Կամ ո՞վ է Ադրբեջանը
Ենթադրենք գոյություն ունի Ահմեդ Ալիօղլի Աբասով անունով, ասենքՙ սումգայիթցի: Սա ենթադրելը այդքան էլ բարդ չէ, որովհետեւ Սումգայիթում եւ ոչ միայն, հաստատ կգտնենք հենց այս անունով ադրբեջանցու: Հիմա ենթադրենք, որ այս Ահմեդը Սումգայիթի իր տանը նստած, որտեղ 90-ականներին ապրում էր հա՛յ Բաբայան ընտանիքը, երեկոյան հեռուստացույց է նայում: Քանի որ անգամ ադրբեջանցու համար, անգամ մուղամը հնարավոր չէ անդադար լսել, մարդը փոխում է ալիքը եւ կանգ առնումՙ «Հաբարլար»-ի հերթական թողարկման վրա: Հաղորդավարուհին ներկայացնում է Արցախի, մեր պատկերացումներովՙ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպըՙ խոցված հայկական ուղղաթիռի փաստը: Քանի որ ընդհանուր առմամբ Ահմեդը ինտելեկտուալ մարդ չէ, իսկ նմանները կան ոչ միայն Ադրբեջանում, փոխարենը խիստ հայրենասեր է, բացականչում էՙ «ջաաանն»: Մենք, անշուշտ, այստեղՙ Հայաստանում, գրողի ծոցն ենք ուղարկում Ահմեդի այս բացականչությունը, հատկապես, որ ադրբեջանցու հետագա քայլերն ու մտքերն առավել հետաքրքրական են, գոնե մեզ համար:
Լուրերի հաղորդավարուհին բուն փաստի մասին, ապա եւ հայկական ուղղաթիռը խոցած «ադրբեջանցի քաջարի զինվորին պարգեւատրելու» մասին խոսելուց հետո ոչ մի բան չի ասում իրադարձության հետ կապված միջազգային արձագանքի մասին: Օրինակ, Ալիի տղա Ահմեդը չի տեղեկանում այն մասին, թե ինչ են կոչ արելՙ «երկու կողմերին» Եվրոմիությունը կամ ԵԱՀԿ Մինսկի խումբը, Եվրոխորհրդի առանձին պատգամավորները, կամ ԱՄՆ Պետքարտուղարությունը, Ռուսաստանի ԱԳՆ-ն…
Հաղորդավարուհին միայն նշում է, որ Հայաստանի «պաշտպանության նախարար Արծրուն Հովհաննիսյանը» հայտարարել է, որ պատասխանն Ադրբեջանի համար շատ ցավոտ է լինելու: Բայց Ահմեդն այնքան է ոգեւորված հայրենակից զինվորի «քաջագործությունից», որ անգամ ուշադրություն չի դարձնում այն հանգամանքին, որ Արծրուն Հովհաննիսյանը Հայաստանի պաշտպանության նախարարը չէ:
Ստանալով իրադարձության վերաբերյալՙ իր կարծիքով ամբողջ տեղեկատվությունը, Ահմեդը վառում է իր սիգարան, եւ վերստին միանում շուրջօրյա մուղամի հեռուստաալիքին, որտեղ, ենթադրենքՙ Թոֆիկ Սալիլօղլին հերթական անգամ փայլում է իր կլկլացնելու բարձր վարպետությամբ: Ահմեդը հերթական անգամ բացականչում էՙ «ջաաաաննն»:
Հիմա, ի՞նչ մենք այստեղ անենք, որ Ահմեդը ցավ զգա: Բայց նախ եւ առաջ եկեք հասկանանք, մենք ուզում ենք, որ հենց Ահմե՞դը ցավ զգա, թե՞ Ալիեւ Իլհամը: Այսինքն, ասելով, որ «պատասխանն Ադրբեջանի համար ցավոտ է լինելու», մենքՙ «Ադրբեջան» անվանման տակ ո՞ւմ նկատի ունենք:
Եթե Իլհամ Ալիեւին, ապա այդ մասին դեռ կխոսենք, եթե Ահմեդին, ապա միանգամից ասենք, որ մեր այդ ցանկությունըՙ նրան ցավ պատճառելու, ի սlզբանե դատապարտված է անհաջողության, որովհետեւ Ահմեդն ապրում է այնպիսի պետական կառուցվածք ունեցող երկրում, որտեղ «Ֆեյսբուք», օրինակ, մտնում են բացառապես խելացի-գրագետ մարդիկ, անգամ եթե Ֆեյսբուքում նրանք այդպիսին չեն երեւում: Իսկ եթե Ահմեդը «Ֆեյսբուք» մտնելու հնարավորություն չունի, կնշանակի, որ նա չունի այլընտրանքային տեղեկատվություն ստանալու հնարավորություն, կնշանակի, որ նա հավատալու է այն ամենին, ինչը իրեն հաղորդում էՙ «Հաբարլարը», կնշանակի, որ նա վստահ է, որ հայերը թույլ են, զանգվածաբար արտագաղթում են, տնտեսություն չունեն, Ռուսաստանի ճորտն են, ու շուտով Հայաստան չի լինելու, որովհետեւ «Երեւանը հին ադրբեջանական քաղաք է, որը վաղ թե ուշ պետք է վերադարձվի Ադրբեջանին»:
Եթե անգամ «Ֆեյսբուք» մտնող ադրբեջանցիներն են այս ամենին հավատում կամ ցույց են տալիս, որ հավատում են, ապա պատկերացնո՞ւմ եք Ահմեդի վիճակը:
Ուրեմն, ավելորդ ժամանակ չվատնելու համար եկեք չմտածենք Ահմեդին ցավեցնելու համար, եւ նույն «Ֆեյսբուքում» դադարենք գրելուց, օրինակ, այսպիսի տողերՙ «Երբ Հայաստանի նախագահը ուղղաթիռով վայրէջք կատարեց Ստեփանակերտի օդանավակայանում, ադրբեջանցիները հասկացան, որ…», բանն այն է, որ ադրբեջանցիները, օրինակՙ Ահմեդը, ոչինչ էլ այս քայլից չհասկացան, որովհետեւ նրանք ուղղակի չիմացան, չեն էլ իմանալու այդ փաստի մասին:
Հետեւաբար, եկեք կենտրոնանանք Իլհամ Ալիեւի վրա:
Այստեղ իրավիճակն առավել քան պարզ է: Բայց նախ, որպեսզի հասկանանք, թե ինչպես առավելագույնը ցավեցնենք Ալիեւին, պետք է հասկանանք, թե կոնկրետ ինչ էր ուզում ասել Ալիեւըՙ խոցելով հայկական ուղղաթիռը: Կարծեմ, ոչ ոք չի կասկածում, որ հենց Ալիեւն է խոցել հայկական ուղղաթիռը: Մտածենք միասին. ի՞նչ հաջորդեց ադրբեջանական կողմից ուղղաթիռի խոցմանը: Ճիշտ եքՙ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, որտեղ հարեւան երկիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքն անվանեցՙ «թռիչքների համար անթույլատրելի գոտի»: Սա տրամաբանորեն նշանակում է, որ Ադրբեջանը սպառնում է խոցել քաղաքացիական յուրաքանչյուր թռչող սարք, որը կթռչի Ղարաբաղի երկնքով, որին, ինչպես ադրբեջանցի հայրենասերներն են ասումՙ «այդքան կարոտել են ադրբեջանցի բռնի տեղահանվածների երեխաները», որոնք, հասկանալի է, կյանքում երբեք Ղարաբաղում չեն եղել եւ այդ երկինքը չեն տեսել:
Սակայն, եթե Ադրբեջանը խոցում է Ղարաբաղի երկնքով թռչող հայկական ուղղաթիռը, ապա Ղարաբաղի երկինքն անվանումՙ «թռիչքների համար ոչ պիտանի», կնշանակի, որ ոչ թե նա պատրաստ է, կամ կարող է, ավելի ճիշտ նրան ոչ թե թույլ կտան, որ նա խոցի այդ երկնքով թռչող ամեն բան, այլ նա վախենում է Ղարաբաղի երկնքում թռչելուՙ ուրիշների հնարավորությունից: Ավելի պարզ ասենք. Բաքուն վախենում է, գոնե ինձ համարՙ անհասկանալի պատճառով, Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումից, եւ այս առումով ամենեւին պատահական չէ ՀՀ նախագահի ուղղաթիռի վայրէջքի վայրի ընտրությունը. գաղտնիք չէ, որ ուղղաթիռները կարող են իջնել ոչ միայն օդանավակայաններում, բայց Հայաստանի նախագահն, ինչպես գիտենք, իջավ հենց Ստեփանակերտի օդանավակայանում: Հետեւաբար, եթե Ադրբեջանը վախենում է Ստեփանակերտի աշխատող օդանավակայանից, եւ, եթե Իլհամ Ալիեւը խոցել է հայկական ուղղաթիռըՙ հենց այդ վախի պատճառով, ուրեմն ինչո՞ւ չաշխատեցնել այդ օդանավակայանըՙ ոչ միայն Սերժ Սարգսյանի ուղղաթիռի համար:
Կլուծենք Արցախ ավելի արագ տեղափոխվելու հարցըՙ մեկ, կարագացնենք Արցախ բեռների, զենքի տեղափոխությունըՙ երկու, ավելի ամուր կկապենք Արցախը մայր հայրենիքի այս մասի հետՙ երեք, եւ վերջապեսՙ չորրորդըՙ կցավեցնենք Իլհամ Ալիեւիՙ ենթադրում ենքՙ գլուխը:
Իհարկե չի բացառվում, որ մենք Արցախի օդանավակայանը չենք բացում, քանի որ մեզ խնդրում են չբացել, ընդ որում, հասկանալի է, ոչ Ադրբեջանը: Բայց փաստ է, որ Ստեփանակերտի օդանավակայանի բացման համար ավելի լավ առիթ մենք կարող ենք դեռ երկար չունենալ, հատկապես, որ ուզում ենքՙ պատասխանը ցավոտ լինի, եւ, եթե ուզում ենք, որ հենց Իլհամ Ալիեւի համար ցավոտ լինի:
Այնպես որ, պատասխան հարվածել Բաքվին պետք է, բայց խնդիրն այն է, որ մենք միշտ էլ առաջներում Բաքվին պատասխան հարվածել ենք, ճիշտ այնպես, ինչպես այս օրերին պահանջում են տարբեր հայրենասերներ, օրինակՙ այս տարվա օգոստոսին, բայց արի ու տես, որ Ադրբեջանը շարունակում է: Ադրբեջանը կշարունակեր, անգամ նպատակին կհասներ, եթե մենք, կիսատ թողնելով ընթացող զորավարժությունները, շփման գծում կենտրոնացած մեր զինուժն ուղղեինք հակառակորդի տարածք, այդպիսով սկսելով պատերազմ: Հետեւաբար հիմա մենք կարիք ունենք անել մի բան, ինչը նախկինում երբեք չենք արել…
Դրանցից մեկը մենք առաջարկեցինք: