Այսօր՝ մայիսի 9-ին, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, 1992 թվականին Շուշիի ազատագրման ու Պաշտպանության բանակի օրվա կապակցությամբ հազարավոր արցախցիներ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Հայրենականում և Արցախյան պատերազմներում նահատակվածների հիշատակին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցն ասել է, որ 1992 թվականի հաղթական մայիսի 9-ին դարեր շարունակ հայ ժողովուրդը ձերբազատվեց զոհի դարավոր բարդույթից:
«Համոզվեցինք և հասկացանք, որ մեր գոյատևման երաշխիքը սեփական բանակն է, ուժեղ պետականությունը: Տարիներ շարունակ մենք ապրում ենք այդ զգացումով և կարողանում ենք պահպանել մեր պետականությունը: Պետք է աշխատել, ամրապնդել մեր բանակը, երկրի հզորությունը: Այսօր կրկնակի եռանդով ու ոգով, կամքի ուժով անհրաժեշտ է ձերբազատվել մեր թույլ տված բացթողումներից ու կերտել նորանոր հաղթանակներ»,-նշել է Գ. Բաղունցը:
Պահեստազորի սպա Արմեն Ասրյանի համոզմամբ՝ 1992 թվականին ազատագրված Շուշին ազգի ազատության ու անկախության խորհրդանիշն է:
«Մեր նվաճած հաջողությունների պահպանման համար տարիներ շարունակ բացթողումներ ենք ունեցել, բայց միևնույն է, օրվա խորհուրդը մնում է. Մայիսի 9-ը մեզ համար և տոնական, և դասերի քաղելու օր պիտի լինի: 1992 թվականին մեր տղաները, ջանք ու եռանդ չխնայելով ազատագրել են մեր նվիրյալ Շուշին՝ ազատության ու անկախության խորհրդանիշը: Այսօր Շուշին ժամանակավորապես գտնվում է ադրբեջանաթուրքական տանդեմի հսկողության տակ, բայց մենք չպետք է 90-ականների մեր տղաների կատարածը ուրանանք: Անհրաժեշտ է լիարժեք համախմբում, մտածված քայլեր ու պայքար այստեղ ապրելու համար, մենք ունենք այդ իրավունքը, որը ոչ ոք չի կարող մեզնից խլել»,-ընդգծել է Ա. Ասրյանը:
Հայրենական մեծ պատերազմի վետերան 89-ամյա Վազգեն Ալլահվերդյանը մեզ հետ զրույցում վերհիշեց պատերազմի ծանր օրերը:
«Հայ ժողովուրդը տանջանքներ շատ է կրել, սակայն ամեն դժվարություն կարողացել է հաղթահարել ու հաղթանակով ավարտել: Ներկայիս դժվարություններից դուրս գալու համար պետք է մեր ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունը: Պետք է մեր երկրի պաշտպանությունն ավելի ուժեղացնել: Ժողովուրդը չպետք է հուսահատվի, այլ պետք է համբերություն ունենա և անպայման կկարողանա հաղթանակած դուրս գալ այս ծանր իրավիճակից»,-համոզմունք է հայտնել վետերանը: