ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, «Ազգի» հատուկ թղթակից, Նիժնի Նովգորոդ-Մոսկվա
Օկա եւ Վոլգա գետերի հատման հարթավայրում թեւերը հպարտորեն տարածած ռուսական հնամյա Նիժնի Նովգորոդ քաղաքում արդեն քանի օր տեղացող անձրեւը մայիսի 25-ի լուսաբացին դադարել էր: Արեւոտ ու պայծառ օր էր խոստանում եղանակը, նշանակում է` տոնը կրկնակի էր լինելու, քանի որ Նիժնի Նովգորոդի հայ համայնքը շուրջ վեց տարի հենց այդ օրվան էր անհամբերությամբ սպասում: Բնությունը կատարեց խոստումը, արեւի ջերմացնող շողերը տարածվել էին քաղաքի վրա եւ Երեւանյան փողոցում վեր խոյացած հայկական տուֆակերտ եկեղեցու զանգերի ղողանջներն ուղիղ ժամը 12-ին ազդարարեցին «Սուրբ Ամենափրկիչի» պաշտոնական բացման արարողության սկիզբը:
Երկար սպասված եւ Աստվածահաճո այս հանդիսությանն իրենց մասնակցությունն էին բերել Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արք. Ներսիսյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Մոսկվայում Երեւանի մշտական ներկայացուցչության ղեկավար, Հայաստանի եւ Մոսկվայի համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մակար Նահապետյանը, Նիժնի Նովգորոդի ադմինիստրացիայի ղեկավար Օլեգ Կոնդրաշովը, նույն քաղաքի հայ համայնքի նախագահ Աղասի Ալեքյանը, տեղի ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւոր առաջնորդը, հայ առաքելական եկեղեցու հոգեւոր սպասավորներ, բազմաթիվ հյուրեր, ռուսաստանյան հայ համայնքների ղեկավարներ, հայաստանյան եւ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
«Սուրբ Ամենափրկիչի» բացման եւ օրհնության արարողությունը վերապահված էր Եզրաս Սրբազանին, ով ըստ հայ Առաքելական եկեղեցում ընդունված կարգի, հավուր պատշաճի կատարեց այդ նշանակալի առաքելությունը` իրականություն դարձնելով Նիժնի Նովգորոդի հայ համայնքի վաղեմի երազանքը: Հատկանշական էր, եւ տեղի մեր հայրենակիցների համար այսօր էլ վառ է այն հիշողությունը, որ վեց տարի առաջ` 2008 թվականին, Տեր Եզրաս արք. Ներսիսյանի գլխավորությամբ կատարվեց նաեւ «Սուրբ Ամենափրկիչի» հիմնարկեքը: Արարողության ընթացքում 16 հիմնաքարերը լվացվեցին ջրով, գինով եւ սրբագործվեցին մյուռոնով: Հիմնարկեքի արարողությունից հետո մեծ ոգեւորությամբ եւ լայն թափով սկսվել է շինարարությունը: Այն կառուցվել է բացառապես հայ համայնքի նվիրյալների միջոցներով, կազմակերպվել են բարեգործական համերգներ: 2012-ի մայիսին ավարտվել էին շինարարական բոլոր աշխատանքները, իսկ 2013-ի հոկտեմբերի 26-ին տեղի էր ունեցել երկու խաչերի օծման արարողությունը: Մի խոսքովՙ եկեղեցին պատրաստ էր, հայ համայնքը անհամբերությամբ սպասում էր հենց այդ օրվան` 2014-ի մայիսի 25-ին` «Սուրբ Ամենափրկիչի» պաշտոնական բացմանը…
Եզրաս Սրբազանի` առ Աստված, առ եկեղեցի եւ առ հավատավոր հայ ժողովուրդ օրհնանքներից եւ բարեմաղթանքներից հետո ջերմ ելույթներ ունեցան եւ եկեղեցու բացումը շնորհավորեցին դեսպան Օլեգ Եսայանը, Արա Աբրահամյանը, Օլեգ Կոնդրաշովը, Աղասի Ալեքյանը եւ Նիժնի Նովգորոդի ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւոր առաջնորդը:
Հանդիսության ընթացքում տեղի ունեցավ նաեւ պարգեւների հանձնման արարողություն: Տ. Եզրաս արք. Ներսիսյանը Նիժնի Նովգորոդի հայ համայնքի նախագահ Աղասի Ալեքյանին` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունից, հանձնեց բարձր պարգեւը` «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը: Ի դեպ, Աղասի Ալեքյանը իր բազմաթիվ բարեգործական ձեռնարկումներից զատ, նաեւ կարողացել է երկար տարիների համառ ջանքերի շնորհիվ Նիժնի Նովգորոդի համալսարանը դարձնել հայագիտության առաջատար կենտրոններից մեկը, եւ արդեն 3-րդ տարին է այստեղ կազմակերպվում են միջազգային գիտաժողովներ, որոնց մասնակցում են գիտնականներ, դիվանագետներ, ուսանողներ, ասպիրանտներ եւ բազմաթիվ հյուրեր ՌԴ-ից, Հայաստանից եւ արտերկրի այլ տարածաշրջաններից:
Մի շարք տարբեր առիթներով այցելելով ռուսական այս խաղաղ անկյունը համոզվել եմ, որ այսօր հայ համայնքի ակտիվ գործունեությունն, անկասկած, Աղասի Ալեքյանի եւ հայ համայնքի խորհրդի մյուս անդամների անմիջական ջանքերի արդյունք է: Փաստերն արդեն իսկ խոսուն են. 1995 թվականից գործում է հայ համայնքի կիրակնօրյա հայկական դպրոցը, 2003 թ.-ից Ն. Ի. Լոբաչեւսկու անվան պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում դասավանդվում է հայոց լեզու, իսկ 2012 թ. դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել հայագիտական կենտրոնի հանդիսավոր բացումը: Կենտրոնի աշխատասենյակը ժամանակակից տեխնիկական միջոցներով ու գրադարանով ապահովել է հայ համայնքըՙ Ա. Ալեքյանի գլխավորությամբ: 2004 թ.-ից լույս է տեսնում «Նաիրի» ալմանախը, որը համալսարանի եւ հայ համայնքի համատեղ գործունեության արդյունքն է…
Եզրաս Սրբազանը, ի նշան եկեղեցու կառուցմանը ձեռք մեկնած հովանավոր հայորդիների հայապահպան եւ հայանպաստ գործունեության, նրանց հանձնեց պատվոգրեր: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը եկեղեցուն նվիրեց շքեղ եւ ոսկեզօծ սրբանկար: Մոսկվայում Երեւանի մշտական ներկայացուցչության ղեկավար, Հայաստանի եւ Մոսկվայի համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Մոսկվայի հայ համայնքում մեծ հարգանք վայելող Մակար Նահապետյանը, ով 2007 թվականից մինչ օրս Մոսկվայում անցկացվող եւ տարեցտարի մեծ համբավ ու ճանաչում վայելող «Արմենիա Դիասպորա» խորագիրը կրող թենիսի ամենամյա բաց առաջնության անփոխարինելի կազմակերպիչն ու գլխավոր հովանավորն է, մի մեծ կտավ նվիրեց իր մտերիմ ընկերոջը` Նիժնի Նովգորոդի հայ համայնքի նախագահ Աղասի Ալեքյանին, ով, ի դեպ, նաեւ «Արմենիա Դիասպորա» թենիսի ամենամյա առաջնության հովանավորներից է:
Պարգեւների տվչությունից հետո հանդիսության մասնակիցներն ու հյուրերը դիտեցին եկեղեցում կազմակերպված ցուցահանդեսը, նաեւ հայ գեղանկարիչների` հայկականությամբ ողողված հայրենակարոտ կտավները, մինչ այդ ամենին զուգահեռ` կենդանի հնչողությամբ եկեղուցու շուրջբոլորը թեւածում էր հայկական երաժշտությունը, դուդուկի ելեւէջները, երգն ու պարը, ասմունքը: Ի դեպ, Նիժեգորոդի մարզի Կենտրոնական արխիվի ղեկավարությունը մի քանի ժամով ցուցահանդես էր բերել 1776 թ. Եկատերինա կայսրուհու ստորագրությամբ մի բացառիկ փաստաթուղթ, ըստ որի` Լազար Լազարեւին իր որդիների հետ շնորհվել է ազնվականության աստիճան: Նիժնի Նովգորոդի Գեղարվեստի թանգարանում այսօր ցուցադրվում են Մելիք-Լազարեւների գերդաստանի անդամների տասնյակ դիմանկարներ, Հովհ. Այվազովսկու 9 ծովանկարներն ու Մարտիրոս Սարյանի ստեղծագործության վաղ շրջանի գեղանկարներից մեկը: «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցում կազմակերպված ցուցահանդեսում ներկայացվել են այդ նկարների բարձր մակարդակով կատարված վերարտադրությունները: Ցուցահանդեսը գործելու է մշտապես:
Զրուցում եմ արարողության ամբողջ ընթացքում տեղի ունեցող իրադարձություններին ուշի-ուշով հետեւող եւ օրվա մեծ խորհրդից հիացած Նիժնի Նովգորոդի ադմինիստրացիայի ղեկավար Օլեգ Կոնդրաշովի հետ, ով, ի դեպ, շնորհիվ իր կազմակերպչական դրվատելի ունակությունների ու մարդկային բարձր հատկանիշների` պաշտոնավարման չորս տարիների ընթացքում դրական շատ ձեռնարկումներ է կյանքի կոչել քաղաքում եւ հարգանք ու համակրանք է վայելում համաքաղաքացիների շրջանում:
– Նիժնի Նովգորոդին պատիվ բերող այսօրվա մեծ իրադարձությունը բնութագրելու համար թույլ տվեք երեք անգամ կրկնել հիացմունք բառը,- ասում է Կոնդրաշովն ու շարունակում: Իրոք, երկինք խոյացած այս եկեղեցու գոյությունը մեծ տոն է դարավոր պատմություն ունեցող եւ բազում նշանակալի իրադարձությունների ականատես դարձած մեր քաղաքում: Ես հիացած եմ հայ ազգով, Աղասի Ալեքյանով, նրա ղեկավարած հայ համայնքի համախմբվածությամբ: Հայերը վաղուց ի վեր դարձել են մեր քաղաքի անբաժանելի եւ օրինակելի մասնիկը, ակտիվ ներգրավված են մեր տնտեսական եւ մշակութային կյանքում: Եվ այս իրողությունը մեկ անգամ եւս վկայում է հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր ու անքակտելի բարեկամության մասին…
Մեր զրույցն ընդմիջվում է «Սուրբ Ամենափրկիչի» զանգերի երկար ու ականջ շոյող ղողանջներով` ազդարարելով օրվա պաշտոնական իրադարձության ավարտը: Ավարտ, որը նաեւ նոր սկիզբն է ռուսական այս խաղաղ անկյունում հավաքված մեր հայրենակիցների նորանոր լավ գործերի: Իսկ Օլեգ Կոնդրաշովն էլ զանգերի ղողանջները լսելուն պես հավելում է.
– Տեսնում եք, խոսքս ավարտելուն պես` ղողանջեցին: Նշանակում է` Աստված էլ վկա էր, որ անկեղծ էին իմ գնահատականները…