունենում Խուան Կառլոսի հոր` դոն Խուանի բացարձակ անհամաձայնության պայմաններում: Սակայն Ֆրանկոն անդրդվելի է մնում եւ սահմանում, որ Խուան Կառլոսը կնստի իսպանական գահին միայն իր մահից հետո, ինչը եւ տեղի է ունենում 1975-ի նոյեմբերին 22-ին:
1978-ին Խուան Կառլոսը անցկացրեց իսպանական Սահմանադրության բարեփոխումներ: Նոր Սահմանադրությամբ` Խուան Կառլոսը հռչակվեց ոչ թե գեներալ Ֆրանկոյի իրավահաջորդ, այլ իսպանական արքաների հետնորդ: Նույն թվականին Խուան Կառլոսի հայրը եւ նրա ընտանիքի անդամները, ովքեր սփռված էին ամբողջ Եվրոպայում, վերջապես ճանաչեցին Խուան Կառլոսին` որպես Իսպանիայի թագավոր:
1962-ի մայիսի 12-ին արքան ամուսնացավ Սոֆյա Հունացու հետ, ով Հունաստանի թագավոր Գլյուքբուրգերի գերդաստանից Պավել Առաջինի դուստրն է: 1963-ին ծնվում է նրանց առաջին դուստրը` հերցոգուհի դե Լուգո Ելենան, ապա, 1965-ին Սոֆյան իսպանական արքային նվիրում է երկրորդ դստերը` Պալմա դե Մալյորկայի հերցոգուհի Քրիստինային, եւ վերջապես 1968-ին ծնվում է Աստուրական արքայազն Ֆիլիպը: Ֆիլիպից հետո, իսպանական գահի առաջին ժառանգորդներն են համարվում նրա դուստրերը` 2005-ին ծնված Լեոնորը եւ 2007-ին ծնված Սոֆյան: Վերջիններիս` իսպանական գահին նստելու անհնարինության պարագայում, Իսպանիայի գահը կժառանգի առաջին հերթին Ելենան ու իր երկու երեխաները, ապա նոր միայն Քրիստինան եւ նրա չորս երեխաները:
Ինչո՞ւ հենց Իսպանիայում, ինչո՞ւ հենց Խուան Կառլոսը
Ուրեմն ինչո՞ւ եվրոպական 12 միապետություններից միայն Իսպանիայում են մարդիկ դեմ թագավորական ինստիտուտին: Բրիտանիայում, օրինակ, վերջերս տեղի ունեցած սոցհարցումների արդյունքներից պարզ է դարձել, որ բրիտանացիները ոչ միայն չեն ցանկանում «նախագահ ընտրել», ոչ միայն ցանկանում են «հավերժ պահել թագուհուն» (թագավորական ինստիտուտը), այլեւ համոզված են, որ «թագուհին երբեք չի ստում եւ անսխալական է»:
Մյուս միապետություներում եւս, թագավորական կարգից դժգոհություններ չեն նկատվում: Խնդիրն ուրեմն ոչ այնքան այս կարգի մեջ է, կամ ոչ թե միապետությունից հրաժարվելը համաեվրոպական շարժում է դարձած, այլ խնդիրը հենց Իսպանիայի ներսում է ու միապետական կարգերից հրաժարվելը այդ երկրի սահմաններից դուրս չի գալիս… գուցե դեռ: Ի տարբերություն մյուս 11 միապետությունների, Իսպանիան շարունակում է մնալ տնտեսական ճգնաժամի մեջ, հատկապես երիտասարդության շրջանում զգալի տոկոս է կազմում գործազրկությունը, երկրից, դեպի եվրոպական այլ երկրներ, հենց հիշյալ միապետությունները նկատվում է աճող տեմպեր ունեցող աշխատանքային արտագաղթ: Ճիշտ է, իսպանացիները հասկանում են, որ այս` հիմնականում սոցիալ-տնտեսական հարցերը արքայի իրավասության տակ չեն, ու նա ամենեւին էլ մեղք չունի երկրի այս կացության համար, բայց դժվարին օրեր ապրող հասարակությունները փոփոխություններ են ցանկանում, որոնց արդյունքում, նրանք հույս ունեն, հասնել իրենց ապրուստի, կյանքի բարելավմանը: Իսպանիայում արքայի ինստիտուտից հրաժարվելու պահանջը հենց նման փոփոխություն կատարելու պահանջ է մեծ հաշվով:
Անձամբ Խուան Կառլոսի` գահից հրաժարումի պարագան, փոքր ինչ այլ է եւ կրում է նաեւ որոշ անձնական տարրեր: Իսպանիայում Նորին գերազանցության հրաժարականի պատճառների վերաբերյալ կան տարբեր մոտեցումներ: Փորձագետներից ոմանք, նրանց թվում` վարչապետ Մարիանո Ռախոյը, վստահեցնում են, որ Խուան Կառլոսը հրաժարական տվեց` ելնելով իր վատթարացող առողջական վիճակից, տարիքից, առհասարակ: Մի խումբ փորձագետներ պնդում են, որ արքայի հրաժարականի պատճառը կապված է նրա ավագ դստեր` Ելենայի ու վերջինիս ամուսնու «անօրինական գործողությունների հետ»: Բոլորովին վերջերս այս զույգը իսպանական դատարանում էր. նրանց հանդեպ հարուցվել էր մեղադրանք` «խարդախություն» հոդվածով:
Փորձագետների այլ խումբ հրաժարականը պայմանավորում է երկրի ներսում արքայի նկատմամբ ժողովրդի հիասթափության կտրուկ աճով: Մասնավորաբար իսպանացիներից շատերը չեն կարողանում ներել իրենց թագավորին, քանի որ վերջինս, երբ ամբողջ երկիրը ֆինանսատնտեսական, սոցիալական ճգնաժամի մեջ էր, գնացել էր աֆրիկյան Բոտսվանա` փիղ որսալու…
Շեղում
Ինչ էլ լինի Խուան Կառլոսի այս որոշման իրական պատճառը, ակնհայտ է, որ Իսպանիայի թագավորը, ունենալով իշխանության մնալու բոլոր, այդ թվում` սահմանադրական հնարավորությունները, նախընտրեց զիջել իշխանությունը: Ճիշտ է` իր իսկ ընտանիքի անդամին` սեփական որդուն, բայց զիջե՛ց:
Չի բացառվում, որ Խուան Կառլոսի հրաժարականի ամենահիմնավոր պատճառը հենց այն է, որ նա «Իսպանիայի շահի հետեւողական պաշտպանն էր», ու այս` վերջին քայլով ու արքայական պահվածքով էլ նա ցուցաբերել է իր հավատարմությունը` իսպանական շահին, ազգային շահին, ինչն ամենուր ավելի վեր է, քան յուրաքանչյուր իշխանություն, այդ թվում` արքայական: