Ծիրանային, բայց խառնակ օրեր
Երեւանում ոսկեծիրանամանիա է: Երեւանի կենտրոնը հիշեցնում է իսկական Հոլիվուդ` ամեն պահ միջազգային մասշտաբի հայտնի ռեժիսորի, դերասանի կամ կինոգետի կարող ես տեսնել: Մեկ էլ Կինոմոսկվայից կարող է դուրս գալ իր հայտնի լայնեզր գլխարկով ու մուգ ակնոցներով Հարություն Խաչատրյանը` վառվող այտերով, բուն կինոյի ու Հոլիվուդի սրտից կարծես ելնելով, նրա հետ ով ասես կարող է լինել` Էլ Կիմ Կի-Դուկը, էլ Բարբոսան, Դիտրիխ Բրյուգեմանը: Մոտակա կաֆեներում նույն հայտնիներն են, նվագում է բացօթյա ջազը, ամենուր սպիտակ ու բաց գույնի զգեստներով, զարմանալի գեղեցիկ հայ երիտասարդությունն է, ով նույնքան զարմանալի հետաքրքրություն է ցուցաբերում «Ոսկե ծիրանի» հանդեպ : Ինչ որ հայտնի կինոման, դա կարող է լինել եւ Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը, եւ Յուրի Երզնկյանի` կինոնվիրյալներ աճեցնող դուստրը, կամ ասենք վառ կարմիր դեկոլտեով ու վառ կարմիր լայնեզր գլխարկով բալզակյան տարիքի ինչ- որ տիկին` ով ասես, կարող են սուրճ խմել կամ սիգարետ փստացնել հենց «Մոսկվա» կինոթատրոնի բակում, «կինոընդմեջեն» ոտքի վրա ֆռֆռալով: Դահլիճները (դա ոչ միայն «Մոսկվա» կինոթատրոնում է, այլեւ «Ոսկե ծիրանի» մյուս ցուցադրավայրերում) լիքը լցվում են` ե՛ւ տոմս գնածներն են այնտեղ, ե՛ւ հրավիրատոմս ունեցողները, ե՛ւ երկուսն էլ չունեցողները, որովհետեւ ոչ ոքի չի մերժվում ֆիլմերի ցուցադրությունը: Այնքան ֆիլմ ու ռեժիսոր է ընդգրկված «Ոսկե ծիրանում», որ դժվար է բոլոր ֆիլմերը նայել, մտապահել: Ամեն տեսակի կարծիք կա, ու դրանք արտահայտվում են հենց տեղերում հախուռն զրույցներում. որ ընդհանուր մակարդակը ֆիլմերիՙ մեծ հաշվով բարձր չէ, որ` հայ հեղինակների ֆիլմերն ընդհանուր ֆոնին շատ էլ լավն են, որ փառատոնը ֆիլմ նայելու ամենալավ տարբերակը չէ, որ, որ, որ… Եւ, ինչու չէ,«Ոսկե ծիրանը» Հայաստանի ատրիբուտներից մեկն է դառնում, հրապուրում, ձգում, գայթակղում…:
Մի խոսքովՙ «Ոսկե ծիրանը» սպառնում է իրենով անել ամեն բան Երեւանում, ու այնտեղ հայտնվողը մի պահ գուցե կարողանա այդ ֆիլմաշխարհի եռուզեռում մոռանալ կինոմշուշից դուրս եղած կյանքը` ե՛ւ Հայաստանում այս պահին առկա վտանգի զգացողությունը` կապված սահմաններում ամեն օր տեղի ունեցող կրակոցների, զինվորների մահվան մասին լուրերի, վերջին սահմանային դիվերսիայի, ռազմավարական գործընկերոջ կողմից հարեւանին զինելու վերաբերյալ արտահայտված երկրի ղեկավարի մտահոգության, էլեկտրաէներգայի թանկացման եւ այլ առիթոներով բարձրացող բողոքի ալիքների հետ: Դրանք կինոմշուշի հետեւում մի պահ մոռացվում են կարծես: «Ոսկե ծիրանը» դեպի իրեն է ձգում ում ասես` հատկապես երեկոները հայտնի արվեստագետների կողքին մեկ-մեկ էլ կարող ես տեսնել ամենաէկզոտիկ մարդկանց` նրանք գալիս են ոսկեծիրանոտվելու, կամ էլ շատ են ուզում, որ այս փառատոնի արտաքին ոսկեփոշին նաեւ իրենց վրա նստի:
«Ոսկե ծիրան» այցելելն եւ կինոմշուշով պատվելը չի փրկում, սակայն, երկիրն իր հոգսալի ամենօրյայից. ուղղակի հրապուրվեցինք շաբաթվա կարեւոր գայթակղությամբ` «Ոսկե ծիրանով»:
Իսկ մինչ այդ, չնայած ամառվա ծույլ շոգին, զարգացումները Հայաստանում եւ նրա շուրջ մլուլ տալով կամաց ճանապարհ են գնում:
Հայաստանի հետ կապված պլանները շուռումուռ տալու առումով տարածաշրջանային խաղացողների ակտիվության տարրեր են նկատվում` Եվրասիական միությանն անդամակցելու ուշացմանն աչքն ի տես. ԱՄՆ-ը շունչ է քաշում, որ ավելի ակտիվ դառնա Հայաստանում, սա նրա տարածաշրջանային պլանների մի բաղադրիչն է, Ռուսաստանը, իր հանդեպ կիրառվող ամերիկյան պատժամիջոցների ֆոնին, մտմտում է, թե ոնց լավագույնս օգտագործի կովկասյան` իր բարեկամ պետությունների ռեսուրսը, եւ…փաստորեն չի շտապում, քանի որ ամեն օրը նոր երանգներ են դրվում հակադարձման սեղանին, սրանից էլ ԵՏՄ-ում սպասումը:
Հիմա առավել, քան տեսանելի է` Հայաստանը պետք է Ռուսաստանին միայն Ադրբեջանի հետ միասին, բայց հայերս պատկերացնո՞ւմ ենք արդյոք պրոեկտներ, որտեղ նույն կերպ մենք ու Ադրբեջանը համամիտ լինենք ու նույն կերպ քվեարկենք: Բարդ է, բարդ է ԵՏՄ անդամակցությունը, որն առաջ քաղաքական իմաստով ավելի պարզ էր թվում (դե` տնտեսականը բարդ ու բարդ է), հիմա ավելի է բարդանում, որովհետեւ քաղաքական խնդիրները հենց նրա համար են, որ դրանք շագրենի կաշու պես անընդհատ այս ու այն կողմ ձգվեն , ըստ պետությունների շահերի նպատակահարմարության: Ու մեր ու Ղարաբաղի շահը հակադարձ համեմատական է Ադրբեջանի` ղարաբաղյան տեսլականի շահին: Մնում է փորձել օգուտ քաղել մեծ պետությունների մրցակցությունից եւ մեզ արծաթե սկուտեղի վրա չառաջարկել. երբ իրենք են ինչ- որ խնդիր հետապնդում, ավելի մեծ խաղադրույք են անում, իսկ երբ քո առաջարկով ես հրապարակ ընկնում` գին ես գցում: Մեզ պետք է հզորանալ, ում խաղադրույքի մեջ դա կա` մեզ հզորացնելը, սա էլ պետք է օգտագործել: Սակայն պարբերաբար պետք է հասկացնել մեծ խաղացողներին, որ որեւէ համագործակցություն ամենեւին էլ Ղարաբաղի գնով չէ, իսկ ավելի ստույգ` Ղարաբաղի խնդրում որեւէ ոչ հայանպաստ դիրքորոշում չի կարող քննարկվել որեւէ այլ հարցի համատեքստում: Հիմա թե ո՞վ է խաղարկում սադրանքները մեր սահմանին, սա Ադրբեջանի առեւտո՞ւրն է մեծ պետությունների հետ, թե՞ ընդհակառակըՙ մեծ պետությունների սակարկությունն է տեղի ունենում մեր զինվորների արյան գնով, սա արդեն նեղ շրջանակները միայն կարող են իմանալ: Բոլոր դեպքերում երբեք մեր սահմանների լարվածությունն ու վերջին դիվերսիոն պատմությունը չպետք է թուլացնի մեր տրամաբանությունը, երբեք չպետք է սառը եւ սթափ վերլուծության տեղը դոմինանտ դառնա էմոցիան, այլապես իրադարձություններն առաջ կընկնեն ողջամտորեն հարցերը լուծելու գործելակերպից, եւ կորցնելիքը շատ կլինի:
Իսկ առայժմ տարածարջանային մեծ խաղացողների դեսպանները դիվանագիտական լեզվով են բան հասկացնում . Ռենոն ասում է` հակամարտություն կարգավորող կողմը չի կարող զենք վաճառել հակամարտողներին, խոսում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հանդիպեցնելու Օլանդի նախաձեռնությունից (դե` բա ռուսները հո մենակ չեն ուզում ղարաբաղյան կարգավորմամբ իրենց հարցերն առաջ տանել), Հեֆֆերնն անընդհատ խոսում է Որոտանի կասկադից եւ Ուորլիքի մեսիջներից` կարգավորման թեմաներով: Ռուսների գլուխները խառն է` Ուկրաինայով ու ԱՄՆ-ի պատժամիջոցներով են ընկած, որոնք երեկ առավել ծավալվեցին, ընդգրկելով ռուսական բիզնեսի գրեթե բոլոր ամենահայտնիներին:
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին լուր չկա (չէր էլ լինի` վերը նկարագրվածի ֆոնին), նախագահ Սարգսյանը Բուենոս Այրեսում խոսում է Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ Հայաստանի ժողովրդի մտահոգությունից: Վերջինն իսկապես աննախադեպ էր այն առումով, որ նախագահ Սարգսյանն առաջին անգամ էր այդպիսի մտահոգության մասին բարձրաձայնում, որը քաղաքագիտական շրջանակներն անմիջապես որակեցին սենսացիոն, ու նույնիսկ ավելի հեռուն են գնում իրենց ենթադրություններում, թե` միգուցե Հայաստանում նորից քաղաքական կուրս է փոխվում: Չնայած` ավելի սթափ վերլուծաբաններն ընդամենը զատում էին արտաքին եւ ներքին լսարանների համար պետությունների ղեկավարների հայտարարությունների հնարավորությունը` այդ հայտարարությունը դասելով առաջինների շարքում եւ, ասենք, խաղակիցներին ուղղված մեսիջների շարքում:
Զուգահեռ` ներքին գործընթացները եւս խսիրի տակ մլմլացող պեծի նման իրենց գործն են անում, ընդհանուր կիսաքնած վիճակի ֆոնին:
Հիշում եք, նախորդ նյութում ենթադրել էինք, որ Հայաստանի հաջորդ նախագահի թեկնածուների ցուցակը կազմված կլինի մամուլում այս կամ հավակնորդի վերաբերյալ արտանետումների չափաքանակից, ահա առաջին բաժինն արդեն նետված է` Արթուր Բաղդասարյանի վերաբերյալ «Վիքիլիքսի» նյութի նորացումով, այսօր կայանալիք ՕԵԿ-ական հանրահավաքից առաջ;
Ու անգամ Մոսկվայում հայ գործարար Լեւոն Հայրապետյանի կալանավորության մեջ քաղաքական ենթատեքստ տեսնողներ կան` նախկին նախագահի շրջապատի մարդ համարելով ղարաբաղցի գործարարին: Երեւում է` մեծ խաղ է սկսվել` Հայաստանի ապագայի, Հայաստանի ապագա նոր ղեկավարի հետ կապված, եւ Աստված ազատի Հայաստանը մեծ պետությունների ձեռքին խաղալիք դառնալուց: