Արցախահայությունը փողոց դուրս գալու և Ադրբեջանի բարբարոսությունների վերաբերյալ բողոքի ձայն բարձրացնելու խնդիր չունի։ Որքան էլ մարդկանց տեսակետները տարբեր են, և մի մասը գտնում է, որ պետք է համբերել, մյուս մասն էլ կողմ է ակտիվ պայքարել, բայց արցախցին պատրաստ է մինչև վերջ չհանձնվել։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանը՝ անդրադառնալով Արցախում ազգային-ազատագրական նոր պայքարի կամ դիմադրության օջախի ձևավորման հավանականությանը։
«Բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ միայն Արցախի ներուժը բավարար չէ՝ դիմակայելու թուրք-ադրբեջանական տանդեմին։ Հայաստանը և ռուս խաղաղապահները պետք է թիկունք կանգնեն արցախահայությանը, ամեն մեկն իր պարտականությունները կատարի։ Այդ դեպքում կարելի է արդյունքի հասնել, բայց միայնակ թուրքական աշխարհի հետ առճակատման գնալն իրատեսական չէ։
Հայաստանը մի կողմ է քաշվել և հայտարարում է, որ Լաչինի միջանցը պետք է վերահսկվի ռուսների կողմից։ Սա այն դեպքում, երբ ՀՀ վարչապետը ևս ստորագրել է նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագիրը և մեզ ծուղակի մեջ գցել։ Նա պատասխանատվություն ունի, որից, սակայն, խուսափում է»,- ասաց մեր զրուցակիցը։
Բորիս Առուշանյանի խոսքով՝ Հայաստանի Հանարապետությունը պետք է Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ պրակտիկ քայլեր ձեռնարկի՝ անհրաժեշտության դեպքում ռուսական կողմի հետ համատեղ գնալով ուժային լուծումների։
«Սարսանգի ջրամբարի ջրերը պակասել են, գազ չկա, բազմաթիվ խնդիրների առաջ ենք կանգնած։ Քանի դեռ առջևում ամառ է, այս հարցերը պետք է լուծվեն։ Մյուս կողմից պետք է անարգանքի սյունին գամել բոլոր այն սադրիչներին, որոնք նույնիսկ այս դժվարին պահին շարունակում են հայաստանցի-արցախցի տարանջատում անել, նույն այզգի ներկայացուցիչներին իրար հետ կռվեցնել»,- ասաց արցախցի գործիչը։
Ինչ վերաբերում է Արցախի խնդրի շուրջ Արևմուտքի դերակատարությանը և արևմտյան մի շարք գործիչների՝ կարգավորման գործընթացում անձամբ ներգրավված լինելուն, Բորիս Առուշանյանը նկատեց՝ նպատակ ունենալով տարածաշրջանից ամեն կերպ դուրս մղել Ռուսաստանին՝ Արևմուտքը փորձում է հաշտեցնել հայերին և ադրբեջանցիներին։
«Բայց այդ հաշտեցումը ո՞ւմ հաշվին կլինի, ի՞նչ հետևանքներն կունենա, նրանց չի հետաքրքրում։ Նրանք փորձում են խնդիրները լուծել թույլի՝ այսինքն՝ մեր հաշվին։ ՀՀ ղեկավարությանը համոզելու են Արցախը հանձնել և դրանից հետո, իբր, խաղաղ ապրել։ Սա է Արևմուտքի դիրքորոշումը, որը մեր օգտին չէ։ 100 տոկոսով մեր օգտին չէ նաև ՌԴ դիրքորոշումը. հիմնական շեշտադրումը պետք է կատարենք մեր ազգային շահերի վրա»,- ասաց արցախցի գործիչը։