Շաբաթն այն աստիճանի վայրիվերումներով էր հագեցած, որ անգամ դժվար է գնալ բոլոր իրադարձությունների հետեւից: Բոլոր առումներով այն աստիճանի անճանաչելի Հայաստան ունենք այսօր, որ մի շարք իրողություններ դժվար է անգամ բնութագրել: Միայն ինչ արժե Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպը. լավ, Աշոտ Փաշինյանին վարչապետի որդի լինելու տեխնիկական կողմերի վերաբերյալ ոչ ոք հրահանգչավորում չի անո՞ւմ, որ նա իմանա՝ ի՞նչ կարելի է անել, ի՞նչ՝ ոչ: Որ նա չհայտնվի մեր զոհված տղերքի՝ էմոցիոնալ բարձրակետում գտնվող ծնողների շրջանում ու մի հատ էլ տհաճ պատմության մեջ ընկնի, ծնողին իրավապահ մարմիններին մատուցելու պատճառ դառնալով: Համենայնդեպս՝ տեղի ունեցածը մարդկային պատկերացումներից դուրս է, ինչ-որ նոր ու խիստ տհաճ բան: Թե՞, այնուամենայնիվ, դա եւս դիտենք Հայաստանում վաղուց ի վեր, ու վերջին հինգ տարին հատկապես կիրառվող զանազան ներմուծված տեխնոլոգիաների համատեքստում, որոնք, ի դեպ, հատկապես նկատելի դարձան Պերմյակովշչինայից սկսյալ՝ բազմաթիվ անհավանական դեպքերով ու սկանդալներով հայ հանրությանը հասցվող հոգեբանական հարվածների տեսքով:
Հոգեբանական հարվածն անտեսելով եւ շրջանցելով՝ շաբաթվա ամենակարեւորից խոսենք:
Երբ անցած կիրակի օրը Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իրեն իրավունք վերապահեց հայտարարելու, թե համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը փոխադարձ ճանաչելու մասին՝ ըստ Ալմաթիի պայմանագրի, ընդ որում՝ տարածքների կոնկրետ թվեր նշելով, որը պարզ դարձրեց, որ Հայաստանի վարչապետը համաձայնություն է տվել Արցախը ներառյալ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բացարձակապես չնշելով այն մասին, որ մինչեւ Ալմաթիի պայմանագիրը Խորհրդային Միության ինքնավար մարզ Ղարաբաղն արդեն ինքնորոշվել էր մինչեւ այդ պայմանագրի ընդունումը: Հայաստանում եւ Արցախում վերջապես առարկայորեն հասկացան, որ շատ վատ բան է կատարվում, երկու երկրներից էլ հնչեցին անհամաձայնություններ եւ հակափաստարկներ, անգամ Արցախից՝ ԱԳՆ հայտարարությամբ: Մոսկվայից եւս ԱԳՆ ներկայացուցչի մակարդակով անվստահության շեշտադրումներ եղան արեւմտյան ձեւաչափով պայմանավորվածությունների ձեռքբերմանը: Իսկ ՌԴ ԱԳ նախարարն էլ թափանցիկ ակնարկով հիշեց Հայաստանի կողմից ՀԱՊԿ փաստաթղթի չստորագրումը՝ որպես Հայաստանի անվտանգությանն եւ կայունությանն ուղղված հակաքայլ (էս սպառնը՞մ է՝ կասեր դասականը):
Այն, որ Հայաստանի որեւէ պաշտոնյայի կողմից չի կարող ստորագրվել այնպիսի փաստաթուղթ, որը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին՝ հասկանալի է, որ չի հուզում ո՛չ Եվրոպական խորհրդի նախագահին, ո՛չ հավաքական Արեւմուտքին, բայց որ մեր երկրի ղեկավարներին էլ չի հուզում՝ այ սա անհասկանալի է: Որեւէ մեկը չի չեղարկել Հայաստանի Սահանադրության այն դրույթը, ըստ որի Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, չի փոխել Հայաստանի Գերագույն խորհրդի 1992 թ. ՌԱԿ-ի նախաձեռնությամբ անցկացված այն որոշումը, ըստ որի Հայաստանը չի կարող որեւէ միջազգային փաստաթուղթ ստորագրել, որով Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում:
Անգամ բանավոր հայտարարությունների հետ կապված իրավական գրագետ հայցով կարելի է պատասխանատվության ենթարկել այդպիսի մտադրություն հայտնած ղեկավարին՝ քանի Սահմանադրությունից համապատասխան դրույթը չի հանվել, քանի ԳԽ որոշումը ԱԺ նոր որոշմամբ չեղյալ չի համարվել: Էլ չասած՝ որ եթե խոսքը գնա տարածքներ (անկլավները կամ հետագա սահմանագծմամբ սահմանային ինչ-որ տարածքներ) փոխանակելուն՝ դա ընդհանրապես առանց հանրաքվեի հնարավոր չէ: Այս առումով՝ վերն ասվածները վերաբերում են նաեւ Բրյուսելից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի՝ խորհրդային սահմաններով տարածքների ճանաչման մտադրությունը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում եւս Նիկոլ Փաշինյանի կողմից վերահաստատելուն, որտեղ նա հիշեց Միշելի եւ Մակրոնի աջակցությամբ անցած տարվա հոկտեմբերի Պրահյան համաձայնության ոգով կարգավորման մտադրվածությունը՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, համաձայն որի`Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ, թե՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարածքը: Եւ երրորդ վերահաստատումն այդ թվերի եղավ Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին կառավարության նիստում, երբ էլի պարզ չի ասվում՝ Արցախն ո՞ւր է մնում, այլ միայն խոսվում է նրա իրավունքներից ու անվտանգությունից:
Որ այս մտադրությունը ստորագրված փաստաթղթի վերածելը հակասահմանադրական է (հատկապես՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը), եւ դա որեւէ ղեկավար չի կարող անել՝ մինչեւ այդպիսի փաստաթղթի սահմանադրականության քննարկումն ու ԱԺ վավերացումը՝ այս հարցը տողերիս հեղինակը եւ չորս այլ լրագրող տարբեր ձեւակերպումներով օրերս ուղղել էին ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանին, որն այդպես էլ որեւէ պատասխան չհնչեցրեց հնգորդվող հարցերին, սահմանափակվելով ընթացող բանակցությունների մասին հիշեցումով: Այդ դեպքում բանակցությունները չավարտած ինչո՞ւ պետության ներկայացուցչի մակարդակով բարձրաձայնել այդպիսի մտադրություն, դա պետք է համարել հոգեբանական հարձակո՞ւմ հայ հանրության վրա այն նմանողությամբ, որ երբ հիվանդը երկարատեւ հիվանդությունից հետո է մահանում, մի տեսակ սովորում ես այդ վիճակին, մեզ վարժեցնո՞ւմ են, այդպիսով, մեզ համար աննպաստ այս լուծումներին:
Եվրոպական (բրյուսելյան եւ ռեյկյավիկյան) հանդիպումներից հետո՝ մայիսի 19-ին Մոսկվայում կլինի եռակողմ հանդիպում ԱԳ նախարարների մակարդակով, իսկ մայիսի 25-ին Պուտինն է Փաշինյանին ու Ալիեւին Մոսկվա հրավիրել հանդիպման, դրանից հետո պարզ կլինի՝ Հայաստանն էլի հետուառաջ է անո՞ւմ իր որոշումները մեկ այս, մեկ այն ճնշման ներքո, եւ ո՞ր բեւեռի ճնշմանն է տրվում վերջնականապես: Չնայած չենք կարծում, որ կոնկրետ այս հարցով բեւեռների պատկերացումները տարբեր են, շահերի համատեքստը նկատի ունենք, մանավանդ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովի (օֆ, բերանս ցավեց) թարմ տեսակետն առկա է, թե ՀԱՊԿ-ը հույս ունի խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման: Ուղղակի մրցակցությունն այն ոլորտում է, թե ո՞վ Հայաստանին ավելի լավ կստիպի ստորագրել աննպաստ թուղթը՝ Արեւմուտքը, թե՞ Ռուսաստանը:
Հունիսի մեկին, ըստ կանխատեսումների, այդ աննպաստ թուղթը Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, Ֆրանսիայի նախագահի եւ Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ հնգակողմ հանդիպմանը կարող է որոշակիացվել (ավելի վաղ նաեւ ստորագրման մասին էին խոսում): Հուլիսին նոր հանդիպում է սպասվում Բրյուսելում, մի այլ հնգակողմ հանդիպում նախատեսված է հոկտեմբերին: Այս վերջին տեղեկությունը, որ տվեց վարչապետը կառավարության նիստում, մեզ ենթադրել է տալիս, որ այնուամենայնիվ, գործընթացը կարող է երկարել, եթե այդպես լինի՝ դա մեզ թույլ կտա ժամանակ շահել, մինչեւ աշխարհի մեծերի խառնշտած պղտոր ջրերը պարզվեն:
Ամեն դեպքում՝ մեր ղեկավարները պետք է հիշեն, որ հակասահմանադրական որոշումների կամ ստորագրությունների վիճարկումը վաղեմության ժամկետ չունի՝ իր հետեւանքներով հանդերձ: Բազմաթիվ սահմանադրագետներ այս օրերին հակասահմանդրական համարեցին Հայաստանի անունից մեր օրենսդրությանը հակասող մտադրությունների բարձրաձայնումը: Անգամ Նոյեմբերիննյան փաստաթղթի ստորագրումը իրավական ընթացակարգեր չի ունեցել, դա եւս հակասահմանադրական մի թուղթ է՝ մեկ արդարացմամբ, որ պատերազմական վիճակ էր, պատերազմը կանգնեցնելու հրատապություն կար, իսկ մեր իրավիճակում նման արդարացում անգամ չի կարող լինել: Համ էլ՝ Ադրբեջանը այս նույն օրերին կրակում ու մեր զինվորների է սպանում՝ սա ձեզ ոչինչ չի՞ ասում այն մասին, թե անգամ ստորագրված թուղթը չի զսպելու Ադրբեջանին:
Առավել պերճախոս լինելու համար մեջբերենք մի հատված այն հայտարարությունից, որը ստորագրել են Հայաստանի եւ Արցախի մի շարք կուսակցություններ՝ անթույլատրելի համարելով որեւէ փաստաթղթի ստորագրումը, որը Արցախը կնախատեսի թողնել Ադրբեջանի կազմում եւ մի շարք սպառնալիքներ կստեղծի Հայաստանի համար.
Բանակցային որեւէ բովանդակություն, ըստ որի Հայաստանի իշխանությունները համաձայնելու են, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում՝ անտեսելով ինքնորոշման իրավունքը, զուրկ է օրինական հիմքից, քանզի հակասում է՝
ՄԱԿ-ի կանոնադրությանը,
Հելսինկյան եզրափակիչ ակտին,
Արցախյան բանակցությունների միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, բանակցությունների ընթացքում ընդունված փաստաթղթերին,
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենսդրությանը,
Արցախի Հանրապետության Սահմանադրությանը:
Սրանք ավելի ամբողջական ձեւակերպումներ են, անկախ դետալային մաքսիմալիզմից: Այս դրույթները բացարձակ են, անկախ նրանից, թե ինչ ուղղվածության ուժեր են հիշեցնում դրանք: Սրանց տակ պետք է ստորագրի ամեն գիտակից հայ՝ անկախ քաղաքական համակրանքներից, զբաղեցրած պաշտոնից, ընդդիմադիր-դիմադիր լինելուց, իսկ այս բոլոր կետերն անտեսող Հայաստանի ղեկավար պարզապես չի կարող լինել: ՀԱԿ-ը հենց մոտեցումների տարբերությունը պատճառ բռնելով՝ չի միացել այս հայտարարությանը:
Ի՞նչ կարող է հաջորդել մեզ համար աննպաստ խաղաղության փաստաթղթի ստորագրմանը, մանավանդ՝ ո՛չ ռուս-ուկրաինական պատերազմն է հանգուցալուծվել, ո՛չ Թուրքիայի նախագահն է դեռեւս ընտրվել (անգամ երկու թեկնածուների՝ իրարից շատ քիչ տարբերվող քվեների պատկերն է հուշում, որ Թուրքիայում եւս աշխարհի բախվող բեւեռները դեռեւս որեւէ տեսանելի առավելություն չունեն միմյանց նկատմամբ կոնկրետ այդ երկրում)՝ չգիտեմ, թե ինչո՞ւ պիտի շտապենք հայերս ու այդ բեւեռներից առաջ ընկնելով՝ մեր վիճակը բարդացնող թուղթ ստորագրենք:
Արցախում կատարվող գործընթացները վերն ասվածին եւս զուգահեռ գործընթացներ են, երբ մեկ Սամվել Բաբայանն է ուլտիմատում ներկայացնում Արցախի նախագահին, մեկ՝ Ռուբեն Վարդանյանը, ու երկուսն էլ պատրաստ են վերցնել երկրի ճակատագրի համար պատասխանատվությունը, միավորել արցախցիներին երկրի փրկության գաղափարի շուրջ՝ անկախ հայացքներից, Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ գնալ մինչեւ վերջ: Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն էլ առաջարկում է անցած դարի իննսունականներին Արցախում բարեհաջող փորձարկված մոդելով Պաշտպանության պետական կոմիտե ստեղծել՝ ընդգրկելով ե՛ւ Սամվել Բաբայանին, ե՛ւ Ռուբեն Վարդանյանին: Իհարկե՝ Արցախի նախագահն այդ դեպքում պետք է հրաժարական տա, դա նույնպես պահանջում է Թովմասյանը:
Արցախում, փաստորեն, բուռն գործընթացներ են, այդ թվում՝ ներքաղաքական: Կարելի էր Արցախի ներքին կյանքում տեղի ունեցող զարգացումները նույն բեւեռային բախումների համատեքստում դիտարկել, եթե սովորական պայմաններում լինեին, սակայն մեկ բայց՝ Արցախի լինել-չլինելու խնդիրն է, լրջացեք: Դեռ առիթ կլինի այդ գործընթացներին մանրամասն անդրադառնալու:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ