ԵՐԵՎԱՆ – Սանտոշ Կումարի Արորան (ծնված Դելիում, 1955 թ.) Հայաստանում շատերին է հայտնի որպես հայերենին քաջահմուտ հնդկուհի եւ գործուն մասնակից գիտական եւ հանրային կյանքի: 1975-1980 թվականներին ուսանել է Լենինգրադի (այժմ՝ Պետերբուրգ) Ժդանովի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Նրա մագիստրոսական աշխատանքը վերաբերում է ռուսերենի եւ հնդկերենի համակցված բառերի եւ բառակապակցությունների համեմատական շարահյուսական վերլուծությանը: 1987-ին թեկնածուական թեզ է պաշտպանել ռուսերենի եւ հնդկերենի համեմատական դարձվածքաբանության հարցերի շուրջ: 1982-ին ամուսնացել է հայ նկարչի հետ, 1987-ից մշտական բնակություն է հաստատել Հայաստանում: 1996-2017 թվականներին աշխատել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետում՝ դասավանդելով հինդի, սանսկրիտ, հնդկական գրականություն, էպոսագիտություն, դիցաբանություն, ազգագրություն եւ այլն: 2017 թվականից աշխատում է Հայ-ռուսական համալսարանի Արեւելագիտության ինստիտուտում՝ դասավանդելով վերոնշյալ առարկաները, նաեւ ռուսերեն՝ հնդիկ ուսանողների համար: Հեղինակել է մի շարք հնդկագիտական առարկաների դասավանդման մեթոդաբանական ծրագրեր, գրել գիտական հոդվածներ եւ աշխատություններ հնդկագիտության տարբեր ճյուղերի վերաբերյալ՝ տարբեր լեզուների համեմատական վերլուծության եւ թարգմանության խնդիրների առնչությամբ: Զբաղվում է հնդկական պոեզիայի եւ արձակի ռուսերեն եւ հայերեն թարգմանությամբ, ինչպես նաեւ հնդկերեն է թարգմանում հայ գրականության նմուշներ:
Ավելորդ է ասել, որ մեր զրույցը տեղի ունեցավ գրական-ժողովրդախոսակցական հայերենով, որը գրավոր շարադրանքում թողել եմ անփոփոխ: Սանտոշը տիրապետում է նաեւ հայերենի որոշ բարբառների, լավ գիտի ժողովրդական բառ ու բանը: Եվ այնքան է ներգրավվել հայությանը, որ նրա ասած «մենքն» ու «մեզը» հաճախ վերաբերում է հայերին…
Հայաստանի հնդկուհի դուստրը
–Սիրելի՛ Սանտոշ, ժամանակին դուք Հայաստանում ապրող միակ հնդկուհին էիք…
-Բայց էլի միակ հնդկուհին եմ, որը Հայաստանի անձնագիր ունի…
–Մինչեւ Հայաստան տեղափոխվելը լսե՞լ էիք հայերի մասին, չէ՞որ Հնդկաստանում եղել են հայ համայնքներ:
-Հնդկահայերի մասին ոչինչ չգիտեի: Խորհրդային Միության ժամանակ Հնդկաստանում ստանում էինք «Խորհրդային կին» ամսագիրը հնդկերեն, որը մեկ-մեկ վերցնում, թերթում էի, Խորհրդային Միությունն ինձ դրախտ էր թվում, որտեղ անտուն, անհաց, անգործ մարդ չկա: Մի կոնկուրս շահեցի, ասացի՝ գնամ Խորհրդային Միություն, տեսնեմ, որ գամ, մեր երկիրն էլ փոխեմ: Էդպես եկա Սովետ Միություն: Հայաստանի մասին ոչինչ չգիտեի, բայց Լենինգրադում հայ ընկերուհի ունեցա, որն ինձ տվեց ռուսերեն գրքեր հայերի մասին՝ «Հայ ժողովրդի պատմություն», Ստեփան Զորյանի «Պապ թագավորն» ու «Հայոց բերդը», Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը»: Վերջինը մինչեւ օրս չեմ կարողացել մինչեւ վերջ կարդալ, կեսից հոնգուր-հոնգուր լացում եմ, նաեւ ֆիլմը մինչեւ վերջ չկարողացա նայել (ի դեպ, գլխավոր դերակատարը հնդիկ է): Չես կարող քեզ ներել, թե ինչու այս ամենը տեղի ունեցավ, մարդ իրեն մեղավոր է զգում… Հայի հետ ամուսնանալուց ու Հայաստան տեղափոխվելուց հետո նախ ապրեցինք ամուսնուս ծննդավայրում՝ Թալինի Շղարշիկ գյուղում, որն իմ պատճառով շրջանում սկսեցին անվանել Հնդիկի գյուղ: Տարբեր գյուղերից կանայք գալիս էին Շղարշիկ՝ հատուկ ինձ տեսնելու, բարձրացնում էին սարիս՝ ստուգելու, թե բոբիկ հո չե՞մ: Սկեսուրս սաստում էր նրանց, բայց ես ասում էի, որ ոչ մի վատ բան չկա այդ կանանց հետաքրքրասիրության մեջ… Ասում էին, որ Հայաստանը գեղեցիկ է, բայց իմ ծանոթությունը երկրին սկսվեց քարքարոտ Թալինից, ու ես չէի հասկանում, թե որտեղ է այստեղ գեղեցկությունը: Բայց երբ որոշ ժամանակ հետո տեղափոխվեցինք Երեւան, ես սկսեցի կարոտել Թալինի չոլերը…
Իմ առաջին երեխան որ ծնվեց, կնքեցին Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում, ինձ էլ հետը կնքեցին՝ առանց ինձ նախապես ասելու: Սկզբում նեղվեցի, քանի որ շատ թունդ հինդուիստ էի, հետո մտածեցի, որ ինչ եղել՝ եղել է, չեմ կարող փոխել, սկսեցի Աստվածաշունչ կարդալ ու տեսա, որ հինդուիզմի մեջ էլ համարյա նույն բաներն են: 1980-ականներին շատ քիչ հայեր Աստվածաշունչ ունեին: Ես սկսեցի Աստվածաշունչ գնել ու նվիրել մարդկանց, ասելով՝ սա պիտի լինի ձեր սեղանի գիրքը, ոչ միայն կարդաք, այլեւ կիրառեք: Ինձ շատ էին քֆրտում դրա համար, դե աթեիզմի ժամանակներ էր, բայց ես շարունակում էի ու բավականություն ու խաղաղություն էի ստանում մարդկանց Աստվածաշունչ նվիրելով: Մարդիկ Քրիստոսի անունը վերցրել են, քրիստոնյա են, բայց չեն ուզում Աստվածաշունչ ունենալ:
«Մենք նույն ազգն ենք…»
–Ասում են, որ հայերն ու հնդիկներն իրար նման են: Այո՞:
-Ես համարում եմ, որ մենք նույն ազգն ենք: Սա հիպոթեզի է նման, բայց ներքուստ զգում եմ դա: Գնացե՛ք հնդիկի տուն, գնացե՛ք հայի տուն. չեք հասկանա, թե ինչ են աշխատում՝ ինչ ունեն հոգում՝ լրիվ դուրս կբերեն, ինչ ունեն տանը՝ սեղանին կդնեն: Հայերն էլ, հնդիկներն էլ շատ հյուրասեր ժողովուրդ են, միշտ մեծին հարգում են, խոնարհվում ենք մեծերի առջեւ: Հատկապես երկու ժողովուրդներս էլ շատ ենք մեր մայրերին հարգում, անգամ պաշտում, երկուսս էլ շատ ոտանավորներ ունենք մոր մասին…
–Ի՞նչ ունենք սովորելու հայերս հնդիկներից:
-Հայերը զիջելու ունակություն չունեն, դա՛ ունեն սովորելու հնդիկներից: Եթե դու հոգով խաղաղ ես՝ կզիջես: Հայաստանում ամեն մեկն իրեն թագավոր է զգում, էդպես չի կարելի: Պետք է մեկս մյուսին էնքան սիրենք, որ առաջին տեղը դիմացինին տանք: Երբ էդ մշակույթը մեր մեջ մտցնենք, արդեն փողոցում վթարներ չեն լինի, չենք ընկնի, չենք հիվանդանա, շուտափույթ որոշումներ չենք կայացնի: Երբ տեղը գալիս է, պիտի խոր շունչ քաշենք ու զիջենք: Կա մի պատմություն դժոխքի մասին. ջհուդներին պինդ-պինդ փակում են եռացող կաթսայի մեջ, քանի որ նրանք միասին փորձում են բացել կաթսան ու փախչել: Իսկ այն կաթսան, որի մեջ հայերն են, բաց են թողնում, քանի որ երբ մեկն ուզում է փախչել՝ հետեւից մյուսները քաշում են, նորից գցում են կաթսան: Ա՛յ էդ եթե չլինի հայերի մեջ, հայի նման ազգ չի՛ լինի, ես պաշտում եմ էս ազգին, մանավանդ էս ազգի կանանց. ես շատ բաներ եմ սովորել հայ կանանցից, շատ համբերատար են, մաքուր, նվիրված: Ես խոնարհվում եմ հայ կնոջ առջեւ…
Հնդկագիտությունն ու հնդիկները Հայաստանում
–Սա՛նտոշ, ձեր եւ ձեր ընտանիքի մասին շատ են պատմել հեռուստատեսությամբ, նաեւ Արցախի առաջին պատերազմի ժամանակ ձեր կատարած օգնության մասին: Սակայն վերջին տարիներին ձեզ ճանաչեցինք որպես դասախոսի, գիտնականի եւ թարգմանչի: Ներկայացրե՛ք, խնդրեմ, Հայաստանում հնդկագիտության վիճակը եւ ձեր անձնական աշխատությունները:
-Հայաստանում հնդկերեն դասավանդվում է միայն Հայ-ռուսական համալսարանում: Այնտեղ կա մեծ վեդայական կենտրոն, որի, կարելի է ասել, նախագահ, ինձ են ընտրել: Ես շատ կոչ կանեմ ուսանողներին եւ բոլորին, որ գան հնդկագիտություն սովորեն, լիքը գործ կա անելու, որ ես մենակ չեմ կարող անել: Պետք են շատ մասնագետներ, որ ե՛ւ դասավանդեն տարբեր հնդկական լեզուներ, ե՛ւ տարբեր առարկաներ՝ հնդկական մշակույթ, պատմություն, գրականություն: Նաեւ հարուստ հայ գրականություն ունենք, որ պիտի ներկայացվի հնդիկ ժողովրդին, իսկ հնդկերենով ունենք վեդայական գրականություն, էպոսներ, ուպանիշադներ, որոնք պիտի թարգմանել հայերեն: Պետք է հայերեն թարգմանել Ռաբինդրանաթ Թագորին (որին Թումանյանի որդիներից մեկը թարգմանել է հայերեն), ութ հատորն էլ… Վերջերս լույս տեսավ իմ կազմած հայերեն լեզվով ու տրանսկրիպցիայով հնդկերենի դասագիրք: Ինձ շատերն առաջարկեցին անգլերեն կամ ռուսերեն տալ տրանսկրիպցիան, ես ասացի, որ միայն հայերենում ու հինդիում կա ը տառը, ուստիեւ ամենաճիշտը կլինի տալ հայերեն: Նաեւ պատրաստ է արդեն պատկերազարդ բառարան չորս լեզվով (հայերեն, հնդկերեն, անգլերեն, ռուսերեն), դպրոցականների նկարներով, շատ սիրուն: Ասեմ, որ հայ երեխաները շատ ճիշտ են կարդում հնդկերեն: Հայերեն-հնդկերեն մի զրուցարան էլ պատրաստման ընթացքում է, հրատարակելու սպոնսորներ չունենք: Ունեմ շատ հոդվածներ՝ հայերեն, ռուսերեն, հնդկերեն դարձվածքների մասին, ինչ դժվարություններ կլինեն դրանք թարգմանելիս: Հնդկերեն եմ թարգմանել նմուշներ Հովհաննես Թումանյանից, Էլդա Գրինից, սկսել եմ թարգմանել «Սասնա ծռերը»: Նաեւ հնդիկ բանաստեղծ դոկտոր Դինա Նաթ Շարանի ամբողջ գիրքը թարգմանել եմ ռուսերեն, իսկ օրերս նույն գիրքը լույս տեսավ հայերեն: Նաթ Շարանն իր բոլոր ռոմանտիկ բանաստեղծությունները նվիրել է ոչ թե իր սիրուհուն, այլ իր կնոջը: Շատերը նրանից սովորելով՝ սկսեցին իրենց բանաստեղծություններում գովաբանել իրենց կանանց (ծիծաղում է):
–Հնդկական ներկայությունը Երեւանում զգալիորեն մեծացել է: Ո՞ր ուղղությամբ են զարգանում հայ-հնդկական կապերը:
-Շատ լավ հարց է: Մի ժամանակ մոտ 15 հազար հնդիկ եկավ Հայաստան՝ աշխատանք գտնելու, կամ ագենտներն էին նրանց բերում այստեղ, որ հետո Եվրոպա տանեն որպես աշխատուժ: Ես այս մարդկանց երկու խմբի եմ բաժանում: Ովքեր Հայաստան են գալիս առանց գումար, միայն աշխատելու ու տուն գումար ուղարկելու նպատակով, նրանք ո՛չ Հայաստանին տալու բան ունեն, ո՛չ էլ Հայաստանից վերցնելու բան: Շատ հավանական է, որ նրանք սխալ քայլեր կանեն, ինչը երկու ազգին էլ ձեռնտու չէ: Դա պիտի բացառվի: Իսկ եթե գալիս են տուրիստներ, ուսանողներ կամ ձեռնարկատերեր, որոնք ներդրումներ կկատարեն, Հայաստանի բյուջեն կմեծացնեն, նրանք մեր գլխի վրա տեղ ունեն: Կարող է շատերն ինձ մեղադրեն, որ հայի կողմից եմ խոսում, բայց դա ակամայից է լինում, ես այս ազգի աղուհացն եմ ուտում, նրան լավ ճանաչում եմ, որ եթե նրա ոտքը չտրորես, քեզ կընդունեն, հաց ու ջուր կտան, կճանապարհեն, գյուղում նույնիսկ տեղաշոր կտան, որ քնես ու վաղը գնաս, եթե ուշ լինի: Էս ազգին խաբել պետք չի: Դրա համար թո՛ղ լավ մարդիկ գան էստեղ, ու ես շատ ուրախ եմ, որ հնդիկները շատանում են, հնդկական ռեստորաններ են բացվում, թող բարգավաճեն իրենք էլ, ըստ դրա էլ՝ հայկական բյուջեն թող շատանա…
–Վերջերս Զեյթունում բացվեց հնդկական մշակութային տուն: Ուրիշ ի՞նչ հայ-հնդկական նախագծեր կուզեիք, որ գործի դրվեն:
-Մի քանի մեծ ծրագրեր եմ առաջարկել: Առաջին հերթին՝ համագործակցություն հայ եւ հնդիկ սփյուռքի միջեւ: Դա շատ արդյունքներ կբերի: Ապա, շատ կարեւոր է ունենալ Երեւան-Դելի ուղիղ չվերթ, որից ոչ միայն հայերն ու հնդիկները, այլեւ ուրիշ երկրների մարդիկ կարող են օգտվել, Երեւանը կդառնա տրանզիտային գոտի ու այստեղից կճամփորդեն Հնդկաստան: Այդ դեպքում շատ հնդիկներ էլ կուզեն գալ Հայաստան, ու երկու ազգերն էլ կշահեն:
Ընտանիքում
–Սանտո՛շ, հինգ զավակ եք պարգեւել հայ ժողովրդին:
-Այո, բայց իրենց հայ են համարում…
–Հիշում եմ, ձեր որդի Հայկը հնդկերեն էր գրում-կարդում…
-Բոլոր զավակներս էլ գիտեն հնդկերեն: Հայկը ծնվեց Հնդկաստանում, սովորեց Թաիլանդում, բայց 9-րդ դասարանում հայկական անձնագիր հանեց, որ գա այստեղ, բանակում ծառայի: Երբ Հայկը Շվեդիայում էր, մեր բարեկամներից մեկը զանգեց, ասաց, որ իրենց հնդիկ հարեւանին կանչել են խաղալու հնդկական ընտաչնի կոչվող խաղը, երբ հերթով երգում են ու ինչ տառով վերջանում է երգը՝ մյուս խաղացողը նույն տառով սկսվող երգ է սկսում: Ու Հայկս բոլորին հաղթել է: Այդ մարդիկ ամաչել են, ասել՝ մենք հնդիկ լինելով դու մեզ տարար, հա՞ (ծիծաղում է):
–Առաջ ինչքան հանդիպել էինք, սարիով էիք…
-Հիմա էլ փենջաբի հագուստով եմ…
-Երանի՛ մեր հայուհիներն էլ չխորշեին ազգային տարազ հագնել: Երջանկահիշատակ Լուսիկ Ագուլեցին միակն էր, որ միշտ ազգային հանդերձներով էր…
-Լուսիկը շատ լավ ընկերուհիս էր… Ես միշտ ասել եմ՝ հա՛յ ժողովուրդ, դուք ձեր դեմքը կորցրել եք: Արաբը բարձրանում է բեմ, ճանաչում ես, որ արաբ է, հնդիկը բարձրանում է՝ գիտես, որ հնդիկ է: Իսկ հայը Եվրոպա է գնացել ու իր տարազով չի ճանաչվում: Իսկ մեր ամեն շրջան ունեցել է իր տարազը, ես ունեմ Հայաստանի քարտեզն իր տարբեր տեղերի տարազների նկարներով: Իմ երեխեքը հագնում են հայկական տարազի նախշերով գլխարկներ, ժիլետներ: Ես հիմա մտածում եմ Հնդկաստանում պատվիրել հայկական նախշերով կտորներ ու դրանից պատրաստել տալ պայուսակներ ձեռքի կոմպյուտերների համար, որ տեսնողն իմանա, որ մարդը հայ է…
Խաղաղության եւ սիրո դեսպանը
–Դուք Հայաստանն եք ներկայացրել մի քանի միջազգային գիտաժողովներում…
-Այո, Խաղաղության միջազգային ֆեդերացիան ինձ նշանակել է խաղաղության դեսպան: Կարեւոր չէ, որ թղթով լինես խաղաղության դեսպան, հոգով-սրտով պիտի լինես խաղաղասեր եւ մարդկանց միացնես միմյանց: Մասնակցել եմ հանդիպումների Վիետնամում, Կորեայում: Մի անգամ Վրաստանում խաղաղության կոնֆերանսին մասնակցում էին նաեւ կանայք Ադրբեջանից: Նրանք մեղադրանքներով էին եկել, բայց իմ ելույթից հետո մեզ նվերներ բերեցին, որ տանենք հայ կանանց: Մեզ մոտ կար միայն մի հատ «Գրանդ Քենդիի» բոնբոներկա, դա տվեցի իրենց ու ասացի, որ հազար կտոր անեն ու հայ մայրերի անունից բաժանեն ադրբեջանցի մայրերին: Մարդիկ ատելությամբ լցված էին եկել, բայց մեզնից բաժանվելիս արդեն լաց էին լինում…
–Սանտո՛շ, ձեր բազմաթիվ գործերի մեջ ժամանակ եք գտնում նաեւ դասավանդել Երեւանում բացված հնդկական Գուրու դվարա (Ուսուցչի տաճար) կենտրոնում:
-Կարծում եմ, որ Հայաստանի դպրոցներում, ինչպես ամբողջ աշխարհում, պետք է համամարդկային արժեքներ դասավանդվեն: Ես հենց էնպես բաներ չեմ ասում, հայ ժողովուրդը պետք է շատ շնորհակալությամբ այդ գիտելիքներն ընդունի: Չէ՞ որ մենք ծնվում ենք, պիտի հասկանանք, որ բոլորիս հայրը մեկն է՝ կապ չունի ի՛նչ կրոնի, ի՛նչ ազգի ենք պատկանում: Մարդիկ ընդունում են թե չեն ընդունում այդ միակ հորը՝ իրենց գործն է, բայց պիտի հասկանան, որ նա խաղաղության, սիրո, գիտելիքների օվկիանոս է: Ասածս համամարդկային արժեքները մենք ուսուցանում ենք Ուսուցչի տաճարում: Ու անում ենք անվճար, միայն թե ցանկություն ունենաս ճանաչել ու ի հայտ բերել էդ գիտելիքները, որոնք իրականում ունես նախապես: Ո՞վ չի սիրում սեր, կարեկցանք, խաղաղություն, ո՞վ չունի գիտելիքների ծարավ: Հայերը եթե սովորեն համամարդկային արժեքներ, արդեն ամբողջ երկրագնդին իրենք կդասավանդեն: Աստված էս մի կյանքն է տվել, որ էդ գիտելիքները ստանանք: Օրինակ, մեր բոլոր հիվանդությունները գալիս են ինչ-որ բանի պակասից: Եթե մարդը սիրո պակաս ունի՝ սիրտ-անոթային հիվանդություններ ունի, խաղաղության պակաս ունի՝ շնչառական խնդիրներ ունի եւ այլն: Պիտի մարդ ինքը գիտակցի ու որոշի՝ ի՞նչ է ընտրում. ծիծաղե՞լ, լացե՞լ, կռվե՞լ: Մեր մարմինը մեքենա է, իսկ մենք հոգի ենք, վարորդ ենք, որ պիտի ղեկավարի հոգին: Հայերենում հոգի ենք ասում՝ հոգիս, հոգյակս, քանի՞ հոգի ենք… քանի որ հայ ժողովուրդը քաջ գիտակցել է, որ մենք հոգի ենք, ոչ թե, ինչպես անգլիացիներն են ասում, մարմին՝ body, չէ՞ որ անգլերեն ասում են everybody, anybody, nobody (ամեն մեկը, որեւէ մեկը, ոչ մեկը)… Եվ ես համարում եմ, որ բոլոր հայերը փոքրուց ունեն հոգու բնորոշ դրական արժեները՝ սիրել միմյանց ու չկռվել, անպարկեշտ բառեր չասել, մարդկանց չխփել, չանպատվել… Աստվածաշնչում գրված է, որ Աստված իր պատկերի պես ստեղծեց մարդուն: Բոլորս տարբեր տեսք ունենք, բայց ի՞նչն է նման՝ հոգին: Մենք ինչո՞ւ չպիտի մեր հորից չսովորենք ու չուղղենք մեր կյանքը: Չէ՞ որ մենք ենք տառապում ու չարչարվում, երբ որ սխալ բան ենք անում: Երեխային մի հատ խփես՝ կլացի, երկու րոպեից էլ չի լացի, քանի որ լացը մարդու բնորոշ գիծը չի, նրա իսկական բնավորությունն ուրախությունն է, ծիծաղը: Եթե մեզ սիրելի մի հոգի մարմինը թողել-հեռացել է, մի պահ հուզվում ենք, լացում, հետո ամեն մեկն անցնում է իր գործին: Լացը մարդու բնական ձեւը չի…
–Հին սլավոնների հավատալիքով մարդ աշխարհ է գալիս երգել-պարելու ու զվարճանալու համար: Մենք էլ հնդկական ֆիլմերից հնդիկներին ճանաչում էինք որպես միշտ երգող-պարող ժողովուրդ: Բայց որքանո՞վ է դա ճիշտ:
-Այո՛, հնդիկներն էլ են այդպես կարծում: Պարել-երգել բոլորն էլ գիտեն, լոգանք ընդունելիս բոլորը երգում են: Բայց հնդիկը միակ ժողովուրդն է, որ միշտ պարում է առանց ոգելից ըմպելիքների, հարսանիքներին մենք կարող ենք ժամերով պարել…
Դուք ասում եք՝ եդեմական պարտեզն էստեղ է եղել, հնդիկներն էլ ասում են, որ սկզբնական շրջանում եղել է մի կտոր հող, որտեղ բոլոր ազգերը երջանիկ ապրել են: Իսկ մինչեւ քրիստոնեությունը, մինչեւ Ադամ-Եվայի խնձոր ուտելը մի՞թե կյանք չկար. դրախտում մարդն ուրախ ապրում էր, ո՛չ լաց կար, ո՛չ կռիվ: Խնձորն ուտելուց հետո եղավ լացուկոծ, ցունամի, երկրաշարժ, մարդիկ ընկան ջուրը, բարձրացան անբնակ կղզիներ, այն ժամանակ էլ արդեն հեռացան իրարից: Դրախտում ոսկե դարն էր, որտեղ հոգու ուժը հարյուր տոկոս էր, հետո եկավ արծաթի դարը, երբ հոգու ուժը ութսուն տոկոս դարձավ: Երբ հասանք պղնձե դարին, գիր ու գրականություն ունեցանք, բայց սկսեցինք չարություն տեսնել, քանի որ հոգու ուժը մնացել էր հիսուն տոկոս: Մինչ այդ ինչ մտածում էինք՝ պատահում էր, բնությունը ենթարկվում էր մարդկանց: Իսկ հիմա մեկը լվացք է արել ու ուզում է, որ արեւ լինի, իսկ մյուսը, որ սերմ է ցանել, անձրեւ է ուզում: Ու բնությունը գժվել է: Ինչո՞ւ. քանի որ չարություն շատ կա: Եկե՛ք փորձնական նստենք ու խաղաղության համար դրական լիցքեր ուղարկենք մեր շուրջբոլոր ազգերին, առաջին հերթին՝ ինքներս մեզ, մեր տան անդամներին: Բարեգործությունը սկսվում է տնից: Էդ դեպքում կամաց-կամաց բոլորը դրական կմտածեն: Սկզբից մե՛նք պիտի փոխվենք: Վերցնենք չորս-հինգ նախադասություն ու արթնանալուց հետո ու քնելուց առաջ ասենք՝ ես երջանիկ եմ, ես Աստծու լավագույն ստեղծագործությունն եմ… ու կտեսնեք, որ ձեր կյանքը 180 աստիճանով կփոխվի, քանի որ բնությունն էլ է շտկվում մեր դրական լիցքերից: Եվ մեր էներգիան սկսում է բարձրանալ: Պիտի սովորել միտքը ենթարկեցնել, ճիշտ ուղղությամբ տանել: Մարդն իր մտքի վարորդն է, նա պիտի հասկանա՝ ո՛ւր տանել իր միտքը, դեպի ա՞ջ, ձա՞խ, վերե՞ւ…
–Դեպի վե՛ր…
-Այո՛, միշտ դեպի վե՛ր: Դեպի Աստվա՛ծ: Ով որ Աստված ունի, երբեք չի տուժի, Աստված միշտ պահապան կլինի…
ԱՐԾ ՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ