նցող բացահայտում տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից
Պարբերաբար տաքսիների վարորդները իրենց դժգոհությունն են հայտնում այս կամ այն խնդրի առնչությամբ, բողոքի տարբեր միջոցառումներ իրականացնում իրենց իրավունքների պաշտպանության ուղղությամբ, պահանջներ ներկայացնում տրանսպորտի եւ կապի նախարարությանը: Որքանո՞վ են օրինաչափ նրանց պահանջները, չենք կարող ասել: Միեւնույն ժամանակ բնական ենք համարում, որ նրանք պայքարում են իրենց իրավունքների պաշտպանության համար: Սակայն, բոլոր այդ դեպքերում մի մեծ հարց է առաջանում բոլոր այն քաղաքացիների մոտ, ովքեր պարբերաբար օգտվում են տաքսիների ծառայությունից` իսկ ո՞վ պետք է պաշտպանի մեզ տաքսիստներից :
Խաբող հաշվիչներ, դրանց բացակայություն կամ ոչ տեսանելի վայրում տեղադրվում, հասցեների չիմացություն, կոպիտ վերաբերմունք, միայնակ ուղեւորուհիների հանդեպ հաճախ ոչ պարկեշտ պահվածք, հասարարական տրանսպորտի կանգառների` բառիս բուն իմաստով զավթում եւ անհարմարությունների պատճառում տրանսպորտին սպասողների ու ավտոբուսների եւ միկրոավտոբուսների վարորդների համար, չխոսելով արդեն մեքենայում ծխելու, պատշաճ տեսքի բացակայության եւ այլ «մանրուքների» մասին: Տրանսպորտի եւ կապի նախարարությունը մտածում է միայն տաքսիստների իրավունքների մասին, կառավարությունն էլ հեշտացնում է տաքսիների գործունեության կարգը, բայց ոչ մեկը, ոչ մյուսը ոչինչ չեն անում ուղեւորների իրավունքների պաշտպանության համար:
10-15 հազար տաքսի` օրինական եւ ոչ օրինական
Համաձայն վերոնշյալ նախարարության տվյալների, հուլիսի 1-ի դրությամբ, Հայաստանում գործում են մոտ 1500 անհատ տաքսիսիտներ եւ 343 տաքսի-ծառայություններ` մոտ 4000 մեքենաներով: Սրանք լիցեզնավորված կամ այսպես կոչված դեղին համարանիշներով տաքսիներն են: Սակայն ակնհայտ է, որ չլիցենզավորված եւ սպիտակ համարանիշնեով երթեւեկող տաքսիներն ավելի շատ են: Այսինքն, ընդհանուր առմամբ, խոսքը առնվազն 10-15 հազար տաքսիների գործունեության մասին է: Ընդ որում, նրանց մի մասը սկզբնական շրջանում գործել են դեղին համարներով, ապա տեսնելով, որ ստվերում գործող` սպիտակ համարներով տաքսիներն իրենց նկատմամբ ավելի բարենպաստ դաշտում են, նախ դադարեցրել են գործունեությունը, ապա կրկին վերադարձել` սկսելով աշխատել արդեն սպիտակ համարներով: Սակայն սա այլ խոսակցության թեմա է: Վերադառնանք տաքսիների հանդեպ սպառողների դժգոհություններին եւ դրանց կապակցությամբ մեր հարցերին տրանսպորտի եւ կապի նախարարության տված պատասխաններին:
Տաքսիստների նորագույն մաթեմատիկան խաբող հաշվիչների առնչությամբ
Գլխավոր հարցն անշուշտ խաբող հաշվիչների կամ դրանց բացակայությանն է վերաբերում, որի դեպքում ուղեվարձը դառնում է տաքսու վարորդի կողմից կամայական սահմանված գումար: Ասենք` նույն ճանապարհը, նույն պայմաններով (գներով, նվազագույն ճանապարհավճարով եւ այլն) գործող տաքսիներից մեկը տեղափոխում է 1000 դրամով, մյուսը` 1200 դրամով, երրորդը` 1500 դրամով: երբ նման հարց ենք ուղղում տաքսու վարորդներին, զավեշտալի պատասխան ենք ստանում` պարզվում է, որ կախված մեքենայի եւ նրա անիվների չափիցՙ նույն ճանապարհի գինը կարող է տարբեր լինել: Այն որ տաքսու վարորդները լավագույն քաղաքական մեկնաբաններն են, դա գիտեինք, բայց որ նաեւ նորագույն մաթեմատիկայի հիմնադիրներ, անկեղծ ասած, նորություն էր:
«Ինչպե՞ս է դա պատահում եւ ի՞նչ է ձեռնարկում նման կացություն թույլ չտալու» համար տրանսպորտի եւ կապի նախարարությանը տված մեր հարցին պատասխանը առավել քան ցնցող էրՙ իր չինովնիկական սահմանափակ մտածողությամբ «մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումներ իրականացնողները ազատ են ուղեվարձի սահմանման, իսկ ուղեւորը` նրանց ծառայություններից օգտվելու հարցում, ինչն ապահովում է ազատ մրցակցություն ծառայությունների մատուցման ոլորտում»: Բանավոր խոսակցության դեպքում կարելի էր, իհարկե, հեգնանքով հարցնել` իսկապե՞ս, ի՞նչ եք ասում` իսկ մենք այդ մասին չգիտեինք: Իսկ այս դեպքում կրկին փաստենք, որ նախարարությունում (պատասխանող` աշխատակազմի ղեկավար Գ. Գրիգորյան) կամ ընկալման խնդիր ունեն եւ չեն հասկանում պարզ ձեւակերպված հարցը, որտեղ խոսվում է նույն պայմաններով աշխատող եւ նույն ճանապարհն անցնող տաքսիների կողմից փոխադրման գների մեծ տարբերության մասին, կամ էլ շուկայական տնտեսության հիմնարար սկզբունքները նոր են սովորել եւ փորձում են տեղի-անտեղի ցույց տալ, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, սովորել են:
Նման պատասխանից հետո հույս ունենալ, որ այս հարցում ինչ-որ դրական տեղաշարժ կլինի, թերեւս միամտություն կլիներ: Թեեւ նույն պատասխանում նշված են, որ սպառողների շահերի պաշտպանության որոշ հարցեր կլուծվեն, մասնավորապես հաշվիչների ամենամյա ստուգաչափում եւ այլն, բայց անհասկանալի է, թե ի՞նչն է խանգարում դա անել հիմա:
Էկոնոմիկայի նախարարության «Չափագրումների ազգային ինստիտուտի» անիմաստ գոյությունը
Ի դեպ, հաշվիչների մասին: Տրանսպորտի եւ կապի նախարարության պատասխանից տեղեկացանք, որ վերահսկողությունն այս հարցում իրականացնում է էկոնոմիկայի նախարարության «Չափագրումների ազգային ինստիտուտը»: Անկեղծ ասած, անիմաստ գտանք դիմել նաեւ այս կառույցին, քանի որ այլ բան, բացի անիմաստ արդարացումներից եւ «այսքան մեքենայի այսքան անգամ տուգանել ենք» հերթապահ խոսքերից, չէինք լսի: Պարզապես անհասկանալի է, թե էկոնոմիկայի նախարարության այս ինստիտուտի գոյության իմաստը ո՞րն է: Տաքսիների հաշվիչների աղաղակող խախտումների եւ կատարյալ անարխիայի պայմաններում ինչո՞ւ են պետական բյուջեից մեր բոլորիս վճարած հարկերի հաշվին այդտեղ աշխատավարձ ստանում, տարբեր ծախսեր անում:
Տեսանելի վայրում հաշվիչների բացակայության վերաբերյալ մեր հարցին` «կա՞ նորմ, թե որտեղ պետք է տեղադրված լինի հաշվիչը, նախարարությունն իրավասություն ունի՞ վարչական պատասխանատվություն կիրառել խախտումների դեպքում», ստացած պատասխանից էլ տպավարոթյունն այն էր, որ հարցի մի մասը հասկացվել էր, մյուսը` ոչ: Մասնավորապես, նշվում էր կառավարության համապատասխան որոշումը, ըստ որի, տեսանելի վայրում պետք է լինի հաշվիչը եւ որ դրա համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն: Ո՞վ պետք է հայտնաբերի այդ խախտումը, տրանսպորտի եւ կապի նախարարությունն ընդհանրապես կապ ունի՞ այս խնդիր հետ եւ մի քանի այլ հարցեր առաջացան այս պատասխանից, որոնք, հավանաբար, նույնպես պատասխաններ չեն ունենա:
Ինչո՞ւ, ոչ թե որտե՞ղ` նախարարությունում այս հարցն էլ չեն ընկալել
Ինչո՞ւ են տաքսիները կայանում հասարակական տրանսպորտի կանգառներում անհարմարություններ պատճառելով թե ավտոբուսների եւ միկրոավտոբուսների վարորդներին, թե դրանց կանգառներում սպասողներին: Երբեւէ հնարավոր կլինի՞ լուծել այդ խնդիրը եւ տաքսիներին թույլ չտալ կանգառներում կայանել: Կարծես, թե դարձյալ բարդ հարցեր չեն, բայց արի ու տես, որ նախարարությունից ստացած պատասխանն ամենեւին կապ չուներ այս հարցերի հետ:
Ուրեմն, պատասխանում նշվում էր, որ համաձայն կառավարության համապատասխան որոշման, «կանգառն արգելվում է կարմիր գծանշմամբ նշված ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերից կամ այդ գծանշման բացակայության դեպքում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կամ տաքսիների կայանման ցուցիչներից 15 մ մոտ»: Խրթին նախադասության միտքն այն էր, որ նշվում էր, թե որտեղ կայանելու իրավունք ունեն տաքսիները, ինչի մասին մենք չէինք էլ հարցրել: Մեր հարցն այն էր, թե ինչո՞ւ այդ նորմը չի պահպանվում եւ ե՞րբ կլուծվի այդ խնդիրը: Փաստորեն, անգամ հարցի գրավոր լինելը երաշխիք չէ, որ պետական այս կամ այն կառույցում կհասկանան այն: Հետեւաբար, բնակչության նյարդերը քայքայող ու գումարները խաբեությամբ կլանող տաքսիների գործունեության մեջ, մոտ ապագայում դրական փոփոխություններ ակնկալելն անիմաստ է: