Ողբերգական երեւույթներ լինելով, արտագաղթը Հայաստանից եւ հայրենիքը լքողների հաստատվելը Մ. Նահանգներում եւ այլ երկրներում գալիս են ապացուցելու, որ ինքնության պահպանման գերխնդիրը շարունակում է մնալ այժմեական եւ խոցելի այդ հյուրընկալ համայնքներում: Հարկ է նշել, որ մինչ այժմ սփյուռքահայ համայնքները դարեր շարունակ գոյատեւել են օտար երկրներում, նույնիսկ ի հեճուկս ձուլման հետեւանքով կրած կորուստների, շնորհիվ ինքնապաշտպանական ամուր կառույցների հիմնադրմանը եւ արդյունավետ գործունեությանը:
Սփյուռքում հայկական կազմակերպությունները ծառայել են որպես հայկական ինքնության սրբավայրերի: Հայկական եկեղեցիները, վարժարանները, մամուլն ու լրատվության մյուս միջոցները, բարեգործական եւ մշակութային կազմակերպությունները միմյանց հետ համագործակցել են ստեղծելու համար հայկական ժառանգության պահպանման մի ապահով ցանց, որն իր հերթին սնել է այդ ինքնությունը: Նույնիսկ մրցակցությունը այդ կառույցների միջեւ, եթե իհարկե հեռու է մնացել կործանարար ուժերի ազդեցությունից, նպաստել է կենդանություն հաղորդել նրանց: Մենք պարտավոր ենք հավուր պատշաճի ճանաչել եւ գնահատել այդ բոլոր կազմակերպություններին:
Դրանցից մեկը Թեքեյան մշակութային միությունն է, որը վերջերս Նյու Ջերսիի իր կենտրոնում գումարեց իր 33-րդ համագումարըՙ ի ներկայության Մ. Նահանգների եւ Կանադայի մասնաճյուղերից ժամանած պատվիրակությունների եւ անդամների: Խանդավառ մթնոլորտ էր, որովհետեւ մասնակիցները շատ երկար էին սպասել ի մի գալու, իրենց փորձառությունը ուրիշներին փոխանցելու եւ հետագա գործողությունների ծրագիրը մշակելու համար:
ԹՄՄ-ի համագումարները ավանդաբար երկու տարին մեկ են գումարվում, բայց հունիսի 20-21-ի համագումարը տեղի էր ունենում երեք տարվա ընդմիջումից հետո: Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում կազմակերպությունն անցավ որոշ ալեկոծությունների միջով, որոնք խանգարեցին նրա բնականոն գործունեությունը: Առանց կրակի ծուխ չի լինում, ասում է առակը, բայց կազմակերպությունը կարողացավ վեր կանգնել որոշ չարակամ մարդկանց մութ արարքներից եւ անդադրում կերպով շարունակել իր մշակութային ու կրթական առաքելությունները: Թեքեյան մշակութային միությունն ու Ռամկավար ազատական կուսակցությունը առաջ են գնում ըստ իրենց համապատասխան ոլորտների սահմանված կանոնադրություններով: Պառակտումը մի կառույցի ներսում ազդում է նաեւ մյուս կառույցի վրա: ՌԱԿ-ը իսկապես ժողովրդավարական կազմակերպություն է, եւ եթե նրա անդամներից մեկը հոգով ու սրտով ժողովրդավար չէ, ապա նա կարող է հեշտությամբ աղճատել ամբողջ համակարգը: Ի տարբերություն ուրիշների, կուսակցությունը բռնատիրական վերահսկողություն չի սահմանում ճնշելու համար այլախոհներին:
Երկու կազմակերպությունների ներսում տարաձայնություններ առաջացնելու դավադրական արարքը հետապնդում էր որոշակի նպատակներ. դրանցից մեկը չեզոքացնելն էր կուսակցությունը Հայաստանումՙ որպես քաղաքական ուժի, իսկ մյուսըՙ տիրանալ նրա ակտիվներին: Եվ իրոք, կազմակերպության անշարժ գույքի ունեցվածքները Մ. Նահանգների արեւմտյան ափում, Մերձավոր արեւելքում եւ Հայաստանում վտանգի ենթարկվեցին: Բայց Մ. Նահանգների եւ Կանադայի ԹՄՄ-ի կառույցը այնքան ուժեղ էր, որ վերջին հաշվով բոլոր ակտիվները մնացին անձեռնմխելի եւ ֆինանսական պարտավորվածություններըՙ պահպանվեցին:
Մ. Նահանգների եւ Կանադայի ԹՄՄ-ն ունի եւ գործարկում է մի շարք կենտրոններ եւ վարժարաններ Հյուսիսային Ամերիկայում: Նաեւ «մի ուսուցիչ հովանավորիր» ծրագրի շրջանակներում Հայաստանում եւ Ղարաբաղում Վ. Թեքեյանի անվան հինգ դպրոցներ ուսուցիչներին եւ աշխատակիցներին է օժանդակում նյութապես: Նրա մասնաճյուղերը հոգեւոր-մշակութային գործունեություն են ծավալում իրենց համապատասխան համայնքներում եւ որպես հայկական մշակութային դեսպանների նրանք իրենց անջնջելի հետքն ու տպավորությունն են թողել նրանցում: Նյու Յորք-Նյու Ջերսիի մասնաճյուղի հյուրընկալած 33-րդ համագումարը դարձավ շրջադարձային բոլոր մասնաճյուղերի եւ անդամների համար, որպեսզի պատրաստ լինեն դիմակայելու առավել խիզախ նպատակներ, ծրագրեր եւ մարտահրավերներ: Հյուրընկալող մասնաճյուղը բոլորից ամենաակտիվն էր իր բազմաբնույթ գործունեություններով, որոնք ներշնչող ուղեցույց կարող են դառնալ մյուս մասնաճյուղերի համար:
Համագումարը նաեւ ապացուցեց, որ հաշվետու լինելը շարունակում է մնալ կազմակերպության գործունեության գրավականը եւ հանրության վստահությանը արժանանալու աղբյուրը: Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչությունը բաղկացած է 10-ը ցմահ եւ երեք ընտրովի անդամներից, որոնք ընտրվում կամ վերընտրվում են յուրաքանչյուր համագումարի ընթացքում:
Որոշ մարդիկ հարցականի տակ էին դնում կառույցը եւ նրա բավականաչափ ժողովրդավարական լինելու հանգամանքը: Սակայն փորձը ցույց է տվել, որ այն ամենակենսունակ համակարգն է կայունություն պահպանելու, ակտիվների ապահովությունը երաշխավորելու եւ նաեւ դրական փոփոխությունների ամբիոն ծառայելու:
Համաժողովի ընթացքում երեք նոր անդամներ եկան փոխարինելու թոշակի անցնողներին: Ուրիշներ ժամանակի ընթացքում կփոխարինեն ցմահ անդամներին, այդպիսով սահուն վերակենդանացում, երիտասարդացում վերապահելով կազմակերպությանը: Համագումարի մասնակիցները գոհունակությամբ ծանոթացան կազմակերպության ծավալած գործունեության հետ եւ հույս հայտնեցին, որ ձեռքբերումները վարակիչ կդառնան նաեւ այլ մասնաճյուղերի համար:
Երկօրյա համագումարը եզրափակվեց ճոխ պատվասիրությամբ, որին ներկա էին ԹՄՄ-ի, ՌԱԿ-ի անդամները եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչները: Իր արտակարգ ծրագրով հյուրասիրությունը միաժամանակ հարգանքի տուրք էր ի պատիվ կազմակերպության ամենաակտիվ ծառայողին ու անխոնջ նվիրյալինՙ Հակոբ Վարդիվառյանին, որի ծննդյան 65 եւ ազգային-հասարակական գործունեության 45-ամյակներն էին նշվում այդ օրերին:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.