Մոսկվան կճշգրտի իր ռազմական դոկտրինան
ՆԱՏՕ-ն ոչ պաշտոնապես խոստովանել է, որ Ուկրաինայի հարավ-արեւելքում Կիեւը պարտություն է կրել եւ փաստորեն կորցրել է այդ տարածքի վերահսկողությունը: Այդ մասին գրում է գերմանական «Շպիգել» շաբաթահանդեսըՙ վկայակոչելով ՆԱՏՕ-ի մի անանուն բարձրաստիճան գեներալի: Կիեւում արդեն մտածում են Դոնբասի հատուկ գործողության բնույթը փոխելու եւ «պարտիզանական պատերազմ» ծավալելու մասին:
«Ռազմական առումով Կիեւը տանուլ տվեց», հայտարարել է հիշյալ գեներալը: Նրա խոսքերով, Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյին «մնում է միայն բանակցել, որպեսզի իր մարդկանց ողջ դուրս բերի ռուսների աքցանից»:
«Շպիգելը» հիշեցնում է, որ օգոստոսի սկզբներին ուկրաինական բանակը Դոնեցկում եւ Լուգանսկում հասել էր զգալի հաջողությունների, բայց հիմա, դատելով ուժերի դասավորությունից, «Ռուսաստանն ուժեղացրել է ռազմական օժանդակությունը»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հայտարարել է, որ թեեւ Մոսկվան հակառակորդ է համարում Հյուսիսատլանտյան դաշինքը, 1997 թ. Ռուսաստան-ՆԱՏՕ պայմանագիրը կմնա ուժի մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր, թե դաշինքը կարող է հրաժարվել այդ պայմանագրից:
«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը մեզ համարում է հակառակորդ, եւ մենք կհարմարվենք այդ իրավիճակին», ասել է Ռասմուսսենը Բրյուսելում կազմակերպված մամլո ասուլիսում:
Նա ավելացրել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր է ուժեղացնել ռազմական ներկայությունը Լեհաստանում, Ռումինիայում, Էստոնիայում, Լատվիայում եւ Լիտվայում: Սպասվում է, որ գործողությունների ծրագիրը կհամաձայնեցվի սեպտեմբերի 4-5-ը Ուելսի գագաթաժողովում: Գերմանական «Ֆրանկֆուրտեր Ալգեմայնե ցայտունգ» թերթի տվյալներով, այդ երկրների ռազմակայաններում մշտական հիմունքներով կտեղաբաշխվի 300-600 զինծառայող: Բացի դրանից, նախատեսվում է մատակարարել ծանր սպառազինություն, մասնավորապես տանկեր:
ՆԱՏՕ-ն փաստորեն հայտարարեց, որ ձեւավորում է արագ արձագանքման ուժեր, որոնք կարող են 48 ժամվա ընթացքում տեղափոխվել Ուկրաինայի արեւելք: Այդ հայտարարությունից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոհանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուի հետ զրուցելիս ասել է. «Եթե ուզենամ, կարող եմ երկու շաբաթում գրավել Կիեւը»: Այդ մասին հաղորդում է իտալական La Repubblica թերթը:
Ավելի ուշ նախագահ Պուտինը հայտարարեց, որ իտալական թերթը համատեքստից դուրս է հանել իր վերոհիշյալ հայտարարությունը: Անդրադառնալով Արեւմուտքի այն պնդումներին, թե Դոնբասում ռուսական զորք է կռվում, ինքը ասել էր. «Նման պարագայում եթե ուզենայինք, կարող էինք երկու շաբաթում գրավել Կիեւը»:
Ըստ թերթիՙ Բառոզուն վախենում է, որ հակառուսական պատժամիջոցների խստացումը կարող է Պուտինին առավել վճռական գործողությունների դրդել Ուկրաինայի արեւելքում:
Ուելսի գագաթաժողովում կքննարկվի նաեւ ՆԱՏՕ-ի 4 հազար զինծառայողներից կազմված ստորաբաժանում ստեղծելու հարցը: Այդ ստորաբաժանումը պետք է լինի լիակատար մարտավիճակում եւ պատրաստՙ անհապաղ տեղափոխվելու Արեւելյան Եվրոպա:
ՌԻԱ գործակալությունը իր հերթին ՌԴ Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Միխայիլ Պոպովին վկայակոչելով հաղորդում է, որ Ռուսաստանը մտադիր է ճշգրտել 2010 թ. իր ընդունած ռազմական դոկտրինան: Պոպովի խոսքերովՙ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի երկրները ակնհայտորեն ձգտում են ավելացնել իրենց ռազմավարական ներուժը, ինչը պատերազմի վտանգ է պարունակում Ռուսաստանի համար:
ՌԴ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչների վարչության համակարգող Յուրի Յակուբովը Ինտերֆաքս գործակալությանը տված հարցազրույցում այն կարծիքն է հայտնել, որ փաստաթղթում անհրաժեշտ է մատնանշել Ռուսաստանի գլխավոր հակառակորդին եւ սահմանել կանխիչ միջուկային հարված հասցնելու պայմանները: Ըստ Յակուբովիՙ ՌԴ գլխավոր հակառակորդներն են ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն, որոնք ռազմակայաններ են ստեղծում Ռուսաստանի սահմանների մոտ:
2010-ից գործող ռազմական դոկտրինայում նախատեսվում է միջուկային զենքի կիրառումՙ ի պատասխան Ռուսաստանի եւ նրա դաշնակիցների դեմ զանգվածային բնաջնջման զենքի օգտագործման, ինչպես նաեւ ռուսական պետության գոյությանն սպառնացող լիամասշտաբ ռազմական ներխուժման: