ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, ՌԱԿ Հանրապետական վարչության ատենադպիր
Օրերս հայրենիքում էր ՌԱԿ, ՀԲԸՄ եւ ԹՄՄ երկարամյա անդամ, սփյուռքի հայտնի մտավորականներից Հակոբ Վարդիվառյանը: Հունիսի 21-ին, վաղը, Նյու Ջերսիում հանդիսավորությամբ նշվելու է նրա ծննդյան 65 եւ ազգային ու մշակութային գործունեության 45-ամյակները, ուստի, օգտվելով առիթից, հանդիպեցինք նրան եւ զրուցեցինք մի քանի հարցերի շուրջ:
– Ձեր Հայրենիք գալը գնահատելի երեւույթ է,- դիմեցի ընկ. Վարդիվառյանին,- իսկ ծավալած բեղուն գործունեությունը եւ, վերջապես սպասվելիք մեծարման միջոցառումները հուշում են, որ հայաստանաբնակներս ավելին իմանանք Ձեր մասին: Պատմեք խնդրեմ Ձեր անցած ուղու մասին. ծննդավայրի, կրթության, աշխատանքային գործունեության, ընտանիքի եւ այլն:
– Բախտաւոր սերունդ եղավ իմ սերունդը,- մի պահ մտորեց, ապա շարունակեց,- թե ազգային եւ թե համամարդկային առումով: Ծնունդով բեյրութահայ եմ: Համաշխարհային 2-րդ պատերազմից հետո լիբանանահայությունը սկսել էր մի անօրինակ զարթօնք ապրել: Բացվում էին նոր դպրոցներ, հիմնվում նոր միություններ, որոնց մեջ անշուշտ առաջիններից էր 1947 թ. հիմնադրված Թեքեյան մշակութային միությունը, որը հենց սկզբից ծավալեց ակտիվ գործունեություն` կազմակերպվում էին մշակութային նոր խմբեր, ձեռնարկվում նոր հրատարակություններ:
Այդ ամբողջ եռուզեռի մեջ ընտանիքս նույնպես հեռու չէր մնացել գաղութի ազգային ու մշակութային կյանքից: Վարդիվառյանները մինչ այդ էլ որպես հայրենասեր գերդաստան հայտնի էին: Իսկ դա սովորական հայրենասիրություն չէր: Խորհրդային Հայաստանի իրականությամբ խանդավառ ու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանությամբ հպարտ հայերն էին այդ օրերի հայրենասերները, որոնք, ի դեմս նոր սերունդների եւ ի հեճուկս սառը պատերազմի, հավատարիմ էին մնում այդ օրվա Հայաստանով հպարտանալու, այնտեղ իրագործված հաջողություններով լավատես դառնալու, պատերազմում մեր հաջողություններով վերապրելու եւ Երեւանով բովանդակ մի կյանք երազելու գաղափարին: Այս ամենը ամեն օր ես ապրում էի մեր տան հարկի ներքո: Մեր մանկությանն ու պատանեկությանը զուգահեռ քայլում էին Մարշալ Բաղրամյանն ու Արամ Խաչատրյանը, Միկոյանն ու Մարտիրոս Սարյանը, Ավետիք Իսահակյանն ու Վիկտոր Համբարձումյանը: Նրանք, որպես մեծ անհատ, արդեն դրոշմված էին մեր ներաշխարհում եւ որոնք մեզ համար մնացին մինչեւ այսօր հավերժ հերոսներ, օրինակելի տիպարներ նոր սերունդների համար:
Մինչեւ 1956 թ. խաղաղ ապրեցինք` վայելելով Լիբանանի ազնիվ ժողովրդի ասպնջականությունը, երբ Անթիլիասի եկեղեցական տագնապը խռովեց լիբանանահայությանը: Կիլիկիայի կաթողիկոսական աթոռի համար Դաշնակցությունը դիմեց պետական անվտանգության մարմինների եւ միջազգային ամեն տեսակի միջամտությունների, հասնելով մինչեւ մայրավանք, որպեսզի կարողանար ներքնապես գրավել Սսի Աթոռը: Ուժի կիրառմամբ դա նրան հաջողվեց, սակայն հայ եկեղեցական աշխարհը երկփեղկվեց եւ կուսակցական սուր բնույթի պայքար ծայր առավ ավանդական կուսակցությունների միջեւ:
Այդ օրերին հաճախում էի մեր տան մոտակայքում գտնվող Ս. Նշան ազգային վարժարան: Ներքաղաքական եւ ներազգային տհաճ պայքարի հետեւանքով հայրս ինձ ուղարկեց Վիեննական Մխիթարյան վարժարան, ուր հաճախեցի մինչեւ ՀԲԸՄ-ի նորաբաց Երվանդ Տեմիրճյան նախակրթարանի հիմնադրումը: Այդ դպրոցի հիմնադրումը հատուկ ազգային քաղաքականության արդյունք էր, քանի որ ՌԱԿ-ն ու ՀԲԸՄ-ն չունէին նախակրթարան-վարժարան, որտեղ կարողանային իրենց զավակներին սովորելու ուղարկել: Դա, անկասկած, մեզ համար մի օրհնություն եղավ: Նախակրթարանը ավարտելով աշակերտներն արդեն կկարողանային հաճախել Բարեգործականի զույգ երկրորդական` տղաների Հովակիմյան-Մանուկյան եւ աղջիկների` Դարուհի Հակոբյան վարժարանները: Բնականաբար, ես հաճախեցի տղաների վարժարանը եւ ավարտելով այն, ուսումս շարունակեցի Բեյրութի Հայկազյան քոլեջում (այժմ համալսարան): Նկատի ունենալով այն, որ անսովոր սեր ունեի հայագիտական առարկաների նկատմամբ, երեկոները հաճախում էի ՀԲԸՄ-ի Երվանդ Հյուսիսյան հայագիտական հիմնարկ եւ հաջողությամբ ավարտեցի նաեւ դա: «Նյութեր հայրենադարձության» վերնագրով ավարտաճառս, որը հակառակ ավելի քան 40 տարիների հավելյալ նյութերի հարստացման, ցայսօր անտիպ է մնում, բավականին լավ ընդունվեց:
Ցավոք, մայրս շուտ հեռացավ մեզանից եւ ես ու եղբայրս` Զարեհը, մնացինք հորս խնամքին: Երկուսս էլ` անդամակցելով ՀԲԸՄ-ին եւ ԹՄՄ-ին, ազգային ակտիվ կյանքով ապրեցինք: Զարեհը ավարտեց Բեյրութի Ամերիկյան համալսարանը եւ, որպես բժիշկ, մասնագիտացավ Մ. Նահանգներում ու այսօր նա որպես հաջող պլաստիկ վիրաբույժ` ունի իր դարմանատունը Լոս Անջելսում:
Իմ սերունդը միշտ հպարտանում է իր հայրենասեր ու ազգային գործի նվիրյալ ուսուցիչներով: Նրանցից յուրաքանչյուրը մի աշխարհ էր, ազգապահպան երդվյալ, իսկ նրանց աշակերտելը` մեծ հարստություն: Նրանց անուններն արդեն խոսում են իրենց մասին. տնօրեն Արա Թոփչյան, բանաստեղծ Վահե-Վահյան, պատմագետ, խմբագիր Գերսամ Ահարոնյան, գրականագետ, ուսուցիչ Օննիկ Սարգիսյան, բանաստեղծ Զարեհ Մելքոնյան եւ ուրիշներ:
Ստանալով բարձրագույն կրթությունՙ նետվեցի բիզնեսի ասպարեզ: Հայրս Բեյրութի Կենտրոնական հրապարակի վրա մի հաջողակ առեւտրական հաստատություն ուներ: Ճիշտ գնահատելով իրավիճակը` միացա նրան: Մինչեւ Լիբանանի անիմաստ քաղաքացիական պատերազմը, որի հենց առաջին շաբաթվա ընթացքում մասնակից երեք իրարադեմ ուժերի պատճառով կորցրեցինք մեր ողջ ունեցվածքը, տունն ու բիզնեսը:
Այդ տարիներին էր, որ ամուսնացա Արփի Միքայելյանի հետ, որը հետագայում աշխատակցելով Միավորված Ազգերի Կազմակերպությանը, շարքային աշխատակցուհուց հասավ տնօրենի պաշտոնին եւ մինչեւ իր կյանքի վերջին օրերը ծառայեց ՄԱԿ-ին: Նա նույնպես համալսարանավարտ էր, տիրապետում էր յոթ լեզուների եւ մեծ հավատ ուներ համամարդկային արժեքների նկատմամբ: Մեկ զավակ ունեցանք` Հայկին, որն այժմ 38 տարեկան է եւ բնակվում է Նյու Ջերսիում:
– Խնդրում եմ պատմեք Ձեր հասարակական-քաղաքական գործունեության մասին: Մասնավորապես, ե՞րբ եք ընդունվել ՌԱԿ շարքերը, ի՞նչ պաշտոններ եք զբաղեցրել կուսակցության եւ ԹՄՄ-ի կառույցներում:
– ՌԱԿ-ին անդամագրվել եմ 1972 թ. դեկտեմբերի 26-ին, երջանկահիշատակ Գերսամ Ահարոնյանի կնքահայրությամբ: Այնուհետեւ ակտիվորեն մասնակցել եմ կուսակցության առօրյա գործունեությանը` այդ ընթացքում աստիճանաբար կուսակցության սանդղակով վեր բարձրանալով: Սկսել եմ Բեյրութից, ապա վերակազմակերպել Ամմանի ակումբը, մի քանի ընկերներով հիմնել ենք Բոստոնի «Արտակ Դարբինեան» երիտասարդական ակումբը եւ այլն: Վերջնականապես հաստատվել եմ Նյու Յորքում եւ եղել տեղի ակումբի ատենապետը: 1996-1999 թթ. ընտրվել եմ ՌԱԿ Արեւելյան Միացյալ Նահանգների եւ Կանադայի Շրջանային վարչության ատենապետ: 2001 թ. Աթենքում տեղի ունեցած XIII համագումարում ընտրվել եմ ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամ մինչեւ 2006 թվականը: Եղել եմ Կենտրոնական վարչության ատենադպիրը եւ ՌԱԿ մամուլի կենտրոնական դիվանի ատենապետը, հաջորդաբար ատենապետել եմ կուսակցության չորս ընդհանուր պատգամավորական ժողովներում:
Կուսակցական պաշտոնների բերումով հաճախակի եմ այցելում հայրենիք ու տարբեր հայահոծ գաղութներ, որտեղ երբեւէ կուսակցությունս ակտիվ գործունեություն է ծավալել: 1995 թ. ընտրվել եմ Լառնակայի XIX ընդհանուր պատգամավորական Ժողովում կուսակցության ներսում սկսված տագնապին վերջ տալու եւ կուսակցության միասնականությունը ապահովելու նախանձախնդրությամբ ստեղծված երկկողմանի եռանդամ հանձնախմբի անդամ, որը Փարիզում կայացած համաձայնությամբ մինչեւ 2006 թվականը դրական արդյունք ապահովեց: Բազմիցս կուսակցական զանազան պատվիրակությունների կազմում մասնակցել եմ Հայաստանում տեղի ունեցող պաշտոնական հանդիպումների, որոնց թվում` թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմադիր կուսակցությունների պատասխանատուների հետ: Գնահատելով տարիների ընթացքում կուսակցական ակտիվ գործունեությունս, 1997 թ. արժանացել եմ «Վաստակի պատուոյ վկայագիր»-ի: 2009-ից ի վեր, ՌԱԿ Արեւելյան Ամերիկայի եւ Կանադայի շրջանակի մամլո դիվանին ատենապետն եմ:
Իսկ ինչ վերաբերում է Թեքեյան մշակութային միությանն իմ մասնակցությանը, ապա ասեմ, որ անդամակցել եմ վաղ երիտասարդության տարիներից Բեյրութում` մաս կազմելով Լիբանանի վարչության: Երբ տեղափոխվեցի ԱՄՆ, իմ մանկության ընկերոջ` Պերճ Սեդրակյանի (ՀԲԸՄ-ի ներկայիս նախագահ) քաջալերանքով ու միջնորդությամբ հրավիրվեցի ստանձնելու Բոստոնում գտնվող ԹՄՄ Միացյալ Նահանգների եւ Կանադայի կենտրոնական գրասենյակի վարիչ քարտուղարի պաշտոնը, որը վարեցի մինչեւ 1979 թ.: Այնուհետեւ փոխադրվեցի Նյու Յորք եւ չորս տարի վարում էի տեղի մասնաճյուղի ատենապետությունը: Այստեղ վերակազմակերպեցի մասնաճյուղը` Թեքեյանի շուրջ համախմբելով մեծ թվով անդամների, որոնք մինչեւ օրս շարունակում են այդ աշխատանքները: Սկսած 2008 թ. վերստանձնեցի նույն պաշտոնը եւ շարունակում եմ պաշտոնավարել ցայսօր: Զանազան պաշտօններ եմ վարել ԹՄՄ-ի Կենտրոնական վարչությունում, իսկ 2005 թ. ընտրվել եմ այդ վարչության ցկյանս անդամ: Ի գնահատանք Թեքեյանի ավելի քան 25 տարիների ծառայության, 2003 թ. «Գնահատագիր» եմ ստացել այդ միության կողմից: 1998 թ. հիմնադրել եմ ԹՄՄ-ի միակ թատերախումբը Ամերիկայի մէջ` «Մհեր Մկրտչյան» անունով, որի ղեկավարն եմ մինչ օրս: Թատրոնը միշտ էլ եղել է ինձ հարազատ ու սրտամոտ մշակութային երեւույթ: ԹՄՄ տարբեր մասնաճյուղերի հրավերներով ավելի քան երեսուն ներկայացում ենք տվել Ամերիկայի եւ Կանադայի տարբեր համայնքներում, հյուրախաղերով այցելել ենք նաեւ Երեւան:
– Ի՞նչ կարծիքի եք Հայրենիք-Սփյուռք առնչությունների եւ, հատկապես, մերօրյա հարաբերությունների ու վիճակի մասին:
– ՌԱԿ-ի հարաբերությունները դեռ խորհրդային տարիներից Հայաստանի հետ ազգային հարցերում միշտ էլ եղել են գործնական: Իշխանություններն ունեցել են հավատ եւ վստահություն մեր կազմակերպության նկատմամբ: Ռամկավարներն անշահախնդրորեն գործակցել են ազգային, քաղաքական ու մշակութային բնագավառներում եւ սառը պատերազմի բոլոր տարիներին ՌԱԿ-ի մամուլն ու բեմը ծառայել են վառ պահելու հայրենասիրության ոգին սփյուռքահայ զանգվածների շրջանում: Հակառակ ավանդական որոշ կազմակերպությունների հարուցած դժվարություններին (նրանք տեղական պետական շրջանակներում մեզ ամբաստանում էին իբրեւ համայնավարներ), մենք անվախորեն հավատարիմ էինք մնում մեր ուղեգծին:
Հայաստանում ծնունդ առած ՌԱԿ-ը, այլ կազմակերպությունների ու իշխանությունների միջամտություններով, մի քանի անգամ պառակտվեց, ինչն իր տխուր ազդեցությունն ունեցավ նաեւ արտասահմանի մեր կառույցների գործունեության վրա: Կուսակցական շարքերն անվստահություն եւ, որ ավելի վատ է, սկսեցին անտարբերություն դրսեւորել մեր կազմակերպության գործունեության ու ղեկավարության նկատմամբ: Այս բոլորից հետո, նոր իշխանությունները` ի դեմս հանրապետականների, վերահասու դարձան, որ տակավին ամենավստահելի քաղաքական կազմակերպությունը ՌԱԿ-ն է: Եվ չնայած մեր ընդհանուր պառակտված վիճակին եւ սփյուռքահայ ոչ ցանկալի տեղաշարժերին, ես վստահ եմ, որ կարելի է տակավին վերակազմակերպվել եւ հայրենիքում ակտիվ քաղաքական դաշտ վերադառնալ: Տակավին կուսակցությունն ունի բարոյական այնպիսի հեղինակություն, բարոյական այնպիսի դրամագլուխ, որով կարելի պիտի լինի վերադարձնել մեր երեկվա վստահությունը ոչ միայն հայրենի իշխանությունների, այլեւ` սփյուռքի զանգվածների շրջանում:
– Ձեր կարծիքով ինչ միջոցներով է հնարավոր լիովին առողջացնել ՌԱԿ-ը, ինչպիսին եք տեսնում ՌԱԿ սփյուռքյան եւ հայաստանյան կառույցների հարաբերակցությունն ապագայում:
– Ինչպես քիչ առաջ նշեցի, ամենակարեւոր հարցը մարդկանց վստահությունը վերաշահելն է: Մեր պատմության ընթացքում էլի են եղել ժամանակներ, երբ առկա են եղել ներքին տագնապներ, ղեկավարության հանդեպ անվստահություն եւ բողոքներ, մինչեւ իսկ` անկարգապահություն, սակայն դրանք միշտ էլ մնացել են մեր ներքին կառույցներում, երբեք չեն հրապարակվել եւ հասարակության քննության նյութ չեն դարձել: Որքան էլ հավատում ենք ազատականությանը, մանավանդ` խոսքի, սակայն յուրաքանչյուր կուսակցական լավ գիտի, թե այդ ազատության սահամնները որտեղ են սկսվում եւ որտեղ վերջանում:
Ավագ սերնդի հեռանալով, դժբախտաբար, մենք եւս սկսեցինք քաղքենիանալ: Տխուր բարքերն սկսեցին ներթափանցել մեր կուսակցական կառույցներ: Մի կողմից մեր ընկերների Ամերիկայի շրջանակների բացարձակ ռամկավարական ըմբռնողությունը եւ մյուս կողմից գործի բերումով Արաբական անապատի երկրներում եւ Սիրիայում ու Լիբանանում բնակություն հաստատածների միջինարեւելյան բացարձակատիրության մտածողությունը պատճառ եղան, որ անվստահության, բողոքի ձայներ սկսեն լսվել բոլոր կողմերից: ՌԱԿ-ը չունեցավ հեղինակավոր մի ղեկավար, որ կարենար ի մի հավաքել կողմերին եւ վերադարձներ մեր կուսակցության երբեմնի փառքն ու ազդեցությունը: Դժբախտաբար, այդ անհանդուրժողական ալիքը հասավ նաեւ Հայաստանի մեր կառույցներին: Մյուս կողմից, մի քանիսը, դժբախտաբար, կուսակցությանը վերաբերվեցին որպես շահույթի միջոցի եւ չարաշահեցին սփյուռքից ուղարկված նյութական միջոցները եւ սա էլ իր հերթին նոր անվստահության ալիք ծնեց:
Հիմա, որ կարծում եմ փոթորիկը խաղաղված է, վստահ եմ, որ նոր հարաբերութիւնների էջ կարելի է բացել: Դարձյալ պետք է սատարենք ՌԱԿ-ի հայաստանյան կառույցներին, վերջապես պետք չէ թողնել, որ պետական շրջանակներում սփյուռքը ներկայացվի միայն մեկ կուսակցության կողմից: Նախ` դա արդար չի եւ, ի վերջո, նրա հետագա տարիների հետեւանքը օգտակար չպիտի լինի ոչ հայրենի պետական կառույցներին, ոչ Հայաստանյայց եկեղեցուն եւ ոչ էլ սփյուռքահայության մեծամասնությանը: Դա արկածախնդրություն է, երբ օգտվելով ՌԱԿ-ի այսօրվա վիճակից, նոր ձեւավորումներ են հաղորդում հայրենիք-սփյուռք հարաբերություններին:
– Ձեր կարծիքով, ինչպիսի գոյակցություն պետք է լինի ԹՄՄ-ի եւ կուսակցության միջեւ:
– Բացահայտ երեւույթ է, որ ընդհանրապես կուսակցապատկան մեր կալվածները ամեն տեղ գրանցված են ԹՄՄ-ի անունով: Հստակ է, որ որոշ երկրներում Թեքեյանը տեղական հարկային համակարգից ազատված կազմակերպություն լինելով, ունի լայն իրավասություններ: Մյուս կողմից, ավելի ապահով է դրանք գրանցել ԹՄՄ-ի անունով, որովհետեւ ապագայում կարող է խնդրահարույց լինել, քանի որ կարող է մի արկածախնդիր ղեկավարություն ընտրվել, որը յուրացնի եւ վաճառի դրանք: Ցավոք, այդպիսի տխուր փորձություններ ունեցել ենք ոչ միայն մենք, այլեւ մեր հետ ճանապարհ կտրած այլ քաղաքական կազմակերպություններ, հատկապես Հայաստանում, երբ ՌԱԿ նախկին ղեկավարը վաճառեց կուսակցության 6 գրասենյակներից հինգը: Եթե վերադառնանք բնականոն վիճակին, անձնապես ոչ մի կասկած չունեմ, որ վստահությունը երկուստեք դարձյալ կվերահաստատվի: Ի վերջո Թեքեյանը եւ նրա քույր միությունները` Կահիրեի Հայ ազգային հիմնադրամն ու Գեղարվեստասիրաց միությունը, Ամմանի Մշակութային միութիւնը, Երուսաղեմի Հայ երիտասարդաց միությունը, Աթենքի Արարատ մշակութային միությունը սերվել են ՌԱԿ-ից: Իսկ այդ միությունների անդամները երդվել են ծառայել ազգին մեր կուսակցության որդեգրած ուղեգծով եւ մեր սերնդին հասած անցյալի ավանդներով:
– Երկար ու ձիգ տարիներ աշխատակցում եք մամուլին. ինչպե՞ս սկսվեց այդ բարեկամությունը եւ ինչպիսին եք տեսնում այն ապագայում:
– Լրագրական իմ առաջին փորձերս կատարել եմ Բեյրութում հրատարակվող «Երիտասարդ Հայ» ամսաթերթում, սակայն շուտով սկսել եմ աշխատակցել ՌԱԿ մամուլին, մասնավորապես` «Զարթօնք»-ին, ապա` Բոստոնի «Պայքար», «Արմինիըն Միրըր-Սփեքթէյթըր» եւ Լոս Անջելեսի «Նոր Օր» պաշտոնաթերթերին: Մեծագույն ցավս եղավ, երբ Հայաստան տեղափոխելուց հետո հարյուրամյա մեր «Պայքար» պաշտոնաթերթն ընդմիշտ փակվեց: Դա մի ամոթ էր կուսակցության եւ այդ թերթին ծնունդ տվող մեր ընկերների եւ հաջորդական խմբագիրների` Գարեգին Չիթչյանի, Ա. Նազարի, Հրաչ Երվանդի, Անդրանիկ Անդրեասյանի բարի հիշատակին, որոնք շատ ավելի դժվարին պայմաններում գուրգուրանքով պահել էին մեր թերթը: Պարբերաբար աշխատակցել եմ նաեւ Լոս Անջելեսի «Նոր Կեանք»-ին, Մոնրեալի «Ապագայ»-ին ու Երեւանի «Ազգ»-ին: Հավատալով հայ մամուլի առաքելությանը` 1995-ին հիմնել եմՙ մեր թերթերի մնայուն բաժանորդներ ծնողներիս հիշատակին նվիրված մրցանակ «Զարթօնք»-ին, 2004-ին եւ 2006-ին` Անդրանիկ Անդրեասյանի հիշատակին` «Նոր Օր»-ի աշխատակիցների համար եւ Գերսամ Ահարոնյանի հիշատակին` «Ազգ» թերթի: 1995-1997 թթ. Նյու Ջերսիում հրատարակել եմ «Անկախութիւն» երկշաբաթաթերթը, որի խմբագիրն էր դոկտ. Վաչե Ղազարյանը:
– Շուտով լրանալու է ազգային եւ մշակութային կյանքին բերած Ձեր ծառայության 45-ամյակը: Ինչպե՞ս եք հասցնում այդ ամենը, ինչպե՞ս եք զուգակցում աշխատատար բիզնեսը եւ գրել մի քանի հաստափոր հատորներ, որոնց լուսապսակը պիտի դառնա մոտ ապագայում հրատարակվող 2000 էջանոց հիմնարար ուսումնասիրությունը:
– Զոհողություն: Բայց անշուշտՙ հաճելի: Ազգային գործիչը պետք է հաճույք ստանա իր կատարած գործերից եւ պետք չէ դրանց նայի սոսկ որպես ծառայության: Իմ կյանքը, առօրյաս լցնում եմ ազգային-քաղաքական հարցերով, մշակութային, գրական ու թատերական զբաղմունքներով: Վերջին շրջանում էլ աշխատում եմ ավարտին հասցնել Ձեր ակնարկած կարեւոր գործս` «Մեծ Երազի ճամբուն ուղեւորները-Համապարփակ պատմութիւն Ռամկավար Ազատական կուսակցութեան, սկսած` Արմենական կազմակերպութենէն»: Բարեբախտաբար, ինչպես գիտեն իմ ընկերներն ու մտավորական շրջանակները, ունեմ արժեքավոր ու աննման կուսակցական արխիվ եւ թերթերի հավաքածու, որոնք հավաքել եմ անցնող 50 տարիների ընթացքում` Բեյրութից սկսած:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ, ընկեր Վարդիվառյան, ծննդյան 65 եւ ազգային ու մշակութային գործունեության 45-ամյա հոբելյանների առթիվ, մեր գնահատանքի խոսքն ու շնորհակալությունն հայտնելով բեղուն գործունեության համար, մաղթում եմ քաջ առողջություն, ստեղծագործական նորանոր նվաճումներ, հզոր կամք հայապահպանության եւ Հայրենիքին նպաստ բերելու դժվարագույն գործառույթներն իրականացնելու գործում: