Ե՛վ պատերազմ, ե՛ւ խաղաղությո՞ւն
Չարն ու բարին
Խաղաղությունը պատերազմի շնորհիվ է արժեւորվում, այնպես, ինչպես լույսը՝ խավարի, սերը՝ ատելության, գեղեցիկը՝ տգեղի…
Եթե ատելությունից մինչեւ սերը կես քայլ է, եթե գեղեցիկն ու տգեղը միմյանց լրացնելով՝ բնության ամբողջական պատկերն են արտացոլում, եթե խավարն ու լույսն էլ կարողանում են միմյանց փոխլրացնել, ապա խաղաղությունն ու պատերազմն անհամատեղելի են, ու չունեն համակեցության ոչ մի հիմք:
Ճիշտ է, սեւն ու սպիտակն էլ հոմանիշներ չեն, բայց այդ գույները կարողանում են գոնե շախմատային խաղատախտակի, կամ գեղանկարչի գունապնակի, կամ էլ գծավոր վագրաձիու (զեբր) մարմնի վրա համակեցության ձեւ գտնել:
Լավն ու վատն էլ հականուն բառեր են, բայց դրանց մեկտեղումը ձեւավորում է մեր հասարակության իրական խճանկարը:
Տաքն էլ սառի հականիշն է, սակայն այդ երկուսի ճիշտ հարաբերակցությամբ՝ «մի քիչ տաք, մի քիչ սառը» միացությունը, ըմպելիքը դարձնում է ախորժելի:
Որպես հականիշ հասկացություններ, թաց ու չորի անհամատեղելիության մասին էլ գիտենք, բայց այդ երկուսն էլ, հարկ եղած ժամանակ, միասին են այրվում, միասին տապակվում:
Չարն ու բարին էլ անտագոնիստական ուժեր են, բայց, ըստ Աստվածաշնչի՝ Արարիչն ամեն տեսակ անուշահամ մրգեր տվող ծառերից բացի, Եդեմի պարտեզում աճեցրել է նաեւ բարու եւ չարի գիտության ծառը: Դուալիստական կրոններից զրադաշտականությունն էլ ընդունում է բարի ու չար աստվածների՝ Ահուրա Մազդայի ու Ահրիմանի համակեցությունը՝ հանուն բարու հաղթանակի:
Թվում է, թե դեղն ու թույնը նույնպես անհամատեղելի նյութեր են: Բայց միջնադարյան առասպելաբանությունից գիտենք, որ դրանց խառնուրդից պատրաստվող «դեղաթույն» կոչված նյութն օգնում է ցանկացողներին անարգել ՀՈԳԵԱՑ ԱՇԽԱՐՀ մեկնել:
Մեր բառագետների պնդմամբ, մեծն էլ փոքրի հականիշն է, բայց սուբորդինացիայի շնորհիվ, թե՛ ընտանիքում, եւ թե՛ աշխատավայրում, նրանք գտել են իրենց խաղաղ գոյակցության ձեւը՝ մեծն իր տեղն է ճանաչում, փոքրն էլ՝ իր տեղը:
Մյուս բոլոր բեւեռացված երեւույթների նման, պատերազմն ու խաղաղությունն էլ հականիշներ են, բայց՝ առանց համագոյակցության հնարավորության: Միայն այս դեպքում է, որ դրանց համատեղումը հնարավոր չէ պատկերացնել: Լինում է կա՛մ պատերազմ, կա՛մ էլ՝ խաղաղություն:
Սակայն, այստեղ էլ բացառություններ կան. պատերազմն ու խաղաղությունն ընդամնեը երկու անգամ են կարողացել կողք-կողքի հանդիպել՝ մեկը Լեւ Տոլստոյի վեպի վերնագրում, մյուսը՝ մեր իրականության մեջ սողացող ՊԱՏԵՐԱԶՄԻ ու ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ օրակարգի համակեցության «շնորհիվ»:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ