«Սայպրըս Մեյլ» թերթից արտատպելով լուրը «Արմինյն միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ մայիսի 11-ին Կիպրոսի հանրապետության թուրքական գրավյալ հատվածում գտնվող Սբ. Աստվածածին հայկական եկեղեցում վերջին հիսուն տարիների ընթացքում առաջին անգամ պատարագ է մատուցվել ձեռամբ Վարուժան արք. Հերգելյանի եւ ի ներկայությամբ օտարազգի դեսպանների, տարբեր հարանվանությունների ներկայացուցիչների եւ երկրի տարբեր քաղաքներից ժամանած կիպրահայերի:
Եկեղեցին 1915-23 թվերին որպես ապաստարան է ծառայել հազարավոր հայ բռնագաղթյալների: Հետագայում, մինչեւ 1964 թվականը, եկեղեցական համալիրում տեղավորված են եղել Մելիքյան-Ուզունյան տարրական դպրոցի եւ մանկապարտեզի շենքերն ու հայերի Ցեղասպանությանը նվիրված հուշարձանը: Վերջին հարսանիքը այնտեղ տեղի է ունեցել 51 տարի առաջ, 1963 թվի դեկտեմբերի 22-ին: Ամուսնացյալ զույգըՙ Անդրանիկ եւ Ալիս Նալչաճյանները ներկա են գտնվել պատարագին: