ՌՈԲԵՐՏ ՖԻՍԿ
ISIS-ին ռմբակոծելը անարդյունավետ է
Գոյություն ունի՞ արդյոք 2-րդ տարբերակ Բարաք Օբամայի կամ Դեյվիդ Քամերոնի գլխում: Մեզ հասկացնում են, որ օդային հարձակումները «Իսլամական պետություն» (ISIS) կոչված վայրագ զորամիավորումների դեմ կարող են դեռ երկար շարունակվել: Բայց ինչքա՞ն երկար է այդ «երկարը»: Մի՞թե մենք շարունակելու ենք սպանել արաբներին եւ անընդհատ ռմբակոծելու ենք նրանց մինչեւ… դե, մինչեւ շարունակենք ռմբակոծել: Ի՞նչ է տեղի ունենալու, եթե մեր քուրդ կամ գոյություն չունեցող «չափավոր» սիրիացի մարտիկները (որոնց ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը վերջերս անվանեց «խանութպաններ») չկարողանան տապալել այդ հրեշային «Իսլամական պետությունը»: Ենթադրում եմ շարունակելու ենք ռմբակոծել եւ դարձյալ ռմբակոծել: Լիբանանցի մի գործընկեր իր հերթական հոդվածում ինձ հարց էր տվել, թե ի՞նչ էր Օբաման պատրաստվում անել հաջորդիվ: Մտածե՞լ է արդյոք նա այդ մասին:
Ալան Հենինգի գլխատումից հետո մարդ զզվանք է զգում նույնիսկ քննարկել նման հարցեր: Բայց տարածությունը երբեմն աղավաղված պատկեր է ստեղծում, հատկապես երբ այդ տարածությունը Մերձավոր Արեւելքի եւ Վաշինգտոնի, Լոնդոնի, Փարիզի կամ Կանբերայի միջեւ է: Բեյրութում (*) ես հետեւել եմ արաբական հեռուստատեսության եւ մամուլի հաղորդումներին եւ հետաքրրքությամբ նկատել այն վիհը, որ գոյություն ունի Արեւմուտքում ներկայացվածի եւ արաբական աշխարհում ներկայացվածի միջեւ: Սարսափելի մանրամասնությունների ցուցադրումը այստեղ անհրաժեշտ է, որպեսզի հասկանանք, թե ինչպես են արաբները սովորել ջիհադիստների բարբարոսություններին: Արաբները տեսել են ամբողջական տեսաժապավեններ այն մասին, թե ինչպես են իրաքցիները մահապատժի ենթարկվում, կամ թե ինչպես են սիրիացի զինվորներին գլխատելուց եւ գլուխները շամփուրի վրա խորովելուց հետո ման ածում գյուղից գյուղ:
Հասկանալիորեն Ալան Հենինգի սպանությունը լայն լուսաբանման չարժանացավ Մերձավոր Արեւելքում, չնայած հեռուստատեսությամբ ցույց տվեցին նրա սպանությունը, մի բան, որ արեւմտյան հեռուստակայանները ցույց չտվեցին: Բայց նրա սպանությունն առաջին էջի սենսացիոն լուր չդարձավ: Փոխարենը Էյն էլ-Արաբում (Կոբանիում) ջիհադիստների եւ քուրդերի միջեւ տեղի ունեցած կռիվները, մահմեդական «Էիդի» (տոնի) եւ Սաուդյան Արաբիայում «էլ-հաջի» լուրերը գերազանցապես զբաղեցրեցին թերթերի առաջին էջերը: Ընդհանուր առմամբ արաբական աշխարհը անտարբեր մնաց Հենինգի սպանության առնչությամբ, ճիշտ այնպես, ինչպես մենք անտարբեր մնացինք Հոմսում ինքնաշարժի պայթյունի հետեւանքով 50 սիրիացի երեխաների սպանությանը: Եթե բրիտանացի երեխաներ լինեին, անշուշտ… տարբեր կլիներ վերաբերմունքը:
Ընկերներս հարցնում են, թե ինչո՞ւ ենք իրականացնում օդային հարձակումներ, այն դեպքում, երբ ցամաքային զորքեր չենք մտցնում այդ երկիր: Նրանք նկատել են, որ ամերիկացի պատանդների ընտանիքները, որոնք ապարդյուն գթություն են հայցում իրենց սիրելիների համար, անընդհատ կրկնում են, թե չեն կարողանում ստիպել Օբամային անել այն, ինչ ցանկանում են, որ անի:
Բայց չէ՞ որ մենք հավաստիացնում ենք, թե մեր ժողովրդավարական կառավարությունները անհատների ցանկությունները հաշվի են առնում եւ իրականություն դարձնում դրանք: Վերջերս Բեյրութի հեռուստատեսությամբ Դեյվիդ Քամերոնին դիտելիս, ես ինձ հարց տվեցի, թե ինչո՞ւ էր անհրաժեշտ արքայական օդուժին ռմբակոծել «Իսլամական պետությանը»: Նա շատ լավ գիտի, որ մեր չորս (թե՞ երկու) Տորնադոները ոչ մի զգալի ազդեցություն չեն ունենալու ջիհադիստներին ծնկի բերելու գործում: Նա պատրաստ էր հետաձգել այդ հարձակումները մինչեւ շոտլանդական ընտրությունները ավարտվեին: Ինչո՞ւ ուրեմն նա ընդհանրապես չհրաժարվեց այդ հարձակումները կիրառելուց, որպեսզի փրկեր բրիտանացիների կյանքը:
Պահպանողականների կուսակցական ժողովում ակնհայտ դարձավ, որ Քամերունի ամենամեծ սպառնալիքը ոչ թե Մոսուլում գտնվող Աբու-Բաքր էլ-Բաղդադիից էր գալիս, այլ Բրոմլիում ապաստան գտած Նայջլ Ֆարաջից, ով սպանել էր Հենինգին: Նա հոխորտաց այդ ժողովում «բռնել նրան եւ դատական պատասխանատվության ենթարկել»: Նա նաեւ խոստացավ «պարտության մատնելու այդ կազմակերպությունը, օգտագործելով մեր բոլոր հնարավորությունները»: Ըստ երեւույթին նա ակնարկում էր հետեւակային զորամիավորումներին, որովհետեւ օդայինը արդեն իսկ գործադրվում էր: Բայց դա մենք չենք կարող թույլատրել, որովհետեւ չենք ցանկանում թերթերում կարդալ, որ «բրիտանացի զորամիավորումներ պատանդ են վերցվել իսլամական պետության կողմից»: Այնպես որ միակ բանը, որ կարող ենք անելՙ օդից ռմբակոծելն է: Եվ դարձյալ ռմբակոծելը, որովհետեւ Ֆարաջը դրա դեմ ոչինչ չի կարող անել:
Ինչպես Մերձավոր Արեւելքի ճգնաժամի հետ առնչվող արեւմտյան որեւէ ղեկավար, Քամերոնն էլ չի ցանկանում խորամուխ լինել, թե ինչո՞ւ, ընդհանրապես, այդ ճգնաժամը առաջացավ: Նա ցանկանում է դրան «պատասխանել» քաղաքականապես, կամ ռազմական ճանապարհով:
Գլխատումներ պատկերող տեսաժապավենները չցուցադրելը գուցե հասկանալի է, բայց դրանով բրիտանացիները չեն տեսնում «Իսլամական պետության» գազանությունները եւ արդարացիորեն կարող են պահանջել կառավարությունից դադարեցնել ռմբակոծությունները:
Գաղտնապահությունը նշանակում է, որ պատանդները սոսկ մեր երեւակայության արդյունքը չեն: Դրանք մշուշի միջից անապատային կիզիչ արեւի տակ են հայտնվում, անմիջապես որ այդ սարսափելի տեսաժապավեններն են ցուցադրվում: Տարածաշրջանում պատանդները հանրային «սեփականություն» են դառնում անմիջապես, որովհետեւ նրանց ընտանիքների անդամներն ու ազգականները հարցազրույցներ են տալիս եւ պահանջում իրենց կառավարություններից միջոցներ ձեռնարկել: Մինչ ես գրում եմ այս տողերը, գլխատման սպասող 21 լիբանանցի զինվորների ընտանիքները փակել են Դամասկոս-Բեյրութ գլխավոր մայրուղին: Քաթարից մի պատվիրակ եկել է օգնելու (հավանաբար գրպանում մեծ գումարով):
Երեւի մենք պետք է վերանայենք «Իսլամական պետություն» հասկացությունը: Բրիտանացի մահմեդական առաջնորդներն արդարացիորեն նշել են, որ իսլամը գթություն է ցուցաբերում ընդհանրապես, եւ «Իսլամական պետությունը» սոսկ աղճատում է այդ կրոնը: Կարծում եմ նրանք սխալ են: Ոչ թե որովհետեւ իսլամը գթասեր չէ, այլ որովհետեւ «Իսլամական պետությունը» ընդհանրապես ոչ մի առնչություն չունի իսլամի հետ: Դա ավելի ճիշտ նիհիլիզմի պաշտամունք է: Դրան հետեւող մարտիկները գազանացած են: Չմոռանանք, որ նրանք, նրանցից շատերը, կրել են իրենց մաշկի վրա Սադդամի դաժանությունները, մեր պատժամիջոցները, Արեւմուտքի ներխուժումն ու օկուպացիան, օդային հարձակումները Սադդամի օրոք եւ այլն: Իսկ հիմա դարձյալ օդային հարձակումների են ականատես լինում: Այդ մարդիկ այլեւս արդարության չեն հավատում: Ոչ մի բանի չեն հավատում:
Եթե մենք պաշտպանած չլինեինք Մերձավոր Արեւելքում այդքան շատ դաժան մարդկանց, իրադրությունը տարբե՞ր կլիներ: Հավանաբար: Եթե մենք արդարությունը պաշտպանած լինեինք հակադարձությունը Մերձավոր Արեւելքում տարբե՞ր էր լինելու: Ասում են սիրիական պատերազմում 200 հազար մարդ է սպանվել: Գազայումՙ ավելի քան 2 հազար մարդ: Իսկ Իրաքում, ենթադրվում է, կես միլիոն: Ո՞ւմ մեղքով:
«Իսլամական պետությունը» եւ նրան հարողները հարազատ, իրական կամ հոգեւոր «զավակներն» են այդ ամենի: Մենք ականատես ենք լինում նիհիլիզմի նոր, բացառիկ արտահայտչաձեւի, մի պաշտամունքի, որն անգութ է ու միաժամանակ հիվանդագին: Իսկ մենք ռմբակոծում ենք, ռմբակոծում եւ դարձյալ ռմբակոծում: Հետո՞: Գոյություն ունի՞ արդյոք 2-րդ տարբերակ:
Թարգմ. Հ.Ծ.
(*) Մեծ լրագրող ու մարդասեր Ռոբերտ Ֆիսկը արդեն երկու տասնամյակ հիմնականում բնակվում է Լիբանանի մայրաքաղաքում, որտեղից էլ անգլիական «Ինդիպենդենտ»ին ուղարկում է իր այնքան փնտրված հոդվածները: Ծ.Խ.:
Նկար 1. Չորեքշաբթի օրը Բաղդադում պայթեց հերթական ականված ավտոմեքենան. 111 զոհ, 200-ից ավելի վիրավոր: