ՋՈՐՋ ՖՐԻԴՄԱՆ
Թարգմանաբար ներկայացվող հոդվածը 5-րդՙ վերջինն է հեղինակի «Սահմանատարածքներ» շարքի, որը նա գրել է Բալթյան երկրներ, արեւելյան Եվրոպա, Թուրքիա եւ Ադրբեջան կատարած այցելությունների ընթացքում: «ԱԶԳ-ի» մայիսի 23-ի համարում հրատարակել էինք շարքի երկրորդ հոդվածըՙ «Հայացք Ադրբեջանից» խորագրով:
Լեհաստան եւ Ադրբեջան այցելեցի այնպիսի մի ժամանակահատվածում, երբ Եվրոպան ձեւավորող ուժերը գտնվում էին փոփոխությունների շեմին: Երկրների մեծամասնությունը վերագնահատում էր իր դիրքորոշումը: Անհանգստության զգացումը համատարած էր: Լեհաստանի նման երկրների դիտորդները չէին էլ թաքցնում այդ զգացումը: Այլ վայրերիՙ ինչպես Թուրքիայի, որն անմիջական «կրակի գծի» վրա չէ, դիտորդները Ուկրաինային դիտարկում էին ոչ որպես գերիշխող, այլ դեռեւս չհստակեցված թեմայի: Այդուհանդերձ, Լեհաստանից մինչեւ Ադրբեջան ես երկու հիմնական հարց էի լսում. «Ռուսները գալի՞ս են», «Ի՞նչ կարող են այս երկրները անել պաշտպանվելու համար»:
Մոսկվան էլ է անհանգիստ, եւ որոշ ռուսներ բացահայտ խոսում են այդ մասին: Ռուսների տեսանկյունից եվրոպացիներն ու ամերիկացիները արեցին այն, ինչը Մոսկվան չէր կարող հանդուրժել: Նրանք արեւմտամետ կառավարություն հաստատեցին Կիեւում: Ռուսների համար ժողովրդական ապստամբության պնդումները ընդունելի չեն: Նրանք հավատացած են, որ Արեւմուտքի կողմից ֆինանսավորված ոչ կառավարական կազմակերպություններն էին կանգնած իշխանությունը տապալելու խռովությունների թիկունքում: Բայց դա չէ այժմ խնդրի էությունը, այլ այն, որ Ուկրաինան ներկայիս գտնվում է արեւմտամետ կառավարության ձեռքին եւ եթե այդ կառավարությունը դիմանա, ռուսական դաշնությունը վտանգի տակ կլինի:
Տեսարանը Ռուսաստանի արեւմուտքում
Քարտեզին նայելիս ռուսները տեսնում են հետեւյալը. Բալթյան երկրները ընդգրկված են ՆԱՏՕ-ում, իսկ Ուկրաինան դաշնակցում է Արեւմուտքի հետ: Բելառուսի հակաարեւմտյան կառավարությունը խոցելի վիճակում է, եւ եթե Մինսկը փոխի իր հավատարմությունը, ապա Ռուսաստանի հնարավոր թշնամիները թափանցած կլինեն մինչեւ Ռուսաստանի խորքը, ինչպես նացիստների ժամանակ: Այս համեմատությունը ես քանիցս լսեցի ռուսներից: Նրանց համար հայրենական մեծ պատերազմը (Երկրորդ համաշխարհայինը) կենդանի հիշողություն է: Հիտլերի ուխտադրժությունըՙ նույնպես: Ռուսներն ուրիշներին շատ չեն վստահում եւ ամեն պատճառ ունեն այդպես վարվելու: Նույնը կարելի է ասել նաեւ կենտրոնական եվրոպացիների, թուրքերի եւ կովկասյան ժողովուրդների համար: Իրենց անցյալի հետ կապված դեպքերը թույլ չեն տալիս նրանց վստահել որեւէ մեկին:
Վերջին շաբաթներում երեք բան է հստակեցվել: Առաջին, ռուսներն ուղղակիորեն չեն ներխուժելու Ուկրաինա: Ճիշտ չի լինի ներխուժել 50 մլն բնակչություն ունեցող մի երկիր եւ ակնկալել, որ քեզ գրկաբաց կընդունեն այնտեղ: Ռուսները ձեւացնում են, թե ամենազոր են, բայց վառելիքի պահեստների վրա ամերիկյան օդային հարձակումների սպառնալիքը, ինչպես նաեւ հնարավոր ապստամբության վտանգը զգուշավոր են դարձնում նրանց:
Երկրորդ, ոչ մի եվրոպական ուժ չի կարող Լեհաստանից Ռումինիա ընկած ճակատային գիծը պատշաճ ձեւով պաշտպանել ռուսական հարձակումից կամ հնարավոր ճնշումներից: Գերմանիան է գլխավոր դերակատարը այնտեղ, եւ Բեռլինը հստակ սահմանագծել է, թե ինչ կարող է անել Ուկրաինայում եւ ինչ քայլեր կձեռնարկի Եվրոմիության եւ ՆԱՏՕ-ի արեւելյան թեւը պաշտպանելու համար: Բեռլինը չի ցանկանում ականատես լինել մի նոր սառը պատերազմի: Գերմանիան կախվածության մեջ է ռուսական վառելիքից եւ նրան լիուլի բավարարում է ներկայի «ստատուս քվոն»: Եվրոպայի մնացած երկրները արդյունավետ կերպով չեն կարող միջամտել:
Եվ երրորդ, Եվրոպայի արեւելյան թեւի որեւէ պաշտպանություն պետք է գա Մ. Նահանգներից: Վաշինգտոնը վերջին մի քանի շաբաթները անցկացրեցՙ հավաստիացնելով իր պարտավորվածությունները հանդեպ երկու երկրներիՙ Լեհաստանի եւ Ռումինիայի: Նախագահ Բարաք Օբաման ժամանեց Լեհաստան, իսկ փոխնախագահ Ջո Բայդենը մեկնեց Ռումինիա: Չնայած երկու ղեկավարներն էլ վստահեցրին, որ լիուլի կպաշտպանեն այդ երկրների ազգային անվտանգությունը, բայց նրանք թերացան հստակեցնելու այդ պաշտպանության մանրամասնությունները: Եվ դա զարմանալի չէ, հաշվի առնելով, որ Մ. Նահանգները դեռ ծանրութեթեւ է անում կացությունը եւ պատրաստ չէ ներկայիս ուրվագծել խոստացված պաշտպանության բնույթն ու չափսը: Ռուսներն առայժմ զբաղված են Ուկրաինայով, եւ Մ. Նահանգները դեռ ժամանակ ունի մտածելու:
Անշուշտ Մ. Նահանգների գլխավոր մտահոգությունը Լեհաստանն է, որն ամենախոցելին է: Բայց առայժմ հեռավորությունն ու ռազմական տեխնիկայի տեղաշարժման ու մատակարարման դժվարությունները սահմանափակում են Լեհաստանին սպառնալու Ռուսաստանի կարողությունները:
Լեհաստանին խոստացված նախնական պարտավորվածությունը ստիպում է դաշնակիցներին լինել զգուշավոր եւ գրավել հիմնականում պաշտպանողական դիրքորոշում: Այդ սկզբունքը գործում էր սառը պատերազմի օրերին, երբ խորհրդային զինված ուժերը շատ ավելի հզոր էին եւ ավելի լավ տեղաբաշխված: Այսօր Ռուսաստանը շատ ավելի թույլ է: Ուստի առավել շրջահայաց մարտավարությունը նպատակահարմար է:
Սեւծովյան մարտավարության առաջացումը
Վերոնշյալ պատճառներից ելնելով Մ. Նահանգները սկսել է վարել սեւծովյան մարտավարություն կոչվածը, որը կենտրոնացած է Ռումինիայի վրա: Ռուսները կառչեցին Սեւաստոպոլից, որովհետեւ նավատորմային կարողությունները Սեւ ծովում կրիտիկական նշանակություն ունեն: Ռումինիայի նավատորմային կարողություններն ուժեղացնելուն միտված մարտավարությունը, որը թույլ է տալու տարածաշրջանում տեղադրել նաեւ ամերիկյան ռազմաօդային ուժեր, ինչ խոսք, սպառնալիք է դառնալու ռուսական նավատորմի համար: Այն միաժամանակ իր պաշտպանական կարողություններն ընդարձակելու է մինչեւ Վրաստան եւ Ադրբեջանից անցնող որեւէ խողովակաշար: Պարզ ասած, որեւէ մարտունակ, մրցակից սեւծովյան նավատորմ լուրջ խնդիրներ է ստեղծելու Ռուսաստանի համար, հատկապես եթե Ուկրաինայի կառավարությունը դիմանա փորձություններին, եւ Ղրիմը մեկուսացվի: Մ. Նահանգների պաշտպանության նախարար Չաք Հեյգելի այցելությունը Ռումինիա վկայում է այն մասին, թե ինչ մեծ կարեւորություն է տալիս Ամերիկան այդ երկրին:
Կարեւոր է նաեւ ուշադրություն դարձնել այն հսկայական դիվանագիտական աշխատանքներին, որոնք իրականացվում են Մ. Նահանգների եւ Թուրքիայի միջեւ, ինչպես նաեւ այն հանդիպումներին, որոնք կայանում են թուրք, լեհ եւ ռումինացի ղեկավարների միջեւ: Թուրքիան ակներեւաբար կտուժի էներգիայի անջատումներից կամ սահմանափակումներից: Ուստի Անկարան չի ցանկանա Սեւ ծովը տեսնել մարտադաշտի վերածված մի տարածքի: Միաժամանակ նա կձգտի անպայման մաս կազմել որեւէ դաշնության, որ Մ. Նահանգները կազմավորում է տարածաշրջանում: Վերջին հաշվով թուրքերը խորապես հետաքրքրված են ինչպես իրաքյան, այնպես էլ իրանյան էներգառեսուրսներով եւ քիչ են վստահում ռուսներին:
Ինչպես տեսնում ենք, մեր առջեւ տարածաշրջանային դերակատարներ են, որոնք նոր դաշինքներ ստեղծելու խաղով են տարված: Գործընթացը դեռ սաղմնային վիճակում է, բայց արդեն ստիպում է ռուսներին մտածել իրենց ապագայի մասին: Էներգիայի ռեսուրսներն անշուշտ մաս են կազմում ընդհանուր գործընթացին, եւ ռուսները կարծես առավելություն ունեն այստեղ: Երկրներից շատերը, որոնք վախենում են Մոսկվայից, նաեւ կախվածության մեջ են նրա բնական գազի պաշարներից: Բայց թույլ կողմը այն է, որ բնական գազը ներգործման ուժեղ միջոց լինելով հանդերձ, առանձնապես եկամտաբեր չէ: Ռուսաստանի բյուջեն, տնտեսությունը, հիմնված է առավելապես նավթի վրա, եւ վտանգն այն է, որ Մոսկվան չի կարողանում վերահսկել նավթի գինը: Գնի որեւէ կտրուկ անկում առնվազն սասանելու է Ռուսաստանի տնտեսությունը: Լեհաստանում Օբաման դիտավորյալ մատնանշեց Ռուսաստանի տնտեսական խնդիրները: Դրանով նա հասկացրեց Պուտինին, որ ինքը քաջատեղյակ է Ռուսաստանի թուլությունից:
Այնպես որ, ինչքան էլ անհրաժեշտ լինի, ռազմական ուժերի տեղակայումը հիմնական տարրը չի կազմում արեւմտյան նորափթիթ մարտավարության: Փոխարենըՙ քայլեր ձեռնարկելն է միջազգային շուկան նավթով հեղեղելու, ինչքան էլ դրա գործադրումը դժվար լինի: Հնարավոր է, որ միջուկային զենքի շուրջ Վաշինգտոնի հետ համաձայնության գալուց հետո, Իրանի նավթային շուկան բաց կլինի աշխարհի առաջ: Դրան եթե գումարվեն իրաքյան եւ լիբիական նավթային պաշարները, ապա Վաշինգտոնի ձեռքին է լինելու հզորագույն զենքը, որը նա կարողանալու է նույնիսկ արտահանել հեղուկ բնական գազի հետ միասին:
Սրան զուգահեռ զարգացող տրամադրությունների թվում կարելի է նշել Բուլղարիայի վերջերս կատարած հայտարարությունը, որ դադարեցնելու է ռուսների պաշտպանությանը արժանացած «South Stream» խողովակաշարի շինարարությունը: Հայտարարությունն արվեց այն բանից հետո, երբ Բուլղարիայի վարչապետը հանդիպեց ամերիկացի երեք սենատորների հետ: Նման մարտավարությունը կսահմանափակի ռուսական վերահսկողությունը (Եվրոպայի էներգակիրների վրա) եւ կարող է ապակայունացնել Ռուսաստանի տնտեսությունը:
Բայց անմիջական վտանգ Ռուսաստանին դեռ չի սպառնում: Տարիներ կպահանջվեն մինչեւ վերոնշյալ նախագծերը իրականություն դառնան: Ոմանք էլ կարող են ընդհանրապես չիրականանալ: Խոչընդոտները շատ են: Ամերիկյան ընկերություններ եւ նավթարդյունաբերող դաշնակից պետություններ կարող են տուժել: Բայց այստեղ խնդիրը ապագայի աշխարհաքաղաքական կացությանն է վերաբերում եւ նավթի այլընտրանքային պաշարների որոնման գործընթացը, որն սկսված է, հնարավոր չէ կասեցնել: Ռուսական մարտավարությունը պետք է լինի նվազեցնել էներգամատակարարման ազդեցությունն իր առաջնային աշխարհաքաղաքական հրամայականների վրա: Ռուսները գիտեն այդ մասին, եւ նրանց նպատակն է հառաջիկա տասը տարիների ընթացքում տնտեսության այնքան նոր ոլորտներ զարգացնել, որ կարողանան դիմակայել ակնկալվող շուկայական տատանումները:
Մ. Նահանգների համար կարեւորը Լեհաստանին զինելը չէ: Ոչ էլ Ռումինական նավատորմի ստեղծումը կամ նավթի համաշխարհային շուկայի վերաձեւավորումը: Խնդիրը շատ ավելի պարզ է: Մ. Նահանգները ցանկանում է ցույց տալ, որ ի վիճակի է այս բոլորը կատարել:
Նման դրսեւորումը ստիպելու է ռուսներին վերանայել իրենց դիրքորոշումը, նախքան որ սպառնալիքը իրականություն դառնա:
Նոր հաշվարկներ
Մ. Նահանգներն այժմ իր կողքին արեւմտամետ կառավարություն ունի Ուկրաինայում: Եթե այդ կառավարությունը դիմանա փորձություններին եւ ամրապնդի իր դիրքերը, ապա ի չիք կդառնա Մոսկվայից եկող սպառնալիքը: Ռուսաստանը ստիպված կլինի ամբողջովին պաշտպանական դիրքորոշում որդեգրել: Հետագայում Բելառուսը կարող է ապակայունանալ եւ այնտեղ էլ ի վերջո արեւմտամետ կառավարություն ձեւավորել: Այդ դեպքում Ռուսաստանի վիճակը է՛լ ավելի կբարդանա: Նրա գլխավոր զենքըՙ Եվրոպային բնական գազից զրկելը, կկորցնի իր մարտավարական ազդեցությունը: Ռուսաստանը ինքը խոցելի կդառնա, եւ նույնիսկ ներքին անկայունության անցանկալի դուռը կբացի աշխարհի առաջ:
Ռուսաստանն այժմ երկու տարբերակ ունի:
ա) Ապակայունացնել իրավիճակը Ուկրաինայում, որի հաջողությունը անորոշ է, քանի որ Մոսկվան չի կարող կանխագուշակել, թե Մ. Նահանգները ինչպես կարձագանքի դրան: Վաշինգտոնի ձեռնարկած քայլերը Լեհաստանում, Ռումինիայում եւ Թուրքիայում է՛լ ավելի ռիսկային են դարձնում նման տարբերակի ընտրությունը:
բ) Կամ էլ համակերպվելով իրողության հետՙ փորձել չեզոքացնել Ուկրաինային: Ոչինչ չձեռնարկել այնտեղի նորաստեղծ կառավարության դեմ այնքան ժամանակ, որ Կիեւը պարտավորվի հրաժարվել բազմազգ արեւմտամետ կառույցներին միանալուց եւ չթույլատրի իր տարածքում տեղակայել օտար ռազմական ուժեր: Այս բոլորի դիմաց Ռուսաստանը պետք է երաշխավորի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ նույնիսկ վերանայի Ղրիմի կարգավիճակը:
Արեւմտյան ռազմավարության հիմքում ընկած է ռուսական շահերի դեմ վստահելի սպառնալիք ստեղծելը: Սա նշանակում է երաշխավորել Լեհաստանի պաշտպանությունը եւ ստեղծել ռազմական գրոհի հնարավորություններ Ռումինիայում: Հիմնական նպատակն այն է, որ Մոսկվան գիտակցի, որ անհրաժեշտության դեպքում Մ. Նահանգները պատրաստ է լայնածավալ հարձակում սանձազերծել նավթի գնի վրա: Պուտինը պետք է հասկանա, թե ինչ երկարաժամկետ ռիսկերի է դիմումՙ հույսը դնելով բնական գազի արտահանումներից ստացած կարճաժամկետ առավելությունների վրա:
Ռուսաստանն այժմ պետք է հաշվարկի, թե կարո՞ղ է արդյոք ապակայունացնել Ուկրաինան այնքան, որ տապալի այնտեղի արեւմտամետ կառավարությունը: Նաեւ պետք է հաշվարկի, թե ինչ գնով կարելի է դա իրականացնել: Բայց մինչ այդ Մոսկվան հնարավոր տարբերակներ է որոնում չեզոքացնելու Ուկրաինային: Գերմանիան այստեղ մեծ դերակատարություն ունի, եւ ենթադրում եմ, որ գերմանացիները ուրախ կլինեն տեսնելու Ուկրաինայի «վնասազերծումը» եւ դրանով իսկ հակամարտության ավարտը:
Մ. Նահանգների տեսանկյունից արեւմտամետ, բայց չեզոք Ուկրաինայի առկայությունը բուֆերային գոտի է ստեղծելու եւ բացառելու է հակամարտությունը Ռուսաստանի հետ: Բայց ամերիկացնիերը պետք է ճիշտ հաշվարկեն, թե ինչքան կայուն կարող է լինել նման կարգավիճակը եւ թե ինչ կարող են անել ռուսները հետագայում: Որեւէ գործարքի կամ համաձայնության գրավականը դրա գործադրման մեջ է: Իսկ գործադրումը պայմանավորված է հակառակ կողմին սպառնալով այն, ինչ նա չի ցանկանում, որ տեղի ունենա: Տվյալ դեպքում Ռուսաստանը չի ցանկանում տեսնել որեւէ վտանգ, որն սպառնա իր թույլ տնտեսությանը: Եթե որեւէ վերահսկողական համակարգ չստեղծվի, Ուկրաինան շարունակելու է մարտադաշտ մնալ ներկայի փոքրիկ սառը պատերազմում:
Geopolitical Weekly, Stratfor, 10.06.14, Թարգմ. Հ. Ծ.