Դեռ որքա՞ն ժամանակ կարող է Մ. Նահանգները հանդուրժել Թուրքիայիՙ իր «վստահելի» դաշնակցի ամոթալի պահվածքը: Պատասխանը բարդ է, քանի որ Թուրքիան ամենատարբեր դերակատարություններ է վերցրել իր վրա ինչպես Մերձավոր Արեւելքում, այնպես էլ Կովկասում եւ Եվրոպայում: Անկարան ձեւացնում է, թե առաջ է մղում ՆԱՏՕ-ի քաղաքականությունը այդ տարածքների բարդ եւ երբեմն հակասական հարցերում, բայց իրականում հետապնդում է իր նեղ անձնական շահըՙ ի հեճուկս իր գործընկերների եւ տերերի:
Սառը պատերազմի սկզբից ի վեր, Մ. Նահանգներն ու Եվրոպան օգնել են Թուրքիային կազմավորելու իր զինված ուժերն ու տնտեսությունը չգիտակցելով, որ այդ բոլորը ի վերջո ծառայելու է միայն թուրքական կառավարության սեփական շահերին:
Խոսքը ISIS-ի կամ իսլամական պետության ասուպային գոյառման մասին է: Թուրքիան սնուցեց եւ կատարելագործեց այն, որպեսզի կարողանա դրա միջոցով իր ցասումն արտահայտել ընդդեմ Արեւմուտքի եւ հարեւան երկրների: Թուրքիայի առաջխաղացումը որպես տարածաշրջանային հզոր պետության նաեւ քաջալերում է նրա առաջնորդներին մարտահրավեր նետելու Վաշինգտոնի իր հովանավորներին եւ հակառակվելու նրանց ամենամոտիկ դաշնակցինՙ Իսրայելին: Իսկ ամենազարմանալին այն է, որ Վաշինգտոնը ծնկաչոք խոնարհվում է նրանց առաջ եւ աղաչում, որ իրենց «լավ պահեն», մի քաղաքականություն, որ իր հերթին ջուր է լցնում Թուրքիայի ամբարտավանության վրա եւ նսեմացնում տարածաշրջանում Մ. Նահանգների մտադրությունները: Պետքարտուղար Ջոն Քերրին շրջագայության էր դուրս եկել կոալիցիա ստեղծելու եւ պայքարելու մարդկային քաղաքակրթության պատուհաս դարձած ISIS-ի դեմ: Մինչ նախագահ Օբաման հպարտորեն հայտարարում էր, որ արդեն 40 երկրներ միացել են այդ կոալիցիային, Թուրքիան միջազգային հանրությանը տեղեկացնում էր, որ մերժում է մաս կազմել դրան: Անկարան նաեւ համարձակվել էր վստահեցնել «խալիֆայության» մսագործներին, որ Մ. Նահանգների օդային հարձակումները Ինջիրլիքի (Թուրքիայի տարածքում) ամերիկյան ռազմակայանից չեն իրականացվի: Օդային հարձակումների մարտավարությունը ինքնին հակասական երեւույթ է: Նախագահ Օբաման տեղի պատերազմատանջ հանրությանը հավաստիացրել է, որ հետեւակազորայիններ չեն լինի, եւ ինքը կփորձի այլընտրանքային տարբերակներ որոնել համալրելու համար օդային հարձակումները: Իրաքի հետեւակազորայիններին ոչնչացնելուց հետո «խալիֆյության» ավազակախմբերը ձեռք բերեցին հսկայական քանակությամբ զինամթերք: Պարտության մեղավոր ճանաչվեց Իրաքի նախկին վարչապետ Նուրի էլ-Մալիքիի կառավարությունը: Բայց նոր վարչապետիՙ Հայդեր էլ-Աբադիի նշանակումից հետո էլ կացությունը կարծես ավելի խոստումնալից չի թվում լինել:
Մինչ Մ. Նահանգների զինված ուժերը կարող են ջախջախել շատ կարճ ժամանակում «խալիֆայության» բանակը, ինչքան էլ կատաղի լինի այն, չգիտես ինչու (հավանաբար փոխադարձ զիջումների բանակցությունները հաշվի առնելով) Օբաման եւ իր դաշնակիցները երեք տարի է, ինչ չեն կատարում այդ քայլը: «Հըզբոլլահը», որին վաղուց արդեն Մ. Նահանգներն ու Իսրայելը ճանաչել են որպես ահաբեկչական կազմակերպության, հանկարծ հայտնվել է «խալիֆայության» դեմ պայքարողների շարքում, չնայած որեւէ համագործակցություն կամ նույնիսկ շփում նման խմբակցությունների հետ խիստ հակասական է Իսրայելի շահերին, որն իր «սեփականատիրական» դիրքի շնորհիվ իրավունք է վերապահում իրեն ձեւավորելու Մ. Նահանգների միջինարեւելյան քաղաքականությունը: Մարտավարական տեսակետից «Հըզբոլլահի» հետեւակազորայինները կարող են այլընտրանքային տարբերակը լինել համալրելու ամերիկյան օդային հարձակումներն ընդդեմ իսլամական զորքերի:
Մ. Նահանգների պետքատուղարությունն ու Իսրայելը նաեւ խրախուսում են Իրանինՙ պայքարելու ISIS-ի դեմ, որպեսզի նա հյուծի իրեն: Բայց Իրանի դիվանագետներն այնքան միամիտ չեն, որքան որոշ շրջանակներ Արեւմուտքում ենթադրում են: Այդ պատճառով էլ Իրանը ամբողջ թափով չի ներգրավվում «խալիֆայության» դեմ մղվող պայքարին: Թուրքիան եւ Քաթարը օգտվում են առիթից եւ խրախուսում այդ նորահայտ «պետության» գործողությունները:
Մյուս կնճռոտ հարցը այս կազմակերպված քաոսում Սիրիայում գտնվող թիրախների վրա կատարված օդային հարձակումներն են: Չնայած Մ. Նահանգների կոնգրեսը թույլատրել է ֆինանսավորել եւ զինել Սիրիական ընդդիմության «չափավոր» ուժերին, սակայն ոչ ոք ցարդ չի սահմանել, թե ովքե՞ր են այդ «չափավորները» եւ ինչո՞վ են նրանք տարբերվում իրենց «ծայրահեղական» եղբայրներից: Ճակատագրի հեգնանքով պարզվեց, որ սենատոր Ջոն ՄկՔեյնի հետ նկարված չարագործները ԱՄՆ-ի ամենավտանգավոր թշնամիներն են:
Ի դեպ, վերոնշյալ «չափավորներն» էլ պարտավոր են երկու դեր ստանձնել. մեկըՙ պայքարել «խալիֆայության» զորքերի դեմ, մյուսըՙ «գահընկեց» անել Բաշար էլ-Ասադի կառավարությունը: Երկու նպատակներն էլ իրենց ուժերից վեր են եւ հակադրվում են Ռուսաստանին, որ օդային հարձակումները Սիրիայում համարում է խորամանկ հնարքՙ օգտագործելու ամերիկյան ուժերն ընդդեմ սիրիական կառավարության, մինչ Թուրքիան շարունակում է իր անողոք մարտավարությունը այդ երկրում:
Թուրքիան միաժամանակ մի քանի հարց է լուծում: Շարունակում է զինել եւ վերապատրաստել ISIS-ի զինվորներին իր տարածքում եւ թույլ տալ, որ նրանք առանց խոչընդոտների, ազատորեն մուտք գործեն Սիրիա եւ Իրաք: Չնայած ISIS-ի բարձրաձայնած նպատակը խալիֆայություն հաստատելն է, սակայն նրա գործողությունների մեծ մասից օգտվում է հիմնականում Թուրքիան:
Թուրքիան հետեւյալ նպատակներն է հետապնդում:
(ա) Ցուցադրել, որ ինքն անկախ է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի իր գործընկերներից:
(բ) Շարունակել պատերազմը տաք պահել Սիրիայում, նույնիսկ եթե հնարավոր չլինի տապալել Ասադի վարչակարգը: Դրա անուղղակի հետեւանքներից մեկը թուլացնելն է Ռուսաստանի ներկայությունը Միջերկրականի տարածքում:
(գ) (Որպես գլխավոր նպատակներից մեկը) թույլ չտալ Սիրիայի տարածքում քրդական անկլավի գոյառումը, որը հետագայում կարող է դառնալ անկախ պետություն եւ քրքրել Թուրքիայում ապրող քրդերի ախորժակը: Ցարդ Սիրիայում ապրող քրդերը «լեզու են գտել» ինչպես ապստամբ, այնպես էլ կառավարական ուժերի հետ: ISIS-ի վերջին հարձակումների հետեւանքում 100 հազար քրդեր ապաստան են գտել Թուրքիայում, որն անմիջապես նրանց զինաթափելու է եւ պահելու է խիստ հսկողության տակ: Մյուս կողմից լուրեր են պտտվում, որ Թուրքիան արգելում է իր տարածքում ապրող քրդերին օգնության ձեռք մեկնել եւ փրկել Սիրիայում ապրող իրենց հարազատներին:
(դ) Նպատակներից մյուսըՙ հայերին դաս տալն է: Չնայած միջազգային հանրությունը դատապարտեց Թուրքիային Քեսապի դեպքերի առնչությամբ, Անկարան շարունակում է իր դիտավորությունները այս անգամ Դեր Զոր ուղարկելով բարբարոս մոլեռանդներին, որպեսզի պայթեցնեն Սրբոց Նահատակաց հուշահամալիրը, մեկ անգամ եւս կոտորելով մեր անմեղ զոհերին:
Հուշահամալիրը Թուրքիայի աչքի փուշն է, եւ կարող էր որպես ուժեղագույն խորհրդանշան օգտագործվել Ցեղասպանության հարյուրամյա միջոցառումների ժամանակ: Եթե նույնիսկ զուգադիպություն չհամարենք, որ հուշահամալիրի պայթեցումը հետեւեց սեպտեմբերի 19-ին Արամ Ա. կաթողիկոսի Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում հնչեցրած հայտարարությանը, որ Կիլիկիայի կաթողիկոսարանը պատրաստվում է դատի տալ Թուրքիայի կառավարությանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ապա չի կարելի ժխտել, որ Թուրքիան ձեւը գտել էր խլացնելու Ցեղասպանության հարյուրամյակի «աղմուկը»: Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը դատապարտելով արարքը, «բարբարոսական» որակեց հարձակումը: Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը գրեց. «Եթե Թուրքիան կանգնած չէ հայերի համար այս բացառիկ նշանակություն ունեցող եկեղեցու պայթեցման ահաբեկչության թիկունքին, այն անմիջապես պետք է հանդես գա դատապարտող հայտարարությամբ»: Իսկ մի փոքր ներքեւ նա շարունակեց. «Դա եւս մեկ ապացույց է, որ Ցեղասպանության հանցագործությունը շարունակվում է այնքան, քանի դեռ այն չի ճանաչվել եւ չի պատժվել ամբողջությամբ»:
Մինչ Թուրքիան կոնկրետ քայլեր է ձեռնարկում ժխտելու Ցեղասպանությունը եւ շրջափակման միջոցով «խեղդամահ» անելու Հայաստանին, մյուս կողմից նա հանրային ձեւական ժեստերով փորձում է խաբել դյուրահավատ շրջանակներին:
Երեւանի Պետհամալսարանի արեւելյան ուսումնասիրությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով Թուրքիան չի հրաժարվելու Ցեղասպանությունը ժխտելու իր քաղաքականությունից, եւ նախագահ Էրդողանի պատրաստակամությունը հանդիպելու Խաժակ արք. Պարսամյանի հետ պետք է դիտարկվի այդ կոնտեքստում: Մելքոնյանի փոխանցմամբ Թուրքիան կարող է հայկական եկեղեցուն վերադարձնել Սիսում գտնվող մի քանի շինություններ եւ հողակտորներ, բայց Սիսում քաղաքական առումով հայկական համայնք եւ հայկական եկեղեցիներ չկան, այնպես որ նրա որոշման արդյունավետությունը չափազանց թույլ է մեզ համար, մինչդեռ դրա դիվանագիտական ազդեցությունը Թուրքիայի համար չափազանց մեծ ու նշանակալի է:
Սա էլ մեզ բերում է հայ-թուրքական երկարաժամկետ հարաբերությունների հեռանկարներին: Չմտածված, սովորական հակադարձությունըՙ հարաբերությունների նորմալացման նկատմամբ, առողջ դատողության արդյունք չի կարելի համարել, որովհետեւ հաշտեցումը կամ հաշտեցման եզրերի որոնումը քաղաքական անհրաժեշտություն է: Այնքան ժամանակ, որ Թուրքիան շարունակում է իր թշնամական քաղաքականությունը, փոքրիկ, կոսմետիկական ժեստերը չեն կարող փոխարինել իսկական, անկեղծ հաշտեցման ձգտումներին: Իր ընտրարշավի ընթացքում Էրդողանը վիրավորեց հայերին, իսկ դրանից ընդամենը մի քանի օր առաջ նա ցավակցություն էր հայտնել 1915-ին «տեղահանված» հայերի հետնորդներին: Նախկին արտգործնախարար, այժմ վարչապետ Դավութօղլուն երդվել է մթագնել Ցեղասպանության հարյուրամյակի հիշատակումները, բայց միաժամանակ կոչ է անում հարաբերությունները «կառուցել», զարգացնել հիմնվելով Էրդողանի ցավակցության քայլի վրա:
Վերջերս այս երկու քաղաքական գործիչները Բաքվում էին, որտեղ խոստացան ռազմական օժանդակություն ցուցաբերել Ադրբեջանին: Նախագահ Ալիեւի հետ անցկացրած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ նրանք նշեցին, որ կովկասյան հարցերի օրակարգը իրե՛նք միասին են որոշելու եւ տարածաշրջանում խաղաղություն են հաստատելու իրե՛նց պայմաններով: Դավութօղլուն նույնիսկ ավելացրեց, որ հայ-թուրքական հարաբերություններում ոչ մի առաջընթաց չի արձանագրվի մինչեւ Ղարաբաղի վերջին թիզը չվերադարձվի Ադրբեջանին: Եվ նա իրոք այդպես է մտածում:
Նման արտահայտությունը զգուշացնում է մեզ շատ չոգեւորվել խորհրդանշական փոքրիկ ժեստերով, որոնք քաղաքական անհամեմատ ավելի մեծ դիվիդենտներ են բերելու Թուրքիայինՙ ի հաշիվ մեր միամտության կամ դյուրահավատության: Եթե մեր եկեղեցու առաջնորդըՙ Խաժակ արք. Պարսամյանը մերժեր հանդիպել Էրդողանի հետ ի նշան բողոքի (Դեր Զորի հուշահամալիրի պայթեցման առնչությամբ), ապա նրա քայլը ավելի մեծ արձագանքի կարժանանար մամուլի էջերում, եւ կբացահայտեր միաժամանակ Էրդողանի խարդախ մտադրությունները:
Վերջերս հանրապետական սենատոր Թեդ Քրուզը փորձում էր Մերձավոր Արեւելքի քրիստոնյա եկեղեցիների առաջնորդներին համոզել, որ իրենց փրկությունը Իսրայելից կարող է գալ միայն: Նրան սուլոցներով դիմավորեցին: Եկեղեցիների առաջնորդները ավելի քաջածանոթ էին տարածքին, քան սենատորը, որի աչքը Սպիտակ տան վրա է: Խիզախություն էր նրանց կատարածը:
Ինչպես տեսնում ենք, հայոց պատմությունը, Ցեղասպանության ճանաչումը, Հայաստանի ապագան, բոլորը խիստ խճճված ձեւով կապված են համաշխարհային քաղաքականության հետ, որը մեր վերահսկողությունից վեր է, բայց աչալրջությունը կարող է փրկել մեզ որոգայթներից:
Ներկայիս, ISIS-ի «չարամիտ կայսրությունը» ջախջախելու հարցում Հայաստանի շահերը համընկնում են Արեւմուտքի շահերի հետ: Այդ պատուհասի դեմ պայքարը կարելի է շահել, եթե Մ. Նահանգները կարողանա (եւ ցանկանա) սանձել Թուրքիայինՙ այդ ահաբեկչական խմբավորման հովանավորին եւ մատակարարին: «Վստահելի դաշնակից» եզրը վաղուց արդեն ժամանակավրեպ է դարձել: Ժամանակն է, որ Մ. Նահանգները Թուրքիային այսուհետ կոչի «ինքն իրեն ծառայող դաշնակից» եւ վարվի նրա հետ ըստ այդմ:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.