Ջոն ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հայ մեծ նկարիչ, իրական մտավորական Հակոբ Հակոբյանը ուղիղ երեք տարի առաջ «Ազգ» թերթում (2011 թ. նոյեմբերի 19, Մշակույթ հավելված թիվ 19 (121)) լույս տեսած «Հուշարձանը» հոդվածով անդրադարձավ մի շատ կարեւոր հարցի, որի օրախնդիր լինելը մենք շատ ավելի խորն ենք զգում հատկապես հիմա, երբ հաշված ամիսներ են մնացել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Շատ սիրված եւ հարգված մեծանուն արվեստագետը առաջարկում էր Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը լրացնել մեր ժողովրդի փառապանծ զավակների մեծագույն սխրանքներից մեկիՙ «Նեմեսիս» գործողությանը, նրա կազմակերպիչներին եւ այն իրականացնող քաջարի հայորդիներին նվիրված ճարտարապետաքանդակային կոթողով, որը համահունչ պետք է լինի Արթուր Թարխանյանի եւ Սաշուր Քալաշյանի հեղինակած բարձրարժեք ստեղծագործությանը:
Եվ, ինչպես գրում էր Հակոբ Հակոբյանը, այդ հուշարձանը պետք է ընկալվի ոչ միայն որպես թուրք հրեշակերպների կազմակերպած, մարդկության պատմության մեջ իր մասշտաբներով եւ զարհուրելի հետեւանքներով նախադեպը չունեցող ոճրագործության եւ հայ ժողովրդի անչափելի ողբերգության հուշարձան, այլ նաեւ որպես հարգանքի տուրք մեր ժողովրդի ծոցից դուրս եկած պանծալի հայորդիներին եւ նրանց իրականացրած «Նեմեսիս» գործողությանը, որը նույնպես աննախադեպ էր պատմության մեջ (մինչեւ հայտնի Նյուրնբերգյան դատավարությունը դեռ քառորդ դար կար) եւ որ այդ հուշարձանը պետք է դառնա ոչ միայն ողբի, այլեւ արդար դատաստանի եւ մեր ժողովրդի անընկճելի, հերոսական ոգու խորհրդանիշ:
Ես ուզում եմ անդրադառնալ «Նեմեսիս» գործողության նկատմամբ մինչեւ հիմա մեզանում ձեւավորված վերաբերմունքին եւ գնահատականին: Հանգամանքների բերումով մեր ժողովրդի երկու-երեք սերունդ ապրեց բոլշեւիկյան ստահակների հիմնած կարգերի օրոք, երբ իշխում էր վախի, սարսափի, ահաբեկչության, համատարած ստի, կեղծիքի, խաբեության մթնոլորտ, երբ միլիոնավոր անմեղ մարդիկ ճամբարային փոշու էին վերածվում ԳՈՒԼԱԳ արխիպելագի անթիվ, անհամար «կղզիներում», իսկ «դրսում» մնացածներին «հաջողությամբ» դարձնում էին զոմբիացված, մանկուրդի վերածված զանգվածՙ հասարակական գիտակցության ապականման եւ այլասերման այնպիսի խորությամբ ու մասշտաբներով, որ նույնիսկ տասնամյակներ անց չի հաջողվում մաքրվել ու ազատվել այդ աղբից, եւ Աստված գիտի, թե քանի սերունդ է պետք այդ ավերածությունների հետեւանքներից ազատվելու համար:
Դժվար է պատկերացնել, թե ապագա հայ պատմաբաններից, հասարակագետներից, հոգեվերլուծաբաններից ինչպիսի ջանքեր կպահանջվեն հասկանալու եւ իրենց ժամանակակիցներին բացատրելու համարՙ ինչպե՞ս, որտեղի՞ց եւ ինչո՞ւ հայտնվեցին իրենց «հավատարիմ լենինյան» կամ «ստալինյան» հռչակած «բոլշեւիկ» կոչվող այդ եղկելի արարածները, որոնք «ընդունակ» եղան նման սարսափելի ոճրագործությունների, երբ «թիֆլիսցի նեղճակատ կինտոն» (Եղիշե Չարենցի բնութագրմամբ) եւ իր տեղական սատրապների ու սադիստ մարդասպանների ոհմակը կարող են անպատիժ հոշոտել XX դարի մեծագույն բանաստեղծին եւ նրան նույնիսկ գերեզման ունենալու չարժանացնել:
(Մեզ համար բարեբախտություն էր, որ կոմունիստական դարաշրջանի մեր վերջին ղեկավարները (Յակով Զարոբյան, Անտոն Քոչինյան, Կարեն Դեմիրճյան) իրենց երկրին, ժողովրդին նվիրված հայրենասեր հայորդիներ էին, ողջամիտ, խելացի եւ լայնախոհ պետական-քաղաքական գործիչներ, որոնք ղեկավարվում էին բացառապես ազգային շահերով եւ կարողացան շատ հայրենանպաստ ծրագրեր իրականացնելՙ ի հեճուկս կոմունիստական մառազմի, լենինյան զառանցաբանության եւ Միխայիլ Սուսլով անունով վիժվածքի «գաղափարախոսական» ապուշաբանությունների:)
Հիմա դժվար է հավատալ, որ մենք ապրում էինք մի երկրում, որտեղ մինչեւ 1965 թ. մարդիկ ոչ մի տեղ չէին կարող ո՛չ լսել, ո՛չ խոսել, ո՛չ կարդալ 1915-1923 թթ. Մեծ եղեռնի մասին: Իսկ «Նեմեսիս» գործողության եւ հայ վրիժառուների մասին Հայաստանի հանրությունը առհասարակ տեղյակ չէր մինչեւ 1988-1990 թթ.: (Թերեւս միակ բացառությունը Բեռլինում Թալեաթին շանսատակ արած Սողոմոն Թեհլերյանն էր, ում սխրանքն ու անունը հայտնի էր բոլորին): «Նեմեսիս» գործողությունն իրականացրած փառապանծ հայորդիների անունները եւ սխրանքը մինչ այսօր չեն արժանացել համաժողովրդական ճանաչման ու գնահատանքի:
Աներեւակայելի անարդարություն է, բայց եւ բարեբախտություն բոլորիս համար (ինչպիսի՜ պարադոքս), որ Շահան Նաթալին, Արամ Երկանյանը, Արշավիր Շիրակյանը, Սողոմոն Թեհլերյանը, Միսաք Թոռլաքյանը, շատ ու շատ ուրիշ պանծալի հայորդիներ ապրեցին եւ իրենց մահկանացուն կնքեցին Մայր հայրենիքից հեռու: Քանզի կասկած իսկ չէր կարող լինել, թե ինչ կլիներ նրանց հետ մի երկրում, ուր տեր ու տիրակալ էին աթարբեկովները, նուրիջանյանները, մուղդուսիները եւ նրանց նման տականքները: Նրանք բոլորը կարժանանային Սարդարապատի հրաշքը կերտած հերոս հրամանատարների, Ամենայն Հայոց կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանի, Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Վահան Թոթովենցի, Զաբել Եսայանի, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի երեք որդիների (Մուշեղ, Համլիկ, Արեգ), իրենց հոգեհարազատ եղբայրներիՙ 1922 թ. Թիֆլիսում Ջեմալ Ահմեդ փաշային սատկացրած խոտրջուրցի վրիժառուներ Արտաշես Գեւորգյանի (1894-1937) եւ Պետրոս Տեր-Պողոսյանի (1892-1937), տասնյակ հազարավոր այլ անմեղ մարդկանց դաժան ճակատագրին, ովքեր զոհ դարձան այդ «բոլշեւիկ հորջորջվող կեղտոտ շնակապիկների» (Ուինսթոն Չերչիլի դիպուկ խոսքով) անպատմելի վայրագություններին: (Ուղղակի անհավատալի է, որ Աստծո ողորմածությամբ եւ «Նեմեսիսի» խստագույն գաղտնապահության շնորհիվ տխրահռչակ եւ արյունախում ՉԷԿԱ-ՆԿՎԴ-ի (-) ճիրաններից խուսափեց մեր նշանավոր քանդակագործ եւ հիասքանչ քաղաքացի, մեծ հայորդի Արա Սարգսյանը:)
Այս հոդվածը գրելու շարժառիթը ոչ միայն Հակոբ Հակոբյանի հիանալի առաջարկի մասին հիշեցնելն է եւ այն պաշտպանելը: Ես խորապես համոզված եմ, որ վաղ թե ուշ այն կարժանանա համընդհանուր հավանության եւ վերջիվերջո կիրականացվի: Պետք է ստեղծել ճանաչված արվեստագետներից, արվեստաբաններից, ճարտարապետներից, նկարիչ-քանդակագործներից, գրողներից ու գիտնականներից կազմված հեղինակավոր հանձնաժողով, հայտարարել բաց մրցույթ-մրցանակաբաշխություն եւ առանց ավելորդ շտապողականության, բայց նաեւ չարդարացված դանդաղկոտության, կայացնել ճիշտ որոշում: Դա, անշուշտ, օրերի կամ շաբաթների հարց չէ, եւ պատշաճ մակարդակով այն իրականացնելու համար ժամանակ է պետք:
Բայց կա մեկ ուրիշ հարց, որը կարելի է եւ պետք է լուծել հենց հիմա, առանց հապաղելու:
Իմ կարծիքով ճիշտ ու արդար կլիներ, որ Ծիծեռնակաբերդ տանող եւ Ծիծեռնակաբերդին հարող Կիլիկիա եւ Աջափնյակ թաղամասերի փողոցները անվանակոչվեն «Նեմեսիսի» փառապանծ հերոսների անուններով: Օրինակ, Շահան Նաթալիի պողոտա կոչվի Նաիրի Զարյան, Հրաչյա Քոչար (տարօրինակ զուգադիպությամբ այդ փողոցները մեկը մյուսի շարունակությունն են) եւ Կիեւյան փողոցներն ընդգրկող մայրուղին, Լենինգրադյան փողոցըՙ Արշավիր Շիրակյանի փողոց (այս վերջինը զավեշտի ժանրից է, քանի որ արդեն ավելի քան 20 տարի այդ անունով քաղաք իսկ չկա, էլ չեմ ասում, որ բարոյական եւ նորմալ յուրաքանչյուր հայի համար անարգանք է այդ պիղծ անունը թեկուզ ինչ-որ բառաբարդմամբ կամ բառակապակցությամբ որեւէ տեղանվան մեջ օգտագործելը): Եվ առհասարակ մենք պետք է շատ զգույշ, սթափ, արդար եւ անաչառ լինենք փողոցները, տեղանունները, դպրոցներն ու այլ հիմնարկ-ձեռնարկությունները անվանակոչելիս, չցուցաբերենք անհարկի շտապողականություն (մանավանդ ողբերգական իրադարձություններից հետո) եւ ոչ մի դեպքում չկրկնենք անցյալի սխալները, երբ ամբողջ երկրի տոպոնիմիկան պղծվել էր հազար ու մի տեսակ շուն-շանգյալների եւ պատահական մարդկանց անուններով, որոնք ոչ մի կապ, առնչություն երբեւիցե չեն ունեցել մեր երկրի ու ժողովրդի հետ, թեկուզեւ նրանցից ոմանք ազգությամբ հայեր էին: Վաղուց ժամանակն է երկիրը վերջնականապես եւ մեկընդմիշտ մաքրելու այդ աղբից:
Տեղանունների ճիշտ ընտրությունը եւ անվանակոչումները պետք է կատարվեն բարոյական, քաղաքական, գաղափարախոսական եւ, ինչու չէ, նաեւ գեղագիտական չափանիշների ներդաշնակ միասնությամբ:
Հայ պատանին իրավունք ունի եւ պետք է նաեւ հնարավորություն ունենա հպարտորեն ասելու. «Ես ապրում եմ Միսաք Թոռլաքյանի, իսկ քույրսՙ Արամ Երկանյանի փողոցում»:
Մենք մեծ պարտք ունենք մեր հերոս վրիժառուներին: Նրանց սխրանքն ու անունները արժանի են համազգային սիրո, մեծարանքի եւ անմահացման: Կյանքի կոչենք մեծանուն արվեստագետ Հակոբ Հակոբյանի սքանչելի մտահղացումը, ինչպես նաեւ առանց ձգձգելու եւ ուշացնելու հավերժացնենք հերոս հայորդիների պաշտելի անունները մեր մայրաքաղաքի եւ ողջ Հայաստանի քարտեզի վրա: