Ծանր սրտով էինք անցկացնում այս շաբաթը:
Երկիրը ծամում, ծամում ու կուլ չէր տալիս մեկ շաբաթ առաջ Աստանայում տեղի ունեցածը, երբ Եվրասիական տնտեսական միության հիմնադրմանը Ղազախստանի նախագահը հրապարակեց առաջին հայացքից բուն թեմայի եւ օրակարգի հետ չառնչվող Ալիեւի նամակը, թե` Հայաստանին պետք է Եվրասիական տնտեսական միություն ընդունել Առեւտրի համաշխարհայն կազմակերպությանն անդամակցության սահմաններով, այսինքն` առանց Ղարաբաղի: Ողջ շաբաթ կարծիքների պակաս չէր զգացվում հատկապես այն վերաբերմամբ, թե Հայաստանի նախագահը պետք է պատասխաներ եւ անսպասելիության չգար ու լռեր, ու որ` Հայաստանին ու նրա նախագահին Աստանայում նվաստացրին, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը խոչընդոտում են, Արցախին էլ վտանգ Է սպառնում: Որ Հայաստանն այդ միության ներսում սուբյեկտ չի դիտվում, այլ ընդամենը Ադրբեջանի վրա ճնշման գործիք է Ռուսաստանի ձեռքում, եւ կամ` Ադրեջանին ԵՏՄ գայթակղելու փորձ էր տեղի ունեցածը… մեր հաշվին: Կամ` ԼՂՀ կարգավորման գործընթացը հանձնում ենք Ռուսաստանին, եթե այդպիսի նախապայմանը կուլ ենք տալիս ու դրան համաձայնելով ենք մտնելու ԵՏՄ :
Իհարկե, Ռուսաստանն ամեն ինչ կաներ, որ Ադրբեջանը եւս հայտնվեր ԵՏՄ-ում, սա նրա տարածաշրջանային շահերից է բխում, ու այդ մասին Բաքվում ակնարկել էր ՌԴ տնտեսական զարգացման նախարարը: Հիմա փաստորեն, անկախ այն բանից, որ Հայաստանի նախագահը մինչեւ հունիսի 15-ն էր ԵՏՄ հիմնադիրներից խնդրում Հայաստանի անդամակցությունը, Նազարբաեւը խոսում էր այդ ժամկետի հուլիսմեկյան տարբերակից, այժմ արդեն այդ ժամկետները եւս ռեալ չեն թվում, քանի որ ակնհայտ է (դա ակնհայտ դարձավ նաեւ Ալիեւի նամակով), որ Ադրբեջանի հետ էլ ինչ- որ դեռ չերեւակվող բանակցություններ կան, իսկ այս դեպքում Հայաստանի հարցում շատ մոտեցումներ, որոնք մինչ այս հստակեցված էին թվում, կարող են փոխվել:
Ինչ վերաբերում է նախագահ Սարգսյանի պահվածքին Աստանայում, այստեղ եւս կարծիքները միանշանակ չեն:
Երկու տեսակետ կա. որ Ռուսաստանի նախագահ Պուտինը տեղյակ էր, եւ նրա համաձայնությամբ հնչեցվեց Ալիեւի նամակը, եւ երկրորդ` Նազարբաեւն իր խաղն էր խաղում` Ադրբեջանի շահը սպասարկելով ու նաեւ Պուտինին փաստի առաջ կանգնեցնելով, եւ եթե Պուտինը չէր պատասխանում, Սարգսյանը եւս լռեց: Երկու տարբերակն էլ Հայաստանի` ինքնուրույն քայլ չանելու եւ որոշումների կայացմանը մասնակցության իրավունք չունենալու մասին վկայություն են, գտնում են արդեն այս առթիվ արտահայված շրջանակները, առավելաբար շեշտադրելով, որ բոլոր դեպքերում Հայաստանի նախագահը պետք է հակադրվեր` հիշեցնելով Աստանայի խորհրդաժողովից առաջ Ղազախստանի նախագահի ջանքերը ԵՏՄ-ում քաղաքական բաղադրիչը բացառելու վերաբերյալ, ինչը նա խախտել էր Ալիեւի նամակն ընթերցելով եւ քաղաքական նախապայման դնելով Հայաստանի անդամակցության դեպքում: Նախագահ Սարգսյանը պիտի պատասխաներ, որ ԵՏՄ-ն ընդամենը տնտեսական միություն է, սահմանների մասին խոսակցությունն այլ թեմա է (ինչպես որ նախագահ Սարգսյանը մի անգամ ավելի վաղ արել է), ԼՂՀ հարցն էլ Մինսկի խմբի ձեւաչափում է լուծվում, որի համանախագահը Ռուսաստանն է: Մյուս մոտեցումն այն է, որ հավանաբար լռելը պահեստային տարբերակ է, որը հնարավորություն է տալու ԵՏՄ մտնել առանց Արցախի մասին հիշելու, սակայն դեֆակտո` Արցախով, քանի որ Հայաստանի եւ Արցախի միջեւ երբեք մաքսային անցակետ չի դրվի, հակառակ դեպքում պետք է հրաժարվել ԵՏՄ-ից, եւ ամեն մի նման համագործակցությունից, որն Արցախի հետ կապված մտահոգություններ կարող է բերել: Եւ ուրեմն` Սարգսյանը լռեց, քանի որ միգուցե այլ պայմանավորվածություն կար Պուտինի հետ: Որ Բելառուսն ու Ղազախստանը ստանձնել են Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին դանդաղեցնողների դերը, դա դեռ ակնհայտ էր նախորդ ժամանակներում արտահայտած Լուկաշենկոյի եւ Նազարբաեւի մտքերից` առ Հայաստանի անդամակցում: Սակայն չենք կարծում, որ Ռուսաստանն այդ ամենին հավանություն չի տվել, ուղղակի առերես ստանձնել է չերեւացող դեր այդ խոչընդոտումներում, այսինքն` դիվանագիտություն է: ԵՏՄ հիմնադիր երեք պետությունները երեւի ուզում են որքան հնարավոր է ուշ կիսել իրենց ունենալիք արտոնությունները հետո անդամակցողների հետ, միասնական տարածքի կարկանդակը չեն ուզում արագ բաժան-բաժան անել: Այդ դեպքում լրվ հասկանալի է նախագահ Սարգսյանին եւ Հայաստանին մատուցված անակնկալն ու անհասկանալի` տեղում նրա չպատասխանելն ըստ կարգի: Անկախ Գալուստ Սահակյանի ասած` դիվանագտական խաղերով մոտեցումների: Անակնկա՞լ էր մեր նախագահի համար այդ նամակի բարձրաձայնումը, թե ոչ, քանի որ Նազարբաեւն ասում էր` նամակը բոլոր նախագահներն են ստացել, ու չճշտեց` հիմնադի՞ր, թե ներկա բոլոր նախագահները, կարծիքները կոշտանում են, թե ինչո՞ւ Հայաստանի նախագահը միանգամից չհիշեցրեց Ղրիմով Ռուսաստանի ԵՏՄ մտնելը, կամ Աբխազայի ու Հարավային Օսիայի նման իրավիճակները չցուցանեց: Գիտենք մի բան` եթե անակնկալ էր, ուրեմն մեր ողջ դիվանագիտական կորպուսին պետք է դեղին քարտ ցույց տալ, եթե անակնկալ չէր ու պայմանավորվածություն կար այդ նամակի մասին չբարձրաձայնելու, ու Նազարբաեւն է այդ պայմանավորվածությունը խախտել (կարեւոր չէ` Պուտինի գիտությամբ, թե առանց նրա), ուրեմն մեր նախագահը կարող էր ինքը եւս կրկնակի անգամ պայմանավորվածության խախտում անել, իսկ եթե պայմանավորվածություն չի եղել, Նազարբաեւն ասել է, Պուտինն էլ լռել է, քանի որ թուրքական աշխարհի հետ կապված ռուսական շահն այս պահին դա է պահանջում, ուրեմն միգուցե իսկապե՞ս Հայաստանն անելիք չունի այդպիս միությունում, որտեղ հենց սկզբից Հայաստանին ու նրա նախագահին, կոպիտ ասած, «գցում են»: Քանի որ վերջին պահին, հենց հիմնադիր փաստաթղթի ստորագրմանը խոսել Հայաստանի սահմաններից, նշանակում է առանց բանակցային ընթացքը բանի տեղ դնելու Հայաստանին կանգնեցնել փաստի առջեւ
Դե իսկ հիմա ինչպե՞ս է բալանսավորվելու խնդիրը` դեռեւս անպարզ է: Ընդհանրապես` շատ նման չէ՞ վիճակը Ասոցիատիվ պայմանագրին միանալու ժամկետին նախորդող վիճակին, որից հետո ի վերջո եկանք հասանք կառավարության փոփոխության, եւ այս վիճակներն արդյո՞ք ինչ-որ նոր իրավիճակով են հղի: Կամ Հայաստանի ղեկավարությանը հետեւության բերո՞ւմ են` նախագահը Ծաղկաձորում Աստանայից մեկ օր հետո միայն նշեց նամակի հրապարակման տհաճ փաստի մասին` զարմանալիորեն համոզված, թե մեզ դա վնաս չի կարող տալ.«Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել եւ չի կարող լինել, որովհետեւ Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, մեր պատկերացումներով, Հայաստանի մաս այսօր չի կազմում»: Իրո՞ք: Բա ի՞նչ էր նկատի առնվում ժամանակին, երբ սեպտեմբերերեքյան որոշումը բացատրվում էր Արցախի անվտանգությամբ:Կամ միգուցե` սա է այն դիվանագիտությունը, որը պատկերացվում է Հայաստանում:
Դե իսկ ի՞նչ պետք է կատարվի այս 15 օրում` դա եւս անհասկանալի է մնում, քանի որ ոչ ոք այդ մասին չգիտե, որ կարծիք հայտնի, հանրությանը եւս անհայտ է, թե ի՞նչ երկու- երեք տեխնկական հարց է լուծվելու այդ կարճ ժամանակում, որի մասին ասում էր հայկական կողմը: Բայց հիմա մի այնպիսի ժամանակ է, երբ հավանաբար երկրի ներսում բացատրություն չտալը շուռ է գալու երկրի ղեկավարության դեմ, որովհետեւ Աստանայից հետո դիվանագիտություն խաղալը կարծես ընդհանրապես շուռ է գալիս հայերի դեմ: Իսկ հանրությունից աջակցություն ստանալու ամենաուղիղ ճանապարհը հանրությանը բացատրելն է, թե ի՞նչ է տեղի ունենում իրականում: Չգիտեմ` ղարաբաղյան ղեկավար շրջանակնե՞րն էլ տեղեկացված չեն, ինչպես մերոնք, քանի որ մեկն ասում է` Հայաստանը կարող է առանց Արցախի ԵՏՄ մտնել, խնդիր չէ (ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ), մյուսն ասում է` մաքսակետն անընդունելի է Հայաստանի եւ Արցախի միջեւ (ԼՂՀ արտգործնախարար): Իսկ մեր քաղաքական ուժերն առանձնապես բան չեն ասում` քառյակն աշխատում է մինչեւ աշուն ոչ մի բան չձեռնարկել կամ ձեռնարկել ինչ-որ արարողակարգային քայլեր, բայց անթեղ պահել մի բան անելու խոստման մոխիրը: Հստակ արտահայտվողները քիչ են, էն եւս` սովորեցնողի, եւ ոչ թե մատից փուշ հանողի դիրք են բռնում: Օրինակ` Հրանտ Բագրատյանը սովորեցնում է, որ Աստանայում պետք էր ասել, թե Հայաստանի մաքսային օրենքներով առեւտուր անելն օրինական է Հայաստանի համար:
Այս չորեքշաբթի Շվեյցարայի նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուլկհալտերի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը խոսում էր այն մասին, որ արդյունավետ լինելու համար բոլոր բանակցային ջանքերն ու գործընթացները պետք է հաշվի առնեն Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումն ու կարծիքը (Աստանայինը գործընթա՞ց է, թե՞ ոչ):
«Որեւէ միջազգային կազմակերպությանն անդամակցելը չի կարող արդարացնել Հայաստանի եւ Արցախի միջեւ պատնեշների ստեղծումը: Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով` ԼՂ-ն Հայաստանի անբաժան մասն է, ինչի վերջնական իրավական ամրագրմանը պետք է ձգտենք բոլորս». Աստանայի մասով էին հարցրել ու այս պատասխանը ստացել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից: Հիշեցնենք, որ մի առիթով Քոչարյանն ասել է, թե ինքը քաղաքականություն կվերադառնա` հենց զգա, որ Ղարաբաղին վտանգ է սպառնում:
«ժառանգությունն» ինչպես միշտ շտապեց կարծիքարտահայտմամբ` Նազարբաեւի հնչեցրած նախապայմանը ( առանց Ղարաբաղի ԵՏՄ մտնելը) ցուցիչ համարելով Հայաստանի` ԵՏՄ-ում անելիք չունենալու մասին, քանի որ ԵՏՄ-ն պաշտպանում է դեռեւս իր անդամ չդարձած Ադրբեջանի շահը, իսկ ԵՏՄ մտնելու համար Ադրբեջանին վճարվող գինն Արցախն է: Պահանջվում է Հայաստանի նախագահից հրաժարվել ՄՄ-ն եւ ԵՏՄ-ին անդամակցելուց: Գուշակվում է ղարաբաղյան երկրորդ պատերազմ, մանավանդ` Ռուսաստանը շարունակում է զինել Ադրբեջանին:
Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ անդրադառնալով մինչեւ հունիսի 15-ը ԵՏՄ պայմանագրին միանալու Սերժ Սարգսյանի խնդրանքի բուն էությանը (իր տեսակետները մի շարք հարցերի մասին նա անվանել էր «Հայաստանի կործանման Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը») համարում է, որ Հայաստանը ՄՄ է մտնում ոչ թե իրավահավասար գործընկերոջ, այլ ձայնազուրկ հպատակի կարգավիճակով: Իսկ Հայաստանի նախագահը, ըստ Տեր-Պետրոսյանի, պատրաստ է ցանկացած նվաստացման` ԵՏՄ-ին անդամակցելու եւ Պուտինի բարյացակամությանն արժանանալու համար, որոնցից վերջինը Նազարբաեւի հայտարարութունն էր Աստանայում, որին պետք է պատրաստ լիներ եւ պատասխաներ (քանի որ այդ հարցը նոր չէր): Եւ եզրակացրել է, թե հօդս է ցնդում Սերժ Սարգսյանի այն պնդումը, որ Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը թելադրված էր բացառապես Ղարաբաղի անվտանգության նկատառումով:
Մի օր կպարզվի, որ Հայաստանի ամենաերջանիկ տարիները եղել են վերջին քսան տարիները` անկախ պետության առկայությամբ, անկախ նրանից , որ վատ էինք ապրում, թաղված էինք կոռուպցիայի մեջ եւ հաճախ անարժաններն էին վեր բարձրանում` վատ բան եմ ասում: Քանզի անկախության սպառնացող որեւէ վտանգ հայեցողական մարդուն կարող են այդպիսի միտք թույլ տալ:
Բոլոր պարագաներում` Հայաստանում շարունակում են քննարկել, թե ինչ պիտի պատասխաներ Նազարբաեւին Սերժ Սարգսյանը, որ չնվաստանար եւ չնվաստացներ երկիրը, ու դրա պատասխանը գիտե ամեն մարդ` աման լվացողից սկսած, տաքսու վարորդով վերջացրած: Ու դրա հետ կապված պետք չէ կատակ անել` նախագահը հաշվետու է այդ մարդկանց երկրի արժանապատվության ու ապագայի առումով, ինչպես, ի դեպ, պարտավոր է նրանց տեղեկացնել, թե ինչ է նրանց սպասվում: