Շաբաթներ առաջ` ապրիլի 14-ին Մոսկվայից հասավ գույժը, թե Վարդան Դեւրիկյանի սիրտը կանգ է առել: Խոսքի, գրի, իմացության, մարտի դաշտում Հաղթանակը գրկած Վարդանի համար իր ներսում միակ անկառավարելին ուրեմն սիրտն է եղել… իսկ ինձ թվում էր, թե Վարդանի անչափ բարի սիրտը մեզ սեր բաշխելու մեջ կոփված էր այնքան, որ իր գլխին էլ, ուղեղին անգամ սիրտը պիտի անկանգ ծառայեր:
Վարդանին ճանաչել եմ Երեւանի պետական համալսարանից, մեր 100 հոգանոց կուրսի ամենասիրելին էր: Դասախոսների ամենասիրելին էր: Համալսարանում ինձ հանդիպած միակ տարեկիցն էր, որ հինգերորդ դարից առաջ, դրանից հետո ստեղծված մեր մշակույթն այնքան քաջ գիտեր, որ կարող էր …դաս տալ: Բայց ինքը համեստ էր այնքան, որ երբ գովեստ էր լսում, ինքնագովեստի չէր վերածում, ժպտում էր՝ թվում է մանկությունից կառչած մի ժպիտով, որ նրա դեմքի՝ ինձ համար թանկ լուսապատկեր է: Լույսը միշտ Վարդանից անբաժան էր, բայց երբ իրեն հատուկ ձայնի առոգանությամբ Գողթան երգերից միջնադար էր հասնում, մենք 20-երորդ դարում «խավարից» փրկվում էինք նրա լուսավառ իմացությամբ: Անգիր գիտեր բոլոր աղբյուրները, ոչինչ չէր մոռանում, քննությունների նախօրեին դասընկերներին բաշխում էր իր ունեցած գիտելիքը, եւ երբեք, երբեք չէր զլանում օգնել մարդուն: Տալիս էր, եւ ինքն անհատնում էր: Նա գրող Գեւորգ Դեւրիկյանի որդին էր, չէր շեշտում իրենց միջավայրի, իրենց տան բարեկամների անունները, որեւէ բանով չէր ընդգծում իր եւ մյուսների տարբերությունը, կեղծ բարեպաշտության, «բարոյականության» քարոզ չէր կարդում նույնիսկ ակնհայտ քաղքենիներին:
Ինձ համար Վարդանը մարդ էր՝ առանց դադարի…սովորում, կարդում, գրում, պայքարում էր՝ առանց դադարի: Անդադար չէր խոսում, բայց խոսելիս՝ բառերն այնքան արագ էին շարվում իրենց տեղերում, որ խոսքն էլ հոսում էր՝ առանց դադարի: Մարդ էր, որ միշտ զարմացնում էր: Մատենադարան, Մայր աթոռ սուրբ Էջմիածին, գիտությունների ակադեմիա նրա վազքը դեռ ուսանողության օրերին զարմանալի չէր՝ ինքն այդ հոգեւոր տաճարներին իր պատկանելիությունն ամեն օր հաստատում էր ազնիվ ջանասիրությամբ նաեւ, եւ բնական էր, որ ավարտելուց հետո կոչված պիտի լիներ այդ ժառանգության պահպանմանը նաեւ: Նա վերջին տարիներին ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենն էր, չինովնիկ չէր, մարդ էր, որ այդ հաստատության հարկը լավ գիտեր, վարկը բարձրացնում էր եւ ներդաշնակ էր Մանուկ Աբեղյանի պատվարժան անվանը: Մեր մռայլ, խավարին մերձեցող օրերի մեջ Վարդան Դեւրիկյանը պայքարում էր ակադեմիան լուծարելու սրտմաշուկ փորձերի դեմ: Դեռ ուսանող տարիներին դասախոսներից շատերին զարմացրել էր այն, որ ՊԱԿ-ի ուշադրությանն արժանացել էր նաեւ Դեւրիկյանը, եւ որ նա էլ իր ընկերների նման զղջման որեւէ հնչյուն չէր արձակել: Վարդանը սկզբունքային մարդ էր, անդավաճան նվիրում ուներ այն ամենի հանդեպ, ինչին հավատում էր:
Ընդվզում էր՝ առանց զազրախոսության աղմուկ-աղաղակի, կռիվ էր տալիս նաեւ զենքով: Մի բան, որ ինձ ամենաշատն էր զարմացրել: Եւ վերափոխել միտքս: Վարդան Դեւրիկյանը Արցախյան առաջին պատերազմի մասին «Երկիր» թերթի իր հոդվածները շարադրում էր առաջնագծից, զենքն ու գրիչը փոխնիփոխ պատմություն էին գրում: 2016-ի քառօրյային էլ նրա ռազմաճակատ մեկնելու լուրն ավելի ուշ իմացա: Վարդանն այս անգամ Երեւանում էր թողել ոչ միայն իր գրասեղանը, այլեւ՝ կնոջն ու միակ դստերը, վերահաստատելով իր ամենամեծ կոչումը՝ Հայոց բանակի Զինվոր լինելը:
Նա Մեսրոպ Մաշտոցի աշակերտն է ու զինվորը, Խորենացու աշակերտը, զինվորը նրա, Նարեկացու աշակերտը, նրա ջահակիրը, Մովսես Կաղանկատվացու աշակերտը, զինվորյալը, մեզանից մեկը, մեզանից բարձրը, Արցախը Հայաստանի քարտեզին գրով եւ զենքով միացրածը: Եւ նրա կյանքն օրինակ կլինի, երբ երկու վեհ բառ կողք կողքի դնենք՝ զինվոր եւ մտավորական:
Հայոց հողը թեթեւ լինի, սիրելի՛, թանկագի՛ն Վարդան: Հայոց երեւելի անուն՝Վարդան Դեւրիկյան:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա