ՀՀ-ից լայն առումով ակնկալում ենք բոլոր հնարավոր ձևերով աջակցություն Արցախին:
Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը պատասխանել է Հայաստանի Հանրապետությունից ակնկալիքների վերաբերյալ հարցին:
«Իհարկե, բավականին աջակցություն հետպատերազմյան ժամանակաշրջանում եղել է հատկապես հումանիտար, սոցիալական, տնտեսական ուղղություններում, ինչը որոշ չափով կայունացրել է սոցիալական վիճակը: Արտաքին քաղաքական տեսանկյունից, շրջափակման պայմաններում, ողջունելի է, որ Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան և տարբեր միջազգային ատյաններ: Շրջափակումը վերացնելու ուղղությամբ որոշակի դիվանագիտական աշխատանք տարվում է՝ հրապարակային և ոչ հրապարակային,սակայն ամբողջ Արցախի ժողովրդի մոտ հստակ ակնկալիք կա, որ Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնյա որևէ ձևով հրապարակային ադրբեջանական թեզերը չկրկնի, չվնասի ինքնորոշման իրավունքի մեր պայքարին: Որևէ մեկը չասի, որ Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է կազմում,որովհետև սա և՛ իրավական,և՛ դիվանագիտական տեսանկյուններից բավականին լուրջ ռիսկեր,վտանգներ է պարունակում ինքնորոշման իրավունքի պաշտպանության և ճանաչման համար երկարաժամկետ պայքարում»,- նշել է Ա. Բեգլարյանը՝ հավելելով, որ Արցախն Ադրբեջանի մաս երբեք չի եղել, իսկ Արցախի Հանրապետության անկախության միջազգայնորեն ճանաչված չլինելը չի նշանակում, որ այն միջազգային տեսանկյունից իբր Ադրբեջանի տարածք է, այլ՝ վիճելի տարածք, ինչի վերաբերյալ հստակ միջազգային փաստաթղթեր կան ընդունված:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի դեպքում դիմակայելու հնարավորության մասին հարցին՝ Ա. Բեգլարյանը նշել է.
«Արցախի ժողովուրդը հոգեբանորեն ու կամքով պատրաստ է դիմագրավել Ադրբեջանի կողմից ագրեսիաների, բայց հատկապես շրջափակման պայմաններում, երբ Արցախը կտրված է արտաքին աշխարհից, նյութատեխնիկական բոլոր մատակակարումներից, ինչպես նաև սպառազինությունների և քանակական նման տարբերության պայմաններում, եթե երկարաժամկետ դիմակայելու անհրաժեշտություն առաջանա, ապա հույս ունենք, որ ըստ կարիքի՝ ՀՀ-ն, ամբողջ հայ ժողովուրդը, ռուս խաղաղապահները, միջազգային հանրությունը բոլոր հնարավոր ձևերով աջակցություն կցուցաբերեն նախ՝ կանխելու պատերազմը, իսկ ռազմական գործողությունների դեպքում՝ դիմակայելու այդ մարտահրավերը պատշաճ քաղաքական, դիվանագիտական, ռազմական և այլ գործիքակազմերով»: